2010–2019 թթ․
Մնացեք ուղու վրա
Հոկտեմբեր 2010


Մնացեք ուղու վրա

Երբ բռնած մեր երեխաների ձեռքը քայլենք Փրկչի ետևից, մենք բոլորս կվերադառնանք մեր երկնային տուն և ապահով կլինենք մեր Երկնային Հոր ձեռքերում:

Վերջերս փոքրիկ Քեյթ Էլիզաբեթի ծննդյան ականատեսը եղա: Այս աշխարհ գալուց և իր մայրիկի ձեռքերում հայտնվելուց հետո, Քեյթը ձգվեց և բռնեց իր մայրիկի մատը: Կարծես փոքրիկ Քեյթը ասում էր. «Եթե ես ամուր կառչեմ, կօգնե՞ս ինձ իմ Երկնային Հոր մոտ տանող ուղու վրա մնամ»:

Յոթ տարեկանում Ջոզեֆ Սմիթը վարակվեց տիֆով և նրա ոտքը բորբոքվեց: Բժիշկ Նաթան Սմիթը փորձարկում էր մի եղանակ, որով բորբոքված ոտքը hնարավոր էր փրկել: Առանց ցավազրկման Բժիշկ Սմիթը պետք է բացվածք աներ Ջոզեֆի ոտքի վրա և հեռացներ ոսկորի բորբոքված հատվածը: Ջոզեֆը հրաժարվեց կոնյակ խմել և կապվել ցավին դիմանալու համար, նա ասաց. «Թող հայրս նստի կողքիս և բռնի ձեռքերս, և ես կանեմ ինչ անհրաժեշտ է»:1

Ողջ աշխարհի երեխաներին մենք ասում ենք. «Ձեռքս բռնիր, ամուր կառչիր: Մենք միասին կմնանք մեր Երկնային Հոր մոտ տանող ուղու վրա»:

Ծնողներ, տատիկներ և պապիկներ, հարևաններ, ընկերներ, Երեխաների Խմբերի ղեկավարներ, մեզանից յուրաքանչյուրը կարող է հասնել և օգնել երեխաներին: Մենք կարող ենք դադար առնել, ծնկի իջնել և նայել նրանց աչքերի մեջ և տեսնել Փրկչին հետևելու նրանց բնածին ցանկությունը: Բռնեք նրանց ձեռքը: Քայլեք նրանց հետ: Մեզ բախտ է վիճակվել նրանց համար խարիխս լինել հավատքի ճանապարհին:

Ոչ մի երեխա չպետք է միայնակ անցնի ճանապարհը, երբ մենք ազատորեն խոսում ենք մեր երեխաների հետ փրկության ծրագրից: Ծրագիրը հասկանալը կօգնի նրանց կառչել այն ճշմարտություններից, որ իրենք Աստծո զավակներն են, որ Նա ծրագիր ունի իրենց համար, որ նրանք ապրել են Նրա հետ նախամահկանացու կյանքում, որ նրանք ուրախությունից բացականչել են, որ գալու են այս երկիր, և որ Փրկչի օգնությամբ մենք բոլորս կարող ենք վերադառնալ մեր Երկնային Հոր ներկայություն: Նրանք չեն վախենա, եթե հասկանան ծրագիրը և իմանան, թե ով են:

Ալմա 24 -ում կարդում ենք. «Նա սիրում է մեր հոգիները [և] նա սիրում է մեր զավակներին. հետևաբար … փրկության ծրագիրը հայտնի կդարձվի մեզ, ինչպես նաև՝ ապագա սերունդներին»:2

Մենք սկսում ենք մեր երեխաներին ծանոթացնել ծրագրին, երբ ինքներս ենք ամուր կառչում երկաթե ձողից:

Երկաթե ձողից ամուր կառչելով, մենք այնպիսի դիրքում ենք գտնվում, որ կարող ենք մեր ձեռքերում պահել նրանց ձեռքերը և միասին քայլել նեղ ու անձուկ ճանապարհով: Մեր օրինակը մեծանում է նրանց աչքում: Նրանք մեզ համընթաց կգնան, եթե մեր պահվածքում ապահովություն զգան: Երեխաները ցանկանում են իրենց մեզ հետ մեկ զգալ: Երբ ծնողն ասում է. «Մենք կարող ենք դա անել: Ամեն օր մենք կարող ենք ընտանիքով սուրբ գրությունները կարդալ», երեխաները հետևում են դրան:

Չորս զավակ ունեցող նման մի ընտանիք գրում է. «Մենք որոշեցինք սկսել քիչ-քիչ, որպեսզի մեր երեխաների ուշադրությունը կարողանայինք կենտրոնացած պահել: Մեր ամենամեծ երեխան դեռևս չէր կարդում, սակայն նա կարողանում էր կրկնել մեր խոսքերը, այնպես որ մենք սկսեցինք կարդալ Մորմոնի Գիրքը, պարզապես երեք հատված ամեն գիշեր: Ամուսինս և ես կարդում էինք հատվածը, իսկ հետո Սիդնին կրկնում էր այդ հատվածը: Հետագայում աստիճանաբար անցանք չորս հատվածի, ապա հինգ, երբ տղաները սկսեցին կրկնել իրենց հատվածները: Իհարկե, դա հոգնեցուցիչ էր, սակայն մենք շարունակում էինք: Մենք փորձում էինք հետևողական լինել, ոչ թե կենտրոնանալ արագության վրա: Մեզանից պահանջվեց երեք ու կես տարի Մորմոնի Գիրքն ավարտելու համար: Մենք նվաճման հրաշալի զգացողություն ունեինք»:

Այդ մայրը շարունակում է. «Այժմ սուրբ գրությունների ամենօրյա ընթերցանությունը սովորություն է դարձել մեր ընտանիքում: Մեր երեխաները սովորել են սուրբ գրության լեզվին, և ես ու ամուսինս ամեն առիթ օգտագործում ենք ճշմարտությունների մասին վկայելու համար: Ամենակարևորը, մեր տունը լցվել է Հոգով»:

Դուք ընկալեցի՞ք այս ընտանիքի փորձառությունից այն, ինչ ես եմ հասկացել: Երբ նպատակադրվում ենք ամուր կառչել Աստծո խոսքից, մեր սուրբ գրության ընթերցանությունը կարող է լինել ամեն անգամ մի հատված: Սկսելու համար երբեք ուշ չէ: Դուք կարող եք այժմ սկսել:

Աշխարհը կսովորեցնի մեր երեխաներին, եթե մենք չսովորեցնենք, իսկ երեխաները մանուկ հասակում ունակ են սովորելու այն ամենը, ինչ աշխարհը կսովորեցնի: Այն, ինչ մենք ուզում ենք, որ նրանք իմանան հինգ տարի անց, այժմ պետք է դառնա նրանց հետ մեր զրույցի մասը: Սովորեցրեք նրանց ամեն մանրուք՝ թող ամեն երկընտրանք, ամեն հետևանք, ամեն փորձություն, որ կարող են ծառանալ նրանց առաջ, առիթ լինեն սովորեցնելու նրանց, թե ինչպես պետք է կառչել ավետարանի ճշմարտություններից:

Շենոնը, մի երիտասարդ մայր, չէր սպասում, որ պարզապես 40 րոպե անց իր երեխաներին ուսուցանելու է աղոթքի զորությունը, երբ երեխաներին տեղավորեց մեքենայի մեջ և սկսեց մեքենան վարել դեպի տուն: Ոչ մի փոթորիկ չկար, երբ նրանք դուրս եկան տատիկի տնից, բայց երբ նա սկսեց վարել կիրճի միջով, թույլ ձյունը փոխվեց ձնաբքի: Մեքենան սկսեց սահել ճանապարհի վրայով: Շուտով տեսանելիությունը գրեթե զրո էր: Երկու փոքրիկները, զգալով լարված պահը սկսեցին լաց լինել: Շենոնն ասաց մեծ երեխաներին՝ 8-ամյա Հեյդիին և 6-ամյա Թոմասին. «Դուք պետք է աղոթեք: Ապահով տուն հասնելու համար մենք Երկնային Հոր օգնության կարիքն ունենք: Աղոթեք, որ մենք չմնանք ճանապարհին և սահելով ճանապարհից դուրս չընկնենք»: Մեքենան վարելիս նրա ձեռքերը դողում էին, բայց նա կարողանում էր լսել փոքրիկների աղոթքի շշունջը, որ անընդհատ իրեն էր հասնում ետևի նստատեղից. «Երկնային Հայր, խնդրում ենք օգնիր մեզ ապահով հասնել տուն, խնդրում ենք օգնիր մեզ, որ ճանապարհից դուրս չընկնենք»:

Երբ աղոթքները հանգստացրին երկու փոքրիկներին, և նրանք դադարեցին լաց լինելը, այդ պահին տեսան, որ ճանապարհը փակ է և չի թույլատրվում այդ ուղղությամբ վարել: Զգուշորեն նրանք շրջադարձ կատարեցին և մի փոքր հյուրանոց գտան գիշերելու համար: Հյուրանոցի սենյակում նրանք ծնկի իջան և շնորհակալություն հայտնեցին Երկնային Հորը իրենց ապահովության համար: Այդ գիշեր մայրն իր զավակներին սովորեցրեց հավատարմորեն աղոթքից կառչելու զորության մասին:

Ինչպիսի՞ փորձությունների կհանդիպեն մեր երեխաները: Ջոզեֆ Սմիթի նման մեր երեխաները կարող են քաջություն ունենալ «անելու այն, ինչ անհրաժեշտ է»: Երբ մենք նպատակադրվում ենք ամուր պահել նրանց և ուսուցանել Երկնային Հոր ծրագիրը աղոթքի և սուրբ գրությունների օգնությամբ, նրանք կիմանան, թե որտեղից են եկել, ինչու են այստեղ և ուր են գնում:

Անցյալ գարուն ես ու ամուսինս հաճախեցինք մեր չորս տարեկան թոռնիկի ֆուտբոլի խաղին: Դաշտում զգացվում էր ոգևորությունը, երբ խաղացողները ամեն կողմից վազում էին գնդակի ետևից: Երբ ավարտական սուլոցը լսվեց, խաղացողները չգիտեին, թե ով հաղթեց և ով պարտվեց: Նրանք պարզապես խաղ էին խաղում: Մարզիչները խաղացողներին ուղղորդեցին, որպեսզի սեղմեին հակառակ թիմի խաղացողների ձեռքը: Ապա ես նկատեցի մի շատ նշանակալից բան: Մարզիչը կոչ արեց հաղթական թունել ստեղծել: Բոլոր ծնողները, տատիկներն ու պապիկները և հանդիսատեսները, ովքեր եկել էին խաղը դիտելու, երկու գծով կանգնեցին միմյանց դեմ դիմաց և իրենց ձեռքերը բարձրացնելով կամար ստեղծեցին: Երեխաները ճչալով վազում էին ուրախ բացականչող մեծերի արանքով և հանդիսատեսի կազմած ճանապարհով: Շուտով հակառակորդ թիմի երեխաներն էլ միացան այդ զվարճանքին: Բոլոր խաղացողներին՝ հաղթողներին ու պարտվողներին մեծերը ուրախ բացականչություններով ողջունում էին, և երեխաները վազում էին հաղթանակի թունելով:

Իմ մտքի աչքով ես մեկ այլ պատկեր տեսա: Կարծես ես նայում էի ծրագրով ապրող երեխաներին, ծրագիր, որը Երկնային Հայրը ստեղծել է անհատապես յուրաքանչյուր զավակի համար: Նրանք վազում էին նեղ ու անձուկ ճանապարհով իրենց սիրող հանդիսատեսի ձեռքերի տակով, յուրաքանչյուրն ապրելով ուղու վրա գտնվելու ուրախությունը:

Հակոբն ասաց. «Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը»:3 Փրկիչը «ցույց տվեց ճանապարհը և առաջնորդեց»:4 Ես վկայում եմ, որ երբ բռնած մեր երեխաների ձեռքը քայլենք Փրկչի ետևից, մենք բոլորս կվերադառնանք մեր երկնային տուն և ապահով կլինենք մեր Երկնային Հոր ձեռքերում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Տես Lucy Mack Smith, History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley (1958), 56–57:

  2. Ալմա 24.14:

  3. 2 Նեփի 9.13:

  4. “How Great the Wisdom and the Love,” Hymns, no. 195.