Ա Կորնթացիս 1-4
Հիսուս Քրիստոս՝ մեր անսասան հիմքը
Մտածեք այն բացասական ազդեցության մասին, որ վիճաբանությունը, հպարտությունը, կեղծ ուսմունքը և անբարոյականությունը այսօր ունեն աշխարհի վրա: Կորնթոսում ապրող Եկեղեցու վաղեմի անդամները պայքարում էին նմանատիպ մարտահրավերների դեմ: Եփեսոսում իր երրորդ միսիոներական ճամփորդության ընթացքում քարոզելիս Պողոս Առաքյալը գրել է կորնթացի Սրբերին, որպեսզի ուժ տա և հիշեցնի նրանց, որ նրանք պետք է ապավինեն Հիսուս Քրիստոսին: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, որ մեր կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելով կարող ենք հաղթահարել աշխարհիկ մարտահրավերները:
Հավատարիմ մնալ դժվարին հանգամանքներում
Պատկերացրեք, որ մտերիմ ընկերը, ով մեկ այլ քաղաքում է ապրում, դիմել է ձեզ հետևյալ ուղերձով.
«Իսկապես դժվար է ամենուր բացասական ազդեցություններով շրջապատված լինել: Բազմաթիվ մարդիկ չեն պահում պատվիրանները և նրանցից ոմանք քննադատում են Եկեղեցին: Ես գիտեմ այնպիսի մարդկանց, ովքեր կորցրել են իրենց վկայությունները նմանատիպ հանգամանքներում, և չեմ ցանկանում, որ ինձ հետ էլ նման բան կատարվի: Ի՞նչ խորհուրդ կտայիր»:
-
Ի՞նչ կասեիք ձեր ընկերոջը:
-
Ի՞նչ բացասական և վնասակար ազդեցություններ եք նկատել ձեր տարածաշրջանում:
-
Այս ազդեցություններն ինչպե՞ս են երբեմն խանգարում ձեզ հավատարիմ մնալ ձեր հավատքին:
Այս դասն ուսումնասիրելիս, մտածեք, թե որքան հավատարիմ եք դուք՝ աշխարհիկ մարտահրավերների կամ բացասական ազդեցությունների հանդիպելիս: Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդությունը՝ իմանալու համար, թե ինչպես ամրապնդել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա և փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են ձեզ օգնել հաղթահարել ձեր մարտահրավերները:Իր երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ մոտ երկու տարի Պողոս Առաքյալը քարոզեց ավետարանը Կորնթոսում (տես Գործք Առաքելոց 18.1-18) և այնտեղ կազմակերպեց Եկեղեցու ճյուղերից մեկը: (Կորնթոս քաղաքը գտնելու համար տես Աստվածաշնչյան քարտեզները, թիվ 13, « Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները »: Կորնթոսը առևտրի հարուստ կենտրոն էր և Ախեյա հռոմեական նահանգի մայրաքաղաքը: Կորնթոսի բնակիչներից շատերը երկրպագում էին կուռքերին և անբարոյական բարքերի մեջ էին: Ոմանք նույնիսկ պառակտող էին ու կռվախնդիր: Այս միջավայրում Եկեղեցու բազում անդամների համար Փրկիչի ավետարանին հավատարիմ մնալը դժվարացավ: Երբ Պողոսը գրեց կորնթացի Սրբերին, որպեսզի նրանց օգնի հաղթահարել իրենց դժվարությունները, նա խոսեց նրանց համար իր դրած հիմքի մասին:
Կարդացեք Ա Կորնթացիս 2.1-5 և Ա Կորնթացիս 3.10-11-ը՝ փնտրելով այն արտահայտությունները, որոնք նկարագրում են այս հիմքը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:
Մորմոնի Գրքում Հելամանը նույնպես հորդորում էր իր որդիներին կառուցել հիմքը Հիսուս Քրիստոսի վրա: Կարդացեք Հելաման 5.12-ը՝ փնտրելով, թե Հելամանն ինչ օրհնություններ է խոստացել:
-
Այս հատվածներից ինչո՞վ կկիսվեիք ձեր ընկերոջ հետ, որը կարող էր օգտակար լինել նրա համար:
Այս հատվածներից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ երբ մեր կյանքի հիմքը կառուցում ենք Հիսուս Քրիստոսի վրա, մենք կարող ենք հաղթահարել սատանայի ազդեցությունը և աշխարհիկ մարտահրավերները:
-
Ի՞նչ գիտեք, ի՞նչ եք զգում կամ ինչի՞ն եք հավատում Փրկիչի մասին, որն օգնում է ձեզ ցանկանալ, որ Նա լինի ձեր հիմքը:
1. Ձեր օրագրում կատարեք հետևյալը.
-
Նկարեք մի հասարակ տուն կամ շենք, որը ամուր հիմք ունի: Այդ տան շուրջը գրեք, թե ինչ մարտահրավերների կամ բացասական ազդեցությունների եք հանդիպում:
-
Հիմքի շուրջը կամ դրա մեջ գրեք, թե ինչ կարող եք անել՝ ձեր կյանքը Փրկիչի հիմքի վրա կառուցելու համար:
-
Պատասխանեք հետևյալ հարցին. Այս գործողություններն ինչպե՞ս են ձեզ օգնել կամ դրանք ինչպե՞ս կարող էին ձեզ օգնել մարտահրավերներ կամ բացասական ազդեցություններ հաղթահարելու գործում:
Կորնթացիներին ուղղված նամակում Պողոսը խոսել է մի քանի խնդիրների մասին և ուսուցանել է, որ Փրկիչը և Նրա ավետարանը ի զորու են օգնել կորնթացիներին հաղթահարել իրենց դժվարությունները (տես Ա Կորնթացիս 1.23-24): Հետևյալ վարժությունները կենտրոնանում են այդ խնդիրներից երկուսի վրա: Կարդացեք հետևյալ տարբերակները և ընտրեք ձեզ համար առավել նշանակալիցը:
2. Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում կատարեք հետևյալ վարժություններից մեկը.
Տարբերակ Ա. Պառակտում և վեճ
Կորնթացի Սրբերի խնդիրներից մեկը վիճաբանությունն էր: Պառակտումը ծագում էր այն պատճառով, որ նրանք հավատում էին, թե Եկեղեցում իրենց կարգավիճակը վճռվում էր այն անձնավորության կարևորությունից, որը մկրտում էր իրենց (տես Ա Կորնթացիս 1.12):
Ձեր նկարի կողքին թվարկեք այն պառակտումներն ու վիճաբանությունները, որոնց հանդիպում եք ձեզ ծխում, ընտանիքում կամ համայնքում:
-
Որո՞նք են պառակտումների կամ վեճերի հետևանքները:
Կարդացեք Ա Կորնթացիս 1.10-13 և Ա Կորնթացիս 3.3-9-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչպես էր փորձում օգնել մարդկանց հիմք կառուցել Հիսուս Քրիստոսի վրա:
-
Ի՞նչ եք տեսնում այս հատվածներում, որը կարող է մարդկանց օգնել հաղթահարել պառակտումներն ու վեճերը:
-
Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսի վրա ձեր կյանքը կառուցելն ինչո՞ւ է ձեզ օգնում ավելի միասնական լինել ձեզ շրջապատող մարդկանց հետ, և ավելի քիչ վիճել նրանց հետ:
Տարբերակ Բ. Աշխարհի իմաստությունը
Կորնթոսում ապրող մարդկանցից շատերը գնահատում էին աշխարհիկ իմաստությունը: Խաչված Մեսիայի մասին ուղերձը հրեաներից և հեթանոսներից շատերին անիմաստ թվաց: Հռոմեական աշխարհում խաչելությունն ամոթ և պարտություն էր խորհրդանշում: Հույների համար «հիմարություն» էր այն միտքը, որ ինչ-որ մեկը պատրաստակամորեն տառապում է ուրիշների համար( Ա Կորնթացիս 1.23): Հրեաների համար խաչի վրա մահացած Մեսիան «գայթակղություն» էր ( Ա Կորնթացիս 1.23) քանի որ նրանք սպասում էին, որ Մեսիան կհաղթի իրենց թշնամիներին:
Կարդացեք Ա Կորնթացիս 1.17-25-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչպես պատասխանեց այդ մոտեցումներին:
Ձեր նկարի կողքին նշեք, թե աշխարհի իմաստությունն ինչպես կարող է ազդել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ձեր վկայության վրա կամ խանգարել դրան:
-
Որոշ մարդիկ ինչո՞ւ այսօր չեն հասկանում կամ գնահատում Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը:
-
Ի՞նչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, երբ անձը իմանում է և զգում է, որ Փրկիչն իրական զորություն ունի իր կյանքում (տես Ա Կորնթացիս 1.24):
-
Ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա կառուցելն ինչպե՞ս է ձեզ օգնում դիմակայել աշխարհիկ գաղափարներին:
Կառուցեք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա
Մի պահ մտածեք և գնահատեք ձեր կյանքը: Ինչպե՞ս եք կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա: Ի՞նչը կցանկանայիք բարելավել: Ձեր կյանքը Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա կառուցելով, ինչպե՞ս կարող եք հաղթահարել ձեր խնդիրները և բացասական ազդեցությունները: Ձեր մտքերն ու նպատակները գրանցեք ձեր ուսումնասիրությունների օրագրում:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ես ինչո՞ւ պետք է իմ հիմքը կառուցեմ Հիսուսի Քրիստոսի վեմի վրա
Յոթանասունի անդամ երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգը հայտարարել է․
Եթե մենք կառուցենք մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, մենք չե՛նք կարող ընկնել: Եթե մենք հավատարմորեն դիմանանք մինչև վերջ, Աստված կօգնի մեզ հաստատել մեր կյանքը Իր վեմի վրա, «և դժոխքի դռները չպիտի հաղթեն [մեզ]» ( Վարդապետություն և Ուխտեր 10.69): Գուցե մենք չկարողանանք փոխել այն, ինչը գալու է, բայց մենք կարող ենք ընտրել, թե ինչպես պատրաստվենք նրան, ինչը գալիս է:
(Չի Հոնգ (Սեմ) Վոնգ, «Նրանք չեն կարող գերիշխել, մենք չենք կարող ընկնել», Լիահոնա, մայիս 2021, 98)