2010–2019 թթ․
Ստացիր Սուրբ Հոգին
Հոկտեմբեր 2010


Ստացիր Սուրբ Հոգին

Այս երեք բառերը՝ «Ստացիր Սուրբ Հոգին», պասիվ հայտարարություն չեն. ավելի ճիշտ, դրանք իրենցից ներկայացնում են քահանայության հրաման՝ գործելու և ոչ թե ներգործվելու լուրջ զգուշացում:

Իմ ուղերձը կենտրոնացած է իրականում Սուրբ Հոգին ստանալու համար մեր ամենօրյա կյանքում գործադրած ճիգերի կարևորության վրա: Ես աղոթում եմ ու հրավիրում, որ Տիրոջ Հոգին ուսուցանի և շենացնի մեզանից յուրաքանչյուրին:

Սուրբ Հոգու պարգևը

1839թ. դեկտեմբերին մինչ Վաշինգտոնում փորձում էին փոխհատուցում ստանալ Միսսուրիի Սրբերի հանդեպ գործած անարդարությունների համար, Ջոզեֆ Սմիթը և Էլիաս Հայգբին գրեցին Հայրում Սմիթին. «Նախագահի [Միացյալ Նահանգների] հետ մեր հարցազրույցում նա մեզ հարցաքննում էր, թե ինչով է մեր կրոնը տարբերվում ժամանակակից մյուս կրոններից: Եղբայր Ջոզեֆն ասաց, որ մենք տարբերվում ենք մկրտության և ձեռնադրումով Սուրբ Հոգու պարգևի տրման եղանակներով: Մենք նկատեցինք, որ մնացած բոլոր մտորումները պարունակվում էին Սուրբ Հոգու պարգևի մեջ» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 97):

Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է. նա հոգեղեն անձնավորություն է և վկայում է բոլոր բաների ճշմարտության վերաբերյալ: Սուրբ Գրություններում Սուրբ Հոգուն վկայակոչում են որպես Մխիթարիչ (տես Հովհաննէս ԺԴ.16–27; Մորոնի 8.26), ուսուցիչ (տես Հովհաննէս ԺԴ.26, ՎևՈՒ 50.14), և հայտնող (tes 2 Նեփի 32.5): Հայրը և Որդին հայտնությունները տալիս են Սուրբ Հոգու միջոցով: Նա սուրհանդակ ու վկա է Հոր և Որդու համար:

Սուրբ Հոգին երկրի վրա տղամարդկանց ու կանանց մոտ հանդես է գալիս և որպես զորություն, և որպես Սուրբ Հոգու պարգև: Զորությունը կարող է գալ մարդու վրա մինչև մկրտվելը. այն հավաստիացնող վկան է, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու Քավիչն է: Սուրբ Հոգու զորության միջոցով անկեղծ ունկնդիրները կարող են վստահություն ձեռք բերել Փրկչի ավետարանի, Մորմոնի Գրքի, Վերականգնման իրականության և Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման վերաբերյալ:

Սուրբ Հոգու պարգևը շնորհվում է միայն համապատասխան և արտոնված մկրտությունից հետո՝ Մելքիսեդեկյան Քահանայության կրողների ձեռնադրությամբ: Տերը հայտարարել է.

«Այո՛, ապաշխարեք և մկրտվեք, ամեն մեկդ՝ ձեր մեղքերի թողության համար, մկրտվեք, այսինքն՝ ջրով, և ապա գալիս է կրակով և Սուրբ Հոգով մկրտությունը: …

Եվ նրանց, ովքեր հավատք ունեն, դուք պիտի հաստատեք իմ եկեղեցում, ձեռնադրմամբ, և ես նրանց կշնորհեմ Սուրբ Հոգու պարգևը» (ՎևՈՒ 33.11, 15):

Պողոս Առաքյալը եփեսացիների համար պարզ է դարձրել այս սահմանված կարգը, երբ հարցրել է.

«Արդյոք Սուրբ Հոգին ընդունեցի՞ք երբոր հաւատացիք. նորանք ասեցին նորան. Մենք չենք էլ լսել թէ Սուրբ Հոգի կայ:

Եւ ասեց նորանց. Ապա ի՞նչով մկրտուեցաք. նորանք էլ ասեցին. Յովհաննէսի մկրտութիւնովը:

Եւ Պօղոսն ասեց. Յովհաննէսը ժողովրդին ապաշխարութեան մկրտութիւնովն էր մկրտում եւ ասում թէ նա՝ որ նորա ետեւից պիտի գայ, նորան հավատան. այսինքն է՝ Քրիստոս Յիսուսին:

Եւ երբոր լսեցին, Տէր Յիսուսի անունովը մկրտուեցան:

Եւ երբոր Պօղոսը ձեռք դրաւ նորանց վերայ, Սուրբ Հոգին եկաւ նորանց վերայ» (Գործք Առաքելոց ԺԹ.2–6):

Ընկղմամբ մկրտությունը «ավետարանի սկզբնական արարողությունն է, և ամբողջական լինելու համար, դրան պետք է հաջորդի Սուրբ Հոգով մկրտությունը» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Մկրտություն», 158): Ջոզեֆ Սմիթ Մարգարեն բացատրել է, որ «մկրտությունը սուրբ արարողություն է, որը պատրաստում է Սուրբ Հոգին ստանալուն. այն ուղին ու բանալին է, որով Սուրբ Հոգին սպասավորվում է: Ձեռնադրմամբ Սուրբ Հոգու Պարգևը հնարավոր չէ ստանալ որևէ այլ սկզբունքի միջոցով, բացի առաքինության սկզբունքից» (Teachings: Joseph Smith, 95–96):

Եկեղեցու նոր անդամի հաստատման և Սուրբ Հոգու շնորհման արարողությունը և պարզ, և շատ խորիմաստ է: Մելքիսեդեկյան Քահանայության արժանի կրողները դնում են իրենց ձեռքերը անհատի գլխի վրա և կանչում նրան անունով: Այնուհետև, սուրբ քահանայության իշխանությամբ և Փրկչի անունով, անհատը հաստատվում է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցու անդամ և արտասանվում է այս կարևոր արտահայտությունը. «Ստացիր Սուրբ Հոգին»:

Այս արարողության պարզությունը կարող է աննկատելի դարձնել դրա նշանակությունը: Այս երեք բառերը՝ «Ստացիր Սուրբ Հոգին», պասիվ հայտարարություն չեն. ավելի ճիշտ, դրանք իրենցից ներկայացնում են քահանայության հրաման՝ գործելու և ոչ թե ներգործվելու լուրջ զգուշացում (տես 2 Նեփի 2.26) : Սուրբ Հոգին չի սկսում գործել մեր կյանքում լոկ այն պատճառով, որ ձեռքեր են դրվել մեր գլխին և այդ երեք կարևոր բառերն ասվել են: Երբ մենք ստանում ենք այս արարողությունը, մեզանից յուրաքանչյուրն ընդունում է սուրբ և շարունակվող պարտականություն՝ ցանկանալու, փնտրելու, աշխատելու և այնպես ապրելու, որ մենք իսկապես «ստանանք Սուրբ Հոգին» և դրան ծառայող հոգևոր պարգևները: «Քանզի ի՞նչ օգուտ մարդուն, եթե նրան պարգև է տրվում, և նա չի ընդունում այդ պարգևը: Ահա, նա չի ուրախանում այն ամենով, ինչ տրված է իրեն, ոչ էլ ուրախանում է այդ պարգևը տվողով» (ՎևՈՒ 88.33):

Ի՞նչ պետք է մենք անենք Աստվածագլխի երրորդ անդամի ընկերակցությունը փնտրելու այս լիազորված զգուշացումը շարունակվող իրկանություն դարձնելու համար: Թույլ տվեք խորհուրդ տալ, որ մենք պետք է (1) անկեղծորեն փափագենք Ստանալ Սուրբ Հոգին. (2) պատշաճորեն հրավիրենք Սուրբ Հոգին մեր կյանք. և (3) հավատարմորեն հնազանդվենք Աստծո պատվիրաններին:

Անկեղծորեն փափագել

Նախ մենք պիտի ցանկանանք, փափագենք և փնտրենք Սուրբ Հոգու ընկերակցությունը: Դուք և ես Ուսուցչի հավատարիմ աշակերտներից կարող ենք մեծ դաս սովորել արդար ցանկությունների մասին, որոնք նկարագրված են Մորմոնի Գրքում:

«Եվ տասներկուսը սովորեցնում էին բազմությանը. և ահա, նրանք կարգադրեցին, որ բազմությունը ծնկի իջնի՝ երկրի երեսին, և աղոթի Հորը՝ Հիսուսի անունով: …

Եվ նրանք աղոթեցին նրա համար, ինչն իրենք ամենաշատն էին փափագում. և նրանք փափագում էին, որ Սուրբ Հոգին շնորհվեր իրենց» (3 Նեփի 19.6, 9):

Մենք նմանապես հիշու՞մ ենք նախօրոք և շարունակաբար աղոթել այն բանի համար, ինչը մենք պետք է ամենաշատը փափագենք: Թե՞ մեր ուշադրությունը շեղվում է աշխարհիկ հոգսերի և առօրյա գործերի պատճառով և արժանվույնս չենք գնահատում կամ նույնիսկ անուշադրության ենք մատնում այս ամենակարևոր պարգևը: Սուրբ Հոգին ստանալը սկսվում է մեր կյանքում Նրա ընկերակցության մեր անկեղծ և մշտական փափագից:

Պատշաճորեն hրավիրել

Մենք ավելի պատրաստակամորեն ենք ստանում և ճանաչում Տիրոջ Հոգին, երբ պատշաճորեն հրավիրում ենք Նրան մեր կյանք: Մենք չենք կարող պարտադրել, սպառնալ կամ հրամայել Սուրբ Հոգուն: Փոխարենը մենք պետք է հրավիրենք Նրան մեր կյանք նույն մեղմությամբ ու քնքշությամբ, ինչպես Նա է մեզ վերաբերվում (տես ՎևՈՒ 42.14):

Սուրբ Հոգու ընկերակցության մեր հրավերները բազմաթիվ եղանակներով են հանդես գալիս. ուխտեր կապելու և պահելու միջոցով, որպես անհատներ և ընտանիքներ անկեղծորեն աղոթելու միջոցով, սուրբ գրությունները ջանասիրաբար քննելու միջոցով, ընտանիքի անդամների և ընկերների հետ պատշաճ հարաբերությունների ամրապնդման միջոցով, առաքինի մտքեր, արարքներ և խոսելաձև փնտրելու միջոցով, մեր տներում, սուրբ տաճարում և եկեղեցում երկրպագության միջոցով: Մյուս կողմից ուխտերն ու պարտավորությունները մակերեսորեն ընդունելը կամ դրժելը, աղոթելիս և սուրբ գրությունների ուսումնասիրելիս թերանալը, և անվայել մտքերը, արարքները և խոսելաձևը պատճառ են դառնում, որ Հոգին ընդհանրապես հեռանա կամ խուսափի մեզանից:

Ինչպես Բենիամին Թագավորն է սովորեցրել իր ժողովրդին. «Եվ այժմ ես ասում եմ ձեզ, իմ եղբայրնե՛ր, որ այս բոլոր բաները ձեր իմանալուց և ուսուցանվելուց հետո, եթե զանց անեք և գնաք հակառակ նրան, ինչ խոսվել է, ապա դուք ինքներդ ձեզ ետ կքաշեք Տիրոջ Հոգուց, այնպես որ այն չի կարող տեղ ունենալ ձեզանում՝ առաջնորդելու ձեզ իմաստության ուղիներով, որ դուք կարողանաք լինել օրհնված, բարգավաճ և պահպանված» (Մոսիա 2.36):

Հավատարմորեն հնազանդվել

Աստծո պատվիրաններին հավատարմորեն հնազանդվելը միանգամայն անհրաժեշտ է Սուրբ Հոգին ստանալու համար: Ամեն շաբաթ մեզ հիշեցվում է այս ճշմարտությունը, մինչ մենք լսում ենք հաղորդության աղոթքները և արժանիորեն ընդունում ենք հացն ու ջուրը: Երբ մենք հոժարակամ պարտավորվում ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները, մեզ խոստացվում է, որ մենք կարող ենք միշտ ունենալ Նրա Հոգին մեզ հետ (տես ՎևՈՒ 20.77): Այսպիսով, ամեն ինչ, որ Փրկչի ավետարանը մեզ սովորեցնում է անել և դառնալ, նախատեսված է այն նպատակով, որ օրհնի մեզ Սուրբ Հոգու ընկերակցությամբ:

Խորհեք մեր աղոթելու և սուրբ գրություններն ուսումնասիրելու պատճառների մասին: Այո, մենք փափագում ենք աղոթքով հաղորդակցվել Երկնային Հոր հետ՝ Իր Որդու անունով: Եվ այո, մենք ցանկանում ենք ձեռք բերել լույս և գիտելիք, որոնք առկա են կանոնիկ գրքերում: Սակայն, խնդրում եմ, հիշեք, որ այս սուրբ սովորությունները հիմնականում այն միջոցներն են, որոնցով մենք միշտ հիշում ենք Երկնային Հորը և Նրա Սիրելի Որդուն և անհրաժեշտ պայման են Սուրբ Հոգու մշտական ընկերակցության համար:

Մտածեք Տիրոջ տանը և Կիրակնօրյա ժողովներում մեր երկրպագության պատճառների մասին: Այո, մենք տաճարում ծառայում ենք մեր մահացած ազգականներին և մեր ընտանիքներին ու ընկերներին՝ համապատասխան ցցերում և ճյուղերում: Եվ այո, մենք վայելում ենք արդար հասարակությունը, որ գտնում ենք մեր եղբայրների ու քույրերի մեջ: Բայց մենք հիմնականում համերաշխաբար հավաքվում ենք՝ փնտրելով օրհնություններ և առաջնորդություն Սուրբ Հոգու կողմից:

Աղոթելը, ուսումնասիրելը, հավաքվելը, երկրպագելը, ծառայելը և հնազանդվելը ավետարանի անելիքների ցուցակում մեկուսացված և անկախ կետեր չեն: Դեռ ավելին, այս ազնիվ սովորություններից յուրաքանչյուրը կարևոր տարր է՝ հոգևոր փնտրտուքներում Սուրբ Հոգին ստանալու կոչն իրագործելիս: Աստծո պատվիրաններին հնազանդվելով և Եկեղեցու ղեկավարների հոգևոր խորհրդին հետևելով, մենք մեծապես կենտրոնանում ենք Հոգու ընկերակցությանը հասնելու վրա: Հիմնականում ավետարանի բոլոր ուսմունքներն ու միջոցառումները կենտրոնացած են մեր կյանքում Սուրբ Հոգին ստանալու միջոցով դեպի Քրիստոսը գալու վրա:

Դուք և ես պետք է ջանանք նմանվել Մորմոնի Գրքում նկարագրվող պատանի զինվորներին, ովքեր «ձգտում էին ճշգրիտ կատարել հրամանի ամեն մի բառը. այո, և ճիշտ իրենց հավատքի համաձայն կատարվեց նրանց համար: …

Եվ նրանք ճշգրիտ են Տիրոջը՝ իրենց Աստծուն օրեցօր հիշելիս. Այո, նրանք շարունակ պահում-պահպանում են նրա կանոնները և նրա դատաստանները և նրա պատվիրանները» (Ալմա 57.21; 58.40):

Վկայություն

Տերը հայտարարել է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի երեսի վրա» (ևՈՒ 1.30): Այս վերականգնված Եկեղեցին ճշմարիտ է, որովհետև այն Փրկչի Եկեղեցին է. Նա է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը» (Հովհաննէս ԺԴ.6): Եվ այն կենդանի եկեղեցի է Սուրբ Հոգու գործածության և պարգևների պատճառով: Ինչքան օրհնված ենք մենք, որ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ քահանայությունը երկրի վրա է, և մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգին:

Ջոզեֆ Սմիթի նահատակությունից մի քանի տարի անց, նա հայտնվում է Նախագահ Բրիգամ Յանգին և կիսվում այս հավիտենական խորհրդով: «Ասա մարդկանց, որ համեստ ու հավատարիմ լինեն, չմոռանան պահել Տիրոջ Հոգին, և այն նրանց կառաջնորդի դեպի ճշմարտություն: Զգուշացեք և մի մերժեք մեղմ ձայնը. այն կսովորեցնի նրանց ինչ անել և ուր գնալ, այն կտա արքայության պտուղներ: Ասա եղբայրներին իրենց սրտերը բաց պահեն, որ երբ Սուրբ Հոգին այցելի իրենց, նրանց սրտերը պատրաստ լինեն այն ընդունելու: Նրանք կարող են տարբերել Տիրոջ Հոգին մնացած բոլոր հոգիներից. այն խաղաղություն և ուրախություն կշշնջա նրանց հոգիներին, այն նրանց սրտից կհեռացնի չարությունը, ատելությունը, վիճաբանությունը և ամեն վատ բաները և նրանց ամբողջ փափագը կլինի բարիք գործել, առաջ բերել արդարություն և կառուցել Աստծո թագավորությունը: Ասա եղբայրներին, որ եթե նրանք հետևեն Տիրոջ Հոգուն, նրանք կառաջադիմեն» (Teachings: Joseph Smith, 98):

Ես աղոթում եմ, որ մենք անկեղծորեն փափագենք և պատշաճորեն հրավիրենք Սուրբ Հոգուն մեր առօրյա կյանք: Ես նաև աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հավատարմորեն հնազանդվի Աստծո պատվիրաններին և իսկապես ստանա Սուրբ Հոգին: Ես խոստանում եմ, որ Ջոզեֆ Սմիթ Մարգարեի կողմից Բրիգամ Յանգին նկարագրված օրհնությունները կիրառելի և հասանելի են յուրաքանչյուր անձնավորության համար, ով լսում կամ կարդում է այս ուղերձը:

Ես վկայում եմ, որ Հայրը և Որդին իրոք ապրում են: Ես վկայում եմ, որ Սուրբ Հոգին հայտնող, մխիթարող և կատարյալ ուսուցիչ է, ումից մենք պետք է սովորենք: Եվ ես վկայում եմ, որ Հոգու օրհնություններն ու պարգևները գործում են Հիսուս Քրիստոսի վերականգնված, ճշմարիտ և կենդանի այս վերջին օրերի Եկեղեցում: Այս ամենը ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: