2010–2019 թթ․
Թող լույս լինի
Հոկտեմբեր 2010


Թող լույս լինի

Ավելի ու ավելի անարդար դարձող մեր աշխարհում կարևոր է, որ կրոնական հավատքի վրա հիմնված արժեքները հասարակական քննարկումների մաս կազմեն:

Անցյալ շաբաթ ես իմ ծնունդը նշեցի: Կինս՝ Մերին, որպես ծննդյան նվեր ինձ մի սկավառակ նվիրեց, որտեղ հույսի և հավատքի մասին երգեր են հայտնի անգլիացի երգչուհի Վերա Լինի կատարմամբ, որը Երկրորդ Համաշխարհայինի տարիներին ոգեշնչել է իր ունկնդիրներին:

Մի փոքր այն մասին, թե ինչու կինս որոշեց ինձ նման նվեր անել: Ես ծնվել եմ 1940թ. սեպտեմբերին Լոնդոնը ռմբակոծելու նախորդ օրը:1 Մայրս, իր հիվանդասենյակում ռադիոյով լսելով Լոնդոնի ռմբակոծման մասին, որոշում է ինձ անվանել լուրերի հաղորդավարի անունով՝ Քվենթին:

Վոկալիստ Վերա Լինն այժմ 93 տարեկան է: Անցյալ տարի նրա պատերազմական տարիների երգերից մի քանիսը վերաթողարկվեցին և անմիջապես զբաղեցրեցին Բրիտանիայի երաժշտական հորիզոնականների բարձրագույն տեղերը: Տարեցները կհիշեն երգերից մի քանիսը, օրինակ՝ «Դովերի սպիտակ ժայռերը»:

«Երբ լույսերը կրկին կվառվեն ողջ աշխարհում» երգը խորապես հուզեց ինձ: Լսելով այդ երգը ես հիշեցի, առաջինը, Բրիտանական մի պաշտոնյայի մարգարեական խոսքերը. «Լույսերը անջատում ենք ողջ Եվրոպայում: Մենք չպետք է վառենք դրանք այս ժամանակահատվածում»,2 և երկրորդ, ռմբակոծվում են Բրիտանիայի քաղաքները, օրինակ՝ Լոնդոնը: Որպեսզի ռմբակոծիչները չկարողանային գտնել թիրախը, լուսաքողարկում հայտարարվեց: Լույսերն անջատվում էին և պատուհանները հաստ վարագույրներով փակվում:

Այդ երգը լավատեսական հույս էր ներշնչում, որ ազատությունն ու լույսը կվերականգնվեն: Մեզանից նրանց համար, ովքեր հասկանում են Փրկչի և Քրիստոսի Լույսի3 դերը բարու և չարի մշտական պայքարում, պարզ է դառնում այդ պատերազմի և բարոյական հակասության միջև նմանությունը: Քրիստոսի Լույսով է, որ ողջ մարդկությունը «կարողանում է բարին տարբերել չարից»:4

Ազատությունը և լույսը երբեք հեշտությամբ ձեռք չեն բերվել կամ պահպանվել: Երկնքի Պատերազմից ի վեր չարի ուժերը հնարավոր ամեն միջոց օգտագործել են կամքի ազատությունը կործանելու և լույսը մարելու համար: Բարոյական սկզբունքների և կրոնական ազատության վրա հարձակումը երբեք ավելի ուժեղ չի եղել:

Որպես Վերջին Օրերի Սրբեր մենք պետք է մեր ուժերի սահմանում անենք ամեն ինչ՝ պահպանելու համար լույսը և պաշտպանելու համար մեր ընտանիքներն ու համայնքները բարոյականության և կրոնական ազատության վրա այս հարձակումից:

Պաշտպանենք ընտանիքը

Ընտանիքի վրա կախված ամենաարդիական վտանգը չարի ուժերի կատաղի գրոհն է, որ կարծես գալիս է ամեն կողմից: Ճիշտ է, մեր հիմնական աշխատանքը պետք է լինի լույս և ճշմարտություն փնտրելը, մենք իմաստուն ձևով կվարվենք, եթե լուսաքողարկենք մեր տները մահացու ռումբերի դեմ, որոնք կործանում են հոգևոր զարգացումն ու աճը: Պոռնոգրաֆիան, հատկապես, բարոյականության զանգվածային կործանման զենք է: Այն գտնվում է բարոյական արժեքները աղճատելու առաջին գծի վրա: Որոշ հեռուստածրագրեր և ինտերնետային կայքեր հավասարապես մահաբեր են: Այդ չար ուժերը մարում են լույսը և հույսն աշխարհի: Անկումային ընթացքը արագանում է:5 Եթե մենք չքողարկենք մեր տներն ու կյանքը չարից, չզարմանաք, եթե բարոյական ավերիչ պայթյունները խաթարեն խաղաղությունը, որն արդարակյաց կյանքի վարձքն է: Մեր պարտականությունն է լինել աշխարհում, սակայն ոչ աշխարհից:

Մենք պետք է մեծապես խորացնենք կրոնի պաշտամունքը տանը: Ամենշաբաթյա ընտանեկան երեկոները, ամենօրյա ընտանեկան աղոթքը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը կարևոր են: Մենք պետք է մեր տներում խրախուսենք այն, ինչը «առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ կամ գովասանքի արժանի»:6 Եթե մենք մեր տունը դարձնենք սուրբ վայր, որը մեզ համար ապաստարան կլինի չարից, մենք պաշտպանված կլինենք վնասակար հետևանքներից, որոնք սուրբ գրություններն են կանխատեսել:

Պաշտպանենք համայնքը

Բացի մեր անձնական ընտանիքները պաշտպանելը, մենք պետք է լույսի աղբյուր լինենք մեր համայնքները պաշտպանելով: Փրկիչն ասել է. «Այսպես լուսավորե ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառավորեն ձեր Հորը, որ երկնքումն է»:7

Մեր ժամանակաշրջանը նկարագրվել է որպես «Լիառատության ժամանակաշրջան և կասկածանքիի դար»:8 Աստծո զորության և իշխանության հանդեպ հիմնականում հավատքը ոչ միայն կասկածի է ենթարկվում, այլև վարկաբեկվում է: Ինչպե՞ս կարող ենք նման պայմաններում այնպես առաջ տանել արժեքները, որ անհավատ ու անտարբեր մարդիկ օգնեն նվազեցնել բռնության և չարի մեջ խորացող անկումը:

Սա մեծ կարևորություն ունեցող հարց է: Մտածեք Մորմոն մարգարեի և նրա տառապանքի մասին, երբ նա հայտարարեց. «Ինչպես կարողացաք ուրանալ այն Հիսուսին, որը կանգնած էր՝գրկաբաց ընդունելու ձեզ»:9 Մորմոնի տառապանքը արդարացված էր, և նրա որդին՝ Մորոնին կենդանի մնաց նկարագրելու «[իր] ժողովրդի կործանման տխուր պատմությունը»:10

Աշխարհում տարբեր վայրերում ապրելու և տարբեր ժողովուրդների մարդկանց հետ շփվելու իմ փորձը ինձ լավատեսություն է հաղորդում: Ես հավատում եմ, որ լույսն ու ճշմարտությունը կպահպանվեն մեր օրերում: Բոլոր ազգերի մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր երկրպագում են Աստծուն և իրենց վարքի համար պատասխանատու զգում Նրա առաջ: Որոշ ուսումնասիրողներ հավատում են, որ իրականում հավատքը գլոբալ վերածնունդ է ապրում:11 Որպես Եկեղեցու ղեկավարներ մենք հանդիպել ենք այլ հավատքների ղեկավարների հետ և պարզել ենք, որ գոյություն ունի ընդհանուր բարոյական հիմք, որը վեր է աստվածաբանական տարբերություններից և միավորում է մեզ ավելի լավ հասարակություն ունենալու մեր ձգտումներում:

Մենք նաև գտնում ենք, որ մարդկանց մեծամասնությունը դեռևս հարգում է հիմնական բարոյական արժեքները: Սակայն չսխալվեք՝ կան նաև մարդիկ, ովքեր վճռական են կործանելու հավատքը և մերժելու հասարակության վրա կրոնական ցանկացած ազդեցություն: Որոշ չար մարդիկ էլ շահագործում, բանեցնում և քանդում են հասարակությունը թմրանյութերով, պոռնոգրաֆիայով, սեռական շահագործմամբ, մարդկային թրաֆիքինգի, կողոպուտի և անազնիվ գործարարության միջոցով: Այդ մարդկանց իշխանությունն ու ազդեցությունը շատ մեծ է անգամ, երբ նրանք թվով համեմատաբար քիչ են:

Միշտ պայքար է ընթացել հավատացյալ մարդկանց և նրանց միջև, ովքեր հեռացրել են կրոնն ու Աստծուն հասարակական կյանքից:12 Այսօր ծանրակշիռ կարծիք ունեցող շատ ղեկավարներ մերժում են հրեա-քրիստոնեական արժեքների վրա հիմնված աշխարհի բարոյական տեսակետը: Նրանց կարծիքով, չկա օբյեկտիվ բարոյական կարգ:13 Նրանց կարծիքով, բարոյական նպատակներին նախապատվություն չպետք է տրվի:14

Դեռևս, մարդկանց մեծամասնությունը ձգտում է լինել բարի և պատվարժան: Քրիստոսի Լույսը, որը Սուրբ Հոգուց առանձին է, սնում է նրանց գիտակցությունը: Սուրբ գրքերից գիտենք, որ Քրիստոսի Լույսը Հոգին է, որ «լույս է տալիս ամեն մարդու, որն աշխարհ է գալիս»:15 Այդ լույսը տրվում է «ի սեր ողջ աշխարհի»:16 Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է, որ այն «ոգեշնչման աղբյուր է, որը մեզանից յուրաքանչյուրը ունի լինելով մարդկային ընտանիքի անդամ»:17 Այդ պատճառով է, որ շատերն ընդունում են բարոյական արժեքները, թեպետ դրանք հիմնված են կրոնական համոզմունքների վրա, որոնք իրենք անձամբ չեն ընդունում: Մորմոնի Գրքում՝ Մոսիայում մենք կարդում ենք. «Ընդունված չէ, որ ժողովրդի ձայնը ցանկանա որևէ բան հակառակ նրա, ինչը ճշմարիտ է. բայց ընդունված է, որ ժողովրդի ավելի քիչ մասը ցանկանա այն, ինչը ճշմարիտ չէ»: Այնուհետև Մոսիան զգուշացնում է. «Եթե ժամանակը գալիս է, երբ ժողովրդի ձայնն ընտրում է անօրինություն, ուրեմն ժամանակն է, որ Աստծո դատաստանները գան ձեր վրա»:18

Ավելի ու ավելի անարդար դարձող աշխարհում կարևոր է, որ կրոնական հավատքի վրա հիմնված արժեքները հասարակական քննարկումների մաս կազմեն: Կրոնական գիտակցությամբ տոգորված բարոյական դիրքորոշումները պետք է հասարակական հրապարակ մուտք գործելու հավասար հնարավորություն ունենան: Ըստ շատ երկրների սահմանադրության, հնարավոր է կրոնական խղճին ոչ նախապատվություն տրվի, ոչ էլ այն անտեսվի:19

Կրոնական հավատքը լույսի, գիտելիքի և իմաստության աղբյուր է, և մեծ օգուտ է բերում հասարակությանը, երբ համախոհները պարտավորվում են պահպանել բարոյական վարքը, որովհետև նրանք պատասխանատվություն են զգում Աստծո հանդեպ:20

Կրոնական երկու սկզբունքներ լուսաբանում են այս կետը:

Ազնիվ վարքը խթանվում է Աստծո հանդեպ պատասխանատվությամբ

Հավատո տասներեքերրորդ հանգանակը այսպես է սկսվում. «Մենք հավատում ենք ազնիվ լինելուն»: Ազնվությունը սկզբունք է, որ հիմնադրվել է կրոնում և Աստծո հիմնական օրենքներից մեկն է:

Շատ տարիներ առաջ, երբ ես իրավաբան էի Կալիֆորնիայում, մի ընկեր և հաճախորդ, որը մեր հավատքից չէր, եկավ ինձ այցելության և ոգևորված ինձ մի նամակ ցույց տվեց, որը ստացել էր մոտակա ծխի ՎՕՍ եպիսկոպոսից: Եպիսկոպոսը գրում էր, որ իր ծխի անդամը, որն իմ հաճախորդի նախկին աշխատողն էր եղել, աշխատավայրից վերցրել էր իրեր և ներկայացրել էր դրանք որպես ավելցուկ: Սակայն դառնալով Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ և փորձելով հետևել Հիսուս Քրիստոսին, այդ աշխատողը հասկացել էր, որ անազնիվ քայլ էր կատարել: Նամակի հետ ծրարի մեջ դրված էր մի գումար, որը վերցված իրերի արժեքն էր և դրա տոկոսը: Իմ հաճախորդը տպավորված էր այն փաստով, որ Եկեղեցին իր ծառայող ղեկավարների միջոցով օգնում է այդ մարդուն համաձայնության մեջ գտնվել Աստծո հետ:

Մտածեք այն լույսի և ճշմարտության մասին, որ համատարած ազնվության արժեքը թողնում է հրեա-քրիստոնեական աշխարհում: Մտածեք հասարակության վրա թողած ազդեցության մասին, երբ երիտասարդները չեն խաբում դպրոցում, մարդիկ ազնիվ են աշխատավայրում և հավատարիմ իրենց ամուսնական երդումներին: Մեզ համար ազնվության հիմնական գաղափարը հիմնավորվում է կյանքում և Փրկչի ուսմունքներում: Ազնվությունը արժեքավոր հատկանիշ է նաև շատ այլ հավատքներում և պատմական գրականության մեջ: Բանաստեղծ Ռոբերտ Բըրնսն ասել է. «Ազնիվ մարդը Աստծո ազնվազարմ աշխատանքն է»:21 Գրեթե ամեն ինչում հավատացյալ մարդիկ Աստծո առաջ պարտավոր են ազնիվ լինել: Դա էր պատճառը, որ Կալիֆորնիայում այդ մարդը ապաշխարում էր նախկինում գործած անազնիվ քայլի համար:

Անցյալ տարվա ավարտական հանդեսին Հարվարդի պրոֆեսոր և Եկեղեցու ղեկավար Քլեյտոն Քրիսչենսենը պատմեց այլ երկրից իր գործընկերոջ մասին, որը ժողովրդավարություն էր ուսումնասիրում: Այդ ընկերը զարմացել էր, թե որքան կարևոր դեր ունի կրոնը ժողովրդավարության մեջ: Նա նշեց, որ հասարակություններում, որտեղ քաղաքացիները մանուկ հասակից սովորում են պատասխանատու լինել Աստծո առաջ ազնիվ և շիտակ լինելով, նրանք ապրում են օրենքներով և կանոններով, որոնք լինելով ոչ պարտադիր, խթանում են ժողովրդավարական իդեալներին: Հասարակություններում, որտեղ դա գոյություն չունի, ոստիկանները չեն բավականացնի ազնիվ վարք պարտադրելու համար:22

Պարզ է, որ բարոյական արժեքները, ինչ վերաբերում է ազնվությանը, կարող են նշանակալից դեր խաղալ լույս ու ճշմարտություն հաստատելու և հասարակությունը բարելավելու գործում և պետք է գնահատվեն նրանց կողմից, ովքեր հավատք չունեն:

Աստծո բոլոր զավակներին վերաբերվենք որպես եղբայրների և քույրերի

Երկրորդ օրինակը, թե ինչպես է կրոնական հավատքն օգուտ բերում հասարակությանը և նպաստում, որ լույսը տարածվի աշխարհում, կրոնի ունեցած դերն է Աստծո բոլոր զավակներին որպես եղբայրների և քույրերի վերաբերվելու հարցում:

Հավատքի վրա հիմնված շատ հաստատություններ առաջին գծում են եղել, որպեսզի հասնեն և փրկեն նրանց, ովքեր դաժան վերաբերմունքի են արժանացել, որովհետև այդ անդամները հավատում են, որ բոլոր մարդիկ ստեղծված են Աստծո պատկերով և նմանությամբ:23 Հրաշալի օրինակ է Բրիտանիայի ակնառու քաղաքական գործիչ Վիլիամ Վիլբերֆորսը, որը կարևոր դեր է խաղացել Մեծ Բրիտանիայում ստրուկների առքուվաճառքը օրենքից դուրս համարելու համար:24 Զարմանահրաշ Շնորհ՝ հուզիչ օրհներգը և ոգեշնչող համանուն կինոնկարը ներկայացնում են 1800-ականների սկզբի մթնոլորտը և նրա գործադրած հերոսական ջանքերի պատմությունը: Վիլբերֆորսի միասնական ջանքերն այն առաջին քայլերից էին, որոնք ուղղված էին վերացնելու այդ սոսկալի, ճնշող, դաժան և շահամոլ երևույթը: Որպես այդ ջանքերի մաս, մյուս առաջնորդների հետ միասին նա լծվեց հասարակական բարոյականությունը բարեփոխելու գործին: Նա հավատում էր, որ կրթությունն ու կառավարությունը պետք է բարոյական ամուր հիմքի վրա լինեն:25 «Բարոյական և հոգևոր զարգացման նրա տեսլականը իր կյանքի նպատակն էր՝ լիներ դա ամուսնության հաստատությունը պաշտպանելը, ստրուկների առևտուրը դադարեցնելը, թե Կիրակին ոգեշնչված պաշտպանելը»:26 Մեծ եռանդով նա օգնում էր համախմբել բարոյագետ և հասարակագետ առաջնորդներին չարիքի դեմ համազգային պայքարում:27

Մեր Եկեղեցու վաղ պատմության մեջ, մեր անդամների մեծ մասը դեմ էին ստրկությանը:28 Իրենց կրոնական հավատամքների հետ միասին դա գլխավոր պատճառներից էր նրանց հանդեպ թշնամանքի և ամբոխների կողմից դաժանության դրսևորման համար, որի գագաթնակետն էր՝ Միսուրիի նահանգապետ Բոգսի կողմից արձակված բնաջնջման հրամանը:29 1833թ. Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որն ասում էր. «Արդարացի չէ, որ մի մարդ մեկ ուրիշի գերության տակ լինի»:30 Մեր վարդապետության մեջ կարևոր դեր ունի մեր նվիրվածությունը կրոնի ազատությանը և բոլոր մարդկանց որպես Աստծո որդիներ և դուստրեր վերաբերվելը:

Սրանք պարզապես երկու օրինակներ են, թե ինչպես են հավատքի վրա հիմնված արժեքները օժանդակում այն սկզբունքներին, որոնք մեծապես օրհնում են հասարակությունը: Կան ավելի շատ օրինակներ: Մենք պետք է մեր մասնակցությունը բերենք և աջակցենք ազնիվ և ուժեղ կամքի տեր մարդկանց՝ օգնելով վերահաստատել բարոյական արժեքները, որոնք օրհնում են ամբողջ հանրությանը:

Թույլ տվեք պարզաբանել՝ բոլոր ձայները պետք է լսվեն հասարակական հրապարակում: Ոչ կրոնական, ոչ էլ աշխարհիկ ձայները չպետք է լռեցվեն: Ավելին, մենք չպետք է ակնկալենք, որ կրոնական սկզբունքներից բխող մեր որոշ տեսակետներ անմիջապես ընդունվեն կամ գերադասելի կարգավիճակում հայտնվեն: Սակայն նաև պարզ է, որ նման տեսակետներն ու արժեքները իրավունք ունեն ըստ արժանվույնի դիտարկվել:

Մեր վարդապետության բարոյական հիմքը կարող է լույսի փարոս լինել աշխարհի համար և կարող է միավորող ուժ դառնալ բարոյականության և առ Հիսուս Քրիստոս հավատքի համար: Մենք պետք է պաշտպանենք մեր ընտանիքները և առաջին գծում միասին լինենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց հետ՝ անելով հնարավորինը մեր համայքներում լույսը, հույսը և բարոյականությունը պահպանելու համար:

Եթե ապրենք և հռչակենք այս սկզբունքները, մենք կհետևենք Հիսուս Քրիստոսին, որն Աշխարհի ճշմարիտ Լույսն է: Մենք կարող ենք լինել արդարակեցության ուժ՝ պատրաստվելով մեր Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստին: Մենք անհամբեր սպասում ենք այդ գեղեցիկ օրվան, երբ «ազատ սրտերը կերգեն, երբ լույսերը կրկին կվառվեն ողջ աշխարհում»:31 Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

  1. Տես Richard Hough and Denis Richards, The Battle of Britain: The Greatest Air Battle of World War II (1989), 264:

  2. Sir Edward Grey. Տես “When the Lights Go On Again (All over the World),” wikipedia.org:

  3. Տես Վարդապետություն և Ուխտեր 88.11–13: Քրիստոսի Լույսը այն լույսն է, «որը բոլոր բաների մեջ է, որը կյանք է տալիս բոլոր բաներին, որն այն օրենքն է, որով կառավարվում են բոլոր բաները»: Քրիստոսի Լույսի և Քրիստոսի Լույսի ու Սուրբ Հոգու միջև տարբերության մասին խորը պատկերացում կազմելու համար, տես Բոյդ Ք. Փաքեր, «Քրիստոսի Լույսը», Լիահոնա, Apr. 2005, 8–14:

  4. Մորոնի 7.19:

  5. Տես Jacques Barzun, From Dawn to Decadence: 500 Years of Western Cultural Life (2000), 798:

  6. Հավատո Հանգանակներ 1.13:

  7. Մատթեոս Ե.16:

  8. Roger B. Porter, “Seek Ye First the Kingdom of God” (talk given at Cambridge University Ward, Cambridge Massachusetts Stake, Sept. 13, 2009).

  9. Մորմոն 6.17:

  10. Մորմոն 8:3:

  11. Տես John Micklethwait and Adrian Wooldridge, God Is Back: How the Global Revival of Faith Is Changing the World (2009):

  12. Տես Diana Butler Bass, “Peace, Love and Understanding” (review of God Is Back, by John Micklethwait and Adrian Wooldridge), Washington Post National Weekly Edition, Jul. 27–Aug. 2, 2009, 39:

  13. Տես David D. Kirkpatrick, “The Right Hand of the Fathers,” New York Times Magazine, Dec. 20, 2009, 27:

  14. Տես Kirkpatrick, “The Right Hand of the Fathers,” 27. Robert P. George teaches that either we have moral reason and free choice or we have amorality and determinism:

  15. Վարդապետություն և Ուխտեր 84.46:

  16. Վարդապետություն և Ուխտեր 84.48:

  17. Boyd K. Packer, Liahona, Apr. 2005, 8.

  18. Մոսիա 29.26–27:

  19. Տես Margaret Somerville, “Should Religion Influence Policy?” www.themarknews.com/articles/1535-should-religion-influence-policy:

  20. Տես Zhao Xiao, “Market Economies with Churches and Market Economies without Churches,” 2002, www.danwei.org/business/churches_and_the_market_econom.php. Չինաստանի կառավարության տնտեսագետը վիճարկում է նրա դեմ, որ չստելու կամ ուրիշներին չվնասելու համար անհրաժեշտ է բարոյական հիմք:

  21. “The Cotter’s Saturday Night,” in Poems by Robert Burns (1811), 191.

  22. Տես Clayton M. Christensen, “The Importance of Asking the Right Questions” (commencement speech, Southern New Hampshire University, Manchester, N.H., May 16, 2009):

  23. Տես Ծննդոց Ա.26:

  24. Տես William Hague, William Wilberforce: The Life of the Great Anti-Slave Trade Campaigner (2007), 352–56:

  25. Տես Hague, William Wilberforce, 104–5:

  26. Hague, William Wilberforce, 513.

  27. Տես Hague, William Wilberforce, 107–8:

  28. Տես James B. Allen and Glen M. Leonard, The Story of the Latter-day Saints, 2nd ed. (1992), 93, 120, 202:

  29. Տես Leonard J. Arrington and Davis Bitton, The Mormon Experience: A History of the Latter-day Saints, 2nd ed. (1992), 48–51; see also Clyde A. Milner and others, The Oxford History of the American West (1994), 362: “Proslavery settlers and politicians persecuted them mercilessly”:

  30. Վարդապետություն և Ուխտեր 101.79:

  31. «Երբ լույսերը կրկին կվառվեն ողջ աշխարհում» երգի վերջին տողը: