2010–2019 թթ․
Ահա այն մարդը
2018թ․ ապրիլ


2:3

Ահա այն մարդը

Նրանք, ովքեր իսկապես գտնում են Մարդուն, գտնում են կյանքի մեծագույն ուրախություններ տանող դուռը և կյանքի ամենադառը հուսահատության բալասանը։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, սիրելի՛ ընկերներ, ուրախ եմ այսօր ձեզ հետ այս հրաշալի գերագույն համաժողովի շաբաթ-կիրակի նիստերին ներկա լինելու համար։ Ես և Հարիեթը ձեզ հետ միասին ուրախությամբ հաստատեցինք Երեցներ Գոնգին և Սոարեսին և մյուս այլ եղբայրներին ու քույրերին, ովքեր այս գերագույն համաժողովի ժամանակ ստացան կարևոր կոչումներ։

Չնայած ես կարոտում եմ իմ սիրելի ընկեր Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնին, ես սիրում, հաստատում և աջակցում եմ մեր մարգարե և Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնին և նրա ազնվազարմ խորհրդականներին։

Շնորհակալ եմ և պատիվ ունեմ կրկին սերտորեն աշխատել Տասներկուսի Քվորումի իմ սիրելի ընկերակից Եղբայրների հետ։

Ես խոնարհվում եմ և շատ երջանիկ եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ, որտեղ միլիոնավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ պատրաստ են բարձրացնել իրենց կանգնած տեղերը, որ դիրքում և կոչման մեջ էլ որ լինեն, և իրենց ողջ սրտով ձգտեն ծառայել Աստծուն ու Նրա զավակներին՝ կառուցելով Աստծո արքայությունը։

Այսօր սուրբ օր է։ Զատիկի կիրակի է, և մենք նշում ենք այն փառահեղ առավոտը, երբ մեր Փրկիչը կոտրեց մահվան կապանքները և հաղթեց մահին։

Պատմության ամենամեծ օրը

Վերջերս ես համացանցում հարցում արեցի․ «Ո՞ր օրն է ամենաշատը փոխել պատմության ընթացքը»։

Պատասխանները զարմանալի ու տարօրինակ էին, ինչպես նաև՝ խորաթափանց և մտածելու տեղիք տվող։ Պատասխանների թվում էր այն օրը, երբ նախապատմական աստերոիդը հարվածեց Յուկատան թերակղզուն, կամ երբ 1440 թվականին Յոհաննես Գուտենբերգն ավարտեց իր տպագրական մեքենան և, իհարկե, 1903 թվականի այն օրը, երբ Ռայթ եղբայրները ցույց տվին աշխարհին, որ մարդն, իսկապես, կարող է թռչել:

Եթե այդ նույն հարցը ձեզ տրվեր, ի՞նչ պատասխան կտայիք դուք։

Ինձ համար պատասխանը հստակ է։

Պատմության ամենակարևոր օրը գտնելու համար մենք պետք է հիշենք մոտ 2000 տարի առաջ Գեթսեմանի այգու այն երեկոն, երբ Հիսուս Քրիստոսը ծնկի իջավ եռանդուն աղոթքով և իրեն փրկագին մատուցեց մեր մեղքերի համար: Այդ մեծ և անսահման զոհաբերության ժամանակ, երբ Հիսուս Քրիստոսը, նույնիսկ Աստված, հոգով և մարմնով նմանը չունեցող տառապանք կրեց և արյունահոսեց ամեն մի ծակոտիից։ Կատարյալ սիրուց մղված Նա տվեց ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք ստանալ ամեն ինչ։ Նրա աստվածային զոհաբերությունը, որը կարելի է զգալ միայն ողջ սրտով և մտքով, հիշեցնում է մեզ այն մեծ պարտքի երախտագիտության մասին, որը մենք պարտական ենք Քրիստոսին՝ Իր աստվածային պարգևի համար։

Ավելի ուշ՝ այդ գիշեր, Հիսուսը բերվեց կրոնական և քաղաքական իշխանավորների առջև, ովքեր ծաղրեցին Նրան, ծեծեցին Նրան և դատապարտեցին Նրան ամոթալի մահվան: Հոգևարքի մեջ նա կախված էր խաչից, մինչև «կատարվեց»։ Նրա անկյանք մարմինը դրվեց վարձու գերեզմանում: Եվ երրորդ օրն առավոտյան Հիսուս Քրիստոսը՝ Ամենակարող Աստծո Որդին, գերեզմանից դուրս եկավ փառահեղ, հարություն առած շքեղությամբ, լույսով և վեհությամբ։

Այո, պատմության ընթացքում բազմաթիվ իրադարձություններ կան, որոնք խորապես ազդել են ազգերի և ժողովուրդների ճակատագրերի վրա: Բայց համախմբեք բոլորին, և դրանք չեն կարող համեմատվել առաջին Զատիկի առավոտյան տեղի ունեցածի կարևորության հետ:

Ի՞նչն է, որ անսահման զոհաբերությունն ու Հիսուս Քրիստոսի Հարությունը դարձնում է պատմության ամենակարևոր իրադարձությունը, ավելի ազդեցիկ, քան աշխարհամարտերը, կործանարար աղետները և կյանք փոխող գիտական հայտնագործությունները:

Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կրկին կապրենք

Պատասխանը կայանում է երկու մեծ, անհաղթահարելի մարտահրավերների մեջ, որոնց մենք բոլորս հանդիպում ենք։

Առաջինը, մենք բոլորս մեռնում ենք։ Անկախ նրանից, թե որքան երիտասարդ եք, գեղեցիկ, առողջ կամ շրջահայաց, մի օր ձեր մարմինը կդառնա անկենդան: Ընկերներն ու ընտանիքը կսգան ձեր կորուստը։ Բայց նրանք չեն կարող ձեզ ետ բերել։

Այնուամենայնիվ, Հիսուս Քրիստոսի շնորհիվ ձեր մահը ժամանակավոր է լինելու: Ձեր հոգին մի օր կվերամիավորվի ձեր մարմնի հետ։ Այդ հարություն առած մարմինը ենթակա չի լինի մահվան, և դու կապրես հավերժ, ազատ ցավից և ֆիզիկական տառապանքից։

Դա տեղի կունենա Հիսուս Քրիստոսի շնորհիվ, ով իր կյանքը դրեց և կրկին վերցրեց:

Նա արեց դա բոլոր նրանց համար, ովքեր հավատացին Նրան։

Նա արեց դա բոլոր նրանց համար, ովքեր չհավատացին Նրան։

Նա արեց դա նույնիսկ բոլոր նրանց համար, ովքեր ծաղրեցին, անարգեցին և անիծեցին Նրա անունը։

Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ապրել Աստծո հետ

Երկրորդ, մենք բոլորս մեղք ենք գործել։ Մեր մեղքերի պատճառով հավետ կարող էինք ապրել Աստծուց բաժան, քանի որ «ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել նրա արքայությունը»։

Արդյունքում յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա չէր կարող վերադառնալ Նրա ներկայություն, այնքան ժամանակ, մինչև Հիսուս Քրիստոսը, անբիծ Գառը, Իր կյանքը որպես փրկագին վճարեր մեր մեղքերի համար։ Քանի որ Հիսուսը արդարության կարիք չուներ, Նա կարող էր վճարել մեր պարտքը և բավարարել արդարության պահանջները յուրաքանչյուր հոգու համար: Այդ թվում՝ ինձ և ձեզ։

Հիսուս Քրիստոսը վճարեց մեր մեղքերի գինը:

Բոլոր մեղքերի:

Պատմության այդ ամենակարևոր օրը Հիսուս Քրիստոսը բացեց մահվան դարպասները և մի կողմ դրեց այն խոչընդոտները, որոնք թույլ չէին տալիս մեզ մտնել հավիտենական կյանքի սուրբ և սրբագործված սրահները: Մեր Տիրոջ և Փրկիչի շնորհիվ ես և դուք ստացանք ամենաթանկ և անգնահատելի նվերը և անկախ մեր անցյալից, մենք կարող ենք ապաշխարել ու հետևել այն ճանապարհին, որը տանում է դեպի երկնային լույսը և փառքը՝ շրջապատված Երկնային Հոր հավատարիմ զավակներով:

Ինչո՞ւ ենք մենք ուրախանում։

Ահա, թե ինչ ենք տոնում Զատիկի կիրակի օրը՝ մենք տոնում ենք կյանքը։

Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կբարձրանանք մահվան հուսահատությունից և մեր սիրելիներին կընդունենք մեր գրկում, մեծ ուրախության և անսահման երախտագիտության արցունքներ թափելով։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կապրենք որպես հավերժական էակներ, աշխարհներ առանց վերջի։

Հիսուս Քրիստոսի շնորհիվ մեր մեղքերը ոչ միայն կարելի է ջնջել, դրանք կարելի է մոռանալ։

Մենք կարող ենք մաքրվել և վեհանալ։

Սուրբ։

Սիրելի Փրկիչի շնորհիվ մենք ընդմիշտ կարող ենք խմել այն աղբյուրի ջրից, որը բխում է հավերժական կյանքից։ Մենք կարող ենք հավիտյան ապրել մեր հավերժական Թագավորի ապարանքներում, աներևակայելի փառքի և կատարյալ երջանկության մեջ:

Արդյո՞ք մենք «[նայում ենք] այն մարդուն»։

Չնայած այս ամենին, այսօր աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր կամ տեղյակ չեն կամ չեն հավատում այն թանկագին պարգևին, որը Հիսուս Քրիստոսը տվել է մեզ։ Հնարավոր է, նրանք լսելեն Հիսուս Քրիստոսի մասին և ճանաչում են Նրան որպես պատմական գործչի, բայց նրանք չեն տեսնում,թե ով է նա իրականում:

Երբ մտածում եմ այս մասին, հիշում եմ հռոմեացի նահանգապետ Պոնտացի Պիղատոսի առջև կանգնած Փրկիչին, Նրա մահից ընդամենը մի քանի ժամ առաջ:

Պիղատոսը Հիսուսին նայեց խիստ աշխարհիկ տեսակետից: Պիղատոսն աշխատանք ուներ կատարելու, որը ներառում էր երկու հիմնական առաջադրանքներ՝ հավաքել Հռոմի հարկերը և պահպանել խաղաղություն: Այժմ, հրեական Սինեդրիոնը Հիսուսին բերել էր նրա առաջ, մի մարդ, ով նրանց պնդմամբ խոչընդոտ էր երկուսի համար։

Իր բանտարկյալին հարցաքննելուց հետո Պիղատոսը հայտարարեց․ «ոչ մի յանցանք չեմ գտնում նորանում»։ Բայց նա զգում էր, որ ստիպված էր ենթարկվել Հիսուսին մեղադրողներին, ուստի Պիղատոսը հիշեցրեց տեղական մի սովորույթ, որը թույլ էր տալիս բանտարկյալներից մեկին ազատ արձակել Զատիկի ժամանակ: Արդյո՞ք նրանք չէին ազատի Հիսուսին՝ տհաճ ավազակ ու մարդասպան Բարաբբայի փոխարեն։

Բայց խռովված ամբոխը պահանջեց, որ Պիղատոսն ազատ արձակի Բարաբբային և խաչի Հիսուսին:

«Ինչո՞ւ»: Հարցրեց Պիղատոսը։ «Ի՞նչ չար բան է արել»։

Բայց նրանք ավելի բարձր բացականչեցին։ «Խաչի նրան»:

Փորձելով վերջին անգամ բավարարել ամբոխին, Պիղատոսը հրամայեց իր մարդկանց խարազանել Հիսուսին։ Խոշտանգելով Նրան, թողեցին, որ արյունահոսի։ Նրանք ծաղրեցին Նրան, փշե պսակ դրեցին Նրա գլխին ու հագցրեցին ծիրանի պատմուճան։

Միգուցե, Պիղատոսը կարծում էր, որ դա կբավարարի ամբոխի արյան ծարավը։ Միգուցե, նրանք խղճան այդ մարդուն։ Պիղատոսն ասաց․ «Ահա, նրան դուրս եմ բերում ձեզ մոտ, որ գիտենաք թե ես ոչ մի հանցանք չեմ գտնում նորանում։ … Ահա այն մարդը»։

Աստծո Որդին մարմնով կանգնեց Երուսաղեմի ժողովրդի դիմաց։

Նրանք կարող էին տեսնել Հիսուսին, բայց իրականում չէին նկատում Նրան։

Նրանք աչքեր չունեին տեսնելու համար։

Փոխաբերական իմաստով մեզ նույնպես կոչ է արվում «տեսնել մարդուն»: Նրա մասին կարծիքները տարբեր են աշխարհում: Հին և ժամանակակից մարգարեները վկայում են, որ Նա է Աստծո Որդին: Ես նույնպես վկայում եմ դա։ Նշանակալից և կարևոր է, որ մենք ինքներս հասկանանք դա: Ուստի, երբ մտածում եք Հիսուս Քրիստոսի կյանքի ու ծառայության մասին, ի՞նչ եք տեսնում:

Նրանք, ովքեր իսկապես գտնում են Մարդուն, գտնում են կյանքի մեծագույն ուրախություններ տանող դուռը և կյանքի ամենադառը հուսահատության բալասանը։

Այնպես որ, երբ շրջապատված եք ցավով և վշտով, նայեք Մարդուն:

Երբ ամայացած կամ մոռացված եք զգում, նայեք Մարդուն:

Երբ դուք հուսահատված եք, լքված եք, կասկածում եք, վիրավորված կամ պարտված եք, նայեք Մարդուն:

Նա կսփոփի ձեզ։

Նա կբուժի ձեզ և իմաստ կտա ձեր կյանքին: Նա կբացի Իր Հոգին և ձեր սիրտը կլցնի մեծ ուրախությամբ։

Նա տալիս է «ուժ հոգնածին և նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում»:

Երբ մենք իսկապես նայում ենք Մարդուն, մենք սովորում ենք Նրանից և փորձում մեր կյանքը համապատասխանեցնել Նրա կյանքին։ Մենք ապաշխարում ենք և փորձում ենք զտնել մեր էությունը և ամեն օր ավելի շատ մոտենալ Նրան։ Մենք վստահում ենք Նրան։ Նրա հանդեպ սերը մենք արտահայտում ենք Նրա պատվիրանները և մեր սրբազան ուխտերը պահելով։

Այլ խոսքերով ասած, մենք դառնում ենք Նրա աշակերտները։

Նրա մաքրող լույսը հագեցնում է մեր հոգիները: Նրա շնորհը վեհացնում է մեզ: Մեր բեռները թեթևանում են, մեր խաղաղությունը մեծանում է: Երբ մենք իսկապես նայենք Մարդուն, մենք կունենանք օրհնված ապագայի խոստումը, որը կոգեշնչի և կխրախուսի մեզ՝ կյանքի անհարթությունների միջոցով անցնելիս: Հետ նայելով, մենք կհասկանանք, որ կա աստվածային օրինակ, որ կետերն իսկապես միանում են։

Երբ դուք ընդունեք Նրա զոհաբերությունը, դառնաք Նրա աշակերտը և վերջապես հասնեք ձեր երկրային ճանապարհորդության ավարտին, ի՞նչ կպատահի այս կյանքում ապրած վշտերի հետ:

Դրանք կանհետանան։

Ի՞նչ կպատահի հուսահատությունների, դավաճանությունների, հալածանքների հետ, որոնց դուք բախվել եք:

Կանհետանան։

Ի՞նչ կպատահի ձեր ապրած տառապանքի, կսկիծի, մեղքի, ամոթի և չարչարանքի հետ։

Կանհետանան։

Կմոռացվեն։

Զարմանալի չէ, որ «մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, … որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»։

Զարմանալի չէ, որ մեր ողջ սրտով ձգտում ենք իսկապես նայել Մարդուն։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ մարդկության պատմության ամենակարևոր օրն այն օրն էր, երբ Հիսուս Քրիստոսը, Աստծո կենդանի Որդին, հաղթանակ տարավ մահվան և մեղքի վրա՝ Աստծո բոլոր զավակների համար: Եվ ամենակարևոր օրը ձեր կյանքում և իմ կյանքում կլինի այն օրը, երբ մենք սովորենք «տեսնել մարդուն», երբ մենք տեսնենք, թե ով է Նա իսկապես, երբ մեր ողջ սրտով ու մտքով ճաշակենք Նրա քավիչ զորությունը, երբ նորոգված ոգևորությամբ և ուժով պարտավորվենք հետևել Նրան: Թող որ դա լինի մի օր, որը մեր ողջ կյանքում անընդհատ կրկնվի։

Ես թողնում եմ իմ վկայությունը և օրհնությունը, որ երբ «նայենք Մարդուն», մենք գտնենք իմաստ, ուրախություն և խաղաղություն այս երկրային կյանքում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Հղումներ

  1. Sես Մոսիա 15․23:

  2. Հովհաննես 19.30

  3. Տես Ալմա 11․45։

  4. Տես Հայտնություն 21․4։

  5. Տես Ա Կորնթացիս 15․21–23։

  6. 3 Նեփի 27․19

  7. Տես Հովհաննես 4․14։

  8. Տես Ղուկաս 23․2։

  9. Հովհաննես 18.38 Խուսափելով դատել Հիսուսին, Պիղատոսը գործը փորձեց փոխանցել Հերովդես Անթիփասին։ Եթե Հերովդեսը, ով մահվան էր դատապարտել Հովհաննես Մկրտիչին (տե Մատթեոս 14․6–11), դատապարտեր Հիսուսին, ապա Պիղատոսը կհաստատեր նրա որոշումը ու կպնդեր, որ խաղաղությունը պահելու համար պարզապես տեղի խնդիր է, որին նա համաձայնվել է։ Սակայն Հիսուսը ոչինչ չասաց Հերովդեսին (տես Ղուկաս 23․6–12), և Հերովդեսը Նրան հետ ուղարկեց Պիղատոսի մոտ։

  10. Տես Մարկոս 15․6–7, Հովհաննես 18․39–40։ Նոր Կտակարանի մի գիտնական գրում է. «Թվում էր սովորություն էր, որ Զատիկի օրը Հռոմի նահանգապետը հրեական բնակչությունից ազատ էր արձակում որոշ տխրահռչակ բանտարկյալի, ով դատապարտվել էր մահվան» (Alfred Edersheim, The Life and Times of Jesus the Messiah [1899], 2:576)։ Բարաբբա նշանակում է «հոր որդին»։ Հետաքրքիր է և հեգնական, որ Երուսաղեմի ժողովրդին այս երկու տղամարդկանց միջև ընտրելու հնարավորություն էր տրվել։

  11. Տես Մարկոս 15․11-14։

  12. Խարազանումն այնքան սարսափելի էր, որ այն կոչում էին «միջանկյալ մահ» (Edersheim, Jesus the Messiah, 2:579)։

  13. Տես Հովհաննես 19․1-3։

  14. Հովհաննես 19․4–5

  15. Ավելի վաղ Հիսուսը նկատել էր, որ «Որովհետեւ թանձրացաւ այս ժողովրդի սիրտը, եւ իրանց ականջներովը ծանր լսեցին, եւ իրանց աչքերը խփեցին, մի գուցէ աչքերով տեսնեն՝ եւ ականջներով լսեն՝ եւ սրտով իմանան, եւ ետ դառնան, եւ ես նորանց բժշկեմ»։ Հետո, նա քնքշությամբ ասաց իր աշակերտներին․ «Բայց երանելի են ձեր աչքերը, որ տեսնում են, եւ ձեր ականջները՝ որ լսում են» (Մատթեոս 13․15–16)։ Արդյո՞ք թույլ կտանք, որ մեր սրտերը կարծրանան, թե կբացենք մեր աչքերն ու սրտերը, որպեսզի իսկապես կարողանանք տեսնել Մարդուն։

  16. Sես Մոսիա 4․20:

  17. Եսայիա 40․29

  18. Տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ․ «Մահկանացու կյանքի արկածը» (երիտասարդ չափահասների համաշխարհային հոգևոր հավաք, հուն. 14, 2018), broadcasts.lds.org։

  19. 2 Նեփի 25.26