Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մորոնի 10․4–5. «Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»


«Վարդապետության սերտում. Մորոնի 10․4–5. Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. Մորոնի 10․4–5», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Մորոնի 10․4–5

«Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»

պատանին աղոթում է

Մորոնի 10.1–7 հատվածների ձեր ուսումնասիրության ժամանակ դուք իմացաք, որ, հարցնելով Աստծուն մաքուր սրտով, անկեղծ միտումով և հավատքով առ Քրիստոս, մենք կարող ենք իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է Սուրբ Հոգու զորությամբ: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մորոնի 10.4–5 հատվածների վարդապետության սերտման հղումն ու սուրբգրային հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելն աստվածային օրինաչափություն է։ Սուրբ գրություններում Տերը հետևողականորեն կոչ է անում Իր զավակներին խնդրել, փնտրել և թակել (օրինակ՝ տես Մատթեոս 7.7–8, Նեփի 15.11, Վարդապետություն և Ուխտեր 18.18, 42.61): Երբ ուսանողները կիրառում են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, հիշեցրեք նրանց, որ պատասխաններ փնտրելիս լինեն հավատքով լի և համբերատար: Վկայեք, որ մենք կարող ենք ապավինել Երկնային Հորը՝ Սուրբ Հոգու զորությամբ մեր մտքերում և սրտերում ճշմարտությունը բացահայտելու համար:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտապահել Մորոնի 10.4–5 հատվածների սուրբ գրության հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը․ «Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս: … Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս հատվածի դասը նախատեսված է անցկացնել «Մորոնի 10․1–7» դասից հետո, որը Մորոնի 10․4–5 վարդապետության սերտման հատվածների ուսումնասիրման համատեքստային դասն է։ Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Կարող եք սկսել՝ առաջարկելով նրանց, ովքեր կատարել են ուսանողի նախապատրաստման համար նախատեսված վարժությունը, անգիր ասել Մորոնի 10.4–5 հատվածների վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը։

Հետևյալ վարժությունը կարող է օգտագործվել ուսանողներին օգնելու համար, եթե նրանք դա չեն արել դասից առաջ: Ուսանողները կարող են դասընկերոջ հետ հերթով կրկնել հետևյալ հատվածներից յուրաքանչյուրը, մինչև կարողանան ինքնուրույն արտասանել հղումը և սուրբգրային ամբողջ հիմնական արտահայտությունը:

  • Մորոնի 10.4–5

  • «Խնդրեք մաքուր սրտով,

  • Անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս: …

  • Եվ Սուրբ Հոգու զորությամբ

  • Դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Ուշադիր լսեք հետևյալ հարցին տված ուսանողների պատասխանները, ինչը կօգնի ձեզ հասկանալ, թե որքանով լավ են նրանք ընկալում, թե ինչ է ուսուցանել Մորոնին այս հատվածում:

  • Ի՞նչ կարող է անել մարդը, որպեսզի վկայություն ձեռք բերի այն մասին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Գործնական կիրառում

Ուսանողներին հնարավորություն տվեք կրկնել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները: Դա անելու եղանակներից մեկն այն է, որ ուսանողներին խնդրենք ընտրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկը և բացատրել, թե որքանով է այն նշանակալից իրենց համար:

Կարող եք օգտագործել հետևյալ սցենարը կամ ձեր ուսանողներին վերաբերող մեկ այլ սցենար, որպեսզի օգնեք նրանց կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Այլ առաջարկներ կարելի է գտնել այս դասի վերջում՝ «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում:

Պատկերացրեք, որ հետևյալ իրավիճակը ներկայացված է Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի «Հարցեր և պատասխաններ» բաժնում: Օրինակը տեսնելու համար կարդացեք ամսագրի վերջին համարը ChurchofJesusChrist.org կայքում։

  • «Ես իմ կյանքի մեծ մասը եղել եմ Եկեղեցու անդամ: Ես փորձում եմ պահել պատվիրանները, կարդում եմ իմ սուրբ գրությունները, աղոթում եմ և գնում եմ Եկեղեցի: Ես լսում եմ, որ ուրիշները կիսվում են Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին իմանալու իրենց փորձառություններով: Ինչո՞ւ Աստված ինձ նման փորձառություն չի տվել»:

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի: Նրանք կարող են քննարկել, թե ինչպես կարող է հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքների կիրառումն օգնել մեկին, ով ունի վերը նշված սցենարում նկարագրված մարդու մտահոգությունը:

  • Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու ո՞ր սկզբունքի մասին առաջին հերթին խորհուրդ կտաք մտածել այդ մարդուն: Ինչո՞ւ։

  • Ինչպե՞ս կարող է Մորոնի 10.4–5 հատվածներում ուսուցանվող վարդապետությունն օգնել ձեզ այդ իրավիճակում կիրառել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները:

Ուսանողների կիսվելու ընթացքում համոզվեք, որ նրանք գիտեն, որ չկան ճիշտ կամ սխալ պատասխաններ: Եթե նկատում եք, որ քննարկման ընթացքում դասարանը չի նշել հոգևոր գիտելիք ձեռք բերելու բոլոր երեք սկզբունքները, կարող եք հարցեր տալ այն սկզբունքների մասին, որոնք նրանք չեն նշել: Քննարկման ընթացքում կարող եք օգտագործել հետևյալ հարցերից մի քանիսը։

Ձգտեք մեծացնել հասկացողությունն աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Մորոնի 10.4–5 հատվածների ո՞ր բառերը կամ արտահայտությունները խորհուրդ կտաք այդ մարդուն ավելի լավ ուսումնասիրել և ընկալել: Ինչո՞ւ։

  • Որո՞նք են աստվածայնորեն սահմանված այն աղբյուրները, որոնք կարող են օգնել այդ մարդուն անձնական վկայություն ձեռք բերել Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին:

Գործեք հավատքով

  • Ինչպե՞ս կարելի էր այդ իրավիճակում գործնականում կիրառել Մորոնի 10.4–5 հատվածների Մորոնիի որոշ հրավերները։ Ինչպե՞ս են դրանք կապված հավատքով գործելու հետ:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից

  • Աստծո, Իր զավակների հետ Նրա հաղորդակցման եղանակի և Նրա տեսանկյան մասին ո՞ր ճշմարտությունները կարող են օգնել մարդուն այս իրավիճակում:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել Մորոնի 10.4–5 հատվածներում ուսուցանված վարդապետությունը՝ գտնելու այլ հարցերի պատասխանները, որոնք կապված չեն Մորմոնի Գրքի հետ:

Վարդապետության սերտման կրկնություն

Կրկնության հետևյալ վարժությունը պետք է օգտագործվի այս դասից անմիջապես հետո:

Հիշեցրեք ուսանողներին այն վարժության մասին, որը նրանք կատարել են, որպեսզի մտապահեն «Մորոնի 10.4–5 հատվածների սուրբ գրության հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը․ «Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս: … Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»: Առաջարկեք բոլոր ուսանողներին, որոնք դեռ հիշում են այդ հատվածը, անգիր արտասանել այն դասարանի համար: Եթե մյուս ուսանողները օգնության կարիք ունենան, կարող եք գրատախտակին ցուցադրել հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը: Միանգամից ջնջեք մի քանի բառ և ուսանողներին առաջարկեք արտասանել արտահայտությունն այնքան, մինչև այն կմտապահեն: