Եկ, հետևիր ինձ
Հավելված Գ. Երեք Վկաները


Հավելված Գ. Երեք Վկաները Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հավելված Գ, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Հավելված Գ

Երեք Վկաները

Ավելի քան հինգ տարի այն ժամանակից սկսած, ինչ Մորոնի հրեշտակը առաջին անգամ այցելեց Ջոզեֆ Սմիթին մինչև 1829թ., Ջոզեֆը միակ մարդն էր, ում թույլատրված էր տեսնել ոսկե թիթեղները: Սա հանգեցրեց եռանդուն քննադատության և հալածանքի նրանց կողմից, ովքեր կարծում էին, որ նա խաբում է մարդկանց: Ուստի պատկերացրեք ուրախությունը, որը Ջոզեֆը զգաց, երբ թարգմանեց Մորմոնի Գիրքը. նա իմացավ, որ Տերը թույլ կտա ուրիշներին տեսնել թիթեղները և նրանք նույնպես «կվկայեն գրքի և նրա միջի բաների ճշմարտացիության մասին» (2 Նեփի 27.12–14, տես նաև 2 Նեփի 11.3, Եթեր 5.2–4):

1829 թվականի հունիսին Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը թույլտվություն խնդրեցին լինել երեք վկաները, ում մասին Մորմոնի Գիրքը մարգարեացել էր: Տերը շնորհեց նրանց իրենց ցանկությունը (տես ՎՈւ 17) և ուղարկեց մի հրեշտակ, ով նրանց ցույց տվեց թիթեղները: Այս մարդիկ հայտնի դարձան որպես Երեք Վկաները և նրանց գրավոր վկայությունն ընդգրկված է Մորմոնի Գրքի բոլոր օրինակներում:1

Նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է, թե Երեք վկաների վկայությունն ինչու է այդքան համոզիչ. «Մորմոնի Գրքի Երեք վկաների վկայությունը իրենից մեծ ուժ է ներկայացնում: Երեքից յուրաքանչյուրն էլ բավականին պատճառներ և հնարավորություններ են ունեցել հրաժարվելու իրենց վկայությունից, եթե այն կեղծ լիներ, կամ մանրամասների մեջ շտկումներ մտցնելու անհրաժեշտություն լիներ, եթե որևէ բան սխալ էր ասվել։ Ինչպես քաջ հայտնի է, անհամաձայնությունների կամ նախանձի պատճառով, որոնք կապված էին Եկեղեցու այլ ղեկավարների հետ, այս երեք վկաներից յուրաքանչյուրը վտարվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց՝ նրանց վկայությունների հրատարակումից մոտավորապես ութ տարի անց։ Երեքն էլ գնացին իրենց ուրույն ճանապարհներով, առանց ընդհանուր շահի կամ պայմանավորվածության։ Այնուամենայնիվ, մինչև իրենց կյանքի վերջը, Եկեղեցուց հեռացվելուց հետո 12-50 տարիների ընթացքում այս վկաներից ոչ մեկը չհրաժարվեց իր հրապարակած վկայությունից կամ չասաց որևէ բան, որը որոշակի ստվեր կգցեր դրանց ճշմարտացիության վրա»:2

Մինչև իրենց կյանքի վերջը Երեք Վկաները անսասան կերպով հավատարիմ մնացին Մորմոնի Գրքի իրենց վկայությանը։

Օլիվեր Քաուդերի

Իր մահից կարճ ժամանակ առաջ Օլիվերը կրկին մկրտվեց Եկեղեցում, որից հետո նրան այցելեց միսիոներ Երեց Ջեյքոբ Գեյթսը, ով անցնում էր Ռիչմոնդով (Միսսուրի) Անգլիա մեկնելու ճանապարհին: Երեց Գեյթսը հարցրեց Օլիվերին Մորմոնի Գրքի վերաբերյալ նրա վկայության մասին: Երեց Գեյթսի որդին շարադրել է նրա պատասխանը.

«Այս հարցը, կարծես, խորապես հուզեց Օլիվերին: Նա որևէ բառ չասաց, այլ բարձրացավ բազկաթոռից, մոտեցավ գրապահարանին, վերցրեց առաջին հրատարակության Մորմոնի Գիրքը, բացեց Երեք Վկաների Վկայությունը և հանդիսավոր կարդաց այն բառերը, որոնց տակ նա գրել էր իր անունը համարյա քսան տարի առաջ: Դեմ առ դեմ կանգնելով հայրիկիս, նա ասաց. «Ջեյքբ, ես ուզում եմ, որ դու հիշես՝ ինչ եմ քեզ ասում»; Ես մեռնող մարդ եմ, ի՞նչ օգուտ ունեմ սուտ ասել: Ես գիտեմ,- ասաց նա,- որ այս Մորմոնի Գիրքը թարգմանվել է Աստծո պարգևով և զորությամբ: Իմ աչքերը տեսել են, իմ ականջները լսել են և իմ հասկացողությունը զգացել է, և ես գիտեմ, որ ինչի մասին վկայել եմ, ճշմարիտ է: Դա երազ չէր, մտքի ունայն երևակայություն չէր, դա իրականություն էր»:3

Դեյվիդ Ուիթմեր

Կյանքի վերջին տարիներին Դեյվիդ Ուիթմերը տեղեկացել էր այն լուրերի մասին, որ ինքը հրաժարվել էր Մորմոնի Գրքի մասին իր վկայությունից: Այս մեղադրանքներին ի պատասխան, Դեյվիդը վերահաստատեց իր վկայությունը նամակով, որը հրապարակվեց տեղական թերթում՝ Ռիչմոնդ Կոնսերվատորում:

«Որպեսզի աշխարհն իմանա ճշմարտությունը, իմ կյանքի մայրամուտին ես ցանկանում եմ մի անգամ ևս կատարել այս հրապարակային հայտարարությունը.

«Որ ես երբևէ չեմ հրաժարվել այդ վկայությունից կամ դրա որևէ մասից, որը վաղուց հրատարակվել է Գրքի հետ՝ որպես երեք վկաներից մեկը: Նրանք, ովքեր ինձ լավ են ճանաչում, շատ լավ գիտեն, որ ես միշտ հավատարիմ եմ մնացել այդ վկայությանը: Եվ քանի որ ոչ ոք չի կարող ապակողմնորոշել կամ կասկածի տակ առնել իմ ներկայիս տեսակետն այդ առնչությամբ, ես կրկին հաստատում եմ իմ բոլոր հայտարարությունների ճշմարտությունը, ինչպես այն ժամանակ ասել ու հրատարակել եմ:

«Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»,- դա մոլորություն չի եղել: Ինչ գրվել է, գրված է. Կարդացողը մտածէ»:4

Մարտին Հարրիս

Օլիվեր Քաուդերիի նման, Մարտին Հարրիսը ևս որոշ ժամանակով հեռացավ Եկեղեցուց, բայց, ի վերջո, կրկին մկրտվեց: Իր կյանքի վերջին տարիներին նա իր թևի տակ միշտ կրում էր Մորմոնի Գիրքը և բոլոր լսողներին վկայում էր նրա ճշմարտացիության մասին. «Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը իրոք ճշմարիտ է: Եվ չնայած բոլոր մարդիկ կհերքեն այդ գրքի ճշմարտությունը, ես չեմ համարձակվի անել այդ: Իմ սիրտն անփոփոխ է: Օ՜, Աստված, իմ սիրտն անփոփոխ է: Եվ ես հիրավի և անկասկած գիտեմ դա, քան երբևէ իմացել եմ»:5

Ջորջ Գոդֆրեյը՝ Մարտինի ծանոթներից մեկը, գրել է. «Իր մահից մի քանի ժամ առաջ … ես հարցրի [Մարտինին], արդյո՞ք ինքը չէր զգում, որ առնվազն խարդախության և խաբեության տարրեր կային այն ամենի մեջ, ինչ գրվել էր կամ ասվել էր Մորմոնի Գրքի ի հայտ գալու վերաբերյալ, և նա պատասխանեց, ինչպես միշտ էր նախկինում … և ասաց. «Մորմոնի Գիրքը կեղծ չէ: Ես գիտեմ այն, ինչ գիտեմ: Ես տեսել եմ այն, ինչ տեսել եմ և լսել եմ այն, ինչ լսել եմ: Ես տեսել եմ ոսկե թիթեղները, որոնցից գրվել է Մորոմնի Գիրքը: Մի հրեշտակ հայտնվեց ինձ և ուրիշներին ու վկայեց հիշատակարանի ճշմարտացիության մասին, և եթե ես երդմնազանց լինեի ու կեղծ երդում տայի այն վկայության համար, որ հիմա բերում եմ, ես հարուստ մարդ կլինեի, բայց ես չեմ կարողացել իմ բերած վկայությունից տարբերվող վկայություն տալ, քանի որ այս բաները ճշմարիտ են»:6

«Այնքան շատ վկաների բերանով, որքան նրան բարի կթվա»

Երեք վկաների վկայությունները հատկապես տպավորիչ են, նկատի ունենալով նրանց փորձառությունները Եկեղեցում և նրանից դուրս:7 Չնայած այս ամենին, Օլիվերը, Դեյվիդը և Մարտինը երբեք չդադարեցին վկայել այն ամենի մասին, որ նրանք տեսել էին, ու վկայություն բերել, որ Մորմոնի Գիրքը թարգմանվել է Աստծո պարգևով և զորությամբ: Եվ նրանք մենակ չէին:

Շատ վաղուց Նեփին հայտարարել է. «Տեր Աստված կսկսի առաջ բերել գրքի խոսքերը. և նա կհաստատի իր խոսքն այնքան շատ վկաների բերանով, որքան նրան բարի կթվա» (2 Նեփի 27.14): Ի լրումն Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Երեք Վկաների, Տերն ընտրեց նաև ուրիշ ութ վկաների թիթեղները տեսնելու համար: Նրանց վկայությունը նաև ընդգրկված է Մորմոնի Գրքի բոլոր օրինակներում: Ինչպես Օլիվերը, Դեյվիդը և Մարտինը, Ութ Վկաների նույնպես հավատարիմ մնացին Մորմոնի Գրքի և ոսկե թիթեղների մասին իրենց վկայություններին:

Վիլյամ Ի. Մակլելլինը Եկեղեցու վաղ շրջանի նորադարձներից էր, ով անձամբ ճանաչում էր Մորմոնի Գրքի վկաներից շատերին: Վիլյամը, ի վերջո հեռացավ Եկեղեցուց, բայց նա շարունակում էր մնալ այն խորը ազդեցության տակ, որն իր վրա թողել էին վկաների համոզիչ վկայությունները:

Իր կյանքի վերջում Մակլելլինը գրել է. «Հիմա ես հարցնում եմ, ես ի՞նչ պետք է անեմ այդքան շատ հավատարիմ վկաների բազմության հետ, ովքեր բերել այդպիսի խելամիտ և այնուամենայնիվ հանդիսավոր վկայություն: Այդ մարդիկ իրենց կյանքի սկզբում տեսել են հրեշտակի տեսիլքը և իրենց վկայությունն են բերել բոլոր մարդկանց: Եվ ութ մարդիկ տեսել են թիթեղները և դիպչել դրանց: Ուստի, այդ մարդիկ բոլորը գիտեին, որ այն ամենը, ինչի մասին հայտարարել են, պարզապես ճշմարիտ է: Եվ դա արել են, երբ երիտասարդ էին, և հիմա, երբ ծեր են, նույնպես հայտարարում են նույն բաները»:8

Չնայած մենք չենք տեսել ոսկե թիթեղները, ինչպես Երեք Վկաներն են տեսել, մենք կարող ենք զորությւոն ստանալ նրանց վկայություններից: Նույնիսկ, երբ վիճարկվում էր նրանց համբավը, և վտանգի տակ էր դրվում նրանց կյանքը իրենց վկայության պատճառով, այս ազնիվ մարդիկ մինչև վերջ խիզախորեն հավատարիմ մնացին իրենց վկայությանը:

  1. Նրանց փորձառության մասին կարդացեք Սրբեր. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատմությունը, հ. 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 (2018), 73–75:

  2. Dallin H. Oaks, “The Witness: Martin Harris,” Ensign, May 1999, 36:

  3. Jacob F. Gates, “Testimony of Jacob Gates,” Improvement Era, Mar. 1912, 418–19

  4. In Lyndon W. Cook, ed., David Whitmer Interviews: A Restoration Witness (1991), 79

  5. In Mitchell K. Schaefer, “The Testimony of Men: William E. McLellin and the Book of Mormon Witnesses,” BYU Studies, vol. 50, no. 1 (2011), 108; capitalization standardized.

  6. George Godfrey, “Testimony of Martin Harris” (unpublished manuscript), quoted in Eldin Ricks, The Case of the Book of Mormon Witnesses (1961), 65–66.

  7. Օրինակ, տես՝ Saints, 1:182–83:

  8. In Schaefer, “Testimony of Men,” 110

Տպել