Օգոստոսի 22-28-ը Սաղմոս 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150. «Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Օգոստոսի 22-28-ը Սաղմոս 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150, Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. 2022
Օգոստոսի 22-28-ը
Սաղմոս 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150
«Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը»
Եթե ուսուցանելու համար հավելյալ մտքերի կարիք ունեք, տեսեք՝ «Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ» և «Հոգալ փոքր երեխաների կարիքները» բաժինները այս նյութի սկզբում:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Ցույց տվեք մի քանի նկար այս շաբաթվա համառոտ շարադրանքից Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում և հրավիրեք երեխաներին նկարագրել, թե ինչ են տեսնում նկարներում։ Օգնեք նրանց տեսնել կապերը այս նկարների և այն ամենի միջև, ինչ նրանք սովորում են Սաղմոսների գրքից:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Աստծո խոսքը նման է լույսի։
Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհին են: Աստծո խոսքը կարող է օգնել նրանց մնալ այդ ճանապարհի վրա այժմ և իրենց ողջ կյանքում:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք Սաղմոս 119.105-ում նշվածների նկարները և երեխաներին հանձնարարեք հերթով դասավորել նկարները, մինչ դուք ընթերցում եք հատվածը: Թող երեխաները ձեզ հետ կրկնեն հատվածի արտահայտությունները, մինչ դուք ցույց եք տալիս նկարները:
-
Հրավիրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ են զգում մթության մեջ մնալով: Ո՞ր գործողություններն են դժվար իրագործելի մթության մեջ: Խնդրեք որևէ երեխայի փորձել ինչ-որ բան անել փակ աչքերով, օրինակ՝ նկար նկարել: Ինչո՞ւ են այդ գործողություններն ավելի հեշտ կատարվում, երբ լույս կա: Օգնեք երեխաներին հասկանալ, թե Աստծո խոսքը, որը գտնվում է սուրբ գրություններում և ապրող մարգարեների խոսքերում, ինչպես է լուսավորում մեր ետդարձի ճանապարհը դեպի Երկնային Հայրը:
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ճանաչում և սիրում են ինձ
Մեր կյանքի ընթացքում միշտ պետք է հիշենք, որ Երկնային Հայրը և Հիսուսը մեզ անձամբ են ճանաչում: Սաղմոս 139-ը կարող է օգնել ձեզ սովորեցնել երեխաներին, որ Նրանք ճանաչում և սիրում են նրանց:
Հնարավոր վարժություններ
-
Կազմեք կարճ ցուցակներ այն ամենի վերաբերյալ, ինչ գիտեք յուրաքանչյուր երեխայի մասին: Երբ մեկ առ մեկ կարդում եք ցուցակները, խնդրեք երեխաներին գուշակել, թե ում եք նկարագրում: Կարդացեք Սաղմոս 139.1–3-ը և օգնեք երեխաներին հասկանալ այն բառերը, որոնք նրանք, գուցե, չգիտեն: Վկայեք, որ Երկնային Հայրը և Հիսուսը շատ լավ գիտեն նրանց. նրանց անունները, ինչն է նրանց ուրախացնում և տխրեցնում, և այն գործերը, որոնք նրանք լավ են կատարում:
-
Կարդացեք Սաղմոս 139.23-ը և հրավիրեք երեխաներին ձեռքերը դնել իրենց սրտին, երբ ասում եք «սիրտ» և դիպչել իրենց գլուխներին, երբ ասում եք «մտածմունքներ»: Պատմեք մի ժամանակի մասին, երբ զգում էիք, որ Աստված գիտի ձեր սիրտը և ձեր մտքերը:
Ես կարող եմ փառաբանել Տիրոջը։
Փառաբանել Տիրոջը նշանակում է՝ արտահայտել մեր երախտագիտությունն ու սերը Նրա հանդեպ: Օգնեք երեխաներին իմանալ, որ մենք փառաբանում ենք Նրան, երբ երգում ենք, աղոթում ենք և հնազանդվում ենք Նրա ուսմունքներին:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ ինչ-որ մեկը գովում է նրանց կամ ասում է, որ նրանք լավ աշխատանք են կատարել: Կիսվեք Սաղմոս 146.6–9-ից մի քանի բարի գործերով, որոնք Տերն է կատարել, և հրավիրեք երեխաներին խոսել այլ բաների մասին, որոնք Նա անում է մեզ համար: Օգնեք նրանց մտածել, թե ինչպես կարող են փառաբանել Նրան այդ բաների համար:
-
Միասին երգեք գովաբանության մի երգ, օրինակ՝ «Beauty Everywhere» (Children’s Songbook, 232): Բացատրեք, որ իսրայելացիների համար Սաղմոսները շատ վաղուց նման էին այն երգերին, որոնք մենք այսօր երգում ենք՝ Աստծուն երկրպագելու և փառաբանելու համար:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Տերն ինձ առաջարկում է մխիթարություն և հույս։
Աստված տեղյակ է մեր փորձությունների ու վշտերի մասին, և Նա ցանկանում է սփոփել ու քաջալերել մեզ: Օգնեք երեխաներին կառուցել իրենց հավատը Նրա հանդեպ, որպեսզի դիմեն Նրան կարիքի պահին:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներից մեկին կարդալ Սաղմոս 102․1-2 հատվածները։ Ինչպե՞ս կարող է Տերն օգնել մեզ մեր դժվարությունների ժամանակ: Ինչպե՞ս ենք մենք խնդրում Նրա օգնությունը: Կիսվեք մի փորձառությամբ, երբ դուք զգացիք, որ Աստված լսում էր ձեր աղոթքները ձեր կարիքի ժամին, և հրավիրեք երեխաներին կիսվել իրենց փորձառություններով ու վկայություններով:
-
Հրավիրեք երեխաներին սփոփանքի և հույսի խոսքեր գտնել Սաղմոս 103-ում։ Ինչպե՞ս կարող են այս խոսքերն օգնել դժվարությունների առաջ կանգնած մարդկանց: Խրախուսեք երեխաներին գրել իրենց համար իմաստալից արտահայտություններ՝ հիշելով, որ Տերը կարող է օգնել նրանց, երբ փորձությունների հանդիպեն:
Աստծո խոսքն օգնում է ինձ հետևել Նրա ճանապարհին։
Չնայած աշխարհը երբեմն կարող է խավար թվալ, սակայն Աստծո խոսքը կարող է լուսավորել մեր ճանապարհը և օգնել մեզ վերադառնալ Նրա մոտ:
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին նկարեք լույսի (օրինակ՝ լամպի) մի պատկեր և սուրբ գրությունների մի նկար: Հրավիրեք երեխաներին կարդալ Սաղմոս 119.105-ը: Ինչպե՞ս է լույսն օգնում մեզ: Ինչպե՞ս է Աստծո խոսքը օգնում մեզ։ Խնդրեք երեխաներին գրել իրենց պատասխանները գրատախտակին՝ նկարների կողքին: Աստծո խոսքն ինչո՞վ է նման լույսի: Ինչպե՞ս է այն օգնում մեզ մնալ այն ճանապարհին, որը տանում է դեպի Երկնային Հայրը:
-
Երեխաներին բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգի տվեք սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մեկը. Սաղմոս 119.47–48, Սաղմոս 119.105, 1 Նեփի 11.25, 2 Նեփի 31.20: Հրավիրեք նրանց կարդալ հատվածները և փնտրել, թե Երկնային Հայրը ինչ է տվել, որպեսզի օգնի մեզ մնալ Իր մոտ տանող ճանապարհի վրա: Հրավիրեք երեխաներին խորհել և կիսվել այն ամենով, ինչ նրանք ոգեշնչված են անել իրենց սովորած գիտելիքի շնորհիվ:
-
Երգեք որևէ երգ Աստծո ճանապարհին հետևելու մասին, օրինակ՝ «I Will Walk with Jesus» (ChurchofJesusChrist.org): Ի՞նչ ենք սովորում այս երգից այն մասին, թե ինչպես մնալ ճիշտ ուղու վրա:
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օգնել ինձ իմանալ, թե ինչպես կատարելագործվել։
Սաղմոս 139-ը ուսուցանում է, որ Աստված գիտի ամեն ինչ մեր մասին, ներառյալ մեր ուժեղ և թույլ կողմերը: Եթե դիմենք Նրան, Նա կարող է մեզ սովորեցնել, թե ինչ պետք է անենք, որպեսզի ավելի նմանվենք Իրեն:
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին գրեք Սաղմոս 139.23–24-ի խոսքերը և հրավիրեք երեխաներին ընդգծել այն բառերը, որոնք նկարագրում են այն ամենը, ինչ Աստված կարող է անել մեզ համար: Ինչո՞ւ կցանկանայինք, որ Աստված աներ այս ամենը: Ինչպե՞ս կարող ենք հրավիրել Նրան, որ «առաջնորդի [մեզ] դէպի յաւիտենական ճանապարհը»:
-
Խրախուսեք երեխաներին «քննել» իրենց կյանքը՝ գտնելով ուղիներ, որով կարող են կատարելագործվել Երեխաների և երիտասարդների ծրագրի ուշադրության կենտրոնում գտնվող չորս ոլորտներում՝ հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և մտավոր: Հիշեցրեք նրանց, որ Տերը գիտի, թե նրանք ինչպես կարող են կատարելագործվել այս ոլորտներից յուրաքանչյուրում և խրախուսեք նրանց փնտրել Նրա առաջնորդությունը:
-
Երգեք մի երգ այն մասին, թե Երկնային Հայրը ինչպես կարող է օգնել մեզ կատարելագործվել, ինչպես, օրինակ՝ «Help Me, Dear Father»-ի երկրորդ քառատողը (Children’s Songbook, 99): Կիսվեք, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը օգնել ձեզ կատարելագործվել:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Ժամանակ առ ժամանակ դուք կարող եք հրավիրել երեխաներից մեկին և նրա ընտանիքի անդամներից մեկին դասարանի հետ կիսվել, թե իրենք ինչ են անում՝ ավետարանը տանը սովորելու համար: Խրախուսեք մնացած երեխաներին այս գաղափարներով կիսվել իրենց ընտանիքների հետ: