2010–2019 թթ․
Ձեր hավատքի պատճառով
Հոկտեմբեր 2010


Ձեր hավատքի պատճառով

Խորին շնորհակալություն ձեզ՝ Եկեղեցու հիանալի անդամներ, … որ ձեր կյանքի յուրաքանչյուր օր ապացուցում եք, որ Քրիստոսի մաքուր սերը «երբեք չի խափանվում»:

Նախագահ Մոնսոն, այս եկեղեցու համաշխարհային անդամությունը միանում է այս սքանչելի երգչախմբին, կատարելով այս մեծ օրհներգը, և մենք ասում ենք. «Շնորհակալ ենք քեզ, Աստված, մարգարեի համար»: Շնորհակալություն Ձեր կյանքի, Ձեր օրինակի և Եկեղեցու ևս մեկ գերագույն համաժողովի այդ ջերմ ուղերձի համար: Մենք սիրում ենք Ձեզ, մենք հիանում ենք Ձեզանով և մենք հաստատում ենք Ձեզ: Իսկապես, այսօր ցերեկային նիստին մենք ավելի պաշտոնապես հնարավորություն կունենանք բարձրացնելու մեր ձեռքերը հաստատման քվեարկությամբ, ոչ միայն Նախագահ Մոնսոնի, այլ նաև Եկեղեցու մնացած բոլոր գերագույն պաշտոնյաների օգտին: Քանի որ իմ անունը կլինի այդ ցուցակում, թույլ տվեք այնքան համարձակ գտնվել՝ բոլորի անունից նախապես շնորհակալություն հայտնելու այդ բարձրացվող ձեռքերի համար: Մեզանից ոչ մեկը չէր կարող ծառայել առանց ձեր աղոթքների և աջակցության: Ձեր հավատարմությունն ու ձեր սերը ավելին են մեզ համար, քան մենք երբևէ կարող ենք արտահայտել:

Այդ հոգով իմ այսօրվա ուղերձը հայտարարում է, որ մենք հաստատում ենք ձեզ, որ մենք պատասխանում ենք ձեզ այդ նույն անկեղծ աղոթքներով և այդ նույն սիրո արտահայտումներով: Մենք բոլորս գիտենք, որ կան հատուկ բանալիներ, ուխտեր և պարտականություններ տրված Եկեղեցու նախագահող պաշտոնյաներին, բայց մենք նաև գիտենք, որ Եկեղեցին ձեռք է բերում անզուգական ուժ, իսկապես եզակի եռանդ այս Եկեղեցու յուրաքանչյուր անդամի հավատքից ու նվիրվածությունից, ով էլ որ դուք լինեք: Որ երկրում էլ դուք ապրեք, որքան էլ երիտասարդ կամ անհամապատասխան ձեզ զգաք, կամ որքան էլ ծեր կամ սահմանափակ ձեզ համարեք, ես վկայում եմ, որ դուք անհատապես սիրված եք Աստծո կողմից, դուք առանցքային նշանակություն ունեք Նրա աշխատանքում, և Նրա Եկեղեցու նախագահող պաշտոնյաները փայփայում են ձեզ և աղոթում ձեզ համար: Ձեզանից յուրաքանչյուրի անձնական գինը, հոգևոր շքեղությունը այն բուն պատճառն է, որի համար գոյություն ունեն փրկության ծրագիրը և վեհացումը: Ի հակասումն մեր օրերի կարծիքների, սա ձեզ է վերաբերում: Ոչ, մի շրջվեք ու նայեք ձեր հարևանին: Ես խոսում եմ ձեզ հետ:

Ես ջանացել եմ գտնել համապատասխան եղանակ ձեզ ասելու, թե որքան եք դուք սիրված Աստծո կողմից և որքան շնորհակալ ենք մենք՝ այս հարթակի վրա գտնվողներս, ձեզ համար: Ես փորձում եմ լինել երկնային հրեշտակների ձայնը, որ շնորհակալություն են հայտնում ձեզ ամեն լավ բանի համար, որ դուք երբևէ կատարել եք, ամեն բարի խոսքի համար, որ դուք երբևէ ասել եք, ամեն զոհաբերության համար, որ դուք երբևէ արել եք որևէ մեկի համար: Սրանք են Հիսուս Քրիստոսի ավետարանի գեղեցկությունն ու օրհնությունները:

Ես երախտապարտ եմ Երիտասարդ Կանանց ղեկավարների համար, ովքեր գնում են աղջիկների ճամբար և առանց շամպունի, ցնցուղի և դիմահարդարման՝ ճամբարային խարույկի ծխապատ վկայության ժողովները դարձնում են ամենահուզիչ հոգևոր փորձառությունները, որ այդ աղջիկները կամ այդ ղեկավարները կունենան իրենց կյանքի ընթացքում: Ես երախտապարտ եմ Եկեղեցու բոլոր կանանց համար, ովքեր իմ կյանքում եղել են այնքան ամուր, որքան Սինայի Սարը և այնքան կարեկցող, որքան Երանելիքների Սարը: Երբեմն մենք ժպտում ենք, լսելով մեր քույրերի պատմությունները, դուք գիտեք՝ կանաչ դոնդողակը, վերմակները և թաղման կարտոֆիլը: Սակայն իմ ընտանիքը միշտ երախտագիտությամբ ընդունել է սրանցից յուրաքանչյուրը, առիթից առիթ, սկ մի անգամ էլ վերմակն ու կարտոֆիլը նույն օրը: Դա մի փոքրիկ վերմակ էր, իսկապես շատ փոքր, որը պետք է իմ մահացած փոքրիկ եղբոր ճանապարհորդությունը դեպի իր երկնային տուն դարձներ այնքան տաք ու հարմարավետ, որքան մեր Սփոփող Միության քույրերն էին ուզում:: Կերակուրը, որ պատրաստված էր մեր ընտանիքի համար արարողությունից հետո, կամավոր տրված, առանց մեր խոսքի, երախտագիտությամբ ընդունվել էր: Ժպտացեք, եթե կամենում եք, մեր սովորույթների վրա, բայց ինչ-որ կերպ, շատ հաճախ, առանց գովասանքի, եկեղեցու կանայք միշտ այնտեղ են, որտեղ ձեռքերը ցած են իջնում և ծնկները թուլանում: Թվում է, նրանք բնազդաբար հասկանում են Քրիստոսի հայտարարության աստվածային էությունը. «Որովհետեւ իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»:

Եվ նրանց ոչնչով չեն զիջում քահանայության եղբայրները: Ես մտածում եմ, օրինակ, երիտասարդ տղամարդկանց ղեկավարների մասին, ովքեր, կախված եղանակից և աշխարհամասից, կամ գնում են ոսկորներ շխկշխկացնող 80 կիլոմետրանոց հետիոտն ուղևորության կամ փորում, և փորձում են քնել սառցե քարանձավներում, թվում է, թե մարդկության պատմության մեջ ամենաերկար գիշերներներին: Ես շնորհակալ եմ մի քանի տարի առաջ քահանայապետների խմբի հետ իմ հիշողությունների համար, որ շաբաթներով հերթապահում էինք, քնելով փոքր աթոռին, քվորումի մահացող անդամի ննջասենյակում, որպեսզի նրա տարիքով ու հավասարապես թուլակազմ կինը կարողանար մի քիչ քնել իր սիրելիի կյանքի այդ վերջին շաբաթների ընթացքում: Ես շնորհակալ եմ Եկեղեցու ուսուցիչների, պաշտոնյաների, խորհրդականների և գործավարների բանակի համար, էլ չխոսելով նրանց մասին, ովքեր մշտապես սեղաններ են պատրաստում և իջեցնում աթոռները: Ես շնորհակալ եմ ձեռնադրված հայրապետների, երաժիշտների, ընտանիքի պատմության ծառայողների և օստեոպորոտիկ զույգերի համար, ովքեր հասնում են տաճար առավոտյան ժամը 5:00-ին փոքրիկ ճամպրուկներով, որոնք այժմ գրեթե իրենցից մեծ են: Ես երախտապարտ եմ անձնվեր ծնողների համար, ովքեր, հավանաբար, ամբողջ կյանքում հոգում են հաշմանդամ երեխայի համար, երբեմն ավելի, քան մեկ արատով և, երբեմն, ունենալով ավելի, քան մեկ երեխա: Ես շնորհակալ եմ երեխաների համար, ովքեր ժամանակից շուտ են սկսում աշխատել, հոգալով հիվանդ կամ ծեր ծնողների համար՝ փոխհատուցելով նրանց:

Եվ գրեթե կատարյալ տարեց քրոջ համար, ով վերջերս, կարծես, ներողություն խնդրելով շշնջաց. «Ես երբեք Եկեղեցում ոչ մի բանի ղեկավար չեմ եղել: Կարծում եմ, ես եղել եմ միայն օգնող»: Ես ասում եմ. «Սիրելի քույր, թող Աստված օրհնի ձեզ և թագավորության բոլոր «օգնողներին»: Մեզանից ոմանք, ովքեր ղեկավարներ են, հույսով են, որ մի օր Աստծո առաջ կունենան այն կարգավիճակը, որին դուք արդեն հասել եք:

Հաճախ իմ կյանքում ես թերանում եմ նման մարդկանց հավատի ու բարության համար երախտագիտություն հայտնելու հարցում: Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստը 13 տարի առաջ կանգնեց այս ամբիոնին և ասաց. «Երբ ես փոքր տղա էի, … հիշում եմ իմ տատիկին … փայտի վառարանի վրա մեր համեղ կերակուրները պատրաստելիս: Երբ վառարանի կողքի փայտի արկղը դատարկվում էր, Տատիկս լուռ … դուրս էր գնում այն լցնելու դրսի փայտի կույտից, և ծանր արկղը բերում էր տուն: Ես շատ անտարբեր էի: … Ես այնտեղ նստած էի և թույլ էի տալիս իմ սիրելի տատիկին լցնել [այդ] արկղը»: Այնուհետև, հուզմունքից խեղդվող ձայնով նա ասաց. «Ես ամաչում եմ ինքս ինձնից և իմ ամբողջ կյանքի ընթացքում զղջացել եմ իմ այդ անփութության համար: Հույսով եմ, որ մի օր ներում կխնդրեմ նրանից»:

Եթե Նախագահ Ֆաուստի պես կատարյալ մարդը սխալներ էր տեսնում իր պատանեկության մեջ, ես չեմ կարող այսօր նման խոստովանություններ չանել և չվճարել նախկինում գործած սխալների դիմաց:

Երբ ես կանչվեցի միսիա ծառայելու անհիշելի ժամանակներ առաջ, չկար միսիոներական ծախսերի հավասարեցում: Յուրաքանչյուրը պետք է ամբողջովին հոգար իր կանչված միսիայի ծախսերը: Որոշ միսիաներ շատ թանկ էին, և այնպես ստացվեց, որ իմը դրանցից մեկն էր:

Ինչպես մենք ենք խորհուրդ տալիս միսիոներներին անել, ես գումար էի խնայել և վաճառել էի իմ սեփական իրերից՝ որքան հնարավոր էր շատ գումար ունենալու համար: Ես կարծում էի, թե ունեի բավական գումար, բայց ես վստահ չէի, որ այն կբավականացներ իմ միսիայի վերջին ամիսներին: Ունենալով այս կասկածը, ես, այնուամենայնիվ, ես ուրախությամբ թողեցի իմ ընտանիքը՝ ամենահրաշալի փորձառությունն ունենալու համար, որ որևէ մեկը կարող էր հուսալ: Ես այնպես սիրեցի իմ միսիան, որ վստահ եմ, ոչ մի երիտասարդ դեռևս այդպես չի սիրել:

Այնուհետև ես տուն վերադարձա՝ իմ ծնողների միսիա կանչվելուց անմիջապես առաջ: Ի՞նչ պետք է անեի: Ինչպե՞ս կարող էի վճարել քոլեջի կրթության համար: Ինչպե՞ս կարող էի վճարել սննդի ու բնակարանի համար: Եվ ինչպե՞ս կարող էի իրականացնել իմ սրտի մեծագույն երազանքը՝ ամուսնանալ կատարելապես հիասքանչ Պատրիցիա Թերիի հետ: Ես չեմ խուսափում խոստովանելուց, որ հուսալքված ու վախեցած էի:

Վարանելով, ես գնացի բանկ և հարցրեցի կառավարչին, որը մեր ընտանիքի ընկերն էր, թե որքան գումար կար իմ հաշվին: Նա զարմացած նայեց ինձ ու ասաց. «Ինչու՞, Ջեֆ, ամբողջ գումարը քո հաշվի վրա է: Նրանք չե՞ն ասել քեզ: Քո ծնողները ուզում էին հնարավորինս օգնել քեզ, երբ դու տուն վերադառնաս: Նրանք ոչ մի ցենտ չեն հանել քո հաշվից քո միսիայի ընթացքում: Ես կարծում էի դու գիտես»:

Ոչ, ես չգիտեի: Բայց ես գիտեմ այն, որ իմ ինքնուսույց հաշվապահ, «հաշվետար» հայրը, ինչպես նրան կոչվում էին մեր փոքրիկ քաղաքում, ունենալով շատ քիչ հաճախորդներ, հավանաբար այդ երկու տարիների ընթացքում երբեք չէր հագել նոր կոստյում, կամ նոր վերնաշապիկ, կամ նոր կոշիկներ, որպեսզի նրա տղան ունենար այդ ամենը իր միսիայում: Դեռ ավելին, ես չէի իմացել, սակայն հետո իմացա, որ իմ մայրը, որ երբեք տանից դուրս չէր աշխատել իր ամուսնության ընթացքում, աշխատել էր տեղի խանութում, որպեսզի իմ միսիայի ծախսերի գումարը բավական լիներ: Եվ ոչ մի բառ ինձ չէր ասվել սրա հետ կապված իմ միսիայում: Նույնիսկ մեկ բառ չէր ասվել այդ ամենից որևէ մեկի առնչությամբ: Քանի՞ հայրեր են այս Եկեղեցում անում ճիշտ նույն բանը, ինչ իմ հայրն արեց: Եվ քանի՞ մայրեր, այս դժվար տնտեսական ժամանակներում, շարունակում են անել այն, ինչ իմ մայրն արեց:

Հայրս հեռացել է 34 տարի առաջ, ուստի Նախագահ Ֆաուստի նման ես պետք է սպասեմ լիարժեք ձևով նրան շնորհակալություն հայտնելու համար մյուս կողմում: Բայց իմ քաղցր մայրիկը, ով մյուս շաբաթ կդառնա 95 տարեկան, բարեբախտաբար այսօր իր տանը՝ Սենթ Ջորջորւմ, դիտում է այս հեռարձակումը, ուստի շատ ուշ չէ նրան շնորհակալություն հայտնել: Ձեզ, Մայրիկ ու Հայրիկ, և բոլոր մայրերին ու հայրերին և ընտանիքներին ու հավատարիմ մարդկանց ամենուր, ես շնորհակալ եմ՝ հանուն ձեր երեխաների (և ուրիշների երեխաների) զոհաբերելու համար, մեծ ցանկության համար տալու նրանց այն առավելությունները, որոնք դուք երբեք չեք ունեցել, մեծ ցանկության համար՝ տալու նրանց երջանիկ կյանք, որը դուք կարող եք ապահովել:

Խորին շնորհակալություն ձեզ՝ Եկեղեցու հիանալի անդամներ, և մեր հավատքին չպատկանող բազմաթիվ լավ մարդիկ, որ ձեր կյանքի յուրաքանչյուր օր ապացուցում եք, որ Քրիստոսի մաքուր սերը «երբեք չի խափանվում»: Ձեզանից յուրաքանչյուրը կարևոր է, որովհետև դուք դարձնում եք Հիսուս Քրիստոսի ավետարանը այն, ինչ այն պետք է լինի՝ կենդանի հիշեցում Նրա ողորմության ու գթության մասին, փոքր գյուղերում և մեծ քաղաքներում Նրա գործած բարիքների և Նրա տված կյանքի զուսպ, սակայն զորեղ ապացույց, որը խաղաղություն ու փրկություն է բերում մարդկանց: Մեծ պատիվ է մեզ համար ձեզ հետ միասին ներգրավված լինելը այսպիսի սուրբ գործում:

Ինչպես Հիսուսն ասաց Նեփիացիներին, նույնը ես ասում եմ այսօր.

«Ձեր հավատքի համար … իմ ցնծությունը լիակատար է:

Եվ երբ նա ասաց այս խոսքերը, նա արտասվեց»:

Եղբայրներ ու քույրեր, տեսնելով ձեր օրինակը, ես խոստանում եմ կրկնապատկել իմ վճռականությունը՝ լինելու ավելի լավը, ավելի հավատարիմ, ավելի բարի ու նվիրված, ավելի գթասիրտ ու ճիշտ, ինչպիսին մեր Երկնային Հայրն է և ինչպիսին արդեն ձեզանից շատերն են: Սրա համար ես աղոթում եմ բոլոր բաներում մեր Մեծ Օրինակի՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Տես Եբրայեցիս ԺԲ.12; Վարդապետություն ևՈւխտեր 81.5:

  2. Մատթէոս ԻԵ.40:

  3. James E. Faust, “The Weightier Matters of the Law: Judgment, Mercy, and Faith,” Ensign, Nov. 1997, 59.

  4. Ա Կորնթացիս ԺԳ.8; տես նաև Մորոնի 7.46–47:

  5. 3 Նեփի 17.20–21: