Սեմինարիա
Մորոնի 7․44–48․ «Քրիստոսի մաքուր սերը»


«Մորոնի 7․44–48․ «Քրիստոսի մաքուր սերը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորոնի 7.44–48», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 7.44–48

«Քրիստոսի մաքուր սերը»

Փրկիչը գրկում է մանկահասակ երեխային

Հիշեք այնպիսի դեպքեր, երբ դուք քրիստոսանման սեր եք զգացել: Ի՞նչ է փոխել ձեր կյանքում քրիստոսանման սերը: Մորոնին գրի է առել իր հոր՝ Մորմոնի քարոզի վերջին մասը, որը տարիներ առաջ նա արել էր ժողովարանում: Մորմոնն ուսուցանել է, թե ինչպես «ընդունել այն ամենը, ինչը բարի է» (Մորոնի 7.20, 25), հատկապես գթությունը՝ «Քրիստոսի մաքուր սերը» (Մորոնի 7.47): Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ և փնտրել գթություն ձեր կյանքում:

Փնտրեք գթության պարգևը: Մորմոնն ուսուցանել է, որ մենք կարող ենք ավելի լիարժեք ստանալ գթության պարգևը՝ ջերմեռանդորեն աղոթելով դրա համար (տես Մորոնի 7.48): Խնդրեք Երկնային Հորը լցնել ձեր սիրտը գթությամբ ձեր ուսանողների հանդեպ: Կարեկցանք և հասկացողություն ցուցաբերելու ձեր հավատարիմ ջանքերը կօգնեն ձեր ուսանողներին զգալ Փրկչի մաքուր սերը:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք հիշել Փրկչի սիրո դրսևորման և մեր օրերում քրիստոսանման սիրո օրինակներ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Քրիստոսանման սեր

Հնարավորության դեպքում դասը սկսեք՝ ցուցադրելով կամ կարդալով հետևյալ պատմություններից որևէ մեկը, որում պատմվում է սիրով ձեռք մեկնող մարդու մասին: Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչ փոփոխություն կարող է առաջացնել քրիստոսանման սերը:

  • Երիտասարդ տղան անձնուրաց օգնում է կարիքավոր մեկ այլ երեխայի։ Դիտեք «The Coat» տեսանյութը (2:07), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք նախագահ Հեբեր Ջ. Գրանտի մանկությունից վերցված իրական պատմությունը («The Coat», Friend, մարտ 2012, 16–17):

    2:7

    The Coat

  • Անծանոթին կատակով ծաղրելու փոխարեն երկու տղա որոշում են օգնել նրան։ Դիտեք «Gordon Hinckley: Lessons I Learned as a Boy» տեսանյութը (4:04), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

    2:3

    Gordon Hinckley: Lessons I Learned as a Boy

  • Մի խումբ երիտասարդ կանայք բարության և գթության ձեռք են մեկնում հաշմանդամ ուսանողին: Դիտեք «Charity: An Example of the Believers» տեսանյութը (4:50), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

    4:50

    Charity: An Example of the Believers

  • Ըստ ձեզ, քրիստոսանման սերն ինչո՞ւ կարող է այդքան հզոր ազդեցություն ունենալ մեր կյանքում:

  • Ձեր կյանքում ո՞վ է եղել քրիստոսանման սիրո օրինակը:

Կարող եք ուսանողներին առաջարկել ինքնագնահատում կատարել, թե ինչպես են իրենք զարգացնում գթությունը: Նրանց կողմից դա անելու եղանակներից մեկը ներկայացված է ստորև:

Ե՛վ Մորմոնը, և՛ Պողոս Առաքյալն ուսուցանել են, որ քրիստոսանման սեր զարգացնելը կարևոր է մեր առաջընթացի համար (տես Մորոնի 7.44, Ա Կորնթացիս 13.2): Որպեսզի կարողանաք գնահատել, թե որքան լավ եք զարգացնում քրիստոսանման սերը, խորհեք, թե ձեզ համար որքանով են ճշմարիտ հետևյալ պնդումները՝ 1-ից 5 սանդղակով (1=երբեք ճշմարիտ չէ, 5=միշտ ճշմարիտ է).

  • Ես փորձում եմ օգնել և ծառայել մարդկանց, հատկապես, երբ նրանք տառապում են կամ հուսահատված են։

  • Ես փորձում եմ բարի, համբերատար և ներողամիտ լինել մարդկանց հանդեպ, նույնիսկ երբ նրանց հետ դժվար է լեզու գտնել։

  • Երբ անհրաժեշտ է, ես ասում եմ մարդկանց, որ սիրում եմ նրանց և հոգ եմ տանում նրանց մասին:

Մորոնի 7 գլուխն ուսումնասիրելիս խնդրեք Տիրոջն օգնել ձեզ հասկանալ և փնտրել գթությունը:

Մորմոնի քարոզը գթության մասին

Իր հիշատակարանի վերջում Մորոնին ներառեց մի քարոզ, որն իր հայրը՝ Մորմոնն էր քարոզել «Քրիստոսի խաղաղ հետևորդներին» (Մորոնի 7.3): Մորմոնն ուսուցանել էր սիրո սկզբունքները, որոնց հետևելու դեպքում, կարող էր կանխվել նեփիացիների կործանումը: Այս ուսմունքները կարևոր էին նաև Մորոնիի համար, ով ականատես էր եղել լամանացիների կողմից նեփիացիների դաժան ոչնչացմանը և տարիներ շարունակ միայնակ թափառել էր:

Կարդացեք Մորոնի 7.47 հատվածը և նշեք այն արտահայտությունը, որը նկարագրում է այն սերը, որի մասին Մորմոնն ուսուցանել է:

Կարող եք գրատախտակին գրել այս ճշմարտությունը. Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է։

Հիսուս Քրիստոսը կատարյալ օրինակ է մեզ համար, թե ինչպես սիրել ուրիշներին: Կարդացեք Մորոնի 7.45–48 հատվածները՝ փնտրելով արտահայտություններ, որոնք (1) հավելյալ նկարագրում են գթությունը կամ այն, թե ինչպես սիրել Փրկչի նման և (2) ձեր կյանքում մեծացնում են գթություն զարգացնելու ցանկությունը:

Մորոնի 7․45–48 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են։ Վարդապետության սերտման հատվածները նշեք տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք որևէ հարցի կամ իրավիճակի համար կիրառել այս հատվածում ուսուցանված վարդապետությունը:

Այս վարժությանը բազմազանություն և իմաստ ավելացնելու համար կարող եք տեղադրել Փրկչի նկարը գրատախտակին: Նկարի շուրջ գրեք ուսանողների գտած արտահայտությունները: Եթե օգտակար լինի, օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ տեղեկությունը:

Ստորև նշված սահմանումները կարող են օգտակար լինել.

  • «երկայնամիտ է» = համբերատար դիմանում է փորձություններին

  • «չի նախանձում» = չի նախանձում ուրիշներին

  • «փքված չէ» = խոնարհ

  • «իրենը չի փնտրում» = Աստծուն և ուրիշների կարիքները վեր է դասում իրենից

  • «չի գրգռվում հեշտորեն» = հեշտությամբ չի բարկանում

  • «հավատում է ամեն բանի» = ընդունում է ողջ ճշմարտությունը

Կարող եք նշել հատված 46-ի «գթությունը երբեք չի խափանվում» արտահայտությունից մինչև հատված 47-ի «այն տևում է հավերժ» արտահայտությունը: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Կյանքը մտավախություններից ու թերացումներից անմասն չէ: Երբեմն գործերը վատ են գնում: Երբեմն մարդիկ չեն արդարացնում մեր սպասումները, կամ տնտեսական համակարգերը, բիզնեսներն ու կառավարություններն են թերանում մեր հանդեպ: Բայց մի բան ժամանակի կամ հավերժության մեջ չի թերանում մեր հանդեպ՝ Քրիստոսի մաքուր սերը: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Քրիստոսը և Նոր ուխտը. Մորմոնի Գրքի մեսիական ուղերձը [1997], 337)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Քրիստոսի մաքուր սերը երբեք չի թերանա մեր հանդեպ:

  • Ինչո՞ւ Փրկչի սերը կարող է օգնել մեզ այնպես, ինչպես ոչ մի ուրիշ ուժ։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն (1927–2018) մանրամասնորեն ուսուցանել է գթության մասին։ Հնարավորության դեպքում դիտեք «Charity Never Faileth» տեսանյութը 15:05-ից մինչև 17:22-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Կամ կարդացեք ուղերձը՝ սկսած «Ես խորհում եմ գթության մասին» խոսքերից մինչև «ուրիշներին դասակարգելու մղմանը դիմակայելով» խոսքերը («Գթությունը երբեք չի խափանվում», Լիահոնա, նոյ. 2010, 124): Փնտրեք լրացուցիչ արտահայտություններ, որոնք նախագահ Մոնսոնն օգտագործել է Քրիստոսի մաքուր սերը նկարագրելու համար:

2:3

Գթությունը երբեք չի խափանվում

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց լսածով կամ կարդացածով և Փրկչի նկարի շուրջը գրել լրացուցիչ արտահայտություններ կամ հիմնական բառեր:

Ձեր հարցերը գթության մասին

Ի՞նչ հարցեր ունեք այն մասին, թե ինչ է գթությունը կամ ինչպես լցվել այդ սիրով:

Կարող եք ուսանողների հարցերը գրել գրատախտակին:

Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, որպեսզի իմանաք, թե ուսանողները հետևյալ վարժությունը պետք է կատարեն անհատապես, թե փոքր խմբերով:

Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար կատարեք հետևյալը.

  1. Ուսումնասիրեք սիրո կամ գթության մասին Փրկչի հետևյալ ուսմունքները. Մատթեոս 5.43–44, Մատթեոս 22.37–40, Հովհաննես 15.12։

  2. Մի պատմություն հիշեք սուրբ գրություններից, որտեղ Փրկիչը գթություն է ցուցաբերում: Գտեք և կարդացեք ձեր հիշած օրինակը կամ օգտագործեք հետևյալներից մեկը.

    1. Փրկիչը հաց էր կիսում հարկահավաքների և մեղավորների հետ (տես Մատթեոս 9.10–13): (Հարկահավաքը հարկ էր հավաքում հռոմեացիների համար, որոնք այն ժամանակ գրավել էին Իսրայելը):

    2. Փրկիչը փրկեց և ուսուցանեց շնության մեջ բռնված կնոջը (տես Հովհաննես 8․1–11

    3. Փրկիչը չարչարվեց, քավեց մեր մեղքերը և մահացավ ողջ մարդկության համար (տես Ղուկաս 22.41–44, 23.33–34, 1 Նեփի 19.9, Վարդապետություն և Ուխտեր 19.16–19):

    4. Փրկիչը բժշկեց և օրհնեց Ամերիկաների ժողովրդին (տես 3 Նեփի 17.5–12, 21–24):

  3. Հիշեք այն փորձառությունները, երբ դուք զգացիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մաքուր սերը ձեր հանդեպ կամ երբ գթություն զգացիք ուրիշի հանդեպ:

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ սովորեցին կամ ինչ հիշեցին, և ինչպես դա կարող է օգնել պատասխանել իրենց հարցերին:

Ինչպես ձեռք բերել և ցուցաբերել գթություն

Կարող եք նշել Մորմոնի հորդորը՝«աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով» (Մորոնի 7.48):

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է Երկնային Հորն աղոթելն օգնել մեզ լցվել գթությամբ:

Օգտակար կլինի ուսանողների ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ գթությունն աստվածային պարգև է, որը գալիս է Երկնային Հոր կողմից՝ օգնելու մեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին: Մենք կարող ենք անել հնարավոր ամեն բան՝ Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելու համար, սակայն, ի վերջո, գթության պարգևը գալիս է Երկնային Հոր կողմից՝ Իր Որդու Քավության միջոցով:

Օգնեք ուսանողներին ստեղծել իրատեսական սցենար, որտեղ դեռահասի արձագանքը կարող է ցույց տալ, թե արդյոք իրենք լցված են գթությամբ, թե ոչ: Այնուհետև ուսանողները կարող են քննարկել հետևյալ հարցերը։

  • Մորոնի 7.45, 47–48 հատվածներից և Փրկչի օրինակից ձեր սովորածի համաձայն՝ ինչպե՞ս կարող եք քրիստոսանման սեր ցուցաբերել այդ իրավիճակում:

  • Ինչպե՞ս կարող է ի սրտե աղոթքն օգնել ձեզ սիրով արձագանքել այդ իրավիճակում:

  • Ի՞նչ դժվարությունների կարող եք հանդիպել, երբ փորձում եք կիրառել այն, ինչ սովորել եք: Ինչպե՞ս կարող եք հավատքով գործել նույնիսկ այդ դժվարությունների դեպքում:

Ժամանակ գտեք և գրեք, թե ինչ կցանկանայիք անել՝ գթության հատկանիշն ավելի լավ հասկանալու և զարգացնելու համար: