Օգոստոսի 15-21-ը Սաղմոս 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86. «Եւ պատմեմ ձեզ ինչ որ արաւ նա իմ անձի համար», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Օգոստոսի 15-21-ը Սաղմոս 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2022
Օգոստոսի 15-21-ը
Սաղմոս 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86
«Եւ պատմեմ ձեզ ինչ որ արաւ նա իմ անձի համար»
Ավետարանը ուսումնասիրողի ձեր օրինակը կարող է մեծ ազդեցություն ունենալ երեխաների վրա: Նրանց հետ կիսվեք ավետարանի ուսումնասիրման ձեր հոգևոր փորձառություններով:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Երեխաների հետ կիսվեք որևէ սաղմոսից, օրհներգից կամ մանկական երգից մի հատվածով, որն օգնում է ձեզ զգալ Փրկիչի սերը: Յուրաքանչյուր երեխայի հնարավորություն տվեք նույնն անել:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Երբ ես սխալ ընտրություն կատարեմ, Հիսուս Քրիստոսը կարող է օգնել ինձ փոխվել։
Օգնեք երեխաներին հասկանալ, որ սխալները մահկանացու կյանքի մի մասն են, և մենք կարող ենք օգնություն ստանալ Հիսուս Քրիստոսից՝ դրանք հաղթահարելու համար:
Հնարավոր վարժություններ
-
Կիսվեք որևէ պարզ օրինակով ձեր կյանքից և Ընկեր կամ Լիահոնա ամսագրերից մի երեխայի մասին, ով սխալ ընտրություն էր կատարել, բայց օգնություն ստացավ Փրկիչից՝ ավելի լավը դառնալու համար (օրինակ՝ դիտեք տեսանյութը՝ “The Shiny Bicycle” ChurchofJesusChrist.org): Կարդացեք Սաղմոս 51.10-ը և կիսվեք այն ուրախությամբ, որը դուք զգում եք, երբ Փրկիչն օգնում է ձեզ ունենալ «սուրբ սիրտ» և «ուղիղ հոգի»:
-
Ցույց տվեք երեխաներին այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը: Նշեք յուրաքանչյուր նկարը և խնդրեք երեխաներին նկարագրել իրենց տեսածը: Կարդացեք ենթագրերը՝ օգնելով երեխաներին իմանալ ապաշխարության և ներման մասին:
Ես կարող եմ պատմել ուրիշներին Հիսուս Քրիստոսի մասին։
Երեխայի հավատքով լի խոսքերը սրտեր հուզելու եզակի ուժ ունեն: Երեխաներին հավաստիացրեք, որ Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությունը կարող է օգնել ուրիշներին:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք Սաղմոս 71.8-ը և գրատախտակին նկարեք մի մեծ բերան: Խնդրեք նրանց օգնել ձեզ «լցնել» բերանը այնպիսի բաներով, որոնք մենք կարող ենք ուրիշներին պատմել Հիսուս Քրիստոսի մասին:
-
Միմյանց փոխանցեք Հիսուս Քրիստոսի նկարը։ Խնդրեք երեխաներին հերթով պահել նկարը և ասել մի բան, որ նրանք գիտեն Նրա մասին: Նա ի՞նչ է արել մեզ համար: (Ավետարանի նկարների գրքի նկարները կարող են որոշ գաղափարներ տրամադրել:)
Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին։
Սաղմոսներից շատերը նման են Աստծուն ուղղված աղոթքներին՝ օգնության, առաջնորդության կամ պաշտպանության համար: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին կառուցել իրենց հավատը առ այն, որ Երկնային Հայրը լսում և պատասխանում է իրենց, երբ իրենք աղոթում են:
Հնարավոր վարժություններ
-
Հարցրեք երեխաներին, թե ինչպես են նրանք խոսում իրենցից հեռու ապրող մարդկանց հետ: Ցույց տվեք նրանց այն բաները, որոնք մենք կարող ենք օգտագործել հաղորդակցվելու համար, օրինակ՝ հեռախոս կամ նամակ: Նրանց համար կարդացեք Սաղմոս 86․7: Մենք ինչպե՞ս ենք «կանչում» Երկնային Հորը: Ինչպե՞ս է Նա պատասխանում մեզ:
-
Հրավիրեք երեխաներին դերախաղով կատարել իրենց ամենօրյա գործողությունները, ինչպիսիք են՝ արթնանալը, նախաճաշելը, դպրոց գնալը կամ քնելը: Օգնեք նրանց օրվա ընթացքում գտնել ընդմիջումներ, երբ նրանք կարող են աղոթել Երկնային Հորը: Վկայեք, որ մենք կարող ենք աղոթել Նրան ցանկացած պահի, և Նա միշտ կլսի մեզ:
-
Երեխաների հետ միասին երգեք որևէ երգ աղոթքի մասին, օրինակ՝ “A Child’s Prayer” (Children’s Songbook, 12–13)։ Պատմեք մի ժամանակի մասին, երբ Աստված պատասխանում էր ձեր աղոթքներին:
«Հիշում եմ Տիրոջ գործերը»
Սուրբ գրությունները կարող են ամրացնել մեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ օգնելով մեզ հիշել Նրա «հրաշքները յաւիտենից»:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք 77.11-ը և ասեք նրանց, թե դուք ինչպես եք փորձում հիշել «Տիրոջ գործերը», ներառյալ Նրա գործերը ձեր կյանքում: Հրավիրեք երեխաներին նկարներ նկարել, որոնք կօգնեն նրանց հիշել Նրա կատարած մեծ գործերը:
-
Ցույց տվեք նկարներ այս գրքից կամ Եկ, հետևիր ինձ, Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից՝ հիշեցնելով երեխաներին Հին Կտակարանից իրենց սովորած պատմություններն այն մեծ բաների մասին, որոնք Տերն արել է Իր ժողովրդի համար: Հարցրեք նրանց, թե այս պատմություններից որն է նրանց ամենաշատը դուր գալիս և ինչու:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Ապաշխարությունը սրտի փոփոխություն է։
Սաղմոս 51-ը ընդգրկում է մի քանի ճշմարտություններ ապաշխարության մասին: Ինչպե՞ս կօգնեք երեխաներին բացահայտել այս ճշմարտությունները։
Հնարավոր վարժություններ
-
Յուրաքանչյուր երեխայի հանձնարարեք կարդալ այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում տրված սուրբ գրությունների հղումներից մեկը: Խնդրեք նրանց գտնել բառեր, որոնք ինչ-որ բան են նրանց ուսուցանում ապաշխարության մասին: Թույլ տվեք նրանց այդ բառերը գրել գրատախտակին: Երբ բոլորը կիսվեն, հարցրեք երեխաներին, թե ինչպես նրանք կպատասխանեին իրենց ընկերոջը, ով հարցնում է. «Ի՞նչ է նշանակում ապաշխարել»:
-
Գրատախտակին նկարեք մի սիրտ։ Խնդրեք երեխաներին նշել մի քանի մեղքեր, որոնք սատանան գայթակղում է մեզ գործել: Գրեք այդ մեղքերը սրտի ներսում: Խնդրեք երեխաներին գտնել սիրտ բառը Սաղմոս 51.10, 17-ում: Ի՞նչ են մեզ սովորեցնում այս հատվածները ապաշխարության մասին (տես նաև հատված 6): Օգնեք երեխաներին հասկանալ, որ նույնիսկ, եթե մենք դադարենք մեղք գործել, մեր սրտերը պետք է փոխվեն, որպեսզի ապաշխարենք: Խնդրեք երեխաներին ջնջել գրատախտակին նկարված սրտի մեջ գրված մեղքերը և գրել նոր բառեր, որոնք նկարագրում են մեր սրտերի փոփոխությունը, երբ ապաշխարում ենք: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Աստված կարող է «սուրբ սիրտ ստեղծել [մեզանում]», երբ մենք ապաշխարենք (հատված 10):
«Հիշում եմ Տիրոջ գործերը»
Իսրայելացիները իրենց երեխաներին սովորեցնում էին այն հրաշքների մասին, որոնք Աստված արել էր իրենց համար, որպեսզի երեխաները «իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն» (Սաղմոս 78.7):
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին ձեզ հետ կիսվել սուրբ գրությունների իրենց սիրած պատմություններից մի քանիսով (նկարներ Ավետարանի նկարների գրքից կարող են օգնել նրանց հիշել այդ պատմությունները): Ինչո՞ւ են նրանք սիրում այս պատմությունները: Այս պատմություններն ի՞նչ են ուսուցանում մեզ Տիրոջ մասին: Միասին կարդացեք Սաղմոս 77.11, 78.7-ը: Ինչո՞ւ է կարևոր «հիշել Տիրոջ գործերը»։
-
Երեխաներին խնդրեք կարդալ Սաղմոս 66.16-ը և մտածեք կամ գրեք այս հարցի պատասխանները. «Ի՞նչ է արել Տերն իմ անձի համար» Ապա թող նրանք կիսվեն իրենց պատասխաններով, եթե կցանկանան: Մենք ի՞նչ կարող ենք անել, որ «միշտ հիշենք» (Մորոնի 4.3, 5.2), թե Տերը ինչ է արել մեզ համար:
Տերը կամենում է ներել
Երբ մենք մեղք ենք գործում, սատանան ցանկանում է, որ մտածենք, թե Տերը մեզ երբեք չի ների: Օգնեք երեխաներին կառուցել իրենց հավատն առ այն, որ Տերը «ներող, եւ ողորմութիւնով հարուստ է» (Սաղմոս 86.5):
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք Փրկիչի նկարը (օրինակ՝ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում) և հարցրեք երեխաներին, թե ինչ բառեր կօգտագործեին Նրան նկարագրելու համար: Հրավիրեք նրանց գտնել բառեր, որոնք նկարագրում են նրան Սաղմոս 86.5, 13, 15-ում: Անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց սահմանել այս բառերը: Ի՞նչ կարող ենք ասել ընկերոջը, ով զգում է, որ Աստված զայրացած է իր վրա, երբ նա մեղք է գործում:
-
Երեխաների հետ երգեք մի երգ, որը, ձեր կարծիքով, կօգնի նրանց հասկանալ Փրկիչի ներողամիտ բնույթը, օրինակ՝ «Ես մնում եմ զարմացած» (Հիմներ և մանկական երգեր, հ. 22): Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուս Քրիստոսը ցանկանում է ներել մեզ:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի նշել մի պատճառ, որի համար նրանք սիրում են Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Խրախուսեք նրանց այդ պատճառով տանը կիսվել ինչ-որ մեկի հետ: Վկայեք, որ նրանց խոսքերը կօրհնեն այդ մարդուն: