«Հունիսի 26-ից հուլիսի 2-ը։ Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21. «Նա հարություն առավ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Հունիսի 26-ից հուլիսի 2-ը։ Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023
Հունիսի 26-ից հուլիսի 2-ը
Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20–21
«Նա հարություն առավ»
Այս գլուխների ճշմարտությունների մասին վկայություն ունեցող երեխաներն ունեն ամուր հիմք, որի վրա կարող են կառուցել իրենց հավատքը: Ինչպե՞ս կհրավիրեք Հոգուն վկայել այս ճշմարտությունների մասին:
Հրավիրեք կիսվել
Նկարին նայելով՝ երեխաները կարող են հիշել բաներ, որ նրանք սովորել են տանը կամ այլ վայրում: Թերևս կարող եք ցույց տալ այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից և խնդրել երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն այդ նկարում պատկերված պատմության մասին:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20․1-23
Մահից հետո ես նորից կապրեմ, ինչպես Հիսուսը
Հիսուս Քրիստոսի Քավությունը, ինչպես նաև Նրա Հարությունը պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունն է և Քրիստոնեական հավատքի հիմքը: Երբ կարդաք Հարության մասին, մտածեք, թե ինչպես պետք է օգնեք երեխաներին կառուցել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս:
Հնարավոր վարժություններ
-
Ձեր սեփական բառերով պատմեք Հիսուսի Հարության պատմությունը: (Եթե կարիք լինի, կարող եք օգտվել «Գլուխ 54. Հիսուսը հարություն առավ» Նոր Կտակարանի պատմություններում 139-44, կամ դիտեք համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Բացատրեք, որ երբ Հիսուսը մահացավ, Նրա հոգին լքեց Իր մարմինը: Երբ Նա հարություն առավ, Նրա հոգին ու մարմինը կրկին միացան: Խնդրեք երեխաներին հերթով կրկնել պատմությունը: Հարցրեք երեխաներին, թե ինչ կզգային, եթե նրանք նորից տեսնեին կենդանի Հիսուսին:
-
Ցույց տվեք «Ի՞նչ է տեղի ունենում մեր մահանալուց հետո» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) և պատմեք մահացած մեկի մասին, ում ճանաչում եք: Կիսվեք ձեր վկայությամբ, որ բոլորը մի օր հարություն կառնեն: Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց վկայություններով:
1:42 -
Երգեք որևէ երգ Փրկիչի Հարության մասին, օրինակ՝ «Did Jesus Really Live Again?» (Children’s Songbook, 64)։ Խնդրեք երեխաներին պատկերացնել, թե ինչ կզգային, եթե տեսնեին Հիսուսին: Կարող են դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:
Ես կարող եմ հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ, չնայած չեմ կարող տեսնել Նրան
Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է հավատքը, և նրանք ինչպես կարող են հավատք գործադրել Փրկիչի հանդեպ:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք «Քրիստոսը մոտենում է Թովմասին» նկարը (ChurchofJesusChrist.org կայք), մինչ կպատմեք Թովմասի փորձառության մասին, որը գտնվում է Հովհաննես 20.24-29 հատվածներում: Դասի ընթացքում կրկնեք պատմությունը, սակայն այս անգամ խնդրեք երեխաներին ասել որոշ մանրամասները:
-
Ցույց տվեք մի տուփ, որի մեջ կա ինչ-որ առարկա, որ երեխաները չեն կարողանում տեսնել, և նկարագրեք առարկան երեխաներին: Հարցրեք նրանց, թե արդյոք հավատո՞ւմ են, որ այդ առարկան իրականում տուփի մեջ է, և ինչու են հավատում: Այնուհետև ցույց տվեք առարկան և բացատրեք, որ հավատքը հավատալն է այն բաներին, որոնք մենք չենք կարող տեսնել: Ամենակարևոր հավատքը, որ մենք կարող ենք ունենալ, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն է:
Ես կարող եմ ցույց տալ իմ սերը Հիսուսի հանդեպ` ծառայելով ուրիշներին
Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին սիրել ու օգնել իրենց շրջապատող մարդկանց:
Հնարավոր վարժություններ
-
Կարդացեք Հովհաննես 21.15-17 հատվածները կամ ցույց տվեք «Արածեցրու իմ ոչխարները» տեսանյութը (ChurchofJesusChrist.org կայք): Օգնեք երեխաներին հասկանալ, թե Հիսուսը ինչ էր ուզում, որ Պետրոսն աներ․ կիսվել ավետարանով և հրավիրել բոլորին հավատալ Հիսուսին: Յուրաքանչյուր երեխայի տվեք մեկական թղթե ոչխար և խնդրեք նրանց դրա վրա գրել ինչ-որ բան, որ իրենք կարող են անել, որպեսզի օգնեն իրենց ծանոթ որևէ մեկին մոտենալ Հիսուսին։
-
Օգնեք երեխաներին մտածել այն բաների մասին, ինչ նրանք անում են ուրիշներին սիրելու և ծառայելու համար: Ուրիշ ի՞նչ կարող ենք անել մեր սերը ցույց տալու համար:
-
Ձեր դասարանի բոլոր երեխաների անունները գրեք թերթիկների վրա, կտրեք դրանք ոչխարի կաղապարով և տարածեք այդ «ոչխարները» սենյակով մեկ: (Ներառյալ այն երեխաների անունները, ովքեր պարբերաբար չեն հաճախում): Հրավիրեք երեխաներին հավաքել «ոչխարներին»` գտնելով այն մեկին, որի վրա իրենց անունն է: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են նրանք ձեռք մեկնել այն ընկերոջը, ով չի հաճախում եկեղեցի:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20․1-23
Քանի որ Հիսուսը հարություն է առել, բոլորը հարություն կառնեն
Բնական է, որ երեխաներին հետաքրքրվեն, թե ինչ է տեղի ունենում մեր մահից հետո։ Մտածեք, թե ինչպես կարող եք ուսուցանել Հարության մասին այնպես, որ ամրացնեք նրանց հավատքը:
Հնարավոր վարժություններ
-
Մինչ կկարդաք Հովհաննես 20.1–17 հատվածները, հրավիրեք երեխաներին փակել իրենց աչքերը և պատկերացնել, որ նստած են Հիսուսի գերեզմանի մոտ, կամ ամփոփեք Նրա Հարության պատմությունը (տես նաև «Գլուխ 54․ Հիսուսը հարություն առավ» Նոր Կտակարանի պատմություններում էջ 139–44, կամ դիտեք համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Ի՞նչ է նշանակում հարություն առնել: Ի՞նչ զգացում կունենայիք` տեսնելով հարություն առած Փրկիչին:
-
Խնդրեք յուրաքանչյուր երեխայի ուսումնասիրել մեկի փորձառությունը, ով տեսել է հարություն առած Փրկիչին, և կիսվել դասարանի հետ իր սովորածով:
-
Երեխաների հետ դիտեք այս տեսանյութերից մեկը կամ մի քանիսը. Jesus Is Laid in a Tomb, Jesus Is Resurrected, Christ Appears on the Road to Emmaus, և The Risen Lord Appears to the Apostles (ChurchofJesusChrist.org կայք): Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչու է Փրկչի Հարությունը կարևոր իրենց համար:
Ես կարող եմ հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ, չնայած չեմ կարող տեսնել Նրան
Ինչպե՞ս կօգնեք երեխաներին ամրացնել իրենց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կարդալ Հովհաննես 20․24-29։ (Տես նաև՝ «Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են» տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, նույնիսկ, եթե մենք չենք կարող տեսնել Նրան:
-
Առանձին թերթիկների վրա գրեք «Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են» արտահայտության բառերը: Հրավիրեք երեխաներին բառերը դասավորել հերթականությամբ: Հրավիրեք նրանց պատմել այն փորձառությունների մասին, երբ զգացել են Փրկիչի սերը, նույնիսկ եթե չեն տեսել Նրան:
-
Հրավիրեք երեխաներին նկարել որոշ գործողությունների նկարներ, որ կարող են այս շաբաթ կատարել՝ իրենց հավատքը զորացնելու համար: Խնդրեք նրանց կիսվել իրենց նկարածով և կիսվել այն ամենով, ինչ դուք արել եք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը ամրապնդելու համար:
Ես կարող եմ ցույց տալ իմ սերը Հիսուսի հանդեպ` կերակրելով Նրա ոչխարներին
Երեխաները մեծապես կարող են ազդել իրենց շրջապատում գտնվողների վրա: Ինչպե՞ս կարող եք խրախուսել, որ նրանք զորացնեն ուրիշներին ավետարանում:
Հնարավոր վարժություններ
-
Միասին կարդացեք Հովհաննես 21․1-17։ Երբ կարդաք 9-13 հատվածները, խնդրեք երեխաներին պատկերացնել, թե ինչպես է ինչ-որ մեկը հատուկ ճաշ պատրաստել իրենց համար և հրավիրեք նրանց մտածել, թե ինչպես է Հիսուսը հոգեպես կերակրում մեզ: Երբ կարդաք 15-17 հատվածները, Սիմոնի անունը փոխարինեք երեխաների անունով: Ովքե՞ր են Հիսուսի ոչխարները: Ինչպե՞ս կարող ենք օգնել Հիսուսին կերակրել ոչխարներին:
-
Երեխաների հետ կիսվեք փոքր խորտիկներով: Մինչ նրանք ուտում են, հարցրեք, թե ինչ-որ մեկի հետ ավետարանով կիսվելը ինչով է նման նրանց կերակրելուն:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը՝ իրենց ընտանիքներին Փրկիչի Քավության մասին ուսուցանելու համար։