Սա մե՛ր ժամանակն է
Աստված մեզ ուղարկել է հենց այստեղ, հենց այժմ, պատմության այս կարևոր պահին:
1978 թվականին ես կանգնած էի ֆուտբոլի մի դաշտում` մի ստադիոնում, որը լեփ լեցուն էր 65000 երկրպագուներով: Իմ առջևում մի քանի խոշոր հակառակորդներ էին, ովքեր այնպիսի տեսք ունեին կարծես ուզում էին գլուխս թռցնել: Ֆուտբոլի Ազգային Լիգայում որպես մեկնարկային կիսապաշտպան իմ առաջին խաղն էր, և մենք խաղում էինք Սուպեր գավաթի արժանացած չեմպիոնների հետ: Եթե անկեղծ լինեմ, ես կասկածում էի, թե արդյոք բավական լավն էի` դաշտում լինելու համար: Ես հետ ընկա, որպեսզի նետեի իմ առաջին փոխանցումը, և երբ հարվածեցի գնդակին, ինձ ավելի ուժեղ հարված հասցրին, քան նախկինում երբևէ հարվածել էին: Այդ պահին, պառկած այդ վիթխարի մարզիկների կույտի ներքո, ես մտածում էի, թե ինչ էի անում այնտեղ: Ես ստիպված էի ընտրություն կատարել: Թույլ կտայի արդյո՞ք, որ կասկածներս հաղթեին ինձ, թե կգտնեի քաջություն և ուժ` վեր կենալու և շարունակելու համար:
Ես չէի գիտակցում այդ պահին, թե որքան էր այդ փորձառությունը նախապատրաստելու ինձ ապագա հնարավորությունների համար: Ես պետք է սովորեի, որ ես ուժեղ և քաջարի կարող էի լինել` դժվար իրավիճակների հետ առճակատվելիս:
Ֆուտբոլի խաղը չի կարող գրեթե այնքան կարևոր լինել, որքան այն մարտահրավերները, որոնց կբախվեք: Շատ դեպքերում, չի լինի դիտող մարդկանցով լի ստադիոն: Բայց ձեր խիզախ որոշումները կունենան հավերժական կարևորություն:
Գուցե միշտ չէ, որ մենք պատրաստ ենք ընդունել մարտահրավերը: Բայց մեր Երկնային Հայրը տեսնում է մեզ՝ որպես Իր արքայության անվախ կառուցողներ: Այդ պատճառով է Նա ուղարկել մեզ այստեղ՝ աշխարհի պատմության մեջ այս ամենավճռորոշ ժամանակընթացքում: Սա մեր ժամանակն է:
Լսեք, թե ինչ է ասել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը` Եկեղեցու Նախագահ դառնալուց ոչ շատ անց. «Մեր Փրկիչը և Քավիչը՝ Հիսուս Քրիստոսը, կկատարի Իր հզորագույն գործերից մի քանիսը ներկա պահի և Իր Երկրորդ Գալուստի միջև: Մենք կտեսնենք հրաշագործ նշաններ, որ Հայր Աստված և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը նախագահում են այս Եկեղեցու վրա վեհությամբ և փառքով» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96):
Հզորագույն գործե՞ր: Հրաշագործ նշաննե՞ր: Ինչպիսի՞ն կլինեն դրանք: Մենք ի՞նչ դեր կխաղանք, և ինչպե՞ս կհասկանանք՝ ինչ անել: Ես չգիտեմ բոլոր պատասխանները, բայց իսկապես գիտեմ, որ Տերը կամենում է, որ մենք պատրաստ լինենք: Քահանայության զորությունը արժանավոր ձևով գործադրելը երբեք ավելի վճռորոշ չի եղել:
Արդյո՞ք հավատում ենք Աստծո մարգարեին: Արդյո՞ք կարող ենք գտնել և իրականացնել մեր ճակատագիրը: Այո, մենք կարող ենք և այո, մենք պարտավոր ենք, որովհետև սա մեր ժամանակն է:
Երբ մենք պատմություններ ենք լսում Աստծո հզոր ծառաների մասին, ովքեր եկել էին մեզանից առաջ, ինչպես՝ Մովսեսը, Մորոնին, Ալման, Եսթերը, Հովսեփը և շատ ուրիշներ, նրանք թվում են ավելի մեծ քան սովորական մարդիկ: Բայց նրանք այդքան էլ չէին տարբերվում մեզանից: Նրանք սովորական մարդիկ էին, ովքեր դիմակայում էին մարտահրավերների: Տերը նաև ասում է. Նրանք կատարեցին ճիշտ ընտրություններ վճռորոշ պահերին: Եվ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով նրանք կատարեցին գործեր, որոնք պահանջվեցին իրենց ժամանակ:
Մտածեք Հին Կտակարանի հերոս Յեսույի մասին: Նա Մովսեսի` պատմության մեջ մեծագույն առաջնորդներից մեկի նվիրված հետևորդն էր: Մովսեսի հեռանալուց հետո Յեսուի ժամանակն էր: Նա պետք է խոստումի երկիր տաներ Իսրայելի զավակներին: Ինչպե՞ս էր Նա անելու այդ: Յեսուն ծնվել և մեծացել էր Եգիպտոսում՝ ստրկության մեջ: Նա չուներ ձեռնարկ և ոչ էլ հրահանգավորող տեսաֆիլմեր, որ օգնեին իրեն: Նա նույնիսկ սմարթֆոն չուներ: Բայց նա ուներ այս խոստումը Տիրոջից.
«Ինչպէս որ Մովսէսի հետ էի, քեզ հետ կլինեմ, քեզ չեմ թողիլ եւ քեզ անտես չեմ անիլ:
Զորացիր և քաջ եղիր» (Յեսու 1.5–6):
Երբ ես նոր ու անփորձ Յոթանասունական էի, շտապ զանգ ստացա Առաջին Նախագահության գրասենյակից՝ խնդրանքով, թե կարո՞ղ էի ներկայացնել մարգարեին` անմիջապես այցելելով հիվանդանոցում գտնվող մի երիտասարդի: Երիտասարդի անունը Զաք էր: Նա պատրաստվում էր միսիոներ լինել, բայց վթարի էր ենթարկվել և գլխի լուրջ վնասվածք ուներ:
Երբ հիվանդանոց էի գնում, միտքս մրցավազքի մեջ էր: Հանձնակատար մարգարեի համար՝ կատակ ե՞ք անում: Ինչի՞ եմ բախվելու: Ինչպե՞ս եմ օգնելու այդ երիտասարդին: Արդյո՞ք ունեմ բավականաչափ հավատք։ Ջերմեռանդ աղոթքը և այն գիտելիքը, որ ունեի սուրբ քահանայության իշխանություն, դարձան իմ խարիսխները:
Երբ ես ժամանեցի, Զաքը պառկած էր հիվանդանոցի մահճակալին: Մի սանիտար կանգնած էր պատրաստ` նրան արագ վիրահատարան հասցնելու համար, որպեսզի բժիշկները իջեցնեին նրա գանգուղեղի ճնշումը: Ես նայեցի նրա արցունքոտ մորը և կողքին կանգնած վախեցած ընկերոջը և հստակ հասկացա, որ Զաքը քահանայության օրհնության կարիք ուներ: Նրա ընկերը նոր էր Մելքիսեդեկյան Քահանայություն ստացել, այսպիսով ես խնդրեցի նրան օգնել ինձ: Ես զգացի քահանայության զորությունը, երբ մենք խոնարհաբար Զաքին օրհնություն տվեցինք: Ապա նրան շտապ վրահատարան տարան և մի խաղաղ զգացում հաստատեց, որ Փրկիչը կկարգավորի ամեն բան՝ համաձայն Իր իմաստության:
Նախնական կտրվածք կատարելուց առաջ բժշկական անձնակազմը կատարել էր մի վերջին ռենտգեն հետազոտություն: Ի զարման իրենց՝ նրանք հայտնաբերել էին, որ ոչ մի վիրահատության կարիք չկար:
Երկարատև բուժումներից հետո Զաքը սովորեց նորից քայլել և խոսել: Նա բարեհաջող ծառայեց միսիայում և այժմ մի գեղեցիկ ընտանիք ունի:
Իհարկե միշտ չէ, որ արդյունքն այդպիսին է լինում: Ես տվել եմ քահանայության այլ օրհնություններ հավասարազոր հավատքով, բայց Տերը չշնորհեց լիակատար ապաքինում այս կյանքում: Մենք վստահում ենք Նրա նպատակներին և արդյունքները թողնում ենք Նրան: Մենք չենք կարող միշտ ընտրել մեր գործողությունների արդյունքը, բայց կարող ենք ընտրել գործելու պատրաստ լինել:
Ձեզ գուցե երբևէ չխնդրեն Առաջին Նախագահության կողմից ներկայացնել իրենց` կյանքին վտանգ սպառնացող մի իրավիճակում: Բայց մենք բոլորս կանչված ենք կյանքեր փոխել` որպես Տիրոջ ներկայացուցիչներ: Նա չի լքի մեզ: Սա մեր ժամանակն է:
Պետրոսը` Փրկիչի գլխավոր Առաքյալը, մի նավակում էր ծովի վրա, երբ տեսավ Հիսուսին ջրի վրայով քայլելիս: Նա կամեցավ միանալ նրան, և Փրկիչն ասաց, «Արի»: Խիզախորեն և հրաշքով Պետրոսը թողեց նավակի ապահովությունը և սկսեց քայլել դեպի Փրկիչը: Բայց երբ Պետրոսը կենտրոնացավ կատաղի քամու վրա, նրա հավատքը թուլացավ: «Նա վախեցավ, եւ երբոր սկսեց ընկղմուիլ, աղաղակեց եւ ասեց, Տէր, փրկիր ինձ: Եւ Հիսուսն անմիջապես իր ձեռքը մեկնեց՝ նորան բռնեց»: (Տես Մատթեոս 14.22–33:)
Երբ մեր կյանքում փչում են քամիներ, որտե՞ղ է մեր կիզակետը: Հիշեք, որ կա ուժի և քաջության միայն մեկ վստահելի աղբյուր: Հիսուսի՝ դեպի մեզ պարզած ձեռքերը, ճիշտ ինչպես դրանք պարզվեցին դեպի Պետրոսը: Երբ մենք ձգտենք Նրան, Նա սիրով կազատի մեզ: Մենք Նրանն ենք։ Նա ասել է. «Մի վախենար, որովհետեւ ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, դու իմն ես» (Եսայիա 43.1): Նա կտնօրինի ձեր կյանքը, եթե դուք Նրան թույլ տաք: Ընտրությունը ձերն է: (Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 92-95։)
Իր կյանքի վերջում Յեսուն աղերսեց իր ժողովրդին. «Ընտրեցէք այսօր ձեզ համար, թէ [ու՞մ] էք պաշտելու, … բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու» (Յեսու 24․15): Տիրոջը ծառայելու իր կատարած ընտրությունների շնորհիվ Յեսուն դարձավ իր ժամանակի մեծ առաջնորդ: Իմ սիրելի՛ ընկերներ, սա մե՛ր ժամանակն է: Եվ մեր կատարած ընտրությունները կորոշեն մեր ճակատագիրը (տես Թոմաս Ս․ Մոնսոն, «Որոշումներն են որոշում ճակատագիրը» [Brigham Young University fireside, Nov. 6, 2005], speeches.byu.edu):
Երբ ես ծառայում էի որպես եպիսկոպոս, մենք ունեինք մի նշանաբան` Լավ ընտրությունները հավասար են հավերժական երջանկության: Երիտասարդները դահլիճում կողքովս անցնելիս ասում էին. «Եպիսկոպո՛ս, ես լավ ընտրություններ եմ կատարում»: Դա եպիսկոպոսի երազանքն է:
Ի՞նչ նկատի ունենք «լավ ընտրություններ» ասելով: Ինչ-որ մեկը մի անգամ հարցրեց Հիսուսին. «Ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը»: Նա պատասխանեց.
«Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը:
Սա առաջին և ամենամեծ պատվիրանն է:
Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթեոս 22.36-39):
Ես չգիտեմ ձեր մասին, բայց երբ ես կարդում եմ այդ երկու մեծ պատվիրանները, նկատում եմ երրորդ ենթադրվող պատվիրան` սիրեք ինքներդ ձեզ:
Երբևէ մտածե՞լ եք ինքներդ ձեզ սիրելու մասին՝ որպես պատվիրան: Կարո՞ղ ենք իսկապես սիրել Աստծուն և սիրել Նրա զավակներին, եթե մենք չսիրենք ինքներս մեզ:
Մի իմաստուն առաջնորդ վերջերս խորհուրդ տվեց մի մարդու, որը փորձում էր հաղթահարել տարիների կործանարար ընտրությունները: Այդ մարդը ամոթ էր զգում և կասկածում էր՝ արդյոք արժանի էր որևէ մեկի սիրուն:
Նրա ղեկավարն ասաց նրան. «Տերը գիտի քեզ, սիրում է քեզ, գոհ է քեզանից և այն խիզախ քայլերից, որ դու կատարում ես»: Իսկ հետո ավելացրեց. «[Դու] պետք է լսես ինքդ քեզ սիրելու պատվիրանը, որպեսզի կարողանաս զգալ [Աստծո] սերը և սիրես ուրիշներին»:
Երբ այդ եղբայրը լսեց այդ խորհուրդը, նա տեսավ կյանքը նոր աչքերով: Նա հետագայում ասաց. «Ես անցկացրել եմ իմ ողջ կյանքը` փորձելով խաղաղություն և ընդունելություն գտնել: Ես որոնել եմ այդ բաները շատ սխալ տեղերում: Միայն Երկնային Հոր և Փրկիչի սիրո մեջ ես կարողացա սփոփանք գտնել: Ես գիտեմ, որ Նրանք կամենում են, որ ես սիրեմ ինձ, դա իսկապես միակ ուղին է, որով ես կարողանում եմ զգալ Նրանց սերը իմ հանդեպ:
Երկնային Հայրը կամենում է, որ մենք սիրենք ինքներս մեզ, ոչ թե դառնանք հպարտ կամ եսակենտրոն, այլ տեսնենք ինքներս մեզ, ինչպես Նա է տեսնում մեզ` մենք Նրա փայփայած զավակներն ենք: Երբ այս ճշմարտությունը խորապես ներթափանցում է մեր սրտերը, մեր սերն Աստծո հանդեպ աճում է: Երբ մենք ինքներս մեզ վերաբերվում ենք անկեղծ հարգանքով, մեր սիրտը բացվում է ՝ ուրիշներին նույնպես այդ կերպ վերաբերվելու համար: Որքան ավելի լավ ենք ճանաչում մեր աստվածային արժեքը, այնքան ավելի լավ ենք հասկանում այս աստվածային ճշմարտությունը, որ Աստված ուղարկել է մեզ հենց այստեղ, հենց այժմ, պատմության այս նշանակալից պահին, որպեսզի մենք կարողանաք անել հնարավոր մեծագույն բարիքը` այն տաղանդներով և պարգևներով, որ մենք ունենք: Սա մեր ժամանակն է: (Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Դառնալ իսկական հազարամյակցիներ» [համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար, հունվարի 10, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org:)
Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ յուրաքանչյուր մագարե ամեն դարում «ուրախության ակնկալիքով սպասել են այն օրվան, որում մենք ենք ապրում, … նրանք երգել են և գրել ու մարգարեացել մեր այս օրվա մասին, … մենք արտոնյալ ժողովուրդ ենք, որին Աստված է [ընտրել] առաջ բերելու Վերջին Օրերի փառքը» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ [2007], 186):
Երբ բախվեք ձեր մարտահրավերներին, հիշեք այս հավաստիացումը, որը տրվել է Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի կողմից. «Այնքան շատ բան է դրված մեր ուսերին, բայց դա լինելու է փառահեղ և բարեհաջող փորձառություն: … Այս վերջին մրցույթի հաղթանակն արդեն հռչակված է: Հաղթանակն արդեն հիշատակարաններում է …, սուրբ գրություններում»: («Մի վախեցեք միայն հավատացեք» [Ելույթ Եկեղեցու Կրթական համակարգի կրոնական ուսուցիչներին, փետրվարի 6, 2015], broadcasts.ChurchofJesusChrist.org):
Զատիկի այս գեղեցիկ օրերին կարո՞ղ եմ մի կոչ հղել, որ մենք բոլորս աղոթենք, որ ճանաչենք և ընդունենք մեր անձական դերերը, մինչ մենք պատրաստվում ենք այն փառահեղ օրվան, երբ Փրկիչը կգա կրկին: Տերը սիրում է մեզ ավելի շատ, քան մենք կարող ենք պատկերացնել, և Նա կպատասխանի մեր աղոթքներին: Լինի դա ֆուտբոլի դաշտում, հիվանդասենյակում, թե որևէ այլ տեղ, մենք կարող ենք կարևոր մասը լինել այդ նշանակալի իրադարձությունների, որովհետև սա մեր ժամանակն է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։