Նոր Կտակարան 2023
Սեպտեմբերի 24։ Ինչպե՞ս կարող եմ հետևել Փրկիչի օրինակին` օգնելով կարիքավորներին Բ Կորնթացիս 8-13


«Սեպտեմբերի 24։ Ինչպե՞ս կարող եմ հետևել Փրկիչի օրինակին` օգնելով կարիքավորներին։ Բ Կորնթացիս 8-13», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Սեպտեմբերի 24։ Ինչպե՞ս կարող եմ հետևել Փրկիչի օրինակին` օգնելով կարիքավորներին», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
կանայք գրկախառնվում են

Սեպտեմբերի 24

Ինչպե՞ս կարող եմ հետևել Փրկիչի օրինակին` օգնելով կարիքավորներին

Բ Կորնթացիս 8-13

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ ենք մենք քննարկել անցյալ անգամ և ինչպիսի՞ հրավերներ կամ հանձնարարություններ տրվեցին: Մենք ի՞նչ ենք արել ըստ այդ հրավերների կամ հանձնարարությունների գործելու համար:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ի՞նչ մենք կարող ենք անել կամ ասել, որպեսզի օգնության հասնենք նրանց, ովքեր կարող են իրենց միայնակ կամ Երկնային Հորից հեռու զգալ:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ի՞նչ եղանակներով կարող ենք օգնել մյուսներին՝ զգալու Հիսուս Քրիստոսի սերը:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար: Ի՞նչ մտքերով կարող ենք կիսվել միմյանց հետ, որոնք կամրապնդեն մեր ընտանիքները։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Ի՞նչ հնարավորություններ ունեք դուք և ձեր դասարանի կամ քվորումի անդամները՝ ծառայելու ձեր շրջապատի կարիքավորներին: Այն ժամանակ, երբ սրբերը Երուսաղեմում տառապում էին և օգնության կարիք ունեին, Պողոսը գրեց կորնթացիներին՝ քաջալերելու նրանց առատաձեռն նվիրաբերել՝ «ոչ թէ տրտմութիւնով կամ հարկադրութիւնով. որովհետեւ Աստուած սիրում է ուրախ տուողին»: Նա խոստացավ, որ եթե նրանք դա անեն, «Աստուած կարող է ամեն շնորհքներն աւելացնել ձեզանում», որպեսզի «ամեն բարի գործի համար աւելանա[ն]» (Բ Կորնթացիս 9․7-8

Պողոսը նաև նշեց Հիսուս Քրիստոսի օրինակը, ով «ձեզ համար աղքատացաւ նա՝ որ հարուստ էր, որ դուք նորա աղքատութիւնովը հարստանաք» (Բ Կորնթացիս 8․9)։ Փրկիչը պատրաստակամորեն զոհաբերեց երկնային հարստությունները, որպեսզի կարողանա ծառայել մեզ և մեզ հավերժ հարուստ դարձնել։ Մտաբերեք Նրա կյանքից դրվագներ, երբ Նա օգնության ձեռք է մեկնել՝ ծառայելով Իր շրջապատի մարդկանց։ Երբ պատրաստվեք ուսուցանելու, Բ Կորնթացիս 8-9-ը կարդալուց բացի, կարող եք կարդալ նաև քույր Միշել Դ․ Քրեյգի ելույթը՝ «Աչքեր՝ որ տեսնեք» (Լիահոնա, նոյ. 2020, 15-17)։

Սովորեք միասին

Քննարկում սկսելու համար խնդրեք դասարանին կամ քվորումին պատճառների ցուցակ կազմել, թե ինչու մարդը չի ծառայում կարիքավորներին: Ի՞նչ ենք մենք սովորում Բ Կորնթացիս 8․9, 9․7-8-ում Պողոսի ուսմունքներից, որը ոգեշնչում է մեզ ավելի շատ ծառայել կարիքավորներին: Հետևյալ վարժությունները կօգնեն ձեր ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես հոգատար լինել շրջապատի մարդկանց հանդեպ։

  • Մի քանի անգամ սուրբ գրություններում Տերն ուսուցանել է, թե ինչպես է Նա վերաբերվում աղքատների և կարիքավորների մասին հոգալուն: Որոշ օրինակներ տրված են «Օժանդակ աղբյուրներում»։ Այս ուսմունքները վերանայելու եղանակներից մեկն է ձեր դասարանը կամ քվորումը բաժանել զույգերի և խնդրել յուրաքանչյուր զույգին ուսումնասիրել սուրբգրային հատվածներից մի քանիսը: Խնդրեք նրանց քննարկել, թե ինչ են ուսուցանում հատվածները աղքատների և կարիքավորների մասին հոգալու վերաբերյալ: Աղքատների և կարիքավորների մասին հոգ տանելն ինչո՞ւ է այդքան կարևոր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի համար: Հրավիրեք երիտասարդներին ծրագրել, թե ինչպես կարող են անձամբ օգնել կարիքավորներին:

  • Երբեմն մենք այնքան զբաղված ենք մեր սեփական մտահոգություններով, որ թերանում ենք տեսնել մեր շրջապատի մարդկանց կարիքները: «Աչքեր՝ որ տեսնեք» ելույթում քույր Միշել Դ․ Քրեյգը անդրադարձել է այն պատմությանը, երբ Աստված բացում է երիտասարդի աչքերը (տես Դ Թագավորաց 6․15-17)։ Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից: Ի՞նչ կարող ենք սովորել քույր Քրեյգի նշած մյուս պատմություններից՝ մարդկանց կարիքները տեսնելու և նրանց օգնելու վերաբերյալ (տես նաև “Pray for Eyes to See as He Sees” տեսանյութը՝ ChurchofJesusChrist.org)։ Դասարանի կամ քվորումի անդամները կարող են նաև կիսվել փորձառություններով, երբ ինչ-որ մեկը նկատել է իրենց կարիքները և ծառայել է իրենց։ Ե՞րբ ենք մենք տեսել ուրիշների կարիքները և ծառայել նրանց: Ինչպե՞ս ենք մենք զգում, երբ ծառայում ենք ուրիշներին կամ մեզ են ծառայում։

  • Ձեր դասարանի կամ քվորումի անդամները հասկանու՞մ են, թե ինչպես կատարել կարիքավորների մասին հոգ տանելու իրենց պարտականությունը։ Կարող եք միասին քննարկել Մոսիա 4․16-21 և 18․8-10, ինչպես նաև համապատասխան բաժինները՝ Ընդհանուր ձեռնարկից (10.2.2 Ահարոնյան քահանայության քվորումների համար կամ 11.2.2 Երիտասարդ կանանց համար)։ Ի՞նչ ենք մենք ոգեշնչվում անել այս նյութերի ուսումնասիրության արդյունքում: Կարող եք ծրագրել ուղիներ, որոնցով կաշխատեք միասին՝ ձեր դասարանի կամ քվորումի, ծխի կամ համայնքի կարիքավորներին օգնության հասնելու համար: Որոշ գաղափարներ կտան «Օժանդակ աղբյուրների» տեսանյութերը։ Ձեր տարածքի համար ծառայության հնարավորությունները կարող եք տեսնել JustServe.org կայքում։

Նկար
երիտասարդ աղջիկը մասնակցում է ծառայության նախագծին

Քրիստոսանման մեր ծառայությունը կօրհնի մեր շրջապատի մարդկանց կյանքը:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների ու առաքյալների խոսքերը մեր ուսուցանած ճշմարտությունների աղբյուրն են: Ամեն հնարավորության դեպքում ոգեշնչեք նրանց, ում ուսուցանում եք, դիմել Աստծո խոսքին՝ առաջնորդության, հարցերի պատասխանները ստանալու և աջակցության համար:

Տպել