Վարդապետություն և Ուխտեր 2021
Սեպտեմբերի 13-19-ը Վարդապետություն և Ուխտեր 102-105. «Շատ նեղությունից հետո … գալիս են օրհնությունները»


Սեպտեմբերի 13-19-ը Վարդապետություն և Ուխտեր 102-105․ «Շատ նեղությունից հետո … գալիս են օրհնությունները», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Սեպտեմբերի 13-19-ը Վարդապետություն և Ուխտեր 102-105, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

սայլակներով տղամարդիկ

Ք․ Ք․ Ա․ Քրիսթենսեն (1831–1912), Սիոնի ճամբարը, 1878թ․, տեմպերա ներկ/միտկալ, 78 × 114 ինչ։ Բրիգամ Յանգ Համալսարանի արվեստի թանգարան, նվեր Ք. Ք. Ա. Քրիսթենսենի թոռներից, 1970թ.:

Սեպտեմբերի 13-19-ը

Վարդապետություն և Ուխտեր 102-105

«Շատ նեղությունից հետո … գալիս են օրհնությունները»

Վարդապետություն և Ուխտեր 102-105 բաժիններից ո՞ր սկզբունքներն են իմաստալից ձեզ համար: Կարող եք գրի առնել ձեր մտքերն ու տպավորությունները այդ սկզբունքների վերաբերյալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Կիրթլենդի Սրբերը վշտացած էին, երբ իմացան, որ Ջեկսոն գավառում (Միսսուրի) իրենց եղբայրներն ու քույրերը արտաքսվում էին իրենց տներից: Հավանաբար հուսադրող էր, այնուհետև, երբ Տերը հայտարարեց, որ «Սիոնի փրկագնումն անպայման պետք է լինի զորությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 103.15): Այդ խոստումն ունենալով իրենց սրտում, ավելի քան 200 տղամարդ, ինչպես նաև մոտ 25 կին և երեխա ընդգրկվեցին, ինչպես իրենք կոչեցին՝ Իսրայելի ճամբարում, որը հետագայում հայտնի դարձավ որպես Սիոնի ճամբար: Դրա առաքելությունն էր՝ արշավել դեպի Միսսուրի և փրկագնել Սիոնը:

Ճամբարի անդամների համար Սիոնի փրկագնումը նշանակում էր վերականգնել Սրբերին իրենց հողում: Սակայն, մինչ ճամբարը կժամաներ Ջեկսոն գավառ, Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին, որ դադարեցնի և ցրի Սիոնի ճամբարը: Ճամբարի որոշ անդամներ շփոթված և վրդովված էին այդ նոր հրահանգից. նրանց համար դա նշանակում էր, որ արշավախումբը ձախողվել էր, և Տիրոջ խոստումները չէին իրականացել: Մյուսներն, այնուամենայնիվ, այլ կերպ էին մտածում: Թեև աքսորված Սրբերը չվերադարձան Ջեկսոն գավառ, այնուամենայնիվ, այդ փորձառությունը «փրկագնման» մի աստիճան շնորհեց Սիոնին, և դա եղավ «զորությամբ»: Սիոնի ճամբարի հավատարիմ անդամները, որոնցից շատերը հետագայում դարձան Եկեղեցու ղեկավարներ, վկայեցին, որ այդ փորձը խորացրեց նրանց հավատքը Աստծո զորության հանդեպ, Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման և Սիոնի նկատմամբ՝ ոչ միայն որպես վայր, այլ նաև որպես Աստծո ժողովուրդ: Այս թվացյալ անհաջող նպատակի արժեքը կասկածի տակ առնելու փոխարեն, նրանք հասկացան, որ իրական նպատակը Փրկիչին հետևելն էր նույնիսկ այն դեպքում, երբ մենք ամեն ինչ չէ, որ հասկանում ենք: Ահա թե ինչպես Սիոնը ի վերջո կփրկագնվի:

Տես Saints, 1:194–206; “The Acceptable Offering of Zion’s Camp,” Revelations in Context, 213–18.

գետակ

Սիոնի ճամբարը տեղակայված էր այստեղ պատկերված փոքրիկ ձկնորսական գետի ափին:

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 102․12-23

Ո՞րն է այս հատվածներում տրված հրահանգների նպատակը:

Բաժին 102-ը պարունակում է Կիրթլենդում (Օհայո) կայացած ժողովի արձանագրությունը, որտեղ կազմավորվել էր Եկեղեցու առաջին բարձրագույն խորհուրդը: 12-23 հատվածներում նկարագրված են ընթացակարգերը, որոնցով առաջնորդվում են բարձրագույն խորհուրդները, երբ կարգապահական խորհուրդներ են անցկացնում նրանց համար, ովքեր կատարել են լուրջ օրինազանցություններ:

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն ուսուցանել է. «Անդամները երբեմն հարցնում են, թե ինչու են անցկացվում Եկեղեցու կարգապահական խորհուրդներ։ Նպատակը եռակի է՝ փրկել օրինազանցի հոգին, պաշտպանել անմեղին, և պահպանել Եկեղեցու անարատությունն ու բարի համբավը» (“A Chance to Start Over: Church Disciplinary Councils and the Restoration of Blessings,” Ensign, Sept. 1990, 15):

Տես նաև Gospel Topics, “Church Disciplinary Councils,” topics.ChurchofJesusChrist.org:

Վարդապետություն և Ուխտեր 103.1-12, 36, 105.1-19

Սիոնը կարող է կառուցվել միայն արդարության սկզբունքների վրա:

Ինչո՞ւ Սրբերը կորցրին իրենց խոստացված հողը Միսսուրիում: Եվ ինչո՞ւ Տերը թույլ չտվեց, որ Սիոնի ճամբարը վերականգներ նրանց հողերը: Անշուշտ, Միսսուրիի ամբոխի բռնի գործողությունները դեր խաղացին, և Միսսուրիի նահանգապետը խոստացավ աջակցություն ցուցաբերել Սրբերին, սակայն այդպես էլ չմիջամտեց: Բայց Տերն ասել է, որ «եթե չլինեին իմ ժողովրդի օրինազանցությունները», Սիոնը «հնարավոր է փրկագնված լիներ» (Վարդապետություն և Ուխտեր 105.2): Կարդալով Վարդապետություն և Ուխտեր 103.1-12, 36, 105.1-19 հատվածները, դուք կնկատեք, որ որոշ բաներ խոչընդոտել են Սիոնի հիմնադրմանը Միսսուրիում, ինչպես նաև այլ բաներ, որոնք կարող էին օգնել դրան: Դուք ի՞նչ եք սովորում, որի շնորհիվ կարող եք հիմնադրել Սիոնը ձեր սրտում և տանը:

Վարդապետություն և Ուխտեր 103.12-13, 105.1-6, 13-19

Օրհնությունները գալիս են տառապանքներից և հավատքի փորձություններից հետո:

Շատ առումներով Սիոնի ճամբարին մասնակցելը հավատքի փորձություն էր: Ճամփորդությունը երկար էր, շոգ եղանակ էր, իսկ սնունդն ու ջուրը երբեմն սակավ էին: Այդ ամենի միջով անցնելով անգամ, Սրբերն այդպես էլ չկարողացան վերադառնալ իրենց հողը: Մտածեք, թե Վարդապետություն և Ուխտեր 103.12-13 և 105.1-6, 13-19 հատվածների սկզբունքներն ինչպես են օգնել Սիոնի ճամբարի անդամներին, ովքեր մտավախություն ունեին, թե արդյո՞ք կազմակերպվելու այդ պատվիրանը առաջին հերթին Աստծուց էր: Այս սկզբունքներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ՝ ձեր հավատքի փորձությունների ժամանակ:

Սիոնի ճամբարի անդամների փորձառությունների մասին դուք կարող եք կարդալ նաև «Վերականգնման ձայները» նյութում՝ այս օժանդակ նյութի վերջում: Ի՞նչն է տպավորում ձեզ նրանց տրամադրվածության հետ կապված: Դուք ի՞նչ կարող եք սովորել նրանց օրինակներից:

Տես նաև Դեյվիդ Ա․ Բեդնար, “On the Lord’s Side: Lessons from Zion’s Camp,” Ensign, July 2017, 26–35:

Վարդապետություն և Ուխտեր 104.11-18, 78-83

Ես տնտես եմ «երկրային օրհնությունների վրա»:

Միսսուրիի փորձություններից բացի, 1834 թվականին Եկեղեցին ունեցավ ֆինանսական դժվարություններ, այդ թվում` խոշոր պարտքեր և ծախսեր: 104-րդ բաժնում Տերը խորհուրդ տվեց Եկեղեցու ֆինանսական վիճակի վերաբերյալ: Ինչպե՞ս կարող եք կիրառել 11-18 և 78-83 հատվածների սկզբունքները ձեր ֆինանսական որոշումների համար:

Որպեսզի ծանոթանաք եղանակներից մեկին, որը Տերը պատրաստել էր Եկեղեցին պարտքից ազատելու համար, դիտեք “Treasure in Heaven: The John Tanner Story” (video, ChurchofJesusChrist.org):

Տիրոջ «ձևի» մասին ավելին իմանալու համար (հատված 16), թե ինչպես Նա կապահովի Իր սրբերին, կարող եք ուսումնասիրել Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի ելույթը՝ «Հոգ տանելու Տիրոջ ուղին» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 53-56):

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 103․12, 36, 105․9-13:Պատահե՞լ է արդյոք, որ ձեր ընտանիքի անդամներին (կամ ձեր նախնիներից որևէ մեկին) խնդրեն որևէ բան անել, այն դեպքում, երբ դուք այլ բան էիք ակնկալում: Ի՞նչ եք սովորում Սիոնի ճամբարի անդամների արձագանքից, երբ պարզվում է, որ նրանց ճամփորդությունն այն չէր, ինչ նրանք ակնկալում էին (տես «Վերականգնման ձայները»՝ այս համառոտ շարադրանքի վերջում):

Վարդապետություն և Ուխտեր 104․13-18:Ի՞նչ է Տերը մեզ տվել: Ի՞նչ է Նա ակնկալում, որ մենք անենք այդ բաների հետ:

Վարդապետություն և Ուխտեր 104․23-46:Ձեր ընտանիքը կարող է տեսնել, թե այս հատվածներում քանի անգամ է կրկնվում Տիրոջ խոստումը բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են՝ «կբազմապատկեմ օրհնությունները» (հատված 23): Գուցե սա հարմար պահ է «օրհնությունները հաշվելու» («Օրհնություններդ հաշվիր», Հիմներ և մանկական երգեր, հ. 58) և քննարկելու, թե դա ինչպես է օգնում դժվարությունների ժամանակ: Փոքր երեխաները սիրում են նկարել և գուցե ցանկանան նկարել այն օրհնությունները, որոնց համար նրանք հատկապես շնորհակալ են:

Վարդապետություն և Ուխտեր 105․38-41:Ինչպե՞ս կարող ենք «խաղաղության առաջարկ» անել (հատված 40), երբ մարդիկ անբարյացակամ են մեզ հետ կամ անարդարացի: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի «խաղաղության դրոշ» (verse 39) լինենք մեր տանը:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ. «Օրհնություններդ հաշվիր», Հիմներ և մանկական երգեր, հ. 58:

վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները

Սիոնի ճամբարը

Քանի որ Սիոնի ճամբարը չվերականգնեց Սրբերին Ջեկսոն գավառի իրենց հողերում, շատերը կարծում էին, որ իրենց ջանքերը ձախողվել են: Այնուամենայնիվ, Սիոնի ճամբարի շատ մասնակիցներ հետադարձ հայացք գցելով իրենց փորձին, տեսան, թե ինչպես է Տերն իրագործել ավելի բարձր նպատակ իրենց կյանքում և Իր արքայությունում: Ահա նրանց վկայություններից մի քանիսը.

Ջոզեֆ Սմիթ

Ջոզեֆ Սմիթ

Սիոնի ճամբարից ավելի քան 40 տարի անց, ճամբարի անդամներից Ջոզեֆ Յանգը հաղորդել է, որ Ջոզեֆ Սմիթն ասել է հետևյալը.

«Եղբայրնե՛ր, ձեզնից ոմանք բարկացած են ինձ վրա, որովհետև Միսսուրիում չեք կռվել, սակայն թույլ տվեք ասել, որ Աստված չցանկացավ, որ դուք կռվեք: Նա չէր կարող կազմակերպել Իր արքայությունը տասներկու տղամարդկանցով՝ բացելու ավետարանի դռները երկրի ազգերի առաջ, և նրանց առաջնորդության ներքո յոթանասուն տղամարդկանցով, որոնք պետք է հետևեին նրանց ուղուն, եթե նա չընտրեր նրանց այն մարդկանց խմբից, ովքեր առաջարկել էին իրենց կյանքը, և ովքեր այնպիսի մեծ զոհաբերություն էին կատարել, ինչպես Աբրահամն էր արել:

Այժմ, Տերն ունի իր Տասներկուսը և իր Յոթանասունը, և կանչված կլինեն Յոթանասունի այլ քվորումներ, որոնք կկատարեն զոհաբերություն, և նրանք, ովքեր այժմ չեն կատարել իրենց զոհաբերություններն ու նվիրաբերությունները, այսուհետև կանեն դրանք»:1

Բրիգամ Յանգ

Բրիգամ Յանգ

«Երբ հասանք Միսսուրի, Տերը խոսեց իր ծառա Ջոզեֆի հետ և ասաց. «Ես ընդունեցի ձեր ընծան», ապա մենք արտոնություն ունեցանք կրկին տուն վերադառնալ: Երբ վերադարձանք, ընկերներից շատերն ինձ հարցրին, թե ի՞նչ օգուտ՝ տղամարդկանց իրենց աշխատանքից կտրել, գնալ Միսսուրի, այնուհետև վերադառնալ, առանց որևէ բանի հասնելու: «Ո՞վ շահեց դրանից»,- հարցրին նրանք: «Եթե Տերն էր պատվիրել, որ այդպես լիներ, ապա ի՞նչ նպատակ ուներ այդ գործողություններով»:… Ես այդ եղբայրներին ասացի, որ վարձատրությունն ինձ գոհացրել է, նույնիսկ մեծ հավելավճար եմ ստացել, այո՛, քանի որ ինձ չափված չափաբաժինն այնպես է լցվել գիտելիքներով, որոնք ես ստացել եմ Մարգարեի հետ ճամփորդելիս»:2

Վիլֆորդ Վուդրուֆ

Վիլֆորդ Վուդրուֆ

«Ես Սիոնի ճամբարում էի Աստծո Մարգարեի հետ: Ես տեսա Աստծո աշխատանքը նրա հետ: Ես տեսա Աստծո զորությունը նրա հետ: Ես տեսա, որ նա Մարգարե էր: Այն, ինչ Աստծո զորությամբ ցույց էր տրվում նրան այդ առաքելության ժամանակ, շատ կարևոր էր ինձ համար և բոլորի համար, ովքեր ստացել են նրա հրահանգները»:3

«Երբ Սիոնի ճամբարի անդամները կանչվեցին, շատերս իրար չէինք ճանաչում. մենք օտար էինք միմյանց համար, և շատերը երբեք չէին տեսել մարգարեին: Մենք ցրված էինք ողջ ազգի մեջ, ինչպես մաղված եգիպտացորենի հատիկները: Մենք երիտասարդ տղամարդիկ էինք, և այդ օրը կանչվեցինք, որ գնանք և փրկագնենք Սիոնը, և այն, ինչ պետք է անեինք, պետք է անեինք հավատքով: Մենք հավաքվեցինք Կիրթլենդում տարբեր նահանգներից և գնացինք փրկագնելու Սիոնը՝ ի կատարումն մեզ տրված Աստծո պատվիրանի: Աստված ընդունեց մեր գործերը, ինչպես Նա ընդունել էր Աբրահամի գործերը: Մենք մեծ գործ արեցինք, չնայած հավատուրացներն ու անհավատները բազմիցս հարցնում էին. «Դուք ի՞նչ եք արել»: Մենք ունեցել ենք այնպիսի փորձառություն, որն այլ կերպ երբեք չէինք կարողանա ձեռք բերել: Մենք արտոնություն ունեցանք տեսնել մարգարեի դեմքը, նրա հետ հազարավոր մղոններ անցնել, տեսնել Աստծո Հոգու աշխատանքը նրա հետ, նրան տրվող Հիսուս Քրիստոսի հայտնությունները և այդ հայտնությունների իրականացումը: Այդ օրը նա հավաքել էր ամբողջ ազգից մոտ երկու հարյուր երեցների և ուղարկել էր մեզ դեպի աշխարհ՝ քարոզելու Հիսուս Քրիստոսի ավետարանը: Եթե ես չգնայի Սիոնի ճամբարի հետ, այսօր այստեղ չէի լինի [Սոլթ Լեյք Սիթիում, Տասներկուսի Քվորումում ծառայելիս]:… Գնալով այնտեղ՝ մենք մտել ենք այգի՝ ավետարանը քարոզելու, և Տերն ընդունել է մեր գործերը: Եվ մեր բոլոր գործերում և հալածանքներում, հաճախ վտանգի տակ դնելով մեր կյանքը, մենք պետք է աշխատեինք և ապրեինք հավատքով»:

«Սիոնի ճամբարում ճամփորդելու ընթացքում [մեր] ստացած փորձն ավելի արժեքավոր էր, քան ոսկին»:

Նշումներ

  1. In Joseph Young Sr., History of the Organization of the Seventies (1878), 14.

  2. “Discourse,” Deseret News, Dec. 3, 1862, 177.

  3. In Conference Report, Apr. 1898, 29–30; see also Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 135.

Սիոնի ճամբարը գետի ափին

Zion’s Camp (Zion’s Camp at Fishing River), by Judith A. Mehr