2010–2019 թթ․
Հանգստություն ձեր հոգիներին
Հոկտեմբեր 2010


Հանգստություն ձեր հոգիներին

Մեր հոգիների համար հանգստություն գտնել նշանակում է խաղաղություն ունենալ մտքում և սրտում, ինչը Քրիստոսի վարդապետությունը սովորելու և դրան հետևելու արդյունքն է:

Գոթենբուրգի կենտրոնում, Շվեդիա, կա մի լայն փողոց՝ երկու կողմերը հիանալի ծառերով: Մի օր հսկա ծառերից մեկի բնում մի անցք տեսա, հետաքրքրությամբ նայեցի ներս և տեսա, որ ծառը ամբողջովին փուչ էր: Փուչ էր, այո, սակայն ոչ դատարկ: Այն լցված էր ամեն տեսակի աղբով:

Ես զարմացա, որ ծառը դեռ կանգուն էր: Նայելով վերև, տեսա մի լայն պողպատե գոտի, որով փաթաթված էր ծառի վերին մասը: Գոտուց սկիզբ էին առնում մի քանի պողպատե լարեր, որոնք իրենց հերթին, ամրացված էին մոտակա շենքերին: Հեռվից նա նման էր մյուս ծառերին, միայն ներս նայելով կարելի էր հայտնաբերել, որ այն փուչ էր, չունենալով առողջ ամուր իրան: Շատ տարիներ առաջ, ինչ-որ պատճառով սկսվել էր ծառի թուլացման պրոցեսը, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ: Դա չի պատահել մի գիշերվա մեջ: Ինչևէ, ինչպես նորատունկ երիտասարդ ծառը աստիճանաբար աճում դառնում է հզոր ծառ, մենք նույնպես կարող ենք քայլ առ քայլ աճել մեր ունակությունների մեջ, դառնալով ամուր և ներքուստ լիքը, ի տարբերություն դատարկ ծառի:

Հիսուս Քրիստոսի ապաքինող Քավության շնորհիվ է, որ մենք կարող ենք ուժ ունենալ բարձր և ամուր կանգնելու և ունենալու հոգիներ՝ լցված լույսով, հասկացողությամբ, ուրախությամբ և սիրով: Նրա հրավերը ուղղված է «բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն» (2 Նեփի 26.33): Նրա խոստումն է.

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» (Մատթեոս ԺԱ.28–29):

Այդ խաղաղության մասին Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ասում է. «Իմ կարծիքով, դա նշանակում է մուտք գործել դեպի Աստծո գիտելիքն ու սերը, ունենալ հավատք նրա նպատակի և ծրագրի հանդեպ, այնպիսի խորությամբ, որ մենք գիտենք, որ ճիշտ ենք և որ չենք փնտրում որևէ այլ բան, որ չենք շեղվում վարդապետության քամիներով և մարդկանց խորամանկությամբ ու նենգությամբ, որ ստում են և սպասում, որ խաբկանքի մեջ գցեն: Մենք գիտենք, որ վարդապետությունը Աստծուց է, և մենք ոչ-ոքի դրա մասին հարցեր չենք տալիս: Նրանք կարող են մնալ իրենց կարծիքին, իրենց մտքերին և իրենց տեսակետին: Աստծո հանդեպ հավատքի այդ աստիճանի հասած մարդը, երբ բոլոր կասկածները և վախերը փարատել է, մտել է «Աստծո հանգիստը»» (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 56):

Մեր հոգիների համար հանգստություն գտնել նշանակում է խաղաղություն ունենալ մտքում և սրտում, ինչը Քրիստոսի վարդապետությունը սովորելու և դրան հետևելու, ինչպես նաև ուրիշներին ծառայելով և օգնելով Քրիստոսի ձեռքերը դառնալու արդյունք է: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը և Նրա ուսմունքներին հետևելը մեզ հաստատուն հույս է տալիս, որը դառնում է ամուր խարիսխ մեր հոգիների համար: Մենք կարող ենք դառնալ հաստատակամ և կայուն: Մենք կարող ենք ունենալ երկարատև, ներքին խաղաղություն, մենք կարող ենք մտնել Տիրոջ ներկայությունը: Իսկ եթե շրջվենք լույսից և ճշմարտությունից, դատարկության փուչ զգացումը, ինչպես ծառի դեպքում, կլցնի մեր հոգու խորքը, և մենք, հնարավոր է, անգամ փորձենք լցնել այդ դատարկությունը երկարատև արժեք չունեցող բաներով:

Նկատի առնելով որպես հոգևոր զավակներ մեր գոյությունը՝ երկիր գալուց առաջ և ետմահու կյանքում անմահություն ունենալը, այս երկրային կյանքը իսկապես մի կարճ ակնթարթ է:

Ինչևէ, այս օրը փորձվելու օր է, սակայն այն նաև հնարավորությունների օր է, երբ մենք ընտրում ենք հետևել մեր փորձության օրերը չվատնելու հրավերին (տես 2 Նեփի 9.27): Մեր մտքում ունեցած մտքերը, մեր սրտերում զարգացրած զգացումները և մեր ընտրած արարքները որոշիչ ազդեցություն ունեն մեր կյանքում, ինչպես այստեղ, այնպես էլ հետագայում:

Օգտակար սովորույթ է ամեն օր աչքի առաջ պահել մեր տեսիլքը, որպեսզի կարողանանք պահպանել հավերժական մտածելակերպը այն ամենի, ինչ պլանավորում և անում ենք, հատկապես, եթե զգում ենք, որ միտում ունենք սպասելու, մինչև որ «վաղվա ապագան» անի այն, ինչ մենք գիտենք, որ պետք է անենք «այսօրվա ներկայում»:

Մեր ճանապարհին մենք օգնություն ենք ստանում մեր որոշումներում Հոգու հաստատող ազդեցության միջոցով: Այժմ, եթե մենք որոշենք գործել հակառակ մեր ունեցած լույսի և հասկացողության, մեզ կտանջի մեր խիղճը, ինչը լավ զգացում չի պարգևում: Սակայն դա օրհնություն է, քանի որ մեզ անմիջապես հիշեցվում է, որ եկել է ապաշխարելու ժամանակը: Երբ խոնարհ ենք և ցանկանում ենք անել այն, ինչը ճիշտ է, մենք անհապաղ կուզենանք փոխել մեր ուղիները, մինչդեռ նրանք, ովքեր հպարտ են, կփնտրեն «իրենք [իրենց] օրենքը դառնալ» (ՎևՈւ 88.35) և թույլ կտան Սատանային տանել «նրանց վուշե պարանով՝ վզից, մինչև նա կապում է նրանց իր ամուր պարաններով, հավիտյան» (2 Նեփի 26.22), մինչև որ ապաշխարության հոգին կմտնի նրանց սրտերը: Չար ազդեցություններին հետևելը երբեք չի պարգևի խաղաղության զգացում, քանի որ խաղաղությունը պարզապես Աստծուց պարգև է և այն տրվում է միայն Աստծո Հոգու միջոցով: «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել» (Ալմա 41.10):

Մեր առօրյա գործերում փոքր և հասարակ բաներն են հաճախ երկարատև ազդեցություն գործում (տես Ալմա 37.6–7): Այն, թե ինչ ենք ասում, ինչպես ենք գործում և արձագանքում, կազդի ոչ միայն մեզ վրա, այլ նաև մեր շրջապատում գտնվողների վրա: Մենք կարող ենք զարգանալ, կարող ենք և տապալվել: Հասարակ և դրական օրինակ կարող է հանդիսանալ տատիկիս մասին պատմությունը: Նա իր փոքր երեխաներից մեկին ուղարկեց հավկիթներ գնելու: Երեխան, որին վստահվել էր, հավանաբար զվարթ քայլում էր փողոցով և տուն հասնելուն պես պարզվեց, որ հավկիթների մեծ մասը կոտրված են: Ընտանիքի ընկերներից մեկը տանն էր գտնվում և դրդում էր տատիկիս պատժել երեխային իրեն վատ պահելու համար: Փոխարենը, տատիկը հանգիստ և իմաստուն ձևով ասաց. «Ոչ, դա հավկիթները ետ չի բերի: Մենք պարզապես կօգտագործենք այն, ինչ կարող ենք, և բլիթներ կպատրաստենք ու կվայելենք միասին»:

Երբ մենք սովորում ենք կառավարել փոքր և հասարակ առօրյա բաները իմաստուն և ոգեշնչված ձևով, արդյունքում ստանում ենք դրական ազդեցություն, որն ամրացնում է մեր հոգիների ներդաշնակությունը և զարգացնում և ուժեղացնում մեր կողքին գտնվողներին: Եվ դա այդպես է, որովհետև այն, ինչ մեզ դրդում է բարիք գործել, «առաջանում է Քրիստոսի զորությամբ ու պարգևով. Ուստի դուք կարող եք կատարյալ իմացությամբ իմանալ՝ դա Աստծուց է» (Մորոնի 7.16):

Փուչ ծառը, որի մասին ես ձեզ պատմեցի, այլևս կանգուն չէ: Պատանիները դատարկ անցքում հրավառելիք են վառել և ծառը ամբողջությամբ այրվել է: Այն հնարավոր չէր փրկել և կտրվել է: Զգուշացեք այն ամենից, ինչ կարող է կործանել ներսից, լինի դա մեծ, թե փոքր: Դրանք կարող են ունենալ նույն պայթյունավտանգ ազդեցությունը, ինչպես հոգևոր մահը:

Փոխարենը, եկեք կենտրոնանանք նրա վրա, ինչը կպահպանի մտքի և սրտի տևական խաղաղությունը: Այդ ժամանակ մեր «վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ» (ՎևՈւ 121.45): Տիրոջ հանգիստը մտնելու, խաղաղության պարգևը ստանալու խոստումը, հեռու է աշխարհիկ ժամանակավոր բավարարվածությունից: Դա իսկապես երկնային պարգև է. «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. Ձեր սիրտը չխռովի և չվախենա» (Հովհաննես 14.27): Նա ունի բուժելու և հոգին ամրացնելու զորությունը: Նա Հիսուս Քրիստոսն է, ում մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: