«Հունիսի 12-18-ը: Ղուկաս 22, Հովհաննես 18. «Ոչ թե իմ, այլ քո կամքը կատարվի», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Հունիսի 12-18-ը: Ղուկաս 22-17, Հովհաննես 18», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023
Հունիսի 12-18-ը
Ղուկաս 22, Հովհաննես 18
«Ոչ թե իմ, այլ քո կամքը կատարվի»
Այս շաբաթ ժամանակ տրամադրեք և կարդացեք Ղուկաս 22 և Հովհաննես 18 գլուխները: Խորհեք և աղոթեք այն մասին, ինչ կարդում եք։ Դա կարող է Հոգուն հնարավորություն տալ վկայելու ձեր սրտին, որ սուրբ գրությունները ճշմարիտ են:
Գրի առեք տպավորությունները
Միայն երեք մահկանացու էին վկա Գեթսեմանիի պարտեզում Հիսուս Քրիստոսի տառապանքներին, իսկ նրանք ժամանակի մեծ մասը քնած էին: Այդ պարտեզում, իսկ ավելի ուշ խաչի վրա Հիսուսն Իր վրա վերցրեց մեղքերը, ցավերը և տառապանքները այն բոլոր մարդկանց, որոնք երբևէ ապրել էին, չնայած գրեթե ոչ ոք այդ ժամանակ տեղյակ չէր, թե ինչ էր կատարվում: Սակայն այն ժամանակ հավերժության ամենակարևոր իրադարձությունները տեղի էին ունենում առանց աշխարհիկ ուշադրության: Բայց Հայր Աստվածը գիտեր: Նա լսեց Իր հավատարիմ Որդու աղերսը. «Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից. Սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի: Եվ հրեշտակ երևեցավ նորան երկնքիցը, և զորացնում էր նորան» (Ղուկաս 22.42–43): Չնայած մենք ֆիզիկապես ներկա չէինք անձնազոհության և հնազանդության այս արարքին, բայց մենք բոլորս էլ վկա ենք Հիսուս Քրիստոսի Քավությանը: Ամեն անգամ, երբ մենք ապաշխարում ենք և ներում ստանում, և ամեն անգամ, երբ զգում ենք Փրկիչի ամրացնող զորությունը, մենք կարող ենք վկայել այն մասին, ինչ պատահել է Գեթսեմանիի պարտեզում:
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Ղուկաս 22.31–34, 54-62, Հովհաննես 18.17–27
Դարձը շարունակական գործընթաց է
Մտածեք այն փորձառությունների մասին, որոնք Պետրոսն ունեցավ Փրկիչի հետ. հրաշքները, որոնց ականատեսը եղավ և վարդապետությունը, որը սովորեց: Այդ դեպքում ինչո՞ւ Փրկիչն ասաց Պետրոսին. «Դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր»:(Ղուկաս 22.32, շեղագիրն ավելացված է)։ Երբ խորհեք սրա շուրջ, մտածեք, թե երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ինչ է ուսուցանել վկայություն ունենալու և իսկական դարձի գալու միջև եղած տարբերության մասին (տես «Դարձ դեպի Տերը», Լիահոնա, նոյեմբեր 2012, 106-9)։
Երբ կարդաք Պետրոսի փորձառությունների մասին Ղուկաս 22.31–34, 54–62-ում (տես նաև Հովհաննես 18.17–27), մտածեք ձեր սեփական դարձի մասին: Դուք երբևէ զգացե՞լ եք այնքան նվիրված, որ Պետրոսի նման «պատրաստ [լինեիք Փրկիչի], հետ բանտը և մահն էլ գնալու»: (Ղուկաս 22.33) Ինչու են երբեմն այդ զգացմունքները մարում: Ամենօրյա հնարավորություններ կան կամ հերքելու կամ վկայելու Փրկիչի մասին. ի՞նչ կանեք դուք՝ Նրա ամենօրյա վկան լինելու համար: Ուրիշ ի՞նչ դասեր կարող եք սովորել Պետրոսի փորձառությունից:
Մինչ շարունակում եք կարդալ Նոր Կտակարանը, հետևեք Պետրոսի շարունակական դարձի ապացույցներին: Նաև նշեք, թե նա ինչպես է ընդունել «եղբայրներիդ հաստատիր» Տիրոջ հանձնարարությունը (Ղուկաս 22.32, տես Գործք 3–4):
Sես նաև Մարկոս 14.27–31:
Փրկիչը ինձ համար տառապեց Գեթսեմանիում
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրել է մեզ «ժամանակ տրամադրել Փրկիչի և Նրա քավիչ զոհաբերության մասին սովորելու համար» (Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը» Լիահոնա, մայիս 2017, 40):
Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ Նախագահ Նելսոնի հրավերն ընդունելու համար: Կարող եք սկսել՝ աղոթքով խորհելով Գեթսեմանիում Փրկիչի տառապանքների մասին, ինչպես նկարագրված է այս հատվածներում և գրի առնել տպավորություններն ու հարցերը, որոնք գալիս են ձեր միտքը:
Փրկիչի և Նրա Քավության մասին ավելի խորը ուսումնասիրության համար փորձեք ուսումնասիրել այլ սուրբ գրություններ, որպեսզի պատասխանեք նմանատիպ հարցերին.
-
Ինչո՞ւ էր Փրկիչի քավությունն անհրաժեշտ: (Տես 2 Նեփի 2.5–10, 17–26, 9.5–26, Ալմա 34.8–16, 42.9–26:)
-
Փրկիչն ի՞նչ էր զգում, երբ տառապում էր։ (Տես Եսայիա 53.3–5, Մոսիա 3.7, Ալմա 7.11–13, Վարդապետություն և Ուխտեր 19.16–19:)
-
Քրիստոսի տառապանքն ինչպե՞ս է ազդում իմ կյանքի վրա: (Տես Հովհաննես 10.10–11, Եբրայեցիս 4.14–16, Ա Հովհաննես 1.7, Ալմա 34.31, Մորոնի 10.32–33, Դալլին Հ. Օուքս, «Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ» Լիահոնա, նոյեմբեր 2015, 61–64:)
-
Իմ ունեցած այլ հարցերը.
Երբ սովորեք, թե ինչ պատահեց Գեթսեմանիում, հետաքրքիր կլինի իմանալ, որ Գեթսեմանին ձիթենիների այգի էր, որտեղ կար նաև ձիթապտղի մամլիչ, որն օգտագործում էին ձիթապտուղը ճզմելու և ձեթ քամելու համար, իսկ վերջինս օգտագործում էին լուսավորության, սննդի և բուժման համար (տես Ղուկաս 10.34): Ձիթապտղի յուղի արդյունահանման գործընթացն ինչպե՞ս կարող է խորհրդանշել այն, ինչ Փրկիչն արեց մեզ համար Գեթսեմանիում: Որոշ գաղափարների համար տես երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ուղերձը ««Իմ սիրո մեջ հաստատու՜ն մնացեք»» (Լիահոնա, նոյեմբեր 2016, 50–51):
Տես նաև՝ Մատթեոս 26.36-46, Մարկոս 14.32-42։
Փրկիչի «թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ»
Որպես քաղաքական առաջնորդ՝ Պոնտացի Պիղատոսը ծանոթ էր այս աշխարհի զորությանն ու թագավորություններին: Բայց Հիսուսը խոսեց շատ տարբերվող՝ մեկ այլ տեսակի թագավորության մասին։ Անդրադառնալով Փրկիչի կյանքի մասին ձեր կարդացած նյութին, ի՞նչ ապացույց եք տեսնում, որ Նրա «թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ»: (Հովհաննես 18․36) Ձեզ համար ինչո՞ւ է կարևոր իմանալ դա: Ուրիշ ի՞նչ է ձեզ համար առանձնանում Պիղատոսին ուղղված Հիսուսի խոսքերից:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Ղուկաս 22․31-32Ի՞նչ կարող էր Պետրոսը զգալ՝ իմանալով, որ Հիսուսն աղոթել է իր և իր հավատքի համար։ Ո՞ւմ համար կարող ենք աղոթել, որ «[նրա] հաւատքը չ’պակասի» (հատված 32):
-
Ղուկաս 22.39–46Գեթսեմանիում Փրկիչի տառապանքների մասին սովորելը կարող է սուրբ փորձառություն լինել ձեր ընտանիքի համար: Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ ակնածանքի ու պաշտամունքի ոգի ստեղծելու համար, երբ ուսումնասիրում եք Ղուկաս 22.39–46: Դուք կարող եք միասին նվագել կամ երգել Փրկիչի մասին ձեր ընտանիքի սիրելի օրհներգերը կամ մանկական երգերը: Կարող եք դիտել թեմային վերաբերող արվեստի գործեր կամ տեսանյութ՝ «Փրկիչը տառապում է Գեթսեմանիում» (ChurchofJesusChrist.org): Երբ կարդում եք հատվածները, ընտանիքի անդամները կարող են կիսվել հատվածներով, որոնք հատկապես կարևոր են իրենց համար, գուցե մի հատված, որն օգնում է նրանց զգալ Փրկիչի սերը (Տես նաև Մատթեոս 26.36–46, Մարկոս 14.32–42): Կարող եք նաև հրավիրել նրանց կիսվել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին իրենց վկայություններով:
-
Ղուկաս 22.42Ընտանիքի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ սովորել են ասել. «Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»։
-
Ղուկաս 24.50-51, Հովհաննես 18.10-11Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում Հիսուսի մասին:
-
Հովհաննես 18.37-38Ինչպե՞ս կպատասխանեինք Պիղատոսի հարցին՝ «Ի՞նչ է ճշմարտութիւնը» (հատված 38): Որոշ գաղափարների համար տես Հովհաննես 8.32, Վարդապետություն և Ուխտեր 84.45, 93.23–28 և «Oh Say, What Is Truth?», Hymns, no. 272.
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:
Առաջարկվող երգ․ «Ես մնում եմ զարմացած», Օրհներգ, հմր. 22։