Գերագույն համաժողով
Նրանք չեն կարող հաղթել, մենք չենք կարող ընկնել
2021թ․ ապրիլի գերագույն համաժողով


9:4

Նրանք չեն կարող հաղթել, մենք չենք կարող ընկնել

Եթե մենք կառուցենք մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, մենք չե՛նք կարող ընկնել:

Վերջին գերագույն համաժողովին մեր սիրելի մարգարե Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Այս վտանգավոր ժամանակներում, որոնց մասին մարգարեացել է Պողոս առաքյալը, սատանան այլևս չի էլ փորձում թաքցնել իր հարձակումները Աստծո ծրագրի վրա: Քաջալերված չարն ահագնանում է: Հետևաբար, հոգևոր գոյատևման միակ միջոցն է՝ վճռել թույլ տալ, որ Աստված տնօրինի մեր կյանքը, սովորել լսել Նրա ձայնը և օգտագործել մեր եռանդը` օգնելով Իսրայելի հավաքմանը»:1

Երբ մենք խորհրդածում ենք Աստծո ձայնը լսել սովորելու մարգարեի հրավերի շուրջ, մեր սրտերը վճռակա՞ն են, թե՞ կարծրացած: Եկեք հիշենք խորհուրդը որը տրվել է Հակոբ 6.6-ում. «Այո, այսօր, եթե դուք կամենում եք լսել նրա ձայնը, մի կարծրացրեք ձեր սրտերը, քանզի ինչո՞ւ մեռնեք»: Եկեք վճռական լինենք` թույլ տալով, որ Աստված տնօրինի մեր կյանքը:

Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ Աստված տնօրինի մեր կյանքը, այլ ոչ թե հակառակորդը: Վարդապետություն և Ուխտեր 6.34-ում մենք կարդում ենք. «Ուստի, մի վախեցիր, փոքրի՛կ հոտ. բարիք գործիր. թող երկիրն ու դժոխքը միանան քո դեմ, քանզի, եթե դու կառուցված ես իմ վեմի վրա, նրանք չեն կարող գերիշխել»: Դա նշանակալից խոստում է: Չնայած երկիրն ու դժոխքը գուցե միավորվեն մեր դեմ, նրանք չեն կարող գերիշխել, եթե մենք ընտրենք թույլ տալ Աստծուն տնօրինել` հաստատելով մեր կյանքը Նրա վեմի վրա:

Խոսելով Իր աշակերտների հետ, Հիսուս Քրիստոսն ուսուցանեց մի իմաստուն մարդու և մի հիմար մարդու մասին, որը գրված է նոր Կտակարանի Մատթեոս 7-ում: Ձեզանից շատերն են լսել Երեխաների միության երգը «Իմաստուն մարդու և հիմար մարդու մասին»:2 Եթե դուք ժամանակ տրամադրեք համեմատելու երգի չորս քառյակները, դուք կգտնեք, որ 1-ին և 2-րդ քառյակները շատ նման են 3-րդին և 4-րդին: Ինչպես իմաստուն մարդը, այնպես էլ հիմար մարդը տուն էին կառուցում: Նրանք ուզում էին ապահովել իրենց ընտանիքը անվտանգ և հարմարավետ տնով: Նրանք ցանկանում էին երջանիկ ու միասին ապրել հավերժ` որպես ընտանիք, ճիշտ ինչպես ես և դուք: Շրջապատող իրավիճակը նույնն էր. «Անձրևները հորդեցին, և հեղեղները բարձրացան»: Մենք կրկնում ենք դա վեց անգամ, երբ երգում ենք այդ երգը: Միակ տարբերությունն այն է, որ իմաստուն մարդը կառուցեց իր տունը վեմի վրա, և տունը մնաց անշարժ, մինչդեռ հիմար մարդը կառուցեց իր տունը ավազի վրա, և նրա տունը ջուրը քշեց: Ուստի, թե որտեղ է մեր հիմքը, իսկապես, կարևոր է, և սա վճռորոշ ազդեցություն ունի արդյունքի վրա վերջնականորեն և հավերժորեն:

Հուսով եմ և աղոթում եմ, որ մենք բոլորս կգտնենք և կմնանք հաստատուն հիմքի վրա, երբ հաստատենք մեր ապագա կյանքը: Մեզ հիշեցվում է Հելաման 5.12-ում. «Եվ, այժմ, իմ որդինե՛ր, հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի»:

Այդ է խոստումը Աստծո կողմից: Եթե մենք կառուցենք մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, մենք չենք կարող ընկնել: Եթե մենք հավատարմորեն դիմանանք մինչև վերջ, Աստված կօգնի մեզ հաստատել մեր կյանքը Իր վեմի վրա, «և դժոխքի դռները չպիտի հաղթեն [մեզ]» (Վարդապետություն և Ուխտեր 10.69): Գուցե մենք չկարողանանք փոխել այն, ինչ գալիս է, բայց մենք կարող ենք ընտրել, թե ինչպես պատրաստվենք նրան, ինչ գալիս է:

Մեզանից ոմանք գուցե մտածեն. «Ավետարանը լավն է, այսպիսով մենք պետք է դնենք այն մեր կյանքում, գուցե շաբաթը մեկ անգամ»: Ուղղակի շաբաթը մեկ անգամ եկեղեցի գնալը բավարար չէ վեմի վրա կառուցելու համար: Մեր ողջ կյանքը պետք է լցված լինի Հիսուս Քրիստոսի ավետարանով: Ավետարանը մեր կյանքի մասը չէ, այլ փաստորեն մեր կյանքն է Հիսուս Քրիստոսի ավետարանի մասը: Մտածեք այդ մասին: Մի՞թե դա ճիշտ չէ: Մեր մահկանացու կյանքը փրկության և վեհացման ամբողջ ծրագրի միայն մի մասն է:

Աստված մեր Երկնային Հայրն է։ Աստված սիրում է մեզ բոլորիս: Նա մեր ներուժը շատ ավելի լավ գիտի, քան մենք ինքներս մեզ: Նա գիտի ոչ միայն մեր կյանքի մանրամասները: Տերը գիտի մեր կյանքի մանրամասների անգամ փոքրագույն մանրամասները:

Խնդրում ենք հետևեք մեր ապրող մարգարեի՝ Նախագահ Նելսոնի իմաստուն խորհրդին: Ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 21․5–6-ում.

«Քանզի նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով:

Քանզի այդ բաները կատարելով, դժոխքի դռները չեն հաղթի ձեզ. այո՛, և Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն՝ ձեր բարիքի և իր անվան փառքի համար»:

Այդ պատճառով, նրանք չեն կարող հաղթել, իսկ մենք չենք կարող ընկնել:

Ես վկայում եմ, որ Քրիստոսը գալու է կրկին` երկրորդ անգամ, ինչպես Նա արեց առաջին անգամ, բայց այս անգամ դա կլինի մեծ փառքով և վեհությամբ: Ես հուսով եմ և աղոթում եմ, որ պատրաստ լինեմ ընդունելու Նրան՝ լինի դա վարագույրի այս կողմում , թե մյուս կողմում: Երբ տոնում ենք Զատիկի այս սքանչելի շրջանը, հուսով եմ՝ Հիսուս Քրիստոսի քավության և Նրա Հարության զորության միջոցով (տես Մորոնի 7.41), ես կկարողանամ վեր գնալ և հանդիպել իմ Ստեղծողին և ասել՝ «Շնորհակալությո՛ւն»: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 95։

  2. “The Wise Man and the Foolish Man,” Children’s Songbook, 281.