Սեպտեմբերի 6-12-ը Վարդապետություն և Ուխտեր 98-101․ «Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Սեպտեմբերի 6-12-ը Վարդապետություն և Ուխտեր 98-101, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Սեպտեմբերի 6-12-ը
Վարդապետություն և Ուխտեր 98-101
«Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված»
Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 98-101 բաժինները, ուշադրություն դարձրեք, թե ինչ մտքեր և տպավորություններ եք ստանում: Այդ մտքերն ու տպավորությունները կյանքի կոչելով, ինչպե՞ս կարող եք դառնալ այնպիսի մարդ, ինչպիսին Աստված է ուզում ձեզ տեսնել:
Գրի առեք ձեր տպավորությունները
1830-ականների Սրբերի համար Միսսուրին (Ինդիփենդենս) բառացիորեն խոստացված երկիր էր: Այն Սիոնի «կենտրոնական վայրն էր» (տես Վարդապետություն և Ուխտեր 57.3), Աստծո քաղաքը երկրի վրա, որի կառուցման համար նրանք մեծ զոհաբերություններ էին արել: Նրանց համար Սրբերի հավաքումը հուզիչ և փառահեղ նախերգանք էր Երկրորդ Գալուստի համար: Սակայն այդ տարածքի հարևանների հայացքներն այլ էին: Նրանք համաձայն չէին այն պնդման հետ, որ Աստված այդ տարածքը տվել էր Սրբերին, ինչպես նաև չհարմարվեցին քաղաքական, տնտեսական և սոցիալական հետևանքներին, որոնք պայմանավորված էին տարածքի արագ բնակեցմամբ անծանոթ կրոնի մարդկանցով: Շուտով մտահոգությունը վերածվեց սպառնալիքների, իսկ սպառնալիքները վերածվեցին հետապնդումների և բռնությունների: 1833 թվականի հուլիսին ոչնչացվեց Եկեղեցու տպարանը, իսկ նոյեմբերին Սրբերին ստիպեցին լքել Միսսուրիի Ջեկսոն գավառի իրենց տները:
Ջոզեֆ Սմիթը Կիրթլենդում էր՝ ավելի քան 800 մղոն հեռու այդտեղից, և այդ լուրը նրան կհասներ շաբաթներ անց: Բայց Տերը գիտեր, թե ինչ է կատարվում, և Նա Իր մարգարեին հայտնեց խաղաղության և քաջալերման սկզբունքներ, որոնք կմխիթարեին Սրբերին. սկզբունքներ, որոնք կարող են օգնել նաև մեզ, երբ հալածվում ենք, երբ մեր արդար ցանկությունները չեն իրականանում, կամ երբ մեզ հիշեցում է պետք, որ մեր ամենօրյա չարչարանքները, ի վերջո, ինչ-որ կերպ «միաժամանակ կգործեն [մեր] բարիքի համար» (Վարդապետություն և Ուխտեր 98.3):
Տես Saints, 1:171–93; “Waiting for the Word of the Lord,” Revelations in Context, 196–201.
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Վարդապետություն և Ուխտեր 98.1-3, 11-14, 101.1-16
Իմ չարչարանքները միաժամանակ կգործեն իմ բարիքի համար:
Որոշ տառապանքներ կյանքում տեղի են ունենում մեր ընտրությունների պատճառով: Մյուսները՝ ուրիշ մարդկանց ընտրությունների արդյունք են: Երբեմն էլ, ոչ ոք մեղավոր չէ, վատ բաներն ուղղակի պատահում են: Անկախ պատճառից, ձախորդությունը կարող է օգնել, որ իրականանան աստվածային նպատակները: Երբ կարդում եք, թե ինչ է ասել Տերը Սրբերի դժվարությունների մասին Վարդապետություն և Ուխտեր 98.1-3, 11-14 և 101.1-16 հատվածներում, ի՞նչ եք գտնում, որ կօգնի ձեզ ձեր փորձությունների ժամանակ: Ինչպե՞ս կարող եք այս հատվածների շնորհիվ այլ կերպ նայել ձեր առաջ ծառացած մարտահրավերներին: Խորհեք, թե ինչպես են ձեր փորձությունները միաժամանակ գործում ձեր բարիքի համար և իրականացնում Աստծո նպատակները ձեր կյանքում:
Տես նաև 2 Նեփի 2․2, Վարդապետություն և Ուխտեր 90․24:
Վարդապետություն և Ուխտեր 98․23-48
Տերը կամենում է, որ ես խաղաղություն փնտրեմ Իր ձևով:
Թեև Վարդապետություն և Ուխտեր 98.23-48 հատվածներից ամեն ինչ չէ, որ կիրառելի է մարդկանց հետ ձեր անձնական փոխհարաբերություններում, ի՞նչ սկզբունքներ եք գտնում այդտեղ, որոնցով կարող եք առաջնորդվել, երբ ուրիշները սխալ են վարվում ձեզ հետ: Օգտակար կլինի նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե Տերն ինչպես է ցանկանում, որ Սրբերը հանգուցալուծեն Միսսուրիի հակամարտությունը:
Տես նաև Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաշտության սպասավորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 77-79:
Տերը հոգ է տանում նրանց մասին, ովքեր ծառայում են Իրեն:
Միսսուրիում տեղի ունեցող հալածանքների մասին Ջոզեֆի իմանալուց ընդամենը մի քանի շաբաթ անց, մի նորադարձ խնդրեց նրան մեկնել Կանադա՝ իր որդիների հետ ավետարանով կիսելու համար: Ջոզեֆը համաձայնեց, չնայած անհանգստացած էր, որ պետք է լքեր ընտանիքը այն դեպքում, երբ սպառնալիքներ և հետապնդումներ էին իրականացվում իր ընտանիքի և Եկեղեցու հանդեպ: Կանադայի ճանապարհին Ջոզեֆը և նրա զուգընկերը՝ Սիդնի Ռիգդոնը աղոթեցին մխիթարության համար և բաժին 100-ը նրանց ստացած Տիրոջ պատասխանն էր: Ի՞նչ եք տեսնում Տիրոջ պատասխանում, որ կարող էր հանգստացնել և օգնել նրանց:
Գուցե դուք նույնպես ունեցել եք փորձառություններ, որոնք ձեզնից պահանջել են հավասարակշռել ձեր մտահոգությունները Եկեղեցու պարտականությունների և ձեր ընտանիքի միջև: Ինչպե՞ս կարող են 100-րդ բաժնի Տիրոջ խոսքերը օգնել ձեզ այդպիսի իրավիճակներում:
Տես նաև “A Mission to Canada,” Revelations in Context, 202-7:
Վարդապետություն և Ուխտեր 101․43-65
Աստծո խորհուրդներին հետևելով՝ ես անվտանգ կլինեմ:
Վարդապետություն և Ուխտեր 101․43-62 հատվածների առակը տրվել է, որ բացատրի, թե ինչու է Տերը թույլ տվել, որ Սրբերին դուրս քշեն Սիոնից: Կարդալով այս հատվածները, դուք գտնո՞ւմ եք նմանություն ձեր և առակի ծառաների միջև: Դուք կարող եք ինքներդ ձեզ հարց տալ. Արդյոք պատահե՞լ է, որ ես հարցականի տակ դնեմ Աստծո պատվիրանները: Ինչպե՞ս կարելի է հավատքի կամ պարտավորվածության պակասի պատճառով թույլ տալ, որ «թշնամին» ազդեցություն ունենա իմ կյանքում: Ինչպե՞ս ես կարող եմ ցույց տալ Աստծուն, որ «կամենում [եմ] ուղեկցվել [իմ] փրկության համար ճիշտ և պատշաճ ձևով» (տես հատվածներ 63-65):
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Վարդապետություն և Ուխտեր 98․16, 39-40:Այս հատվածներից ի՞նչը կարող է օգնել մեզ, որ ավելի մեծ խաղաղություն ունենանք մեր ընտանիքում: Կարող եք երգել մի երգ խաղաղության կամ ներման մասին, օրինակ՝ “Truth Reflects upon Our Senses” (Hymns, no. 273): Փոքր երեխաները կարող են դերախաղով կատարել, թե ինչպես են ներում միմյանց:
-
Վարդապետություն և Ուխտեր 99:Երբ Ջոն Մարդոկը կանչվեց թողնելու իր տունը, «հռչակելու հավիտենական ավետարանը» (հատված 1), նա նոր էր վերադարձել Միսսուրիից՝ դժվարին, մեկամյա միսիայից (տես “John Murdock’s Missions to Missouri,” Revelations in Context, 87–89): Ի՞նչ ենք գտնում 99-րդ բաժնում, որը կարող էր օգնել կամ քաջալերել եղբայր Մարդոկին: Տերն ի՞նչ ուղերձ ունի մեզ համար այս հայտնության մեջ:
-
Վարդապետություն և Ուխտեր 100․16, 101․3-5, 18:Այս հատվածները կարդալուց հետո զրուցեք այն մասին, թե դարբիններն ինչ աստիճանի պետք է տաքացնեն մետաղը, որպեսզի հեռացնեն խառնուրդները, և ապա ձևավորեն այն՝ մուրճի բազմաթիվ հարվածներով (տես տեսանյութը՝ “The Refiner’s Fire” ChurchofJesusChrist.org կայքում): Կարող եք նաև միասին սովորել, թե ինչպես են մաքրվում այլ բաները, օրինակ՝ ջուրը կամ աղը: Գուցե ցանկանաք որևէ բան մաքրել կամ զտել ընտանիքով: Ինչո՞ւ ենք մենք ցանկանում մաքրվել: Այս օրինակներն ի՞նչ են սովորեցնում մեզ՝ մեր փորձություններն ինչպե՞ս են օգնում մեզ դառնալ «մաքուր մի ժողովուրդ»:
-
Վարդապետություն և Ուխտեր 101․22-36:Ինչպե՞ս կարող էին այս հատվածներն օգնել Սրբերին, ովքեր ենթարկվում էին հալածանքների: Ինչպե՞ս կարող են դրանք օգնել մարդկանց, ովքեր վախեցած են մեր այսօրվա աշխարհի վիճակից:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում:
Առաջարկվող երգ. «Օգնիր ինձ, Հայր սիրելի», Երեխաների երգարան, 52: