Օգոստոսի 8-14-ը Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46. «Տէրն է իմ հովիւը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Օգոստոսի 8-14-ը Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2022
Օգոստոսի 8-14-ը
Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46
«Տէրն է իմ հովիւը»
Այս համառոտ շարադրանքը ընդգրկում է Սաղմոսների մի քանի գեղեցիկ հատվածներ, որոնք կօրհնեն երեխաներին, բայց մի սահմանափակվեք դրանցով: Հետևեք Հոգու առաջնորդությանը:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Մի քանի օր առաջ հրավիրեք մի քանի երեխաների նկարներ բերել դասարան, որոնք ներկայացնում են այն ամենը, ինչի մասին իրենք և իրենց ընտանիքները կարդացել են Սաղմոսի գրքում այս շաբաթ, օրինակ՝ հովիվ (տես Սաղմոս 23.1), բաժակ (տես Սաղմոս 23.5) և սիրտ (տես Սաղմոս 24.4): Հրավիրեք նրանց խոսել իրենց նկարների և Սաղմոսներից մի հատվածի մասին, որում նշվում են դրանք:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
«Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը»
Սաղմոս 19 և 33 ուսուցանեք, որ մենք կարող ենք ապացույցներ գտնել Աստծո փառքի և բարության մասին, որոնք մեզ շրջապատում են Նրա գեղեցիկ արարչագործություններում: Ուսուցանեք երեխաներին տեսնել Աստծո ձեռքը իրենց շրջապատող աշխարհում:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին ցույց տվեք Աստծո գեղեցիկ արարչագործությունների մի քանի նկարներ կամ միասին նայեք պատուհանից դուրս՝ դրանք տեսնելու համար: Հարցրեք երեխաներին, թե նրանք ինչն են սիրում Երկնային Հոր արարչագործություններում: Կարդացեք կամ Սաղմոս 19.1-ը կամ 33.5-ը, և հարցրեք երեխաներին, թե ինչպես են նրանք վերաբերվում Երկնային Հորը, երբ տեսնում են Նրա արարչագործությունները:
-
Երգեք որևէ երգ Աստծո արարչագործությունների մասին, օրինակ՝ «The World Is So Lovely» (Children’s Songbook, 233): Հանձնարարեք երեխաներին ընտրել որևէ բան, որն Աստված է ստեղծել (օրինակ՝ երգում նշված մի բան), և նկարել դրա նկարը՝ իրենց ընտանիքի հետ կիսվելու համար:
«Տէրն է իմ հովիւը»
Եթե երեխաները փոքր տարիքից սովորեն, որ Տերն է իրենց հովիվը, ավելի հավանական է, որ կհետևեն Նրան «արդարութեան շաւիղներումը»:
Հնարավոր վարժություններ
-
Յուրաքանչյուր երեխայի տվեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջի օրինակը կամ նրանցից յուրաքանչյուրին տվեք մի նկար գործնական աշխատանքի էջից: Խնդրեք նրանց լսել, երբ բարձրաձայն կարդում եք Սաղմոս 23-ը: Խնդրեք նրանց ցույց տալ կամ բարձր պահել նկարը, երբ լսեն սաղմոսում նշված բառը: Ձեր վկայությունը բերեք այն մասին, որ Հիսուսը հոգ է տանում մեզ համար, ինչպես հովիվն է խնամում իր ոչխարներին:
-
Երեխաներին ասեք, թե ինչպես կարող եք իմանալ, որ Փրկիչը սիրում է ձեզ: Հրավիրեք երեխաներին մեկ առ մեկ կանգնել և կիսվել, թե ինչպես կարող են իմանալ, որ Հիսուսը սիրում է իրենց: Միասին երգեք որևէ երգ, որը կարող է նրանց գաղափարներ տալ, օրինակ՝ «I Feel My Savior’s Love» (Children’s Songbook, 74–75):
Հիսուս Քրիստոսը կարող է տխրությունը վերածել ուրախության։
Խորհեք, թե ինչպես կօգնեք երեխաներին ձեռք բերել իրենց իսկ վկայությունը այն ուրախության մասին, որ Հիսուս Քրիստոսը առաջարկում է մեզ, երբ մենք տխուր ենք:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին ձևացնել, որ լաց են լինում, մինչ դուք կարդում եք Սաղմոս 30.5-ից՝ «Իրիկունը լաց է գալիս»: Ապա խնդրեք նրանց ուրախ լինել, երբ կարդում եք. «Իսկ առաւօտը ցնծութիւն [է գալիս]»: Կրկնեք այս արտահայտությունը մի քանի անգամ և երեխաներին վկայեք, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ այս կյանքում տխրությունը կարող է փոխարինվել ուրախությամբ:
-
Ցույց տվեք Փրկիչի նկարը և պատմեք երեխաներին որոշ բաների մասին, որոնք Նա արել է ձեզ համար, որոնք ձեզ ուրախություն են պատճառում: Թող երեխաները հերթով պահեն նկարը և պատմեն, թե Հիսուսն ինչ է արել, որը նրանց ուրախություն է պարգևում։
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Տերն ինձ առաջարկում է խաղաղություն, ուժ և առաջնորդություն։
Սաղմոսներից շատերը վկայում են մեր կյանքում Տիրոջ օրհնությունների մասին: Դուք կարող եք օգտագործել Սաղմոսի գիրքը՝ օգնելով երեխաներին սովորել վստահել Նրան և դիմել Նրան:
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին գրեք հետևյալը.Տերը : Թող երեխաները ընտրեն հետևյալ սուրբ գրություններից մեկը կամ ավելին և կարդան՝ Սաղմոս 23.1, 27.1, 28.1, 28.7, 32.7, 46.1: Խնդրեք նրանց լրացնել գրատախտակին գրված նախադասությունը՝ օգտագործելով սուրբ գրությունների իրենց սովորածը: Օգնեք երեխաներին քննարկել, թե այս խորհրդանիշներն ինչ են ուսուցանում մեզ Տիրոջ մասին:
-
Երեխաներին ցույց տվեք մի գառի նկար: Խնդրեք նրանց անվանել մի քանի բաներ, որոնց կարիքը ունի գառը՝ անվտանգ և առողջ լինելու համար, և խրախուսեք նրանց Սաղմոս 23.1–4-ում փնտրել գաղափարներ: Դրանից հետո ցույց տվեք մի երեխայի նկար: Մենք ի՞նչ պիտի անենք հոգևորապես անվտանգ և առողջ մնալու համար։ Միասին կարդացեք Սաղմոս 23-ը և հարցրեք երեխաներին, թե ինչպես կարող են այս սաղմոսում նկարագրված հովվի գործերը համեմատվել այն ամենի հետ, ինչ Հիսուս Քրիստոսն անում է մեզ համար:
Տաճար մտնելու համար մենք պետք է ունենանք «սուրբ ձեռքեր և անարատ սիրտ»։
Մինչ երեխաները անհամբեր սպասում են, որ մի օր տաճար կմտնեն, օգնեք նրանց հասկանալ, որ նրանք կարող են պատրաստվել՝ դառնալով հոգևորապես մաքուր Փրկիչի Քավության միջոցով:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին ցույց տվեք տաճարի մի նկար: Հրավիրեք նրանց կարդալ Սաղմոս 24.3-ը և գտնել բառեր, որոնք նրանց հիշեցնում են տաճարի մասին: Ապա միասին կարդացեք հատված 4-ը և իմացեք, թե ով կարող է գնալ տաճար (բացատրեք անծանոթ բառերի իմաստը): Մեր ձեռքերն ինչպե՞ս են ֆիզիկապես կեղտոտվում: Ինչպե՞ս են մեր ձեռքերն ու սրտերը հոգևորապես կեղտոտվում: Մենք ինչպե՞ս ենք ֆիզիկապես մաքրում մեր ձեռքերը: Ինչպե՞ս է Փրկիչը օգնում հոգևորապես մաքրել մեր ձեռքերն ու սրտերը: (Եթե դա օգտակար է, բացատրեք, որ այս հատվածում «ձեռքերը» կարող են ներկայացնել մեր գործողությունները, իսկ «սիրտը» կարող է ներկայացնել մեր ցանկությունները):
-
Երեխաների հետ վերանայեք տաճարային երաշխավորագիր ստանալու պահանջները (տես Ռասսել Մ. Նելսոն, «Ամփոփիչ ելույթ», Լիահոնա, նոյեմբեր 2019, 120–22, կամ եպիսկոպոսության անդամներից մեկին հրավիրեք դասարանի հետ քննարկել այդ պահանջները): Հրավիրեք երեխաներին ընտրել մի բան, որը ոգեշնչված են անել, որպեսզի պատրաստվեն արժանի լինել տաճար մտնելուն:
«Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած»
Ժամանակ հատկացնելով ակնածալի և հանդարտ լինելու համար, չնայած մեր շուրջը տիրող զբաղվածությանը, մենք կկառուցենք մեր վկայություններն առ այն, որ Աստված ապրում է:
Հնարավոր վարժություններ
-
Օգնեք երեխաներին մտապահել Սաղմոս 46.10-ի առաջին տողը. «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած»: Խոսեք նրանց հետ այն մասին, թե ինչ կարող է նշանակել «դադարեցէք»՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մտավորապես: Երեխաների հետ կիսվեք մի փորձառությամբ, որի ընթացքում «դադարեցէք» կոչը ամրապնդեց ձեր վկայությունը Երկնային Հոր վերաբերյալ: Խնդրեք երեխաներին կիսվել իրենց ունեցած փորձառություններով: Ինչո՞ւ է «դադարեցէք» կոչը կարևոր միջոց իմանալու համար, որ Աստված ապրում է:
-
Հրավիրեք երեխաներին ձեզ հետ վերանայել, թե նրանք ինչ են անում մի սովորական օրվա ընթացքում: Օգնեք նրանց իրենց օրվա ընթացքից հիշել պահեր, երբ նրանք կարող են իրագործել «դադարեցէք» կոչը և մոտ զգալ Երկնային Հորը: Խրախուսեք նրանց նպատակ դնել և գալիք շաբաթվա ընթացքում օգտագործել այդպիսի պահերը՝ Երկնային Հոր մասին իրենց վկայությունն ամրապնդելու համար:
-
Հրավիրեք երեխաներին թվարկել գործողություններ, որոնք մենք կարող ենք անել, որպեսզի ինքներս իմանանք, որ Երկնային Հայրն իրական է, և Նա սիրում է մեզ: Հրավիրեք նրանց ցուցակից ընտրել մի գործողություն, որը նրանք ցանկանում են կատարել:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին սաղմոսներից ընտրել իրենց նախընտրած հատվածը, որի մասին նրանք այսօր խոսեցին: Խրախուսեք նրանց այդ հատվածով կիսվել ընտանիքի անդամի կամ որևէ ընկերոջ հետ։