Նոր Կտակարան 2023
Գաղափարներ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրությունը բարելավելու համար


«Գաղափարներ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրութունը բարելավելու համար», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

Գաղափարներ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրութունը բարելավելու համար, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

սուրբ գրություններն ուսումնասիրող կինը

Գաղափարներ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրությունը բարելավելու համար

Ահա մի քանի պարզ եղանակներ սուրբ գրություններում տրված Աստծո խոսքի ուսումնասիրությունը բարելավելու համար:

Փնտրեք ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին

Սուրբ գրությունները սովորեցնում են մեզ, որ բոլոր բաները վկայում են Քրիստոսի մասին (տես 2 Նեփի 11.4, Մովսես 6.63), ուստի, կարող եք նշել կամ ընդգծել այն հատվածները, որոնք ուսուցանում են Փրկիչի մասին, և թե ինչպես հետևել Նրան։

Փնտրեք ոգեշնչող բառեր և արտահայտություններ

Սուրբ գրություններում դուք կարող եք գտնել որոշակի բառեր և արտահայտություններ, որոնք տպավորում են ձեզ, կարծես դրանք գրված են հատուկ ձեզ համար: Դրանք կարող են անձնապես համապատասխանել, ոգեշնչել և խրախուսել ձեզ: Նշեք դրանք ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

Փնտրեք ավետարանի ճշմարտությունները

Երբեմն ավետարանի ճշմարտությունները (որոնք հաճախ կոչվում են վարդապետություններ և սկզբունքներ) ասվում են ուղղակիորեն, իսկ երբեմն էլ դրանք ակնարկվում են օրինակի կամ պատմության միջոցով: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ հավերժական ճշմարտություններ են ուսուցանվում այս հատվածներում»։

Լսեք Հոգուն

Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին ու զգացմունքներին, նույնիսկ, եթե դրանք կապված չեն ձեր կարդացած նյութի հետ: Այդ տպավորությունները կարող են լինել հենց այն ամենը, ինչը ձեր Երկնային Հայրը կամենում է, որ դուք սովորեք:

Համեմատեք սուրբ գրությունները ձեր կյանքի հետ

Մտածեք, թե պատմություններն ու ուսմունքները որքանով են առնչվում ձեր կյանքի հետ: Օրինակ` կարող եք հարցնել ինքներդ ձեզ. «Ի՞նչ փորձառություններ եմ ես ունեցել, որոնք նման են իմ կարդացածին», կամ՝ «Ես ինչպե՞ս կարող եմ հետևել սուրբ գրությունում նշված այս մարդու օրինակին»:

Հարցեր տվեք, երբ ուսումնասիրում եք

Երբ ուսումնասիրեք սուրբ գրությունները, ձեր մտքում հարցեր կառաջանան։ Այդ հարցերը կարող են առնչվել ձեր կարդացածին կամ ընդհանրապես ձեր կյանքին: Խորհեք այդ հարցերի շուրջ և փնտրեք պատասխաններ, երբ շարունակեք ուսումնասիրել սուրբ գրությունները:

տղան ուսումնասիրում է սուրբ գրությունները

Օգտվեք սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերից

Ձեր կարդացած հատվածների վերաբերյալ լրացուցիչ գաղափարներ ձեռք բերելու համար օգտագործեք ծանոթագրությունները, Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, Սուրբ գրքերի ուղեցույցը (scriptures.ChurchofJesusChrist.org) և այլ օժանդակ նյութեր:

Հասկանալ սուրբ գրությունների համատեքստը

Դուք կարող եք իմաստալի գաղափարներ գտնել որևէ սուրբ գրության վերաբերյալ, եթե քննարկեք դրա համատեքստը՝ հանգամանքները կամ սուրբ գրության միջավայրը: Օրինակ՝ իմանալով ժողովրդի պատմական նախադրյալներն ու համոզմունքները, ում դիմում էր մարգարեն, կհասկանաք նրա խոսքերի նպատակը:

Գրի առեք ձեր մտքերն ու զգացմունքները

Տպավորությունները, որոնք ունենում եք ուսումնասիրման ժամանակ, կարող եք գրանցել տարբեր եղանակներով: Օրինակ՝ կարող եք նշել որևէ կարևոր բառ կամ արտահայտություն և սուրբ գրություններում գրանցել ձեր մտքերը որպես նշում: Կարող եք պահել օրագիր՝ ձեր ստացած հուշումները, զգացմունքները և տպավորությունները գրանցելու համար:

Ուսումնասիրեք Վերջին Օրերի մարգարեների և առաքյալների խոսքերը

Կարդացեք, թե վերջին օրերի մարգարեներն ու առաքյալներն ինչ են ուսուցանել այն սկզբունքների մասին, որոնք դուք գտնում եք սուրբ գրություններում (օրինակ՝ տես conference.ChurchofJesusChrist.org և Եկեղեցու ամսագրերը

Կիսվեք գաղափարներով

Անհատական ուսումնասիրության ժամանակ սովորած սկզբունքների քննարկումը ոչ միայն լավ եղանակ է ուրիշներին ուսուցանելու համար, այլև օգնում է ամրացնել ձեր անձնական հասկացողությունը կարդացածի վերաբերյալ:

Ապրեք ըստ ձեր սովորածի

Սուրբ գրությունների ուսումնասիրությունը պետք է ոչ միայն ոգեշնչի մեզ, այլև առաջնորդի մեզ փոխել մեր ապրելակերպը: Լսեք, թե կարդալիս Հոգին ինչ է հուշում ձեզ անել, իսկ հետո գործեք ըստ այդ հուշումների:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է․ «Մենք չպետք է ակնկալենք, որ Եկեղեցին՝ որպես կազմակերպություն, ուսուցանի կամ պատմի մեզ այն ամենը, ինչ մենք պետք է իմանանք և անենք, որպեսզի նվիրյալ աշակերտ դառնանք և քաջաբար համբերենք մինչև վերջ [տես Վարդապետություն և Ուխտեր 121․29]։ Այլ դա մեր անձնական պատասխանատվությունն է՝ սովորել այն, ինչ պետք է սովորենք, ապրել այնպես, ինչպես գիտենք, որ պետք է ապրենք, և դառնալ այնպիսին, ինչպիսին Վարդապետն է ցանկանում, որ դառնանք: Սովորելու, ապրելու և այդպիսին դառնալու լավագույն միջավայրը մեր տներն են» («Պատրաստվել ստանալու ամեն անհրաժեշտ բան», Լիահոնա, մայիս 2019, 102)։