«Դերեր», Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեխաները և երիտասարդները. Ներածական ուղեցույց ծնողների և ղեկավարների համար (2019)
«Դերեր»
Դերեր
Տուն և ծնողներ
Ո՞րն է իմ դերը։
Եղեք արդար օրինակ ձեր երեխաների համար: Ուսուցանեք նրանց, թե ինչպես աճեն իրենց կյանքի բոլոր բնագավառներում: Ուղիներ գտեք օգնելու նրանց սովորել ուխտեր պահելու ուրախությունը՝ նոր տաղանդներ բացահայտելով և դժվար գործեր կատարելով: Օգնեք ձեր ընտանիքին ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ու ապրել ավետարանով ամենօրյա կյանքում:
Ի՞նչ պետք է անեմ:
Թող ձեր երեխաներն իմանան, թե որքան շատ եք սիրում իրենց: Ներգրավված եղեք նրանց կյանքում: Աղոթքով բացահայտեք նրանց անձնական կարիքները և այդ կարիքները բավարարելու համար ծրագրեք ավետարանի ուսումնասիրություն և միջոցառումներ: Նրանց հետ կանոնավոր կիսվեք ձեր վկայությամբ: Խոսեք ղեկավարների հետ այն մասին, թե նրանք ինչպես կարող են օգնել՝ աջակցելով ձեր երեխաներին:
Որտեղի՞ց պետք է սկսեմ:
Շարունակեք խոսել և լսել ձեր երեխաներին: Մտածեք, թե ինչպե՞ս կարող եք նրանց աջակցել: Օգնեք նրանց հայտնաբերել և սկսել աշխատել գիտելիքի այն բնագավառների վրա, որոնցով իրենք հետաքրքրվում են: Սկսեք կամ շարունակեք ընտանեկան աղոթքը, ավետարանի ուսումնասիրությունը, ծառայելու հնարավորությունները և միջոցառումները` օգնելով ձեր երեխաներին աճել:
Երեխաների Միության ղեկավարներն ու ուսուցիչները
Ո՞րն է իմ դերը։
Սիրեք և զորացրեք երեխաներին։ Աջակցեք ծնողներին, որպեսզի օգնեն երեխաներին զգալ իրենց հանդեպ Երկնային Հոր սերը, հասկանան Հիսուս Քրիստոսի ավետարանը, զգան և ճանաչեն Սուրբ Հոգու ազդեցությունը և պատրաստվեն կապել ու պահել սրբազան ուխտեր:
Ի՞նչ պետք է անեմ:
Ուշադիր եղեք, որ Երեխաների Միության դասերի և երգեցողության ժամանակ օգնեք երեխաներին զգալ Հոգին, աճել հավատքով և իրենց կյանքում զգալ Հիսուս Քրիստոսի ավետարանի ուրախությունը: Որպես ուղեցույց ընդունելով Ղուկաս 2.52-ում ներկայացված աճի ոլորտները, ծրագրեք զվարճություն և ժամանցի միջոցառումներ, որոնք կառուցում են վկայություններ, ամրացնում ընտանիքները և նպաստում միասնությանն ու անձնական աճին:
Որտեղի՞ց պետք է սկսեմ:
Սկսեք ճանաչել երեխաներին ու նրանց ընտանիքներին և սպասավորեք նրանց կարիքները: Որպես Երեխաների Միության նախագահություն, աղոթքով խնդրեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր ուսուցիչներին, երաժշտության ղեկավարներին և միջոցառման ղեկավարներին, որպեսզի օգնեն երեխաներին հետևել Փրկիչին:
Երիտասարդ կանանց ղեկավարներ
Ո՞րն է իմ դերը։
Աջակցեք ծնողներին և եպիսկոպոսությանը առաջնորդել և ոգեշնչել երիտասարդ կանանց, որպեսզի հասկանան իրենց ինքնությունը՝ որպես Աստծո դուստրեր, պատրաստվեն տաճարային ուխտերի համար և իրականացնեն իրենց աստվածային նպատակները: Առաջնորդեք դասարանի նախագահություններին, երբ նրանք ղեկավարում են, սպասավորում, և ծառայում իրենց դասարանների անդամներին:
Ի՞նչ պետք է անեմ:
Օրինակ հանդիսացեք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ: Առաջնորդեք դասարանի նախագահություններին, երբ նրանք աղոթքով ծրագրում և օգնում են ուսուցանել դասեր Եկ, հետևիր ինձ. Երիտասարդ Կանանց համար ձեռնարկից: Խրախուսեք նրանց ղեկավարել ծառայությունների և միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, որը կօգնի երիտասարդ կանանց աճել իրենց կյանքի բոլոր բնագավառներում: Առաջարկեք լրացուցիչ աջակցություն երիտասարդ կանանց, ովքեր կարիք ունեն:
Որտեղի՞ց պետք է սկսեմ:
Սկսեք անհատապես ճանաչել երիտասարդ կանանց։ Խոսեք երիտասարդ կանանց, նրանց ծնողների, և եպիսկոպոսության հետ այն մասին, թե ինչպես կարող եք նպաստել երիտասարդ կանանց աճին: Աղոթեք, որ իմանաք, թե ինչպես կարող եք օգնել ձեր դասարանի նախագահություններին հաջողության հասնել իրենց կոչումներում:
Քահանայության ղեկավարների համար
Ո՞րն է իմ դերը։
Աջակցեք ծնողներին ու եպիսկոպոսությանը` նախապատրաստելով երիտասարդ տղամարդկանց` կարգվելու քահանայության պաշտոններում, ինչպես նաև տաճարային ուխտերի, միսիաների և աստվածային դերերի համար: Ոգեշնչեք նրանց հասկանալ իրենց նպատակը և ինքնությունը՝ որպես Աստծո որդիներ: Առաջնորդեք քվորումի նախագահություններին, երբ նրանք ղեկավարում են, սպասավորում և ծառայում իրենց քվորումների անդամներին:
Ի՞նչ պետք է անեմ:
Օրինակ հանդիսացեք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ: Առաջնորդեք քվորումի նախագահություններին, երբ նրանք պաշտոնավարում են հաղորդության ժողովին, աղոթքով ծրագրում են և օգնում դասեր ուսուցանել Եկ, հետևիր ինձ. Երիտասարդ տղամարդկանց համար ձեռնարկից: Օգնեք նրանց ծրագրել և ծառայություն ու միջոցառումներ իրականացնել, որոնք կօգնեն երիտասարդ տղամարդկանց աճել իրենց կյանքի բոլոր բնագավառներում: Թողեք, որ նրանք առաջնորդեն: Լրացուցիչ օգնություն առաջարկեք երիտասարդ տղամարդկանց, ովքեր կարիք ունեն:
Որտեղի՞ց պետք է սկսեմ:
Երիտասարդ տղամարդկանց հետ ժամանակ անցկացրեք։ Ծանոթացեք և սիրեք նրանց անհատապես։ Խոսեք եպիսկոպոսության, երիտասարդ տղամարդկանց և նրանց ծնողների հետ` որոշելով, թե ինչպես կարող եք օգնել նրանց, մինչ նրանք աճում են Փրկիչին ավելի նմանվելու համար: Աղոթեք, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք օգնել ձեր քվորումի նախագահություններին հաջողության հասնել իրենց կոչումներում:
Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ
Ո՞րն է իմ դերը։
Ձգտեք օգնել երիտասարդներին գալ դեպի Քրիստոսը` սովորելով և հետևելով Նրա վարդապետությանը: Ուսուցանեք երիտասարդներին հասկանալ, կիսվել և ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով։
Ի՞նչ պետք է անեմ:
Օրինակ հանդիսացեք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, և օգնեք երիտասարդներին կառուցել իրենց հավատքը: Խրախուսեք նրանց ուսումնասիրել սուրբ գրությունները տանը` ինքնուրույն և իրենց ընտանիքներով: Օգնեք նրանց նախապատրաստվել և ուսուցանել վարդապետական սկզբունքներ: Հրավիրեք նրանց կիրառել այն, ինչ իրենք սովորում են իրենց անձնական զարգացման համար:
Որտեղի՞ց պետք է սկսեմ:
Ձգտեք ուսուցանել Փրկիչի ձևով: Անհատապես ծանոթացեք երիտասարդների հետ։ Աղոթեք, որ իմանաք, թե ինչպես կարող եք օգնել նրանց աճել` Փրկիչին ավելի նման դառնալու համար: Զորացրեք դասարանի անդամներին և նրանց ծնողներին` եկեղեցում և տանը ավետարանը սովորելու և ուսուցանելու իրենց ջանքերում:
Եպիսկոպոսությունը և դասարանի ու քվորումի նախագահությունները
Ո՞րն է նրանց դերը։
Եպիսկոպոսությունը Ահարոնյան Քահանայության նախագահությունն է ծխում և պատասխանատու է երիտասարդ կանանց ու երիտասարդ տղամարդկանց համար: Ահարոնյան Քահանայության քվորումի նախագահությունները գործում են բանալիներով, որոնք շնորհվում են, երբ քվորումի նախագահները ձեռնադրվում են: Դասարանի և քվորումի նախագահությունները գործում են քահանայության իշխանության ներքո այն բանից հետո, երբ նրանք կարգվել են եպիսկոպոսության որևէ անդամի կողմից:
Ի՞նչ են անում նրանք։
Նախագահությունները պետք է ձգտեն լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ, երբ նրանք օգնում են դասարանի կամ քվորումի յուրաքանչյուր անդամի իրեն սիրված զգալ և բացահայտել ավետարանով ապրելու ուրախությունը: Եպիսկոպոսության ղեկավարության ներքո քվորումի նախագահությունները առաջնորդում են Ահարոնյան Քահանայություն կրողներին, երբ նրանք պաշտոնավարում են հաղորդության արարողություններում: Քվորումի և դասարանի նախագահությունները ղեկավարում են Իսրայելի հավաքումը վարագույրի երկու կողմերում և հոգում են կարիքավորների մասին:
Որտեղի՞ց են նրանք սկսում:
Նախագահությունները սովորում են իրենց պարտականությունները Տիրոջից և իրենց ղեկավարներից: Նրանք աղոթում են դասարանի կամ քվորումի անդամների համար և ծանոթանում են նրանց կարիքներին: Նրանք օգնում են նրանց դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները: Նրանք խորհրդակցում են միմյանց հետ այն մասին, թե ինչ դասեր, միջոցառումներ և ծառայություն կօրհնեն և կզորացնեն երիտասարդներին և միասնություն կբերեն նրանց դասարան և քվորում: