2010–2019 թթ․
Եվ մի քանիսին ողորմեցեք խտրություն անելով
Հոկտեմբեր 2010


2:3

Եվ մի քանիսին ողորմեցեք խտրություն անելով

Այցելող ուսուցման հմայքը տեսնելն է, թե ինչպես են փոխվում կյանքերը, սրբվում արցունքները, աճում վկայությունները, սիրվում մարդիկ, ամրանում ընտանիքները:

Իմ սիրելի քույրեր, ինչպիսի օրհնություն է լինել ձեզ հետ, զգալ ձեր ուժը և սերը Տիրոջ հանդեպ: Շնորհակալություն ձեզ բոլորիդ այն սիրո և կարեկցանքի համար, որով կիսվում եք մյուսների հետ ամեն օր:

Նավույում Սփոփող Միության վաղ շրջանում, մենք գիտենք, որ քույրերը գնում էին տնից տուն, ծառայելով մեկը մյուսին, նկատելով կարիքները, բերելով ուտելիք, խնամելով հիվանդներին և կարեկցանք ցուցաբերելով կնոջը և նրա ընտանիքին: Սա հիշեցնում է սուրբ գրվածք Հուդայից. «Եվ մի քանիսին ողորմեցեք խտրություն անելով»: Խորհելով այս սուրբ գրության և դրա նշանակության մասին, մտքով շրջվում եմ դեպի Փրկիչը և սուրբ գրքերի այն հատվածները, որոնք մեզ պատմում են յուրաքանչյուրի հանդեպ Քրիստոսի սիրո և կարեկցանքի մասին:

Նոր Կտակարանում հաճախ մենք կարդում ենք, որ Քրիստոսը «գթաց» մարդկանց հանդեպ, երբ արձագանքում էր նրանց կարիքներին: Նա կարեկցում էր. երբ տեսնում էր նրանց սոված, կերակրում էր, երբ հիվանդ էին, Նա բուժում էր, կամ երբ նրանք հոգևոր սնուցման կարիքի մեջ էին, Նա ուսուցանում էր:

Կարեկցանք նշանակում է սեր և գթություն ունենալ մեկ այլ անձի հանդեպ: Դա նշանակում է ըմբռնել և ցանկանալ թեթևացնել մյուսների տառապանքները: Դա նշանակում է բարություն և քնքշություն դրսևորել մյուսի հանդեպ:

Փրկիչը խնդրել է մեզ անել այնպես, ինչպես Ինքն էր անում, կրել միմյանց բեռը, սփոփել սփոփանքի կարիք ունեցողին, ողբալ ողբացողի հետ, կերակրել սովյալին, այցելել հիվանդին, նեցուկ լինել թույլին, բարձրացնել ընկնող ձեռքերը, և «ուսուցանել միմյանց արքայության վարդապետությունը»: Ինձ համար, այս խոսքերը և գործերը նկարագրում են այցելող ուսուցիչներին՝ նրանց, ովքեր ծառայում են ուրիշներին:

Այցելող ուսուցումը կանանց հնարավորություն է տալիս հսկել, ամրապնդել և ուսուցանել միմյանց: Ինչպես Ահարոնյան Քահանայության ուսուցիչը պատասխանատվություն է կրում «միշտ հսկել եկեղեցու վրա» և «ամրապնդել այն», այցելող ուսուցիչը ցույց է տալիս իր սերը, աղոթքով մտածելով յուրաքանչյուր կնոջ մասին, ում կանչված է ծառայելու:

Քույր Ջուլի Բեքը մեզ հիշեցրել է. «Քանի որ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին և ուսմունքներին, մենք գնահատում ենք Իր փոխարեն սիրելու, իմանալու, ծառայելու, հասկանալու, ուսուցանելու և ծառայելու այս սուրբ հանձնարարությունը»:

Այսօր ես ուզում եմ խոսել երկու հարցի շուրջ.

  • Օրհնությունների մասին, որ դուք բերում եք մյուսներին, ծառայելով որպես այցելող ուսուցիչ:

  • Եվ օրհնությունների մասին, որ ստանում եք, ծառայելով մյուսներին:

Օրհնություններ, որ դուք բերում եք մյուսներին, ծառայելով որպես այցելող ուսուցիչ

Ոչ շատ ժամանակ առաջ ես այցելեցի կանանց մի խմբի Անքորիջում, Ալյասկա: Սենյակում ներկա էին 12 կին և 6 հոգի էլ միացել էին բարձրախոս հեռախոսակապով Ալյասկայի այլ քաղաքներից: Այդ կանանցից շատերը հարյուրավոր մղոն հեռու էին ապրում Եկեղեցու շենքից: Այդ կանայք ինձ սովորեցրեցին այցելող ուսուցման մասին:

Բոլոր քույրերին անձնական այց կատարելու համար պահանջվում էր ուղևորություն օդանավով, նավով կամ երկար ճանապարհ մեքենայով: Ակնհայտ էր, որ ժամանակն ու ծախսը անհնարին էին դարձնում տնային այցելությունները: Ինչևէ, այդ քույրերը սերտորեն կապված էին իրենց զգում, որովհետև եռանդուն աղոթում էին մեկը մյուսի համար և փնտրում էին Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ իմանալու համար իրենց քույրերի կարիքները, թեև միշտ չէին անձամբ հանդիպում իրար: Նրանք կապի մեջ էին մնում հեռախոսի, ինտերնետի և փոստի միջոցով: Նրանք ծառայում էին սիրով, որովհետև ուխտեր էին կապել Տիրոջ հետ և ցանկանում էին օրհնել և ամրացնել իրենց քույրերին:

Մեկ այլ նվիրյալ այցելող ուսուցիչների զույգ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ոտքով մեծ ճանապարհ էին անցնում մի կնոջ ու նրա երեխային այցելելու համար: Այս քույրերը աղոթքով ուղերձ էին պատրաստում և ջանում էին իմանալ, թե ինչ փոփոխություն կարող էին կատարել այդ սիրելի կնոջ կյանքում: Կինը երջանիկ էր նրանց այցից: Նրա համար նրանց այցը ուղերձ էր երկնքից: Երբ այցելող ուսուցիչները հանդիպեցին նրա համեստ տանը, այդ քույրը, նրա ընտանիքը և այցելող ուսուցիչները կրթվեցին և օրհնվեցին: Երկար քայլելը զոհաբերություն չէին թվում: Այդ այցելող ուսուցիչները կարեկցանք ունեին, փոխելով կյանքը դեպի լավը և օրհնելով այդ կնոջ կյանքը:

Մեծ տարածությունները, ծախսերը և անվտանգության հարցերը Եկեղեցու որոշ տարածքներում ամսական անձնական հանդիպումները անհնարին են դարձնում: Սակայն անձնական հայտնության զորությամբ այն քույրերը, ովքեր անկեղծ ձգտում են սիրել, հսկել և ամրապնդել միմյանց, իմաստալից ուղիներ են գտնում Տիրոջից ստացված այս կոչը գործի դնելու համար:

Սփոփող Միության ոգեշնչված նախագահները խորհրդակցում են իրենց եպիսկոպոսի հետ և աղոթքով կատարում են այցելող ուսուցման հանձնարարությունները, օգնելով նրանց հսկել և հոգ տանել ծխում բոլոր կանանց համար: Երբ մենք հասկանում ենք խորհրդակցելու և հայտնության այս գործընթացը, մենք ավելի լավ ենք ընբռնում ծառայելու մեր կարևոր պարտականությունը և ավելի վստահ ենք ապավինում Հոգուն, որ Նա ուղղորդի մեր ջանքերը:

Ես նրանցից մեկն եմ, ով ամեն ամիս այցելում է մի քանի կին, ապա հանգիստ խղճով հպարտությամբ հայտարաում, որ իմ այցելող ուսուցումը կատարված է: Այո, հաշվեվոտւթյան մասը մի գուցե կատարված է, բայց եթե այդ գործն անելու միակ պատճառը դա է, ինչպիսի ամոթ:

Այցելող ուսուցման հմայքը ոչ թե ամսական հաշվետվության մեջ 100 տոկոս տեսնելն է, այլ տեսնելը, ինչպես են փոխվում կյանքերը, սրբվում արցունքները, աճում վկայությունները, սիրվում մարդիկ, ամրանում ընտանիքները, ուրախանում մարդիկ, կերակրվում սովյալները, այցելվում հիվանդները և սփոփվում ողբացողները: Իրականում, այցելող ուսուցումը երբեք չի ավարտվում, քանի որ հսկելը և ամրապնդելը տեղի է ունենում անընդհատ:

Այցելող ուսուցման մեկ այլ օրհնոթյուն է միասնություն և սեր զարգացնելը: Սուրբ գրությունները մեզ խորհուրդ են տալիս այդ մասին. «Եվ նա պատվիրեց նրանց, որ նրանք … պետք է նայեն դեպի ապագան մեկ աչքով, ունենալով մեկ հավատք և մեկ մկրտություն, միավորելով իրենց սրտերը միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ»:

Շատ կանայք խոստովանում են, որ Եկեղեցու ակտիվությանը վերադառնալու պատճառը եղել է հավատարիմ այցելող ուսուցիչը, որն ամեն ամիս եկել և ծառայել է, օգնության է հասել, սիրել և օրհնել է իրենց:

Երբեմն ուղերձը կլինի որոշակի այցի ամենակարևոր մասը: Որոշ կանայք իրենց կյանքի հոգևոր հիմնական սնուցումը ստանում են ձեր բերած ուղերձներից: Լիահոնայի Այցելող Ուսուցիչների Ուղերձները ավետարանական ուղերձներ են, որ օգնում են յուրաքանչյուր կնոջ մեծացնել հավատը, ամրացնել ընտանիքը և կարևորել գթասիրտ օգնությունը:

Երբեմն ձեր այցի ամենակարևոր օրհնությունը կլինի պարզապես լսելը: Լսելը մխիթարանք, հասկացողություն և ապաքինում է պարգևում: Մինչդեռ մեկ այլ ժամանակ դուք ստիպված կլինեք քշտելով թևքերը օգնել տան գործերում կամ հանգստացնել լացող երեխային:

Օրհնություններ, որ ստանում եք, ծառայելով մյուսներին

Օրհնություններ, որ ստանում եք, ծառայելով մյուսներին: Ես երբեմն ասում եմ. «Օհ, ես պետք է տնային ուսուցում կատարեմ»: (Դա այն պահերն են, երբ ես մոռանում եմ, որ այցելում և ուսուցանում եմ կանանց: Դա այն պահերն են, երբ ես նայում եմ դրան ավելի շուտ որպես բեռի, քան օրհնության:) Ես ազնվությամբ կարող եմ ասել, որ երբ գնում եմ այցելության, միշտ ավելի լավ եմ զգում: Ես աճած, սիրված և օրհնված եմ զգում, սովորաբար շատ ավելի, քան այն քույրը, որին այցելում եմ: Իմ սերը խորանում է: Ծառայելու իմ ցանկությունը աճում է: Եվ ես կարողանում եմ տեսնել, թե ինչ սքանչելի ուղի է պատրաստել մեզ համար Երկնային Հայրը՝ միմյանց հսկելու և իրար մասին հոգալու համար:

Այցելող ուսուցիչ լինելու մեկ այլ օրհնություն է այն, որ մենք ծանոթանում և ընկերանում ենք նրանց հետ, ում այլապես չէինք ճանաչի: Երբեմն, դա թույլ է տալիս մեզ դառնալ որևէ մեկի աղոթքի պատասխանը: Բացի դա, անձնական հայտնությունը և հոգևոր փորձառությունները սերտորեն կապված են այցելությամբ ուսուցման հետ:

Իմ կյանքի առավել խոնարհեցնող, որախալի և հոգևոր փորձառությունները ես ունեցել եմ, երբ նստած եմ եղել իմ ծխի և աշխարհով մեկ այլ կանանց տներում: Մենք միմյանց սովորեցրել ենք ավետարանը: Մենք միասին լաց ենք եղել, միասին ծիծաղել ենք, միասին խնդիրներ ենք լուծել, և ես աճել և օրհնվել եմ:

Մի երեկո, ամսվա վերջին, ես պատրաստվում էի հեռանալ քաղաքից, սակայն դեռ չէի այցելել իմ քույրերից մեկին: Ուշ երեկո էր: Ես նշանակված հանդիպում չունեի: Ես չզանգահարեցի: Ես զուգընկեր չունեի: Բայց ես որոշեցի, որ կարևոր էր այցելել ընկերուհուս՝ Ջուլիին: Ջուլիի դուստրը՝ Էշլին, ծնվել էր թույլ ոսկորների արատով: Թեև նա գրեթե վեց տարեկան էր, շատ փոքրամարմին էր և գրեթե ոչինչ չէր կարողանում անել, բացի ձեռքերը շարժելուց և խոսելուց: Նա ամբողջ օրը պառկած էր ոչխարի մորթուց գորգի վրա: Էշլին երջանիկ, զվարթ երեխա էր, և ես սիրում էի նրա մոտ գտնվել:

Այդ երեկո, երբ ես գնացի նրանց տուն, Ջուլին ինձ ներս հրավիրեց, իսկ Էշլին ձայն տվեց, որ իր մոտ գնամ. նա բան էր ուզում ինձ ցույց տալ: Ես գնացի և ծնկի իջա Էշլիի կողքին մի կողմից, իսկ նրա մայրը՝ մյուս կողմից: Էշլին ասաց. «Տես, ես ինչ կարող եմ անել»: Ապա մայրիկի մի փոքր օգնությամբ նա շրջվեց կողքի, ապա կրկին հետ: Վեց տարի էր պահանջվել, որ նա կարողանար հասնել այդ հիանալի նպատակին: Մենք ծափահարում, ուրախանում, ծիծաղում և լաց էինք լինում միասին, իսկ ես շնորհակալություն էի հայտնում Երկնային Հորը, որ գնացի այցելության և բաց չթողեցի այդ մեծ իրադարձությունը: Թեև այդ այցը շատ տարիներ առաջ էր և սիրելի Էշլին արդեն մահացել է, ես ընդմիշտ երախտապարտ կլինեմ նրա հետ այդ հատուկ փորձառությունն ունենալու համար:

Իմ սիրելի մայրը հիանալի ու նվիրված այցելող ուսուցիչ է եղել տարիներ շարունակ: Նա մշտապես մտածում էր այն ուղիների մասին, որոնցով կարող էր օրհնել ընտանիքներին, որոնց այցելում էր: Նա հատուկ ուշադրություն էր դարձնում իր կանանց երեխաներին, հուսալով ամրացնել ընտանիքները: Ես հիշում եմ, ինչպես հինգ տարեկան մի երեխա վազում էր Եկեղեցում մորս մոտ և բացականչում. «Դու իմ այցելող ուսուցիչն ես: Ես սիրում եմ քեզ»: Հիանալի կանանց ու նրանց ընտանիքների կյանքի մասը լինելը օրհնություն էր իմ մոր համար:

Այցելող ուսուցման հետ կապված ոչ բոլոր փորձառություններն են ջերմ և սքանչելի: Երբեմն դժվար է այցելել մի տուն, որտեղ դու իրականում լավ չես ընդունվում, կամ հանդիպել մի քրոջ հետ, որը շատ զբաղված է: Կարող է ժամանակ պահանջվել քույրերի հետ լավ հարաբերություններ հիմնելու համար: Բայց երբ մենք անկեղծորեն աշխատում ենք սիրել, հոգ տանել և աղոթել քրոջ համար, Սուրբ Հոգին օգնում է ճանապարհ գտնել՝ նրան հսկելու և ամրապնդելու համար:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ծառայելու վարպետ է, ինչպես Փրկիչն էր: Նա անընդմեջ ջանում էր այցելել և օգնել մյուսներին: Նա ասել է. «Մենք շրջապատված ենք մեր ուշադրության, մեր խրախուսանքի, մեր աջակցության, մեր մխիթարության, մեր բարության կարիքն ունեցող մարդկանցով: … Մենք Տիրոջ ձեռքերն ենք երկրի վրա, Նրա զավակներին ծառայելու և բարձրանելու կոչումով: Նա ապավինում է մեզանից յուրաքանչյուրին»:

«Եվ ոչ ոք չի կարող օգնել այս գործում, եթե նա չլինի խոնարհ և սիրով լի, ունենալով հավատք, հույս և գթություն, ժուժկալ լինելով բոլոր բաներում, ինչ էլ որ վստահված լինի նրա խնամքին»:

Կանայք, որոնց մենք այցելությամբ ուսուցանում ենք, վստահվել են մեր խնամքին: Եկեք սեր և կարեկցանք ցուցաբերենք և փոփոխություն մտցնենք նրանց կյանքում, ովքեր վստահվել են մեզ:

Քույրեր, ես սիրում եմ ձեզ: Ես աղոթում եմ, որ դուք զգաք մեր Երկնային Հոր և մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի սերը: Ես վկայում եմ ձեզ, որ Փրկիչն ապրում է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Տես Jill Mulvay Derr, Janath Russell Cannon, and Maureen Ursenbach Beecher, Women of Covenant: The Story of Relief Society (1992), 32–33:

  2. Հուդա 1.22:

  3. Մատթեոս 9.36; 14.14:

  4. Տես Հովհաննես ԺԴ.15:

  5. Տես Մոսիա 18.8:

  6. Տես Մոսիա 4,26:

  7. Տես Վարդապետություն և Ուխտեր 81.5:

  8. Վարդապետություն և Ուխտեր 88.77:

  9. Վարդապետություն և Ուխտեր 20.53:

  10. Julie B. Beck, “Relief Society: A Sacred Work,” Liahona, Nov. 2009, 113.

  11. Մոսիա 18.21:

  12. Thomas S. Monson, “What Have I Done for Someone Today?” Liahona, Nov. 2009, 86.

  13. Վարդապետություն և Ուխտեր 12, 8: