Հոգիներին հովվություն անել
Մենք սիրով օգնության ենք հասնում մարդկանց, քանի որ մեր Փրկիչն է պատվիրել մեզ այդպես վարվել:
Վերջերս, ընկերոջ հետ զրուցելիս, նա ասաց, որ երբ երիտասարդ էր՝ Եկեղեցու նոր մկրտված անդամ, հանկարծակի զգացել էր, թե կարծես իր ծխում այլևս լավ չի զգում: Նրան ուսուցանած միսիոներները տեղափոխվել էին, և նա զգում էր, որ ինքը շրջագծից դուրս է: Ճյուղում չունենալով ընկերներ, նա գտավ իր հին ընկերներին և սկսեց նրանց հետ ժամանակ անցկացնել ու եկեղեցի չգնալ, այնպես որ սկսեց խուսափել հոտից։ Արցունքներն աչքերին՝ նա ասաց, որ խորապես երախտապարտ էր, երբ ծխի ընկերակից անդամներից մեկը նրան սպասավորության ձեռք մեկնեց և ջերմությամբ ու ընդգրկելով հրավիրեց նրան վերադառնալ։ Մի քանի ամսից նա վերադարձել էր անվտանգ հոտը՝ ամրապնդելով ուրիշներին, ինչպես նաև ինքն իրեն։ Մի՞թե մենք երախտապարտ չենք Բրազիլիայում ապրող այդ հովվի համար, ով գնաց այդ երիտասարդի՝ Երեց Կառլոս Ա. Գոդոյի հետևից, որն այժմ նստում է իմ ետևում՝ որպես Յոթանասունի Նախագահության անդամ:
Մի՞թե ուշագրավ չէ, թե ինչպես կարող են նմանատիպ փոքր ջանքերը հավերժական հետևանքներ ունենալ: Այս ճշմարտությունը Եկեղեցու սպասավորության ջանքերի առանցքն է: Երկնային Հայրը կարող է վերցնել մեր պարզ, ամենօրյա ջանքերը և դրանք հրաշքի վերածել: Ընդամենը վեց ամիս է անցել այն օրից, երբ Նախագահ Ռասել Մ. Նելսոնը հայտարարեց, որ «Միմյանց հանդեպ հոգ տանելու եղանակների վերաբերյալ Տերը կարևոր ճշգրտումներ է արել»,1 բացատրելով, որ «Մենք կիրականացնենք ուրիշների մասին հոգ տանելու և սպասավորելու ավելի նոր, ավելի սուրբ մոտեցում։ Այդ ջանքերը մենք պարզապես կանվանենք «սպասավորություն»»։2
Նախագահ Նելսոնը նաև բացատրել է․ «Տիրոջ ճշմարիտ և կենդանի Եկեղեցու առանձնահատկությունը միշտ կլինի Աստծո զավակներին և նրանց ընտանիքներին ծառայելու կազմակերպված և ուղղված ջանքերը։ Քանի որ սա Նրա Եկեղեցին է, մենք՝ Նրա ծառաները, կծառայենք անհատին, ինչպես Նա ծառայեց։ Մենք կծառայենք Նրա անունով, Նրա զորությամբ և իշխանությամբ և Նրա սիրառատ բարությամբ»։3
Հայտարարության ձեր արձագանքը անհավանական է եղել: Մենք տեղեկություններ ենք ստանում աշխարհի գրեթե բոլոր ցցերում այդ փոփոխությունները կյանքի կոչելու մեծ հաջողությունների մասին: Մի քանի օրինակներից են այն, որ ընտանիքներին սպասավորող եղբայրներ ու քույրեր են նշանակվում, գործընկերություններ են կազմվում, ներառելով երիտասարդ տղամարդկանց ու երիտասարդ կանանց, և սպասավորության հարցազրույցներ են անցկացվում:
Կարծում եմ, «Ավետարանի նոր հավասարակշռված և կապակցված ուսուցում տանը և եկեղեցում»4նամակով երեկ տարածված հայտարարությունից վեց ամիս առաջ «սպասավորության» վերաբերյալ տրված հայտնությունը պատահականություն չէր։ Հունվարի սկզբից, երբ մենք ավելի քիչ ժամանակ ծախսենք մեր եկեղեցական երկրպագության վրա, այն ամենը, ինչ սովորեցինք սպասավորություն անելիս, կօգնի մեզ համաչափ ձևով այդ բացը լրացնել՝ ավելի բարձր ու ավելի սուրբ տնակենտրոն Հանգստության օր վայելելով ընտանիքի անդամների և հարազատների հետ:
Կազմակերպչական հարցերը կարգավորելուն զուգահեռ կարող է հարց առաջանալ, թե ինչպես կարող ենք իմանալ, որ սպասավորում ենք Տիրոջ նշմարած ուղիով: Արդյոք մենք նեցո՞ւկ ենք Բարի Հովվին այն ձևով, ինչպես Նա է ցանկանում:
Վերջերս ունեցած զրույցի ժամանակ նախագահ Հենրի Բ. Այրինգը գովաբանեց Սրբերին այդ ուշագրավ փոփոխությունների կատարման մեջ, բայց նաև իր անկեղծ հույսը հայտնեց, որ անդամները կգիտակցեն, որ սպասավորությունը ավելին է, քան «բարեկիրթ շփումը»: Դա չի նշանակում, որ բարեկիրթ լինելը նշանակություն չունի, բայց նրանք, ովքեր հասկանում են սպասավորության իրական ոգին, գիտակցում են, որ այն բարեկիրթ լինելուց ավելին է: Տիրոջ ուղիով սպասավորելը կարող է բարու երկարատև ազդեցություն թողնել, որի ալիքները կարող են հասնել հավերժություն, ինչպես Երեց Գոդոյի դեպքում է:
Փրկիչն Իր օրինակով ցույց տվեց, թե ինչ է նշանակում սպասավորել, երբ…․ ծառայեց սիրուց դրդված։ Նա…․ ուսուցանեց, աղոթեց, մխիթարեց և օրհնեց շրջապատող մարդկանց՝ հրավիրելով բոլորին հետևել Իրեն։ Երբ Եկեղեցու անդամները սպասավորեն [ավելի բարձր, ավելի սուրբ ձևով], նրանք աղոթքով կձգտեն ծառայել Նրա նման…․ «միշտ հսկել եկեղեցու վրա, լինել նրա հետ և ամրապնդել այն», «այցելել յուրաքանչյուր անդամի տուն» և օգնել բոլորին դառնալ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը»։5
Մենք գիտակցում ենք, որ ճշմարիտ հովիվը սիրում է իր հոտը, անունով ճանաչում է յուրաքանչյուրին և «անձնապես հետաքրքրված է նրանցով»։6
Իմ հին ընկերներից մեկը ողջ կյանքում խաշնարած է եղել՝ կատարելով անասուններ և ոչխարներ պահելու ծանր աշխատանք Ռոքիի խորդուբորդ լեռներում: Մի անգամ նա ինձ հետ կիսվեց ոչխարներ պահելու հետ կապված մարտահրավերներով ու վտանգներով: Նա նկարագրեց, որ գարնան սկզբին, մեծածավալ լեռնաշղթայի ձնհալից հետո, նա ամառային արոտի համար սար էր բարձրացրել մոտ 2000 գլուխ ոչխարների հոտ: Այնտեղ նա հոգում էր ոչխարների մասին, մինչ ուշ աշուն, երբ նրանք ամառային արոտից անցնում էին տափաստանի ձմեռային արոտի: Նա նկարագրեց, թե որքան դժվար է ոչխարի խոշոր հոտի խնամքը վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, և պահանջվում է արևածագից առաջ արթնանալ և մինչև ուշ երեկո աշխատել: Այդ աշխատանքը հնարավոր չէ միայնակ անել:
Հոտը խնամող այլ օգնականներ կային, սկսած փորձառու խաշնարածներից մինչև երիտասարդ օգնականները, որոնք օգտվում էին իրենց գործընկերների իմաստությունից: Նա ապավինում էր նաև երկու տարեց ձիերի,վարժեցման փուլում գտնվող երկու քուռակների, երկու տարեց հովվաշների և երկու կամ երեք հովվաշան ձագերի օգնությանը: Ամռանը ընկերս իր ոչխարների հետ դիմակայում էր քամիներին ու անձրևամրրիկներին, հիվանդություններին, վնասվածքներին, երաշտին և ամեն տեսակ դժվարությանը, որ հնարավոր է պատկերացնել: Լինում էին տարիներ, երբ ոչխարներին կենդանի պահելու համար նրանք ստիպված էին լինում ջուր կրել ողջ ամռան ընթացքում: Այնուհետև, ամեն տարի ուշ աշնանը, երբ ձմեռը վրա հասնելու ժամանակ ոչխարներին սարից իջեցնում էին ու հաշվում, սովորաբար ավելի քան 200 ոչխար կորած էին լինում:
Գարնան սկզբին սար բարձրացած 2000 ոչխարներրը ուշ աշնանը նվազում՝ 1800-ից էլ քիչ էին դառնում: Բացակայող ոչխարների մեծ մասը չէր կորում հիվանդության կամ բնական մահի պատճառով, այլ ընձառյուծների ու դաշտագայլերի բաժին էր դառնում: Այդ գիշատիչները, սովորաբար, հայտնաբերում էին միայնակ գառներին, որոնք հեռացել էին հոտի անվտանգությունից ու հովվի պաշտպանությունից: Այժմ կարո՞ղ եք մի պահ մտածել իմ նկարագրածի մասին հոգևոր համատեքստում: Ո՞վ է հովիվը: Ո՞վ է հոտը: Ո՞վքեր են հովվի օգնականները։
Ինքը՝ Տեր Հիսուս Քրիստոսն է ասել․ «Ես եմ բարի Հովիւը, և ես իմիններին ճանաչում եմ…․ իր անձը դնում եմ ոչխարների համար»։7
Նմանապես, մարգարե Նեփին ուսուցանել է, որ Հիսուսը «պիտի կերակրի իր ոչխարներին, և նրանում նրանք արոտ կգտնեն»:8 Ես տևական խաղաղություն եմ գտնում, իմանալով, որ «Տերն է իմ հովիվը»,9 և որ Նա ճանաչում է յուրաքանչյուրիս ու հոգում է մեր մասին։ Երբ դիմակայում ենք կյանքի քամիներին ու անձրևամրրիկներին, հիվանդություններին, վիրավորանքներին ու երաշտներին, Տերը՝ մեր Հովիվը, սպասավորություն կանի մեզ համար: Նա կվերականգնի մեր հոգին։
Ճիշտ այնպես, ինչպես իմ ընկերը իր ոչխարներին հովվում էր երիտասարդ և փորձառու խաշնարածների, ձիերի ու հովվաշների օգնությամբ, Տերը նույնպես օգնություն է պահանջում Իր հոտի ոչխարների մասին հոգալու դժվարին աշխատանքում:
Որպես սիրող երկնային Հոր զավակներ և որպես Իր հոտի ոչխարներ, մենք վայելում ենք Հիսուս Քրիստոսի կողմից անհատապես սպասավորություն ստանալու օրհնությունը: Միևնույն ժամանակ, մենք պատասխանատվություն ենք կրում՝ որպես հովիվներ, ինքներս սպասավորության օգնություն տրամադրել մեզ շրջապատող մարդկանց: Մենք ականջալուր ենք Տիրոջ խոսքերին․ «դու պիտի ծառայես ինձ և առաջ գնաս իմ անունով, և…․ ի մի հավաքես իմ ոչխարներին»:10
Ո՞վ է հովիվը: Յուրաքանչյուր տղամարդ, կին ու երեխա Աստծո արքայությունում հովիվ է։ Դրա համար կոչում չի պահանջվում: Մկրտության ջրերից դուրս գալու պահից ի վեր մենք հանձնառություն ունենք այս աշխատանքի համար: Մենք սիրով օգնության ենք հասնում մարդկանց, քանի որ մեր Փրկիչն է պատվիրել այդպես վարվել: Ալման շեշտված հարց է տվել․ «Քանզի, ո՞ր հովիվը…․ ունենալով շատ ոչխարներ, չի հսկում նրանց վրա, որպեսզի գայլեր չմտնեն ու չհոշոտեն իր հոտը…․ Մի՞թե նա դուրս չի քշում դրանց»։11 Երբ մեր հարևանները նյութական կամ հոգևոր փորձանքի մեջ են, մենք օգնության ենք վազում: Մենք կրում ենք մեկս մյուսի բեռները, որ դրանք թեթև լինեն: Մենք սգում ենք նրանց հետ, ովքեր սգում են։ Մենք մխիթարում են նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն։12 Տերը սիրով ակնկալում է դա մեզանից։ Եվ կգա օրը, երբ մենք պատասխանատու կհամարվենք Իր հոտը սպասասավորելու պարտականության համար։13
Իմ հովիվ ընկերը կիսվել է արոտի ոչխարների պահպանման մեկ այլ կարևոր տարրով: Նա նկարագրել է, որ գիշատիչների վտանգների նկատմամբ առանձնապես խոցելի են կորած ոչխարները: Փաստորեն, նրա և իր թիմի ընդհանուր ժամանակի 15 տոկոսը նվիրվում էր կորած ոչխարներին գտնելու գործին: Որքան շուտ գտնեին կորած ոչխարին, քանի դեռ նա չափազանց հեռու չէր հոտից, այնքան նրա չվնասվելու հավանականությունը մեծ էր: Կորած ոչխարին վերադարձնելու համար մեծ համբերություն ու կարգապահություն էր պահանջվում։
Մի քանի տարի առաջ տեղական օրաթերթում մի հոդված կարդացի, որն այնքան հետաքրքիր էր, որ պահեցի այն: Առաջին էջում որպես խորագիր գրված էր․ «Անդրդվելի շունը չլքեց կորած ոչխարին»։14 Այս հոդվածում խոսվում էր ընկերոջս սեփականությունից ոչ հեռու գտնվող մի ռանչոյի մասին, որի ոչխարներից մի քանիսը ամառային արոտից հետ էին մնացել: Երկու կամ երեք ամիս անց այդ ոչխարները կորել էին սարերում ու մնացել էին ձյան մեջ: Երբ ոչխարները հետ էին մնացել, հովվաշունը մնացել էր նրանց հետ, որովհետև իր պարտքն էր համարել հոգ տանել և պաշտպանել ոչխարներին: Նա չէր դադարել հսկել նրանց։ Շունը մնացել էր կորած ոչխարների մոտ ամիսներ շարունակ, ցրտին ու ձյանը, պաշտպանելով նրանց դաշտագայլերից, ընձառյուծներից և ոչխարներին սպառնացող այլ գիշատիչներից: Նա այնքան էր մնացել, մինչև կարողացել էր ոչխարներին առաջնորդել դեպիհովիվն ու անվտանգ հոտը: Հոդվածի առաջին էջում տպագրված նկարի մեջ այդ հովվաշան աչքերում կարելի է նշմարել նրա բնութագիրն ու վարքը։
Նոր Կտակարանում մի առակ ու հրահանգ ենք գտնում Փրկիչի կողմից, որը լրացուցիչ ըմբռնում է հաղորդում կորած ոչխարների հանդեպ մեր պատասխանատվության վերաբերյալ, որպես հովիվներ՝ որպես սպասավորող քույրեր և եղբայրներ․
«Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ հարիւր ոչխար ունենայ, և նորանցից մէկը կորցնէ․ չի՞ թողիլ իննսուն և ինը անապատումը, և այն կորածի ետեւից գնալ, մինչեւ որ գտնէ նորան։
և երբոր գտնէ, ուրախանալով իր ուսերի վերայ կդնէ նորան:
Եվ տուն գալով, բարեկամներին և դրացիներին կկանչե, և նրանց կասե. Ուրախացեք ինձ հետ. որովհետև իմ կորած ոչխարը գտա»:15
Ամփոփելով առակում ուսուցանվող դասը, գտնում ենք հետևյալ արժեքավոր խորհուրդը․
-
Մենք հայտնաբերում ենք կորած ոչխարներին:
-
Մենք փնտրում ենք, մինչև գտնում ենք կորածին։
-
Գտնելուց հետո, հնարավոր է, կարիք լինի նրանց մեր ուսերին դնել և տուն բերել։
-
Վերադարձնելով տուն, մենք նրան շրջապատում ենք ընկերներով։
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր մեծագույն մարտահրավերները և մեծագույն պարգևները կարող են գալ, երբ մենք ծառայում ենք կորած ոչխարներին: Մորմոնի գրքում Եկեղեցու անդամները «հսկում էին իրենց ժողովրդի վրա և սնուցում էին նրանց արդարությանը պատկանող բաներով»։16 Մենք կարող ենք հետևել նրանց օրինակներին և հիշենք, որ սպասավորությունը «առաջնորդվում է Հոգու կողմից…․ ճկուն է և հարմարեցված…․ յուրաքանչյուր անդամի կարիքներին»։ Էական է նաև, որ մենք «ձգտենք օգնել անդամներին ու ընտանիքներին նախապատրաստվել իրենց հաջորդ արարողությանը, պահել իրենց…․ ուխտերը և դառնալ ինքնապահով»։17
Յուրաքանչյուր հոգի թանկ է մեր Երկնային Հոր համար: Սպասավորելու անհատական հրավերը Նրա համար ունի մեծ արժեք ու կարևորություն, քանի որ դրանում է Նրա գործն ու փառքը: Դա բառացիորեն հավերժության գործն է: Նրա տեսանկյունից, Իր զավակներից յուրաքանչյուրը անսահման ներուժ ունի: Նա ձեզ սիրում է մի սիրով, որը նույնիսկ վեր է մեր ըմբռնումից: Ինչպես նվիրված հովվաշունը, Տերը ևս կմնա լեռներում, որ պաշտպանի ձեզ քամուց, անձրևից, մրրիկից, ձյունից և ավելի շատ բաներից։
Վերջին համաժողովին նախագահ Նելսոնը ուսուցանել է․ «Աշխարհին ուղված [կավելացնեմ նաև «սպասավորվող հոտին ուղղված»] մեր ուղերձը պարզ ու անկեղծ է․ մենք հրավիրում ենք վարագույրի երկու կողմերում գտնվող Աստծո զավակներին գալ դեպի Փրկիչը, ստանալ սուրբ տաճարի օրհնությունները, ունենալ հարատև ուրախություն և արժանանալ հավերժական կյանքի»։18
Թող որ մենք բարձրացնենք մեր հայացքը ու տեսնենք մարգարեական տեսիլքը, որպեսզի կարողանանք հովվել հոգիներին դեպի տաճարը և, ի վերջո, դեպի մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Նա մեզանից չի պահանջում հրաշքներ գործել։ Նա միայն խնդրում է, որ մեր եղբայրներին ու քույրերին Իր մոտ բերենք, քանի որ Նա նրանց հոգին փրկագնելու զորություն ունի։ Այդ գործը անելով՝ մենք կարող ենք երաշխիք ստանալ այս խոստման համար․ «Եւ երբոր Հովուապետն կ’երեւի, փառքի անթառամ պսակը կ’ընդունէք»։19 Ես վկայում եմ այդ մասին, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի մասին, որպես մեր Փրկիչ ու մեր Քավիչ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։