Ինչ պետք է իմանա Ահարոնյան քահանայության յուրաքանչյուր կրողը
Ահարոնյան Քահանայության ձեր կարգումը կարևոր դեր ունի՝ օգնել Աստծո զավակներին ստանալ Քրիստոսի քավիչ զորությունը:
Եղբայրնե՛ր, մեծ պատիվ է ձեզ հետ լինել այս պատմական համաժողովին: Երբ ես միսիայի նոր նախագահ էի, ոգևորվել էի, երբ մեզ միացավ միսիոներների առաջին խումբը: Մեր փորձառու միսիոներներից մի քանիսը պատրաստվում էին նրանց հետ կարճատև հանդիպում ունենալ: Ես նկատեցի, որ նրանք մանկական աթոռներ էին շարել շրջանաձև դասավորությամբ:
«Ինչո՞ւ են այստեղ փոքր աթոռներ շարված»,- հարցրեցի ես:
Միսիոներները համեստորեն ասացին. «Նոր միսիոներների համար են»:
Ես կարծում եմ, որ այն, թե ինչպես ենք մենք նայում ուրիշներին, զգալիորեն ազդում է նրանց ընկալման վրա, թե ով են իրենք և ինչպիսին կարող են դառնալ: Մեր նոր միսիոներները մեծ աթոռների վրա նստեցին այդ օրը:
Երբեմն, ես վախենում եմ, որ մենք մեր Ահարոնյան Քահանայություն կրող երիտասարդներին փոխաբերական իմաստով մանկական աթոռներ ենք տալիս նստելու, փոխանակ օգնենք նրանց հասկանալ, որ Աստված նրանց սրբազան վստահության է արժանացրել և տվել է կարևոր աշխատանք:
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մեզ խորհուրդ էր տվել նպաստել, որ երիտասարդ տղամարդիկ հասկանան՝ «ինչ է նշանակում լինել Աստծո քահանայության կրողներ: Նրանք պետք է առաջնորդվեն հոգևոր իրազեկվածությամբ՝ իրենց կոչմանսրբության մասին»:
Այսօր ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին ուղղորդի մեզ ավելի լավ հասկանալ Ահարոնյան Քահանայության զորությունն ու սրբությունը և ոգեշնչի մեզ ավելի ջանասիրաբար կենտրոնանալ քահանայության մեր պարտականությունների վրա: Ուղերձս Ահարոնյան Քահանայության բոլոր կրողների համար է, ընդգրկելով նաև նրանց, ովքեր Մելքիսեդեկյան Քահանայություն են կրում:
Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է, որ քահանայության դերն է՝ Աստծո զավակների համար հասանելի դարձնել Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը: Մեր կյանքում Քրիստոսի քավիչ զորությունը ստանալու համար մենք պետք է հավատք ունենանք Նրա հանդեպ, ապաշխարենք մեր մեղքերի համար, արարողությունների միջոցով սուրբ ուխտեր կապենք և պահենք ու ստանանք Սուրբ Հոգին: Սրանք միանգամյա սկզբունքներ չեն, այլ գործում են միասին, ամրապնդելով և կառուցելով մեկը մյուսին առաջընթացի շարունակական գործընթացում՝ «[գալ] Քրիստոսի մոտ և կատարելագործվե[լ] Նրանում»:
Այսպիսով, ո՞րն է Ահարոնյան Քահանայության դերն այստեղ: Ինչպե՞ս է այն մեզ համար հասանելի դարձնում Քրիստոսի քավիչ զորությունը: Ես համոզված եմ, որ պատասխանը բանալիների մեջ է, որոնք կրում է Ահարոնյան Քահանայությունը՝ հրեշտակների սպասավորության և նախապատրաստական ավետարանի բանալիները:
Հրեշտակների սպասավորություն
Եկեք սկսենք հրեշտակների սպասավորության մի գործոնից: Նախքան Աստծո զավակները կկարողանան հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ, նրանք պետք է իմանան Նրա մասին և նրանց պետք է ուսուցանվի Նրա ավետարանը: Ինչպես ասել է Պողոս Առաքյալը.
«Ինչպե՞ս հավատան, որից չլսեցին. և ինչպես լսեն առանց քարոզողի.
Եւ ինչպե՞ս քարոզեն, եթե չուղարկվին…
Ուրեմն հավատքը լսելուց է, և լսելը՝ Աստուծոյ խոսքիցը»:
Ժամանակների սկզբից Աստված «հրեշտակներ ուղարկվեց՝ սպասավորելու մարդկանց զավակներին, հայտնի դարձնելու Քրիստոսի գալուստի վերաբերյալ»: Հրեշտակները երկնային էակներ են, որոնք հայտնում են Աստծո ուղերձը: Եվ եբրայերենում, և՛ հունարենում հրեշտակ բառի արմատը նշանակում է «պատվիրակ»:
Անվան պես հրեշտակները Աստծո կողմից ուղարկված լիազորված պատվիրակներ են, որոնք հայտարարում են Նրա խոսքը և այդպիսով կառուցում հավատք, և մենք, Ահարոնյան Քահանայություն կրողներս, կարգված ենք «ուսուցանե[լու] և բոլորին հրավիրե[լու] գալ Քրիստոսի մոտ»: Ավետարանի քարոզումը քահանայական պարտականություն է: Եվ այդ զորության հետ կապված պարտականությունը միայն մարգարեների կամ նույնիսկ միսիոներների համար չէ: Այն ձեզ համա՜ր է:
Ուրեմն, ինչպե՞ս ենք ստանում այդ զորությունը: Ինչպե՞ս է 12-ամյա սարկավագը կամ մեզանից յուրաքանչյուրը Աստծո զավակների սրտերում հավատ առաջացնում Քրիստոսի հանդեպ: Մենք սկսում ենք քննել Նրա խոսքը, որ դրա զորությունը մեզանում լինի: Նա խոստացել է, որ եթե այդպես անենք, կունենանք «Աստծո զորությունը՝ մարդկանց համոզելու համար»: Կարող է հնարավորություն լինել ուսուցանել քվորումի ժողովին կամ այցելել որևէ անդամի տուն: Կարող է ոչ պաշտոնական որևէ իրավիճակ լինել՝ զրույց ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ: Այս իրավիճակներում, եթե պատրաստված լինենք, ապա կարող ենք ուսուցանել ավետարանը, ինչպես հրեշտակներն են անում՝ Սուրբ Հոգու զորությամբ:
Վերջերս լսեցի Ջեյքոբի մասին, Պապուա Նոր Գվինեայից մի Ահարոնյան Քահանայություն կրողի, ով վկայել էր Մորմոնի Գրքի զորության մասին և թե ինչպես էր այն օգնել իրեն դիմադրել չարին և հետևել Հոգուն: Նրա խոսքերը զորացրին իմ և մյուսների հավատքը: Իմ հավատքը զորացավ նաև, երբ լսեցի, թե ինչպես են Ահարոնյան Քահանայության կրողները ուսուցանում և վկայում իրենց քվորումի ժողովներին:
Երիտասարդ տղանե՛ր, դուք լիազորված պատվիրակներ եք: Ձեր խոսքերով ու գործերով դուք կարող եք Քրիստոսի հանդեպ հավատք առաջացնել Աստծո զավակների սրտերում: Ինչպես ասել է Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը, «Նրանց համար դուք սպասավորող հրեշտակի պես կլինեք»:
Նախապատրաստական Ավետարան
Քրիստոսի հանդեպ աճող հավատքը միշտ հանգեցնում է փոխվելու և ապաշխարելու ցանկության: Այդպիսով, տրամաբանական է, որ հրեշտակների սպասավորության բանալին զուգորդվելու է նախապատրաստական ավետարանի բանալիով, որն «ապաշխարության և մկրտության ավետարանն է, և մեղքերի թողության»:
Եթե ուսումնասիրեք Ահարոնյան Քահանայության ձեր պարտականությունները, դուք պարզ հանձնարարություն կտեսնեք՝ հրավիրել մարդկանց ապաշխարելու և բարելավվելու: Սա չի նշանակում, որ մենք կանգնում ենք փողոցի եզրին, գոչելով. «Ապաշխարեցէք»: Ավելի շուտ դա նշանակում է, որ մենք ենք ապաշխարում, ներում և երբ մենք ծառայում ենք ուրիշներին, առաջարկում ենք հույս և խաղաղություն, որոնք ապաշխարությունն է տալիս, քանի որ մենք ինքներս անցել ենք դրա միջով:
Ես եղել եմ Ահարոնյան Քահանայություն կրողների հետ, երբ այցելում էին իրենց քվորումի անդամներին: Ես ականատես եմ եղել, թե ինչպես են նրանք զգուշորեն հոգ տանում և օգնում, որ իրենց եղբայրները զգան Աստծո սերը: Ես լսել եմ, թե ինչպես է այդ երիտասարդներից մեկն իր հասակակիցներին վկայություն տալիս ապաշխարության զորության վերաբերյալ: Երբ նա խոսեց, սրտերը փափկեցին, պարտավորություններ ստանձնվեցին և զգացվեց Քրիստոսի բժշկող զորությունը:
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «Մի բան է ապաշխարելը: Ուրիշ բան է, որ մեր մեղքերը թողնվեն կամ ներվեն: Սա իրականություն դարձնելու զորությունը Ահարոնյան քահանայության մեջ է»: Ահարոնյան Քահանայության մկրտության և հաղորդության արարողությունները վկայում են մեր ապաշխարության մասին և ամբողջական են դարձնում այն մեղքերի թողության համար: Նախագահ Դալլին Հ․ Օուքսը բացատրել է դա այս կերպ. «Մեզ պատվիրված է ապաշխարել մեր մեղքերը և գալ դեպի Տերը կոտրված սրտով և փշրված հոգով և ճաշակել հաղորդությունը… Երբ մենք այս եղանակով նորոգում ենք մեր մկրտության ուխտերը, Տերը նորոգում է մեր մկրտության մաքրագործող ազդեցությունը»:
Եղբայրնե՛ր, սա սրբազան արտոնություն է՝ սպասավորել այնպիսի արարողություններ, որոնք Փրկիչի քավիչ զորության շնորհիվ ապաշխարող սրտերին տալիս են մեղքերի թողություն:
Վերջերս ինձ պատմեցին մի քահանայի մասին, ով առաջին անգամ դժվարանում էրհաղորդությունն օրհնել: Երբ նա դա արեց, զորավոր հոգի իջավ նրա և հավաքվածների վրա: Ավելի ուշ այդ ժողովի ժամանակ, նա պարզ ու հստակ վկայություն բերեց Աստծո զորության մասին, որը զգացել էր այդ արարողության ընթացքում:
Սիդնեյում (Ավստրալիա) քահանաների քվորումի չորս անդամներ մկրտեցին Մբուելոնգո ընտանիքի անդամներին: Այդ քահանաներից մեկի մայրը պատմեց ինձ, թե այդ փորձառությունն ինչ զորավոր ազդեցություն էր ունեցել իր որդու վրա: Քահանաները սկսել էին հասկանալ, թե ինչ է նշանակում «լիազորված լինելով Հիսուս Քրիստոսի կողմից»:
Ինչպես տեղյակ եք, քահանաներն այժմ կարող են մասնակցել տաճարում մահացածների համար կատարվող մկրտություններին: Իմ 17-ամյա որդին վերջերս ինձ մկրտեց մեր նախնիներից մի քանիսի համար: Մենք երկուսս էլ խորը երախտագիտություն զգացինք Ահարոնյան Քահանայության համար ևհօգուտ Աստծո զավակների փրկության գործելու արտոնության համար:
Երիտասա՛րդ տղաներ, ջանասիրաբար կատարելով քահանայության ձեր պարտականությունները, դուք մասնակցում եք Աստծո աշխատանքին՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»: Այսպիսի փորձառությունները պատրաստում են ձեզ միսիոներների նման սովորեցնել ապաշխարություն և մկրտել նորադարձներին: Դրանք նաև պատրաստում են ձեզ կյանքի տևողությամբ ծառայության Մելքիսեդեկյան քահանայության շարքերում:
Հովհաննես Մկրտիչը մեր օրինակն է
Ահարոնյան Քահանայության կրողնե՛ր, մենք արտոնություն և պարտականություն ունենք ծառայակիցներ լինելու Հովհաննես Մկրտիչին: Հովհաննեսը ուղարկվել էր որպես լիազորված պատվիրակ՝ վկայելու Քրիստոսի մասին, և հրավիրելու բոլորին ապաշխարել ու մկրտվել, այսինքն, նա գործի էր դրել Ահարոնյան Քահանայության բանալիները, որոնց մասին մենք խոսեցինք: Հովհաննեսն ասել է. «Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարության համար. բայց իմ ետևից եկողն ինձանից զորավոր է… նա ձեզ կմկրտէ Սուրբ Հոգով և կրակով»:
Այսպիսով, Ահարոնյան Քահանայությունը, հրեշտակների սպասավորության և նախապատրաստական ավետարանի բանալիներով, Աստծո զավակների համար ճանապարհ է պատրաստում Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով Սուրբ Հոգու պարգևը ստանալու համար, ամենամեծ պարգևը, որը մենք կարող ենք ստանալ այս կյանքում:
Ի՜նչ կարևոր պարտականություն է Աստված տվել Ահարոնյան Քահանայության կրողներին:
Հրավեր և խոստում
Ծնողնե՛ր և քահանայության ղեկավարնե՛ր, կարո՞ղ եք ըմբռնել Նախագահ Մոնսոնի խորհրդի կարևորությունը՝ օգնել երիտասարդ տղամարդկանց հասկանալ, թե «ինչ է նշանակում լինել Աստծո քահանայության կրողներ»: Ահարոնյան Քահանայությունը հասկանալն ու մեծարելը կպատրաստի երիտասարդներին լինել Մելքիսեդեկյան Քահանայության հավատարիմ կրողներ, զորավոր միսիոներներ և առաքինի ամուսիններ ու հայրեր: Իրենց ծառայության միջոցով նրանք կհասկանան և կզգան քահանայության զորության իրականությունը, զորություն՝ գործելու Քրիստոսի անունով Աստծո զավակների փրկության համար:
Երիտասա՛րդ տղամարդիկ, Աստված ձեզ համար աշխատանք ունի: Ահարոնյան Քահանայության ձեր կարգումը կարևոր դեր ունի՝ օգնել Նրա զավակներին ստանալ Քրիստոսի քավիչ զորությունը: Ես ձեզ խոստանում եմ, որ եթե այս սուրբ պարտականությունները ձեր կյանքի կենտրոնում դնեք, դուք կզգաք Աստծո զորությունը առանձնահատուկ կերպով: Դուք կհասկանաք ձեր ինքնությունը՝ որպես Աստծո որդի, կանչված սուրբ կոչմամբ՝ կատարել Նրա աշխատանքը: Եվ Հովհաննես Մկրտիչի պես դուք կպատրաստեք ճանապարհը Նրա Որդու գալուստի համար: Այս ճշմարտությունների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: