Սեմինարիա
Մորոնի 10.1–7. Ձեռք բերեք Մորմոնի Գրքի ձեր վկայությունը


«Մորոնի 10․1–7. Ձեռք բերեք Մորմոնի Գրքի ձեր վկայությունը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորոնի 10․1–7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 10.1–7

Ձեռք բերեք Մորմոնի Գրքի ձեր վկայությունը

երիտասարդները կարդում են Մորմոնի Գիրքը

Դուք ունեցե՞լ եք Հոգուց եկող տպավորություններ կամ զգացողություններ այն մասին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Եթե այո, ապա ո՞ր փորձառություններն ու գործողություններն են օգնել ձեզ ձեռք բերել դա: Իր վերջին գրվածքներում Մորոնին ընդգծել է, որ Աստված բոլոր ճշմարտությունների աղբյուրն է: Աստծո միջոցով մենք կարող ենք «Սուրբ Հոգու զորությամբ» անձնական վկայություն ձեռք բերել Մորմոնի Գրքի ճշմարտացիության, Հիսուս Քրիստոսի իրականության և «բոլոր բաների ճշմարտության» վերաբերյալ (Մորոնի 10.5): Այս դասը կօգնի ձեզ ինքնուրույն իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Կենտրոնացեք դարձի բերող սկզբունքների վրա։ Ուսանողներին օգնեք բացահայտել վարդապետություն և սկզբունքներ, որոնք կամրապնդեն իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Ուսանողներին խրախուսեք վերլուծել, թե այս ճշմարտություններն ինչպես կարող են խորացնել իրենց դարձը և օգնել իրենց գործել հավատքով:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ Մորոնի 10.1–7 հատվածները՝ փնտրելով որևէ բառ կամ արտահայտություն, որը օգնում է իրենց հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ Մորմոնի Գրքի մասին ճշմարտությունն իմանալու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վկայություն Մորմոնի Գրքի մասին

Մտածեք, թե ստորև բերված արտահայտություններից ո՞րն էր ամենաշատը համապատասխանում ձեզ, երբ առաջին անգամ սկսեցիք ուսումնասիրել Մորմոնի Գիրքը.

  • Ես վստահ չեմ՝ արդյոք գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։

  • Ես վստահում եմ մարդկանց, որոնք ինձ ասել են, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

  • Ես Սուրբ Հոգուց հուշում եմ ստացել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Այժմ մտածեք Մորմոնի Գրքի վերաբերյալ ձեր վկայության մասին։ Ուսումնասիրելիս մտածեք հաջորդ քայլերի մասին, որոնք Տերը հանձնարարում է ձեզ կատարել, որպեսզի ձեռք բերեք, խորացնեք կամ հաստատակամ մնաք ձեր վկայության մեջ:

Մորոնիի հորդորը

Իր հոր ուսմունքներից մի քանիսը գրի առնելուց հետո Մորոնին ուսուցանեց, թե յուրաքանչյուր մարդ ինչպես կարող է ինքնուրույն իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Կարդացեք Մորոնի 10.3–5 հատվածները և նշեք, թե ինչ է ասել Մորոնին այն մասին, թե ինչպես մենք կարող ենք իմանալ Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին: Կարող եք նաև դիտել «Մորոնին հրավիրում է մեզ գալ դեպի Քրիստոսը» տեսանյութը 4:39-ից մինչև 5:32-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

8:37

Moroni Invites All to Come unto Christ | Mormon 8–9; Moroni 1, 10; Title Page

Մորոնի 10․4–5 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են: Կարող եք վարդապետության սերտման հատվածները նշել տարբերակիչ եղանակով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք որևէ հարցի կամ իրավիճակի վերաբերյալ կիրառել այս հատվածում ուսուցանված վարդապետությունը:

Գրատախտակին կարող եք գրել ստորև ներկայացված անավարտ նախադասությունը և առաջարկել ուսանողներին ավարտել այն իրենց օրագրերում: Այնուհետև առաջարկեք նրանց ավարտել այն դասարանով՝ գրատախտակի վրա:

  • Ես Սուրբ Հոգու զորությամբ կարող եմ իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, քանի որ ես …

Հաջորդ վարժությունը բաղկացած է Մորոնիի խորհրդի երեք արտահայտությունից: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին խորացնել այս երեք արտահայտության մասին իրենց հասկացողությունը: Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբին հանձնարարել հետևյալ ուսումնական վարժություններից մեկը: Որոշեք՝ արդյոք ավելի լավ կլինի ցուցադրել այս վարժությունների ցուցումները, թե յուրաքանչյուր խմբին տրամադրել առանձին օրինակ: Երբ խմբերը քննարկեն իրենց պատասխանները, նրանք կարող են կիսվել դրանցով դասարանի հետ: Ուսանողները կարող են նաև իրենց գաղափարներն ամփոփ ներկայացնել գրատախտակին գրված նախադասության կողքին:

Կարդացեք Մորմոնի Գիրքը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկարագրել է որոշ օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ՝ ուսումնասիրելով Մորմոնի Գիրքը: Մտածեք, թե ինչպես եք դուք զգացել այս օրհնությունները՝ գիրքն ուսումնասիրելիս։

Ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, ավելի լավ որոշումներ կկայացնեք՝ ամեն օր: Ես խոստանում եմ, որ ձեր ուսումնասիրածի շուրջ խորհելիս՝ երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները, նաև ուղղորդում՝ ձեր կյանքի համար: (Ռասսել Մ․ Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց այս գրքի», Լիահոնա, նոյեմբեր, 2017 թ., 62–63)

  • Դուք զգացե՞լ եք այն օրհնություններից որևէ մեկը, որոնք նախագահ Նելսոնը խոստացել է նրանց, ովքեր ուսումնասիրում են Մորմոնի Գիրքը:

Մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք կիսվել այն եղանակներով, որոնցով իրենք զգացել են այս օրհնությունները: Այնպես արեք, որ որևէ ուսանող չնեղվի, եթե չկարողանա հիշել որևէ զգացողության մասին: Վստահեցրեք նրանց, որ իրենք դեռ կարող են զգալ այս օրհնությունները՝ շարունակելով ուսումնասիրել Մորմոնի Գիրքը:

Մորմոնի Գիրքը կարդալու ընթացքում ստացվող օրհնությունները ճանաչելը կարող է հաստատել, որ այն ճշմարիտ է և գալիս է Աստծուց:

Խորհեք Տիրոջ ողորմածության մասին

  • Ի՞նչ սուրբգրային օրինակներ կան, որոնցում մարդիկ ստանում են Տիրոջ ողորմածությունը: Դուք կարող եք գտնել մի քանիսին, օրինակ՝ Նեփին (2 Նեփի 4.20–25), Ալմա կրտսերը (Ալմա 36.17–21) կամ նեփիացիները, որոնց բժշկել է Փրկչն Իր այցելության ժամանակ (3 Նեփի 17.6–9):

  • Որո՞նք են Տիրոջ ողորմածության օրինակները ձեր կամ ձեր ծանոթներից որևէ մեկի կյանքում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տիրոջ ողորմածության մասին խորհելը կարող է օգնել ձեզ Սուրբ Հոգու միջոցով վկայություն ձեռք բերել Մորմոնի Գրքի մասին:

Հարցրեք Աստծուն մաքուր սրտով, անկեղծ միտումով և հավատք ունենալով առ Քրիստոս

  • Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում Աստծուն խնդրել մաքուր սրտով: Անկեղծ միտումո՞վ։ Հավատք ունենալով առ Հիսուս Քրիստո՞ս (Մորոնի 10.4): Եթե այս հարցերին պատասխանելու համար օգնության կարիք ունեք, կարդացեք Ջոզեֆ Սմիթ․ Պատմություն 1.10–17 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես է երիտասարդ Ջոզեֆ Սմիթն աղոթել մաքուր սրտով, անկեղծ միտումով և հավատք ունենալով առ Քրիստոս: (Նշում. Անկեղծ միտումով արտահայտությունը նշանակում է, որ երբ դուք ստանում եք ձեր աղոթքների պատասխանը, դուք անկեղծորեն գործում եք ձեր ստացած հայտնության համաձայն)։

  • Դա անելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ Սուրբ Հոգու միջոցով վկայություն ստանալ Մորմոնի Գրքի մասին:

Իմ անձնական վկայությունը Մորմոնի Գրքի մասին:

Առաջին Նախագահության նախագահ Հենրի Բ. Այրինգը կիսվել է Մորոնիի խոստումը կիրառելու իր փորձառությամբ: Կարդացեք հետևյալ խոսքերը կամ դիտեք «Կենդանի վկայություն» տեսանյութը 13:51-ից մինչև 14:31-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:3

A Living Testimony

Հուսով եմ, դուք ունեցել եք այդ խոստումը կիրառելու փորձառություն կամ շուտով կունենաք: Պատասխանը կարող է չգալ հոգևոր հզոր փորձառությամբ: Ինձ մոտ սկզբում այն եկավ խաղաղությամբ: Սակայն ամեն անգամ, երբ կարդաում էի Մորմոնի Գիրքը և աղոթում, պատասխանը գալիս էր շատ ավելի հզոր եղանակով:

Ես հույսս չեմ դնում անցյալում կատարվածի վրա: Մորմոնի Գրքի վերաբերյալ իմ կենդանի վկայությունն ապահով պահելու համար ես հաճախ եմ ստանում Մորոնիի խոստումը: Ես այդ վկայության օրհնությունը չեմ համարում մշտական իրավունք: (Հենրի Բ. Այրինգ, «Կենդանի վկայություն», Լիահոնա, մայիս 2011 թ․, 127)

  • Նախագահ Այրինգի խոսքերն ինչպե՞ս կարող են վերաբերել մեզ, անկախ նրանից, թե քանի անգամ ենք մենք կարդում Մորմոնի Գիրքը:

  • Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին վկայել մեզ Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին:

  • Ինչպե՞ս կարող է Մորմոնի Գրքի մասին վկայությունն ամրապնդել ձեր փոխհարաբերությունը Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ և ամրապնդել վկայությունը Նրանց մասին:

Ուսանողներին առաջարկեք կիսվել Մորմոնի Գրքի մասին իրենց վկայություններով և նրանով, թե ինչպես են իրենք իմացել, որ այն ճշմարիտ է: Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր վկայությամբ:

Հետևյալ գործողությունները կարող են օգնել ուսանողներին գործնականում կիրառել Մորոնի 10.3–5 հատվածները:

Ձեր օրագրում գրեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի գործնականում կիրառեք Մորոնի 10.3–5 հատվածներում ուսուցանված սկզբունքները: Մտածեք, թե ինչպես կարող եք շարունակել Մորմոնի Գիրքի ուսումնասիրությունը, խորհել Տիրոջ ողորմածության մասին և խնդրել Աստծուն, որ ձեռք բերեք վկայություն Սուրբ Հոգու միջոցով: Որտե՞ղ և ե՞րբ եք անելու այդ բաները։ Ինչպե՞ս կարող է Տերը պատասխանել ձեր աղոթքներին: