Նոր Կտակարան 2023
Ապրիլի 23։ Ինչպե՞ս կարող եմ ավելի մեծ սեր ցուցաբերել իմ շրջապատի մարդկանց հանդեպ Մատթեոս 18, Ղուկաս 10


«Ապրիլի 23։ Ինչպե՞ս կարող եմ ավելի մեծ սեր ցուցաբերել իմ շրջապատի մարդկանց հանդեպ։ Մատթեոս 18, Ղուկաս 10», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Ապրիլի 23։ Ինչպե՞ս կարող եմ ավելի մեծ սեր ցուցաբերել իմ շրջապատի մարդկանց հանդեպ», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
Բարի սամարացին, հեղինակ՝ Էննի Հենրի Նեյդեր

Բարի Սամարացին, հեղինակ՝ Էննի Հենրի Նեյդեր

Ապրիլի 23

Ինչպե՞ս կարող եմ ավելի մեծ սեր ցուցաբերել իմ շրջապատի մարդկանց հանդեպ

Մատթեոս 18, Ղուկաս 10

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Վերջերս տեղի ունեցած ո՞ր փորձառություններն են մեզ ավելի մոտ դարձրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Վերջերս որևէ մեկը տեղափոխվե՞լ է մեր ծուխ կամ միացե՞լ է եկեղեցուն: Ինչպե՞ս կարող ենք օգնել, որ նրանք ընդունված զգան:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Մոտակա ո՞ր միջոցառումներին մենք կարող ենք հրավիրել մեր ընկերներին:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ի՞նչ կարող ենք անել՝ մեր անձնական պատմությունը գրի առնելու համար:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Այն բանից հետո, երբ Հիսուսը «մէկ օրինականի» ուսուցանեց երկու մեծ պատվիրանների՝ Աստծուն սիրելու և մեր ընկերին սիրելու կարևորության մասին, օրինականը հարցրեց. «Եւ իմ ընկերն ո՞վ է» (տես Ղուկաս 10․25-29, Մատթեոս 22․35-40)։ Ի պատասխան՝ Փրկիչը մի առակ պատմեց մի սամարացու մասին, ով վտանգի ենթարկելով սեփական կյանքը, հոգ տարավ վիրավոր հրեա տղամարդու համար, նրան տարավ ապաստարան և վճարեց բուժման ծախսը: Սամարացին տարբերություն չդրեց իր և իր ժողովրդի կողմից թշնամի համարվող այդ մարդու միջև, չդատեց նրան, ոչ էլ պատճառներ փնտրեց, որ չօգնի։ Նա ծառայեց կարիքի մեջ գտնվող մարդուն, զոհաբերելով և անտեսելով անձնական անհարմարությունը, և այդպիսով, սեր դրսևորեց այդ մարդու և Աստծո հանդեպ: Խորհելով Ղուկաս 10․25-37-ի Փրկիչի ուսմունքների մասին, մտածեք, թե իրականում ինչ է նշանակում սիրիր «քո ընկերին՝ քո անձի պէս» (հատված 27

Ինչպե՞ս կօգնեք ձեր սաներին հասկանալ, որ երբ նրանք ծառայում են իրենց շրջապատի մարդկանց, ապա ցույց են տալիս իրենց սերը Աստծո հանդեպ: Ի՞նչը կարող է ոգեշնչել նրանց սիրել և ծառայել ուրիշներին: Նախապատրաստվելիս կարող եք վերանայել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Երկրորդ մեծ պատվիրանը» ելույթը (Լիահոնա, նոյ. 2019, 96-100)։

Սովորեք միասին

Մարդկանց հանդեպ ավելի մեծ սեր դրսևորելու վերաբերյալ քննարկում սկսելու համար կարող եք խնդրել դասարանի կամ քվորումի անդամներին կիսվել, թե ինչ են սովորել մարդկանց սիրելու մասին բարի սամարացու առակից՝ Ղուկաս 10․25-37-ում։ Մենք ի՞նչ ենք սովորում առաջին և երկրորդ մեծ պատվիրանների կապի մասին Ղուկաս 10․27-ից և «Օժանդակ աղբյուրներում» զետեղված նախագահ Դալլին Հ․ Օուքսի խոսքերից։ Հետևյալ գաղափարները կօգնեն ձեզ շարունակել քննարկումը շրջապատի մարդկանց հանդեպ ավելի մեծ սեր ցուցաբերելու վերաբերյալ:

  • Հիսուս Քրիստոսը մեզ համար մեծ օրինակ է՝ թե ինչպես սեր ցուցաբերել Աստծո հանդեպ՝ ծառայելով մարդկանց, և դասարանի կամ քվորումի անդամները կոգեշնչվեն՝ ուսումնասիրելով Նրա օրինակը: Հրավիրեք յուրաքանչյուրին խորհել Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքի մասին և ընտրել Նրա կյանքից մի փորձառություն, որը ցույց է տալիս Նրա մեծ սերը մարդկանց հանդեպ: Խնդրեք յուրաքանչյուր ուսանողի կիսվել, թե որ փորձառությունն է ինքն ընտրել, և ինչու է դա կարևոր իր համար: Հրավիրեք ձեր սաներին մտածել, թե ինչ եղանակով կցանկանային հետևել Փրկիչի սիրո օրինակին: Նրանք կարող են նաև կիսվել մտքերով իրենց ծանոթ մեկի մասին, ով հետևում է այս օրինակին:

  • Ներկայացրեք և դասարանի կամ քվորումի անդամների հետ քննարկեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը, որոնք զետեղված են «Օժանդակ աղբյուրներում»։ Կարող եք հրավիրել դասարանի կամ քվորումի անդամներին վերանայել այս նյութում ընդգրկված գերագույն համաժողովի ելույթներից մեկը կամ մի քանիսը, փնտրելով ուսմունքներ, որոնք կառաջնորդեն մեզ՝ մարդկանց սիրելու մեր ջանքերում: Դրանց թվում կարող են լինել ծառայելու օրինակները նախագահ Նելսոնի «Երկրորդ մեծ պատվիրանը» ելույթից, բաժիններ III, և VI՝ նախագահ Օուքսի «Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ» ելույթից, և ճագարների պատմությունն ու երիտասարդներին տրված երեց Գարի Ի. Սթիվենսոնի խորհուրդը «Միավորելով իրենց սրտերը» ելույթից։ Կարող եք նաև միասին կարդալ Մոսիա 2․17-ը և Մորոնի 7․45-48-ը։ Օգտակար կլինի գրատախտակին գրել երիտասարդների քննարկած ուսմունքները: Այնուհետև դասարանը կամ քվորումը կարող է միասին խորհրդակցել, թե ինչպես կարող են ավելի լավ կիրառել այս ուսմունքներն իրենց ընտանիքի անդամների, ընկերների հետ հարաբերություններում, համայնքում, նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե դժվար է սիրել մարդկանց:

  • Փրկության և վեհացման աշխատանքին ուղղված դասարանի կամ քվորումի անդամների ջանքերն ավելի նշանակալից և ուրախ կլինեն, երբ նրանք ոգեշնչված լինեն սիրով: Որպեսզի օգնեք նրանց տեսնել, թե ինչպես է փրկության և վեհացման աշխատանքի յուրաքանչյուր բնագավառը (տես Ընդհանուր ձեռնարկ, 1.2) մոտիվացվում սիրով, գրատախտակին թվարկեք չորս բնագավառները։ Ապա խնդրեք երիտասարդներին քննարկել, թե մարդկանց հանդեպ սիրով լցված լինելը ինչպես կարող է փոխել նրանց մասնակցությունը յուրաքանչյուր բնագավառում: Նրանք կարող են կիսվել իրենց սեփական կամ այլ մարդկանց փորձառություններով:

Նկար
երիտասարդ տղամարդիկ և կանայք զարդարում են տորթը

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Երբ մենք սիրում ենք Աստծուն մեր ողջ սրտով, Նա մեր սիրտը դարձնում է դեպի ուրիշների բարեկեցությունը»։

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

  • Դալլին Հ. Օուքս, «Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ», Լիահոնա, նոյ․ 2014, 25-28

  • Գարի Ի. Սթիվենսոն, «Միավորելով իրենց սրտերը», Լիահոնա, մայիս 2021, 19-23

  • A Good Samaritan, The Greatest Commandment (տեսանյութեր), ChurchofJesusChrist.org

  • Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է․ «Այս երկրորդ պատվիրանը պահելու մեր նախանձախնդրությունը չպետք է մեզ մոռացնել տա առաջին պատվիրանը՝ սիրել Աստծուն մեր բոլոր սրտովը, բոլոր անձովը և մեր բոլոր մտքովը: … Մենք պետք է փորձենք պահել երկու մեծ պատվիրանները։ Դա անելու համար մենք պետք է քայլենք օրենքի և սիրո միջև ընկած նուրբ թելի վրայով՝ պահելով պատվիրանները, քայլելով ուխտի ճանապարհով և, միևնույն ժամանակ, սիրելով մեր մերձավորներին։ Այս քայլարշավը մեզանից պահանջում է փնտրել աստվածային ոգեշնչում, թե ինչին պետք է աջակցենք, ինչին ընդդիմանանք, ինչպես սիրենք, հարգալից լսենք և ուսուցանենք այդ ընթացքում: Մեր քայլարշավը պահանջում է, որ մենք ոչ թե փոխզիջումների գնանք պատվիրանների հարցում, այլ լիարժեք ցույց տանք փոխըմբռնում և սեր» («Երկու մեծ պատվիրանները», Լիահոնա, նոյ. 2019, 73-75)։

  • Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Վերջին օրերի սրբերը … իսկապես ձգտում են ապրել համաձայն առաջին երկու մեծ պատվիրանների։ Երբ մենք սիրում ենք Աստծուն մեր ողջ սրտով, Նա դարձնում է մեր սիրտը դեպի ուրիշների բարեկեցությունը մի գեղեցիկ, առաքինի շրջադարձով։ … Մեր ուրախությունը բխում է ուրիշներին օգնելուց, երբ բարեխղճորեն ջանում ենք հոգ տանել ուրիշների համար նույն կերպ կամ ավելի շատ, քան հոգում ենք ինքներս մեր մասին։ Հատկապես, ես կարող եմ ավելացնել, երբ հարմար չէ, և երբ ստիպված ենք լինում դուրս գալ մեր հարմարավետության գոտուց։ Երկրորդ ամենամեծ պատվիրանի համաձայն ապրելը հանդիսանում է բանալի Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ դառնալու համար» («Երկրորդ մեծ պատվիրանը», Լիահոնա, նոյ. 2019, 97, 100)։

Ուսուցանել Փրկիչի ձևով

Ավետարանով ապրելու ձեր անձնական փորձառությունը թույլ կտա ձեզ զորավոր վկայություն բերել ձեր ուսուցանած սկզբունքների մասին: Քանի որ դուք դրանով ապրում եք, Սուրբ Հոգին կարող է վկայել, որ այն, ինչ դուք ուսուցանում եք, ճշմարիտ է:

Տպել