Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 11-17-ը Հովհաննես 2-4. «Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ»


«Փետրվարի 11-17-ը: Հովհաննես 2-4. «Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Փետրվարի 11-17-ը: Հովհաննես 2-4», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Նկար
Հիսուսը խոսում է Նիկոդեմոսի հետ

Փետրվարի 11-17-ը

Հովհաննես 2–4

«Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ»

Երբ կարդաք Հովհաննես 2–4-ը, Հոգին կուսուցանի ձեզ ձեր դարձին վերաբերող մտքերը: Գրառեք նրա հուշումները: Այս համառոտ շարադրանքի ուսումնական գաղափարներից կարող եք գտնել լրացուցիչ հոգևոր հուշումներ:

Գրի առեք տպավորությունները

Կանայում հարսանիքի ժամանակ Քրիստոսը ջուրը փոխակերպեց գինու. մի իրադարձություն, որը Հովհաննեսը կոչեց «նշանների սկիզբը» (Հովհաննես 2.11): Սա ճշմարիտ է շատ իմաստներով. մինչ դա առաջին հրաշքն էր, որ Հիսուսը կատարեց հրապարակավ, այն կարող է խորհրդանշել նաև մեկ այլ հրաշքի սկիզբ՝ մեր սրտերի փոխակերպման սկիզբը, երբ մենք սկսում ենք ավելի նմանվել մեր Փրկիչին: Մեր կյանքի ընթացքում տեղի ունեցող հրաշքը սկսվում է Հիսուս Քրիստոսին հետևելու որոշումից՝ Նրա միջոցով փոխվել և ապրել ավելի լավ կյանքով: Ի վերջո, այս փոփոխությունը կարող է դառնալ այնքան ամբողջական, որ «վերստին ծնուիլ» արտահայտությունը կարող է լավագույնս նկարագրել այն (Հովհաննես 3.7): Բայց վերածնունդը աշակերտության ճանապարհի լոկ սկիզբն է։ Ջրհորի մոտ Սամարացի կնոջն ուղղված Քրիստոսի խոսքերը մեզ հիշեցնում են, որ եթե մենք շարունակենք այս ճանապարհով, ի վերջո, ավետարանը կդառնա «ջրհոր» մեր մեջ, «որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ» (Հովհաննես 4.14):

Նկար
անհատական ուսումնասիրություն

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հովհաննես 2․1-11

Հիսուս Քրիստոսի զորությունը կարող է փոխել ինձ:

Երբ կարդում եք այն մասին, թե Փրկիչն ինչպես ջուրը փոխակերպեց գինու Հովհաննես 2․1-11-ում, ի՞նչ գաղափարներ եք ձեռք բերում Քրիստոսի զորության մասին, որը կփոխի ձեզ:

Կարող եք լրացուցիչ գաղափարներ ձեռք բերել, քննարկելով երևույթը այնտեղ գտնվող տարբեր մարդկանց՝ Մարիամի, աշակերտների և այլոց տեսանկյունից: Այս մարդիկ ինչպե՞ս կարող էին զգալ հրաշքը։ Այս հատվածներում հրաշքների մասին ձեր սովորածը կարող եք համեմատել այն ամենի հետ, ինչ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Նիկոդեմոսին (տես Հովհաննես 3.1–8) և ջրհորի մոտ գտնվող կնոջը (տես Հովհաննես 4.3–26):

Հովհաննես 3․1-21

Ես պիտի կրկին ծնվեմ Աստծո արքայությունը մտնելու համար:

Երբ Նիկոդեմոսը անձամբ եկավ Հիսուսի մոտ, նա զգույշ դիտորդ էր: Սակայն ավելի ուշ նա հրապարակավ պաշտպանեց Հիսուսին (տես Հովհաննես 7.45–52) և միացավ հավատացյալներին Փրկիչի թաղման արարողության ժամանակ (տես Հովհաննես 19.38–40): Ի՞նչ ուսմունքներ եք գտնում Հովհաննես 3.1–21-ում, որոնք կարող էին ոգեշնչել Նիկոդեմոսին հետևել Հիսուսին և կրկին ծնվել:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Կրկին ծնվելը գալիս է Աստծո Հոգով՝ արարողությունների միջոցով» («Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ» [2007], 95): Ի՞նչ դեր խաղաց ձեր մկրտությունը («ջրից ծնուի» [Հովհաննես 3.5]) և հաստատումը («կրակից ծնուի» [Հովհաննես 3.5]) կրկին ծնվելու գործում: Ի՞նչ քայլեր եք կատարում փոփոխության այս գործընթացը շարունակելու համար: (տես Ալմա 5.11-14):

Տես նաև Մոսիա 5.7, 27.25–26, «Փրկություն» Ավետարանական թեմաներ, topics.lds.org, Դեյվիդ Ա. Բեդնար, «Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ», Ensign or Լիահոնա, մայիս 2007, 19–22:

Հովհաննես 3.16-17

Երկնային Հայրը ցուցադրում է Իր սերը իմ հանդեպ Հիսուս Քրիստոսի միջոցով:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Հավերժության առաջին մեծ ճշմարտությունն այն է, որ Աստված սիրում է մեզ Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» («Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու», Ensign or Լիահոնա, մայիս 2016, 127): Ինչպե՞ս եք զգացել Աստծո սերը Նրա Որդու շնորհի միջոցով:

Հաղորդությունը ժամանակ է տալիս անդրադառնալ Աստծո սիրո և Նրա Որդու շնորհի վրա: Ո՞ր օրհներգերն են օգնում ձեզ զգալ այս սերը: Դիտեք Մորմոնական Թաբերնաքլի Երգչախմբի կողմից «Ես մնում եմ զարմացած» օրհներգի կատարումը (LDS.org): Ի՞նչ կարող եք անել հաղորդության ժողովն ավելի իմաստալից դարձնելու համար:

Հովհաննես 4.24

Արդյո՞ք Աստված Հոգի է:

Ոմանք կարող են զարմանալ Հիսուսի հաստատման վրա, որ Աստված հոգի է: Այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը տալիս է կարևոր հստակեցում. « Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն ( Հովհաննես 4.24, ծանոթագրություն ա): Ժամանակակից հայտնությունը նաև ուսուցանում է, որ Աստված ունի ոսկորից ու մսից մարմին (տես ՎևՈւ 130.22–23, տես նաև Ծննդոց 5.1–3, Եբրայեցիս 1.1–3):

Հովհաննես 4․7-26

Քրիստոսն առաջարկում է ինձ Իր կենդանի ջուրը:

Հիսուսն ի՞նչ նկատի ուներ, երբ Նա ասաց սամարացի կնոջը, որ ով խմում է Իր առաջարկած ջուրը, երբեք չի ծարավի: Ինչո՞վ է ավետարանը նման կենդանի ջրին:

Նկար
գետակ

Քրիստոսի ավետարանը կենդանի ջուր է, որը սնուցում է մեր հոգին:

Սամարացի կնոջն ուղղված Փրկիչի ուղերձներից մեկը հետևյալն էր. ավելի կարևոր է, թե մենք ինչպես ենք երկրպագում, քան այն, թե որտեղ ենք երկրպագում (տես Հովհաննես 4.21–24): Ի՞նչ եք դուք անում, որ «երկրպագեք Հորը հոգով և ճշմարտությամբ»: (Հովհաննես 4.23

Տես նաև Սուրբ գրությունների ուղեցույց՝ «Երկրպագություն», Դին Մ. Դեյվիս, «Երկրպագության օրհնությունները» Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2016, 93–95.

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Հովհաննես 2–4

Երբ ձեր ընտանիքն ընթերցում է այս գլուխներն այս շաբաթ, հատուկ ուշադրություն դարձրեք այն բանին, թե Փրկիչն ինչպես էր օգտագործում առօրյա իրերն ու երևույթները՝ ծնունդ, քամի, ջուր և սնունդ, հոգևոր ճշմարտություններ ուսուցանելու համար: Ի՞նչ առարկաներ կարող եք օգտագործել ձեր տանը հոգևոր ճշմարտություններ ուսուցանելու համար:

Հովհաննես 2.13-17

Երբ դուք խուսափում եք այնպիսի իրերից, որոնք ձեր տունը ֆիզիկապես անմաքուր են դարձնում, այն դառնում է սուրբ տուն՝ ինչպես տաճարը: Ձեր ընտանիքն ինչի՞ց պիտի հեռու պահի տունը, որպեսզի այն դառնա սուրբ վայր: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի խուսափեք այդ առարկաները տանը պահելուց:

Հովհաննես 3․1-6

Ընտանիքի անդամներին խնդրեք մտածել հղիության և ծնունդի հրաշքի մասին, որոնք հանդիսանում են ապրող, շարժվող, խելացի արարածի ստեղծման գործընթացը: Քրիստոսն ուսուցանում է, որ մենք պիտի վերստին ծնվենք Աստծո արքայություն մտնելուց առաջ։ Վերածնունդն ինչո՞ւ է լավ փոխաբերություն հանդիսանում այն փոփոխության համար, որը պահանջվում է մեզանից նախքան Աստծո արքայություն մտնելը: Մենք ինչպե՞ս ենք զգացել հոգևոր վերածննդի գործընթացը:

Հովհաննես 3․16

Հրավիրեք ընտանիքի անդամներին վերաձևակերպել այս հատվածը իրենց սեփական բառերով, կարծես բացատրում են ընկերոջը: Քրիստոսն ինչպե՞ս օգնեց մեզ զգալ Աստծո սերը մեր կյանքում։

Հովհաննես 4․5-15

Փրկիչն ի՞նչ էր ուսուցանում մեզ, երբ Իր ավետարանը համեմատում էր կենդանի ջրի հետ: Մի բաժակ ջուր պահեք ձեռքում և խնդրեք ձեր ընտանիքի անդամներին նկարագրել ջրի հատկանիշները: Ինչո՞ւ պետք է ամեն օր ջուր խմենք: Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ համեմատեց Իր ավետարանը աղբյուրի հետ՝ «աղբիւր կ’լինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ»։ (Հովհաննես 4.14)

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք խորհրդանիշեր: Սուրբ գրությունները հաճախ օգտագործում են առարկաներ, իրադարձություններ, գործողություններ կամ ուսմունքներ, որպեսզի ներկայացնեն հոգևոր ճշմարտություններ: Այս խորհրդանիշերը կարող են հարստացնել ուսուցանվող վարդապետության ձեր հասկացողությունը: Օրինակ, Փրկիչը համեմատում է դարձը վերածննդի հետ:

Նկար
Հիսուսը և սամարացի կինը ջրհորի մոտ

«Կենդանի ջուրը», Սայմոն Դենվեյ

Տպել