Սպասավորել Աստծո զորությամբ և իշխանությամբ
Մենք կծառայենք Նրա անունով, Նրա զորությամբ և իշխանությամբ և Նրա սիրառատ բարությամբ։
Իմ սիրելի՛ եղբայրներ, շնորհակալություն Տիրոջը և Նրա սուրբ աշխատանքին ձեր նվիրվածության համար։ Իսկապես ուրախություն է լինել ձեզ հետ։ Որպես Առաջին Նախագահություն, մենք շնորհակալ ենք ձեր աղոթքների և աջակցության համար։ Մենք շնորհակալ ենք կյանքում ձեր օրինակի և Տիրոջը ձեր ծառայության համար։ Գործին ձեր նվիրվածությունը և ձեր անձնազոհ ծառայությունը նույնքան կարևոր է ձեր կոչումներում, որքան նվիրվածությունն ու ծառայությունը մեր կոչումներում։ Ծառայելով ամբողջ կյանքս Եկեղեցում, ես հասկացել եմ, որ իսկապես կարևոր չէ, թե որտեղ է մարդը ծառայում։ Տիրոջ համար կարևոր է, թե ինչպես է մարդը ծառայում։
Ես խորին երախտագիտությունս եմ հայտնում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին, ով ավելի քան 50 տարի շարունակ եղել է իմ օրինակը։ Եվ նրա խորհրդականների, Նախագահ Հենրի Բ. Այրինգի և Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հանդեպ մեծ հարգանք եմ տածում։ Ես բարձր եմ գնահատումնրանց ծառայությունը Տիրոջը և Նրա մարգարեներին։ Այդ երկու նվիրված ծառաները նոր հանձնարարություններ են ստացել։ Նրանք շարունակում են ծառայել եռանդով և նվիրվածությամբ: Ես հարգում և սիրում եմ նրանց։
Հրաշալի օրհնություն է ծառայել Տիրոջ ճշմարիտ և կենդանի Եկեղեցում՝ Նրա իշխանությամբ և զորությամբ: Աստծո քահանայության վերականգնումը, այդ թվում քահանայության բանալիները, Վերջին Օրերի արժանավոր Սրբերի համար բացում են հոգևոր օրհնություններից ամենամեծը։ Տեսնում ենք, թե ամբողջ աշխարհում ինչպես են այդ օրհնությունները հոսում կանանց, տղամարդկանց և երեխաների կյանք։
Տեսնում ենք հավատարիմ կանանց, ովքեր հասկանում են իրենց կոչումների, իրենց օժտման և տաճարային այլ արարողություններին բնորոշ զորությունը: Այս կանայք գիտեն, թե ինչպես պետք է դիմեն երկնքի ուժերին, որպեսզի պաշտպանեն և ամրապնդեն իրենց ամուսիններին, իրենց երեխաներին և սիրելիներին։ Նրանք հոգևորապես ամուր կանայք են, ովքեր իրենց կոչումներում խիզախորեն առաջնորդում, ուսուցանում և ծառայում են Աստծո զորությամբ և իշխանությամբ։ Որքա՜ն շնորհակալ եմ նրանց։
Նմանապես, մենք տեսնում ենք հավատարիմ տղամարդկանց, ովքեր արժանիորեն կիրառում են քահանայության այդ արտոնությունները։ Նրանք առաջնորդում ու ծառայում են՝ զոհաբերելով Տիրոջ ձևով՝ սիրով, բարությամբ և համբերությամբ։ Իրենց ունեցած քահանայության զորությամբ նրանք օրհնում, առաջնորդում, պաշտպանում և զորացնում են ուրիշներին։ Նրանք հրաշքներ են պարգևում նրանց, ում ծառայում են՝ ապահով պահելով իրենց ամուսնություններն ու ընտանիքները։ Նրանք խուսափում են չարիքից և Իսրայելի զորեղ երեցներն են։ Ես անչափ շնորհակալ եմ նրանց։
Այժմ, թույլ տվեք մի մտահոգություն հայտնել։ Ահա դա․ չափից շատ եղբայրներ և քույրեր լիովին չեն հասկանում քահանայության զորության և իշխանության սկզբունքը։ Նրանք գործում են այնպես, կարծես ավելի շատ կբավարարեն իրենց սեփական եսասիրական ցանկություններն ու ախորժակը, քան կօգտագործեն Աստծո զորությունը Նրա զավակներին օրհնելու համար:
Վախենում եմ, որ մեր եղբայրներից և քույրերից շատերը չեն հասկանում այն արտոնությունները, որոնք կարող են նրանցը լինել։ Օրինակ, մեր եղբայրներից ոմանք այնպես են գործում, կարծես չեն հասկանում, թե ինչ է քահանայությունը և ինչ կարող են անել դրանով։ Թույլ տվեք որոշ անվանական օրինակներ բերեմ։
Վերջերս ես այցելեցի հաղորդության մի ժողովի, որտեղ նորածին երեխային պետք է անուն և հայրական օրհնություն տրվեր։ Այդ երիտասարդ հայրը թանկագին նորածնին պահեց իր գրկում, շնորհեց նրա անունը, իսկ հետո մի գեղեցիկ աղոթք ասաց։ Սակայն, նա երեխային օրհնություն չտվեց։ Այդ հրաշալի մանկիկն անուն ստացավ, բայց օրհնություն չստացավ։ Այդ սիրելի երեցը չգիտեր աղոթքի ու քահանայության օրհնության տարբերությունը։ Քահանայության իր իշխանությամբ և զորությամբ նա կարող էր օրհնել իր նորածնին, բայց չարեց դա։ Ես մտածեցի․ «Ինչպիսի՜ բաց թողնված հնարավորություն»։
Թույլ տվեք կիսվել այլ օրինակներով: Մենք ճանաչում ենք եղբայրների, ովքեր քույրերին ձեռնադրում են որպես Երեխաների Միության, Երիտասարդ Կանանց կամ Սփոփող Միության ղեկավարներ և ուսուցիչներ, սակայն չեն օրհնում նրանց, չեն օրհնում իրենց կոչումները կատարելու զորությամբ։ Նրանք միայն հորդորներ և հրահանգներ են տալիս։ Մենք տեսնում ենք արժանի հոր, ով չի կարողանում իր կնոջը և իր զավակներին քահանայության օրհնություններ տալ, երբ դա հենց այն է, ինչ նրանց անհրաժեշտ է: Քահանայության զորությունը վերականգնվել է այս երկրի վրա, և դեռ շատ եղբայրներ ու քույրեր կյանքում անցնում են սարսափելի փորձություններ՝ առանց որևէ ճշմարիտ քահանայության օրհնության: Ինչպիսի՜ ողբերգություն: Դա մի ողբերգություն է, որ կարող ենք վերացնել։
Եղբայրնե՛ր, մենք կրում ենք Աստծո սուրբ քահանայությունը։ Մենք ունենք Նրա իշխանությունը՝ օրհնելու Իր ժողովրդին։ Միայն մտածեք այն ուշագրավ հավաստիացման մասին, երբ Նա ասաց․ «ում որ դու օրհնես, ես կօրհնեմ»։ Մեր արտոնությունն է՝ գործել Հիսուս Քրիստոսի անունով, որպեսզի ըստ Նրա կամքի օրհնենք Աստծո զավակներին։ Ցցերի նախագահնե՛ր և եպիսկոպոսնե՛ր, խնդրում ենք համոզվեք, որ ձեր ղեկավարած քվորումների յուրաքանչյուր անդամը հասկանում է, թե ինչպես պետք է քահանայության օրհնություն շնորհի և պահի անձնական արժանավորությունը և հոգևոր պատրաստվածությունը, որպեսզի լիովին շնորհի Աստծո զորությունը:
Քահանայություն կրող բոլոր եղբայրներին ես հրավիրում եմ ոգեշնչել անդամներին՝ պահպանել իրենց ուխտերը, ծոմ պահել և աղոթել, ուսումնասիրել սուրբ գրությունները, երկրպագել տաճարում և ծառայել հավատքով՝ որպես Աստծո տղամարդիկ և կանայք: Մենք կարող ենք օգնել բոլորին տեսնել հավատքի աչքով, որ հնազանդությունն ու արդարությունը նրանց ավելի կմոտեցնեն Հիսուս Քրիստոսին, թույլ կտան վայելել Սուրբ Հոգու ընկերակցությունը և ուրախություն գտնել կյանքում:
Տիրոջ ճշմարիտ և կենդանի Եկեղեցու առանձնահատկությունը միշտ կլինի Աստծո զավակներին և նրանց ընտանիքներին ծառայելու կազմակերպված և ուղղված ջանքերը։ Քանի որ սա Նրա Եկեղեցին է, մենք՝ Նրա ծառաները, կծառայենք անհատին, ինչպես Նա ծառայեց։ Մենք կծառայենք Նրա անունով, Նրա զորությամբ և իշխանությամբ և Նրա սիրառատ բարությամբ։
Մոտ 60 տարի առաջ Բոստոնում ինձ հետ տեղի ունեցած փորձառությունն ինձ ուսուցանեց, թե որքան զորեղ կարող է լինել մեկ առ մեկ ծառայելու արտոնությունը։ Այդ ժամանակ ես մշտական վիրաբույժ էի Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցում՝ հերթափոխով աշխատելով մի օր ցերեկը, մի օր գիշերը և երկու շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ-կիրակի օրերին։ Կնոջս, երեխաներիս և Եկեղեցու գործունեության համար ես սահմանափակ ժամանակ ունեի։ Այնուամենայնիվ, մեր ճյուղի նախագահը հանձնարարեց ինձ այցելել Վիլբուր և Լեոնորա Քոքսերի տուն, հույս ունենալով, որ Եղբայր Քոքսը կարող է ակտիվանալ եկեղեցում։ Նա և Լեոնորան կնքվել էին տաճարում։ Սակայն, Վիլբուրը շատ տարիներ չէր հաճախել եկեղեցի։
Ես իմ զուգընկերոջ հետ գնացի նրանց տուն։ Երբ ներս մտանք, Քույր Քոքսը ջերմորեն ողջունեց մեզ, բայց Եղբայր Քոքսը կտրուկ քայլեց մյուս սենյակ և ծածկեց դուռը։
Ես մոտեցա փակ դռանը և թակեցի այն։ Մի րոպե անց ես հազիվ լսեցի՝ «Ներս եկեք» արտահայտությունը։ Ես բացեցի դուռը և տեսա Եղբայր Քոքսին՝ նստած սիրողական ռադիոընդունիչի կողքին: Այդ փոքրիկ սենյակում նա վառեց ծխախոտը։ Հասկանալի էր, որ իմ այցն այդքան էլ ողջունելի չէր։
Ես հիացմուքով աչքի անցկացրեցի սենյակը և հարցրեցի․ «Եղբայր Քոքս, ես միշտ ցանկացել եմ ավելին իմանալ սիրողական ռադիոյի մասին։ Կցանկանայի՞ք ուսուցանել ինձ այդ մասին: Կներեք, որ այս երեկո այդքան երկար չեմ կարող մնալ, բայց կարելի՞ է մեկ ուրիշ անգամ այցելել»։
Մի պահ նա վարանեց, իսկ հետո համաձայնվեց։ Դա սկիզբն էր հրաշալի ընկերության։ Ես վերադարձա և նա ուսուցանեց ինձ։ Ես սկսեցի սիրել ու հարգել նրան։ Հետագա մեր այցելությունների միջոցով այդ մարդու մեծությունը բացահայտվեց։ Մենք և մեր հավերժական զուգընկերները դարձանք լավ ընկերներ։ Ապա, որոշ ժամանակ անց մեր ընտանիքը տեղափոխվեց։ Տեղի ղեկավարները շարունակեցին հոգ տանել Քոքսի ընտանիքի մասին։
Այդ առաջին այցելությունից ութ տարի անց ստեղծվեց Բոստոնի ցիցը։ Կարո՞ղ եք գուշակել, թե այդ ցցի առաջին նախագահն ով էր։ Այո՜: Եղբայր Քոքսը։ Հետագա տարիներին նա ծառայեց որպես միսիայի նախագահ և տաճարի նախագահ:
Տարիներ անց, ինձ, որպես Տասներկուսի Քվորումի անդամի հանձնարարվեց Սանպետ Գավառում (Յուտա) ստեղծել նոր ցից։ Գործնական հարցազրույցների ժամանակ հաճելիորեն զարմացած էի, երբ կրկին հանդիպեցի իմ սիրելի բարեկամ Եղբայր Քոքսին: Ոգեշնչված, ես նրան կանչեցի որպես նոր ցցի հայրապետ։ Նրան կարգելուց հետո մենք գրկախառնվեցինք և արտասվեցինք։ Սենյակում ներկա մարդիկ մտածում էին, թե ինչու են այս երկու հասուն տղամարդիկ լալիս։ Սակայն մենք գիտեինք։ Եվ Քույր Քոքսը գիտեր։ Մեր արցունքները ուրախության արցունքներ էին։ Մենք լուռ հիշում էինք ավելի քան 30 տարի առաջ նրանց տանը մի երեկո սկսված սիրո և ապաշխարության հրաշալի ուղին։
Պատմությունը դրանով չավարտվեց: Եղբայր և Քույր Քոքսի ընտանիքը աճել էր և այժմ նրանք ունեին 3 զավակ, 20 թոռ և 54 ծոռ։ Ավելացրեք նրանց ազդեցությունը հարյուրավոր միսիոներների, տաճար այցելած հազարավոր մարդկանց և ավելի քան հարյուրավոր այն մարդկանց, ովքեր հայրապետական օրհնություններ ստացանԵղբայր Վիլբուր Քոքսի ձեռքից: Նրա և Լեոնորայի ազդեցությունը կշարունակվի տարածվել աշխարհով մեկ սփռված նրանց բազմաթիվ սերունդների մեջ:
Վիլբուրի և Լեոնորայի պատմություններն ամեն շաբաթ կրկնվում են Եկեղեցում, և հուսով եմ, կրկնվում են ամեն օր։ Տեր Հիսուս Քրիստոսի նվիրյալ ծառաները Նրա գործը կատարում են Նրա զորությամբ և իշխանությամբ:
Եղբայրնե՛ր, կան դռներ, որ մենք կարող ենք բացել, քահանայության օրհնություններ, որ կարող ենք տալ, սրտեր, որ կարող ենք բժշկել, բեռներ, որ կարող ենք բարձրացնել, վկայություններ, որ կարող ենք ամրապնդել, կյանքեր, որ կարող ենք փրկել և ուրախություն, որ կարող ենք բերել Վերջին Օրերի Սրբերի տները, որովհետև մենք կրում ենք Աստծո քահանայությունը: Մենք տղամարդիկ ենք, ովքեր «կանչվել ու պատրաստվել են աշխարհի հիմնադրումից ի վեր, համաձայն Աստծո կանխագիտության, [մեր] խիստ մեծ հավատքի ու բարի գործերի», որպեսզի կատարենք այս աշխատանքը։
Այս երեկո ես հրավիրում եմ ձեզ բառացիորեն բարձրանալ ինձ հետ մեր հրաշալի հավերժական եղբայրության հետ միասին։ Երբ կարդամ ձեր քահանայության պաշտոնը, խնդրում եմ ոտքի կանգնել և մնալ կանգնած։ Սարկավագնե՛ր, խնդրում եմ ոտքի կանգնեք։ Ուսուցիչնե՛ր, ոտքի կանգնեք։ Քահանանե՛ր։ Եպիսկոպոսնե՛ր։ Երեցնե՛ր։ Քահանայապետե՛ր։ Հայրապետե՛ր։ Յոթանասունականնե՛ր։ Առաքյալնե՛ր։
Այժմ, եղբայրնե՛ր, խնդրում եմ մնալ կանգնած և մեր երգչախմբի հետ միասին երգել «Rise Up, O Men of God» երգի բոլոր երեք քառյակները։ Երգելու ընթացքում հիշեք Աստծո ուժեղ բանակում ձեր ունեցած պարտականության մասին, որպեսզի օգնեք աշխարհը նախապատրաստել Տիրոջ Երկրորդ Գալուստին: Դա է մեր պարտականությունը: Դա է մեր արտոնությունը: Ես վկայում եմ այս մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: