2010–2019 թթ․
Միասին կրկին հանդիպելով
Հոկտեմբեր 2010


Միասին կրկին հանդիպելով

Միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է՝ պարտավորություն, որ Տերն ակնկալում է մեզանից, ում այսքան շատ է տրված:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք ողջունում ենք ձեզ, այս գերագույն համաժողովին, որը տարբեր միջոցներով հաղորդվում է աշխարհով մեկ: Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս մեծ նախաձեռնության կազմակերպման մեջ:

Վերջին անգամ ապրիլին մեր հանդիպումից հետո, Եկեղեցու աշխատանքը առանց խոչնդոտների առաջ է գնում: Ես պատիվ եմ ունեցել նվիրագործել նոր տաճարներ: Իմ խորհրդականների և Բարձրագույն մյուս Իշխանությունների ուղեկցությամբ ես այցելել եմ Գիլա Վելի, Արիզոնա; Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա; Սեբու Սիթի, Ֆիլիպիններ և Կիև, Ուկրաինա: Այդ բոլոր տաճարները զարմանահրաշ էին: Ամեն մեկը օրհնություն է մեր անդամների կյանքում և բարու ազդեցություն նրանց համար, ովքեր մեր հավատքից չեն:

Բոլոր տաճարների նվիրագործման նախորդ երեկո մենք պատիվ ենք ունեցել դիտել մշակութային տոնակատարություններ, որոնց մասնակցում էին մեր երիտասարդ և ոչ-այդքան երիտասարդ անամները: Այդ միջոցառումները սովորաբար անց են կացվում մեծ մարզադաշտում, թեև Կիևում մենք հավաքվեցինք մի սքանչելի վայրում: Պարը, երգը, երաժշտական կատարումները և ցուցահանդեսները հիանալի էին: Ես իմ գովասանքի և սիրո խոսքերն եմ հղում բոլորին, ովքեր ներկրավված են եղել:

Ցանկացած տաճարի նվիրագործում հոգևոր տոն է: Ամեն անգամ մենք զգում ենք Տիրոջ Հոգին:

Հաջորդ ամիս մենք կվերանվիրագործենք Լեի Հավայի Տաճարը՝ ամենահին տաճարներից մեկը, որը խոշոր վերանորոգման է ենթարկվել ամիսների ընթացքում: Մենք անհամբեր սպասում ենք այդ սուրբ իրադարձությանը:

Մենք շարունակում ենք տաճարներ կառուցել: Այս առավոտ ես ուրախ եմ հայտարարելու հինգ նոր տաճարների մասին, որոնց համար հողատարածքները ձեռք են բերվել և որոնք հետագա ամիսների և տարիների ընթացքում կկառուցվեն հետևյալ վայրերում. Լիսաբոն, Պորտուգալիա; Ինդիանապոլիս, Ինդիանա; Ուրդանետա, Ֆիլիպիններ; Հարթֆորդ, Քոնեքթիկութ և Թիհուանա, Մեքսիկա:

Մեր տաճարներում կատարվող արարողությունները էական են մեր և մեր մահացած հարազատների փրկության համար: Եկեք շարունակենք հավատքով հաճախել տաճարներ, որոնք ավելի ու ավելի մոտ են կառուցվում մեր անդամներին:

Այժմ, այս առավոտ մեր խոսնակներին լսելուց առաջ, թույլ տվեք նշել մի հարց, որը մոտ է իմ սրտին և որն արժանի է մեր լուրջ ուշադրությանը: Ես խոսում եմ միսիոներական աշխատանքի մասին:

Առաջինը, Ահարոնյան Քահանայության երիտասարդներին և ձեզ՝ երիտասարդներ, որ դառնում եք երեցներ, ես կրկնում եմ այն, ինչ շարունակ ուսուցանել են մարգարեները. յուրաքանչյուր արժանի ունակ երիտասարդ տղամարդ պետք է պատրաստվի միսիայում ծառայելուն: Միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է՝ պարտավորություն, որ Տերն ակնկալում է մեզանից, ում այսքան շատ է տրված: Երիտասարդ տղամարդիկ, ես հորդորում եմ ձեզ պատրաստվել ծառայության որպես միսիոներ: Պահեք ձեզ մաքուր, անարատ և արժանի՝ Տիրոջը ներկայացնելու: Հետևեք ձեր առողջությանը և ուժերին: Ուսումնասիրեք սուրբ գրությունները: Եթե հնարավոր է, մասնակցեք սեմինարիային կամ ինստիտուտին: Ծանոթացեք Քարոզիր Իմ Ավետարանը միսիոներական ձեռնարկին:

Խոսքս ձեզ՝ երիտասարդ քույրեր. թեև դուք չունեք որպես լիաժամկետ միսիոներներ ծառայելու քահանայության նույն պարտականությունը, դուք նույնպես արժեքավոր ներդրում ունեք որպես միսիոներներ, և մենք ողջունում ենք ձեր ծառայությունը:

Իսկ այժմ, ձեր հասուն եղբայրներին և քույրերին. մենք շատ ու շատ ավագ զույգերի կարիքն ունենք: Այժմ ծառայող և անցյալում ծառայած հավատարիմ զույգերին մենք շնորհակալություն ենք հայտնում իրենց հավատքի Հիսուս Քրիստոսի ավետարանին նվիրվածության համար: Դուք ծառայում եք պատրաստակամորեն և լավ, և մեծ բարի նպատակ եք իրականացնում:

Նրանց, ովքեր դեռ չեն հասել այն տարիքի, երբ կարող են ծառայել միսիայում որպես զույգեր, ես կոչ եմ անում այժմ պատրաստվել այն օրվան, երբ ձեր կնոջ կամ ամուսնու հետ կկարողանաք դա անել: Եթե ձեր պայմանները թույլ են տալիս, եթե դուք կարող եք թոշակի անցնել և եթե առողջական խնդիրներ չունեք, պլանավորեք հեռանալ տնից և լիաժամկետ միսիոներական ծառայություն մատուցել: Կան մի քանի պահեր ձեր կյանքում, երբ դուք կվայելեք հոգու և բավարարվածության քաղցրությունը, որ Վարդապետի աշխատանքում՝ միասին լիաժամկետ միսիոներական ծառայության արդյունքում է գալիս:

Այժմ, իմ եղբայրներ և քույրեր, տրամադրվեք Տիրոջ Հոգու հանդեպ, մինչ այս երկու օրերի ընթացքում մենք կլսենք Նրա ծառաներին: Թող սա օրհնություն լինի յուրաքանչյուրիս համար, ես խոնարհաբար աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: