Եկ, հետևիր ինձ
Հավելված Ա. Ինչպե՞ս է Հոգին վկայում ինձ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:


Հավելված Ա. Ինչպե՞ս է Հոգին վկայում ինձ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հավելված Ա, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Հավելված Ա.

Ինչպե՞ս է Հոգին վկայում ինձ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Դուք հավանաբար լսել եք Մորոնիի խոստման մասին բոլոր նրանց, ովքեր կարդում են Մորմոնի Գիրքը. «Եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.4): Բայց ի՞նչ է նշանակում իմանալ ճշմարտությունը «Սուրբ Հոգու զորությամբ»։ Ինչպե՞ս կարող եք իմանալ, թե երբ է Սուրբ Հոգին խոսում ձեզ հետ:

Օգտակար կլինի հիշել, որ Սուրբ Հոգին հաղորդակցվում է մեզ հետ այնպիսի եղանակներով, որոնք տարբերվում են այն եղանակներից, որոնք մենք օգտագործում ենք միմյանց հետ հաղորդակցվելիս: Բայց ձեր Երկնային Հայրը ցանկանում է օգնել ձեզ սովորել ճանաչել Հոգուն: Նա ձեզ տվել է Մորմոնի Գիրքը, որտեղ մի քանի հավատարիմ ծառաներ նկարագրում են իրենց փորձառությունները Տիրոջ ձայնի հետ կապված:

Օրինակ՝ Նեփին ասաց իր եղբայրներին, որ Տերը խոսել էր նրանց հետ «մեղմ, բարակ ձայնով», չնայած պարտադիր չէ, որ նրանք լսեին ձայնը իրենց ականջներով: Փաստորեն, Նեփին ասաց, որ իր եղբայրները «անզգայացած էին» և չէին կարող «զգալ Նրա խոսքերը» (1 Նեփի 17.45, շեղագիրն ավելացված է): Ենովսը նկարագրել է իր աղոթքների պատասխանը հետևյալ կերպ՝ «Տիրոջ ձայնը կրկին եկավ իմ մտքի մեջ» (Ենովս 1.10): Եվ հաշվի առեք այս խոսքերը, որոնք նկարագրում են ձայնը, որը եկավ երկնքից, երբ հարություն առած Փրկիչը հայտնվեց Լիառատում. «այն կոպիտ ձայն չէր, ոչ էլ այն բարձր ձայն էր. այնուամենայնիվ, … այն ներթափանցեց նրանց մեջ՝ այնպես, որ լսվեց մինչև նրանց սրտի խորքը» (3 Նեփի 11.3):

Հավանաբար դուք ունեցել եք այսպիսի փորձառություններ, բայց երևի ձեր փորձառությունները տարբեր են եղել: Սուրբ Հոգին հաղորդակցվում է բազմաթիվ եղանակներով, իսկ հայտնությունը մեզանից յուրաքանչյուրը կարող է ստանալ տարբեր ձևերով: Եվ երբ Հոգին մեր կյանքում է, մենք կտեսնենք Նրա ազդեցությունը շատ ձևերով: Պողոս Առաքյալն ասել է՝ «հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն», ի թիվս այլ զգացմունքների (Գաղատացիս 5.22–23):

Ահա Մորմոնի Գրքից մի քանի ուսմունքներ և օրինակներ Սուրբ Հոգու մասին: Երբ կարդաք դրանք, կտեսնեք, որ Սուրբ Հոգին ձեզ հետ խոսել է ավելի շատ, քան կարծում եք, վկայելով, որ Մորմոնի Գիրքը իրոք Աստծո խոսքն է:

Երախտագիտություն և ուրախություն

Մորմոնի Գիրքը սկսվում է սքանչելի տեսիլքով, որը տեսնում է Մարգարե Լեքին: Այդ տեսիլքում Լեքիին տրվեց մի գիրք, որը նա պետք է կարդար։ Հիշատակարանում ասվում է. «Երբ կարդաց, նա լցվեց Տիրոջ Հոգով»: Այս փորձառությունը հանգեցրեց նրան, որ Լեքին փառաբանեց Աստծուն Նրա «զորության, բարության և ողորմության» համար և Լեքիի «հոգին հրճվում էր և ամբողջ սիրտը լցված էր» (1 Նեփի 1.12, 14–15):

Դուք երբևէ ունեցե՞լ եք նման փորձառություն։ Մորմոնի Գիրքը ընթերցելիս ձեր սիրտը երբևէ լցվե՞լ է երախտագիտությամբ Աստծո բարության և ողորմության համար։ Մորմոնի Գրքի հատվածները երբևէ հրճվանք բերե՞լ են ձեր սրտին: Այդ զգացումները Հոգու ազդեցություններն են, որոնք վկայում են ձեզ, որ ձեր կարդացած խոսքերը գալիս են Աստծուց և ուսուցանում են Նրա ճշմարտությունը:

Փոփոխված սիրտ

Երբ Բենիամին թագավորը ասաց իր նշանավոր քարոզը Հիսուս Քրիստոսի Քավության մասին (տես Մոսիա 2–4), նա ցանկանում էր իմանալ՝ արդյո՞ք իր ժողովուրդը «հավատացել էին այն խոսքերին, որոնք նա խոսել էր նրանց համար»: Նրանք պատասխանեցին, որ իրոք հավատացել էին նրա ուղերձին: Ինչո՞ւ: «Ամենակարող Տիրոջ Հոգու շնորհիվ, որը մեր մեջ կամ մեր սրտերում մի զորեղ փոփոխություն է առաջացրել, այնպես որ մենք այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք» (Մոսիա 5.1–2):

Հնարավոր է, ձեր սրտում նկատել եք նմանատիպ ինչ-որ բան, երբ կարդացել եք Մորմոնի Գիրքը: Օրինակ՝ գուցե դուք ցանկացել եք դառնալ ավելի լավ մարդ, հեռանալ մեղքից կամ բարի գործ կատարել ինչ-որ մեկի համար: Դա հոգևոր վկայություն է, որը դուք փնտրում եք, որ գիրքը ստեղծված է Աստծո ներշնչանքով: Քանի որ ինչպես Մորմոնն է ուսուցանել. «Այն, ինչ հրավիրում և հրապուրում է անել բարիք, սիրել Աստծուն, և ծառայել նրան, ոգեշնչված է Աստծուց» (Մորոնի 7.13, տես նաև 2 Նեփի 33.4, 10, Ալմա 19.33, Եթեր 4.11–12):

Լուսավորված միտք

Երբ Ալման ցանկանում էր օգնել զորամացիներին «[իր]խոսքերի վրա մի փորձարկմամբ» և իմանային իրենց համար, արդյոք իր վկայությունը ճշմարիտ էր, նա Աստծո խոսքը համեմատեց սերմի հետ. «Եթե դուք տեղ տաք, որ մի սերմ սերմանվի ձեր սրտում,- բացատրել է նա,- այն կսկսի ուռչել ձեր կրծքում. և երբ դուք զգաք այդ ուռչելու շարժումները, դուք կսկսեք ասել ինքներդ ձեր մեջ. Պետք է որ անպայման սա լավ սերմ լինի կամ խոսքը լավն է, քանզի այն սկսում է մեծացնել իմ հոգին. այո, այն սկսում է լուսավորել իմ հասկացողությունը, այո, այն սկսում է հրաշալի լինել ինձ համար» (Ալմա 32.27–28):

Դուք ձեր սրտում «տեղ եք տալիս» Մորմոնի Գրքի խոսքերին, երբ դուք թույլ եք տալիս, որ դրանք ազդեն ձեր կյանքի վրա և ուղղորդեն ձեր ընտրությունները: Եվ այս բառերն ինչպե՞ս կարող են «մեծացնել [ձեր] հոգին» և «լուսավորել [ձեր] հասկացողությունը»։ Դուք կարող եք զգալ, որ դառնում եք հոգևորապես ավելի ամուր: Դուք կարող եք ավելի մեծ սեր զգալ և բարեհաճ լինել ուրիշների հանդեպ: Դուք կարող եք նաև նկատել, որ ավելի լավ եք հասկանում ամեն բան, հատկապես հոգևոր բաները, համարյա կարծես մի լույս է շողում ձեր մտքում: Եվ իհարկե, դուք կարող եք համաձայնվել, որ Մորոմնի Գրքում ուսուցանվող վարդապետությունը «հրաշալի» է: Այս զգացմունքները կարող են օգնել ձեզ հասկանալ, որ դուք, հիրավի, ստացել եք ճշմարտության հոգևոր վկայություն, ինչպես հայտարարել է Ալման. «Օ՜, ուրեմն, մի՞թե սա իրական չէ: Ես ասում եմ ձեզ՝ Այո՛, որովհետև դա լույս է. և այն, ինչ լույս է, բարի է, որովհետև տեսանելի է, հետևաբար, դուք պետք է իմանաք, որ այն բարի է» (Ալմա 32.35):

Դուք չպետք է կասկածեք

Սրանք պարզապես այն եղանակներից մի քանիսն են, որոնցով Հոգին հաղորդակցվում է: Կան շատ ուրիշները: Շարունակեք հնարավորություններ փնտրել Հոգու ձայնը լսելու համար, և դուք կստանաք Նրա մշտական, հաստատող վկայությունը Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը խոստացել է․ «Դուք չպետք է կասկածեք նրա վերաբերյալ, ինչը ճշմարիտ է։ Դուք չպետք է կասկածեք նրան, ում կարող եք ապահովությամբ վստահել: Անձնական հայտնության միջոցով դուք կարող եք ստանալ ձեր վկայությունը, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, և սա Տիրոջ Եկեղեցին է: Անկախ նրանից, թե ինչ կարող են ասել կամ անել մյուսները, ոչ ոք չի կարող երբևէ վերացնել վկայությունը, որը բերվել է ձեր սրտին և մտքին այն մասին, ինչը ճշմարիտ է» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար» Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 95):

Տպել