Հավատք՝ ընտրությունը ձերն է
Ընտրեք հավատքը կասկածի փոխարեն, ընտրեք հավատքը վախի փոխարեն, ընտրեք հավատքը անհայտի և անտեսանելիի փոխարեն, և ընտրեք հավատքը հոռետեսության փոխարեն:
Մենք ապրում ենք բոլոր ժամանակների մեծագույն տնտեսությունում՝ մի ժամանակահատվածում, որին նախկին մարգարեները անհամբերությամբ էին սպասում, որի մասին մարգարեանում էին և, կարծում եմ, որի համար փափագում էին: Ինչևէ, մեզ շնորհված բոլոր երկնային օրհնությունների հետ միասին, սատանան, որն իրական է, շատ ավելի ակտիվ է, և մենք բոլորս մշտապես ռմբակոծվում ենք հակասական ուղերձներով: Մորոնի հրեշտակը զգուշացրեց երիտասարդ Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ նրա անունը՝ բարի և չար հայտնի կլինի ողջ աշխարհում (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.33), և երբեք մարգարեության կատարումը ավելի ակնհայտ չի եղել: Մարգարեն իր կյանքը տվեց իր վկայության համար, և այսօր շարունակվում են հարձակումները Եկեղեցու և հենց Իր՝ Փրկչի դեմ: Փրկչի, Նրա քավող զոհաբերության իրականությունը և դրա համընդհանուր կիրառումը բոլորիս համար առարկելի է դարձել և հաճախ անտեսվում է որպես թույլ և անուսում մտքի առասպել կամ անհիմն հույս: Ավելին, այս վերջին օրերին ավետարանի Վերականգնման իրականությունը շարունակ առարկության է հանդիպում: Նման ուղերձների շարունակ ռմբակոծումը կարող է շփոթվածության, կասկածի և հոռետեսության պատճառ դառնալ, յուրաքանչյուրը հարձակում գործելով մեր ընդունած գլխավոր ճշմարտությունների, առ Աստված մեր հավատքի և ապագայի հանդեպ մեր հույսի վրա:
Հնարավոր է, սա է մեր աշխարհի իրականությունը, սակայն մենք կարող ենք դեռևս ընտրել, թե ինչպես ենք վերաբերվում դրան: Երբ հարցականի տակ են դրվում մեր սուրբ վարդապետությունն ու հավատամքը, մենք հնարավորություն ունենք Աստծո հետ ծանոթանալ ամենաանձնական և մտերմիկ ձևով: Սա է մեր ընտրելու հնարավորությունը:
Այսօրվա աշխարհում մեր դեմ ծառացած հակասությունների և մարտահրավերների պատճառով ես ցանկանում եմ առաջարկել մեկ ընտրություն՝ խաղաղության և պաշտպանվածության ընտրություն, և ընտրություն, որն առանձնահատուկ է բոլորի համար: Այդ ընտրությունը հավատքն է: Իմացեք, որ հավատքն անվճար նվեր չէ՝ առանց մտքի, ցանկության կամ ջանքի: Այն չի գալիս, ինչպես շաղն է իջնում երկնքից: Փրկիչն ասել է. «Ինձ մոտ եկեք» (Մատթեոս 11.28) և «Թակեք և կբացվի ձեզ» (Մատթեոս 7.7): Դրանք գործողություն ներկայացնող բայեր են՝ եկեք, թակեք: Դրանք ընտրություններ են: Այսպիսով, ես ասում եմ՝ ընտրեք հավատքը: Ընտրեք հավատքը կասկածի փոխարեն, ընտրեք հավատքը վախի փոխարեն, ընտրեք հավատքը անհայտի և անտեսանելիի փոխարեն, և ընտրեք հավատքը հոռետեսության փոխարեն:
Մորմոնի Գրքում Ալմայի 32-րդ գլխում արձանագրված հավատքի վերաբերյալ դասական քարոզը ընտրությունների շարք է՝ մեր հավատքի զարգացման և պահպանման մեջ հավաստիանալու համար: Ալման մեզ ընտրելու հրահանգ է տվել: Նրա խոսքերը ընտրությամբ պայմանավորված գործողություն են պարունակում: Նա օգտագործել է արթնանալ, զարթնել, փորձարկում, գործադրել, ցանկանալ, գործել և ցանել: Այնուհետև Ալման բացատրել է, որ եթե մենք կատարենք այդ ընտրությունները և սերմը դուրս չգցենք մեր անհավատությամբ, ահա «այն կսկսի ուռչել [մեր] կրծքում» (Ալմա 32.28):
Այո, հավատքը ընտրություն է, և այն պետք է փնտրել և զարգացնել: Ուստի, մենք պատասխանատու ենք մեր անձնական հավատքի համար: Մենք պատասխանատու ենք մեր հավատքի պակասի համար: Ընտրությունը՝ ձերն է:
Կա շատ բան, որ ես չգիտեմ: Ես չգիտեմ մատերիայի կառուցվածքի մանրամասները, որից կազմված է այս գեղեցիկ աշխարհը, որտեղ մենք ապրում ենք: Ես չեմ հասկանում Քավության բարդությունը, թե ինչպես է Փրկչի զոհաբերությունը մաքրագործում բոլոր ապաշխարող մարդկանց, կամ ինչպես Փրկիչը կարող էր կրել «բոլոր մարդկանց ցավը» (ՎևՈւ 18.11): Ես չգիտեմ, թե որտեղ է գտնվել Զարահեմլան, ըստ Մորմոնի Գրքի նկարագրության: Ես չգիտեմ, թե ինչու են իմ համոզմունքները երբեմն հակասում ընդունված գիտական կամ աշխարհիկ գիտելիքին: Միգուցե դրանք բաներ են, որ մեր Երկնային Հայրը նկարագրել է որպես «երկնքի գաղտնիքներ» (ՎևՈւ 107.19), որոնք ավելի ուշ կհայտնվեն:
Թեպետ ամեն ինչ չի, որ ես գիտեմ, ես գիտեմ կարևորը: Ես գիտեմ ավետարանի պարզ և հասարակ ճշմարտությունները, որ տանում են դեպի փրկություն և վեհացում: Ես գիտեմ, որ Փրկիչը կրեց բոլոր մարդկանց ցավը և բոլոր նրանք, ովքեր կապաշխարեն, կմաքրվեն մեղքից: Իսկ այն, ինչ չգիտեմ կամ ամբողջությամբ չեմ հասկանում, լրացնում եմ իմ հավատքի զորավոր օգնությամբ և առաջ եմ գնում, ճաշակելով ավետարանի խոստումները և օրհնությունները: Եվ ապա, ինչպես Ալման է ուսուցանում, մեր հավատքը մեզ հանգեցնում է կատարյալ գիտելիքի (տես Ալմա 32.34): Միայն հույսով և ցանկությամբ զինված դեպի անհայտը առաջ գնալով մենք դրսևորում ենք մեր հավատքի և Տիրոջը մեր նվիրվածության ապացույցը:
Ուրեմն, հետևելով Ալմայի բանաձևին, եկեք ընտրենք: Եկեք ընտրենք հավատքը:
-
Եթե ձեր մտքում գերակշռում են շփոթվածությունն ու հուսահատությունը, ընտրեք արթնացնել և վեր հանել ձեր ընդունակությունները (Ալմա 32.27): Կոտրված սրտով և փշրված հոգով խոնարհ Տիրոջը մոտենալը տանում է ճշմարտության և Տիրոջ լույսի, գիտելիքի ու խաղաղության ճանապարհով:
-
Եթե ձեր վկայությունը հասունացած, փորձված և հաստատուն չէ, ընտրեք «գործադրել հավատքի մի մասնիկ», ընտրեք «փորձարկել Նրա խոսքը» (Ալմա 32.27): Փրկիչը բացատրել է. «Եթե մեկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդյոք Աստուածանի՞ց է, կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում» (Հովհաննես Է.17):
-
Եթե տրամաբանությունը, դատողությունը կամ անձնական բանականությունը հակասում են սուրբ ուսմունքներին և վարդապետությանը, կամ հակասական ուղերձները հարձակում են գործում ձեր համոզմունքների վրա կրակոտ նետերի պես, ինչպես Պողոս Առաքյալն է նկարագրել (տես Եփեսացիս 6.16), ընտրեք սերմը ձեր սրտից անհավատությամբ դուրս չգցելը: Հիշեք, մինչև որ մեր հավատքը չի փորձվում, մենք վկայություն չենք ստանում (տես Եթեր 12.6):
-
Եթե ձեր հավատքը ստուգված և հասուն է, ընտրեք մեծ հոգածությամբ սնուցել այն (Ալմա 32.37): Թեպետ մեր հավատքը ամուր է, բոլոր խառը ուղերձների հարձակման հետ միասին, այն կարող է նաև փխրուն դառնալ: Այն մշտական սնուցման կարիք ունի սուրբ գրությունների շարունակ ուսումնասիրությամբ, աղոթքով և Նրա խոսքը կիրառելով:
Երբ աշակերտները տեսան, թե ինչպես է Փրկիչը դևին դուրս հանում, նրանք հարցրեցին Նրան, թե ինչու իրենք չկարողացան դևին դուրս հանել: Հիսուսը պատասխանեց. «Եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս սարին կասեք՝ փոխադրվիր այստեղից այնտեղ, և նա կփոխադրվի» (Մատթեոս 17.20): Ես երբեք իրական սարի փոխադրվելու ականատեսը չեմ եղել: Սակայն հավատքի շնորհիվ ես տեսել եմ, ինչպես է կասկածի և հուսալքության սարը փոխադրվել և փոխարինվել հույսով և լավատեսությամբ: Հավատքի շնորհիվ ես անձնապես ականտես եմ եղել, թե ինչպես է մեղքի սարը տեղափոխվում, փոխարինվելով ապաշխարությամբ և ներմամբ: Եվ հավատքի շնորհիվ ես անձնապես ականատես եմ եղել ցավի սարի տեղափոխվելուն, որի տեղը գրավել են խաղաղությունը, հույսն ու երախտագիտությունը: Այո, ես տեսել եմ ինչպես են սարեր տեղափոխվել:
-
Իմ հավատքի շնորհիվ ես ակտիվացրել եմ քահանայության իշխանությունը, որն ես կրում եմ, եղել եմ ավետարանի քաղցրության ճաշակողը և ընդունել եմ փրկող արարողությունները:
-
Իմ հավատքի շնորհիվ ես խաղաղ և վստահ եմ անցնում կյանքի մաքառումների և դժվարությունների միջով:
-
Իմ հավատքի շնորհիվ ես կարողացել եմ հարցերն ու անգամ կասկածները վերածել հավաստիացումների և հասկացողության:
-
Իմ հավատքի շնորհիվ անհայտ, անտեսանելի և անբացատրելի բաներին ես մոտենում եմ անտարակույս վստահությամբ:
-
Եվ իմ հավատքի շնորհիվ, անգամ արտաքուստ թվացող վատ ժամանակներում, ես խաղաղությամբ և երախտագիտությամբ գիտակցում եմ, որ իրականում դրանք լավագույն ժամանակներն են:
Եվ երբ մենք ընտրում ենք հավատքը, և ապա զարգացնում այդ հավատքը հասցնելով Տիրոջ բաների մասին կատարյալ գիտելիքի, ապա օգտագործում ենք «ես վկայում եմ» կամ «ես գիտեմ» խոսքերը: Ես ինքս եմ սերմը դրել իմ սրտում և իմ կյանքի ընթացքում փորձել եմ աճեցնել այդ սերմը հասցնելով այն «կատարյալ գիտելիքի»: Եվ այսօր, այս ամբիոնի մոտ կանգնած, ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է, աշխարհի Քավիչը: Բացի այդ, ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր և Տիրոջ կենդանի գործիքը, որն օգտագործվեց երկրին վերադարձնելու Հիսուս Քրիստոսի ամբողջական և ճշմարիտ ավետարանը: Ես վկայում եմ, որ Թոմաս Ս. Մոնսոնը այսօր Տիրոջ մարգարեն է: Նմանապես, հավատքի ընտրությունը ձերն է, իմն է: Ընտրեք հավատքը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: