Գերագույն համաժողով
Հիսուս Քրիստոսը․ մեր հոգու խնամատարը
2021թ․ ապրիլի գերագույն համաժողով


11:9

Հիսուս Քրիստոսը․ մեր հոգու խնամատարը

Երբ անկեղծորեն ապաշխարենք մեր մեղքերից, մենք թույլ կտանք, որ Քրիստոսի քավիչ զոհաբերությունը լիովին գործի մեր կյանքում։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Զատիկի այս պայծառ առավոտյան իմ սիրտն ուրախանում է, հիշելով մարդկության ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած ամենահիասքանչ, ամենավսեմ, ամենից անսահման արարքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը: Եսայիա մարգարեի նշանավոր խոսքերը վեհացնում են Փրկիչի բարեհաճության և զոհաբերության մեծությունն ու անձնվիրությունը՝ հանուն Աստծո բոլոր զավակների.

«Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։

Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ խաղաղություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք»:1

Կամավոր Իր վրա վերցնելով ողջ մարդկության մեղքերը, դաժանորեն բևեռվելով խաչին և երրորդ օրը մահը հաղթական նվաճելով,2 Հիսուսը ավելի սրբազան նշանակություն տվեց Պասեքին, որը շնորհվել էր Իսրայելին հին ժամանակներում։3 Ի կատարումն մարգարեության՝ Նա առաջարկեց Իր իսկ մարմինը և թանկարժեք արյունը՝ որպես մեծ և վերջին զոհաբերություն,4 վավերացնելով ավանդական խորհրդանիշները, որոնք օգտագործվում էին Տիրոջ Պասեքի տոնակատարության ժամանակ։5 Դրանով իսկ Քրիստոսը զգաց ֆիզիկական և հոգևոր տառապանքներ, որոնք անըմբռնելի են մարդկային մտքի համար: Ինքը՝ Փրկիչն է ասել․

«Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, …

Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել թե մարմնով, թե ոգով,– և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ,–

Այնուամենայնիվ, փա՛ռք լինի Հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար»:6

Իր անսահման ու ողորմած զոհաբերության միջոցով7 Քրիստոսը բարեհաճությամբ կատարեց Հոր կամքը։ Նա հաղթահարեց ֆիզիկական և հոգևոր մահվան խայթը,8 որ աշխարհ էր եկել Անկման արդյունքում,9 առաջարկելով մեզ հավերժական փրկության փառահեղ հնարավորություն։10

Հիսուսը միակ Էակն էր, որն ունակ էր իրականացնել հավերժական և կատարյալ այդ զոհաբերությունը բոլորիս համար։11 Նա ընտրվել և նախակարգվել էր Երկնային Մեծ խորհրդում՝ նախքան աշխարհի ստեղծումը։12 Ծնվելով մահկանացու մորից՝ Նա նաև ժառանգել էր ֆիզիկական մահ, բայց Աստծուց՝ որպես Հոր Միածին Որդի, զորություն էր ժառանգել՝ վայր դնելու Իր իսկ կյանքը և, այնուհետև, կրկին վերցնելու այն:13 Բացի այդ, Քրիստոսն ապրեց կատարյալ կյանքով, որն առանց արատների էր և, հետևաբար, ազատվել էր աստվածային արդարության պահանջներից:14 Մարգարե Ջոզեֆ Սմիթը մի առիթով ուսուցանել է․

«Փրկությունը չէր կարող գալ աշխարհին առանց Հիսուս Քրիստոսի միջնորդության:

Աստված … պատրաստել է զոհաբերություն Իր իսկ Որդու պարգևով, որը պիտի ուղարկվեր ժամանակին, որպեսզի … դուռ բացեր, որի միջով մարդը կարող էր մտնել Տիրոջ ներկայությունը»։15

Չնայած որ Իր զոհաբերության միջոցով Փրկիչը անվերապահորեն վերացրել է ֆիզիկական մահվան հետևանքները,16 Նա չի չեղարկել մեր կատարած մեղքերի համար ապաշխարելու անձնական պատասխանատվությունը։17 Փոխարենը, Նա մեզ սիրո հրավեր է հղել՝ հաշտվելու մեր Հավերժական Հոր հետ: Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության միջոցով մենք կարող ենք զգալ մտքի և սրտի հզոր փոփոխություն, որ բերում է նոր վերաբերմունք՝ ինչպես Աստծո, այնպես էլ առհասարակ կյանքի հանդեպ:18 Երբ անկեղծորեն ապաշխարենք մեր մեղքերի համար և մեր սրտերն ու կամքը դարձնենք առ Աստված և Նրա պատվիրանները, մենք կստանանք Նրա ներումը և ավելի մեծ առատությամբ կզգանք Նրա Սուրբ Հոգու ազդեցությունը: Բարեբախտաբար, մենք չենք զգում Փրկիչի կրած տառապանքի խորությունը։19

Ապաշխարության պարգևը Աստծո բարության դրսևորումն է իր զավակների հանդեպ, և այն ցույց է տալիս Նրա անզուգական զորությունը, որ օգնում է մեզ հաղթահարել մեր գործած մեղքերը: Դա նաև վկայություն է այն համբերության և երկայնամտության, որ մեր սիրառատ Հայրն ունի մեր մահկանացու թուլության և թերությունների հանդեպ: Նախագահ Ռասել Մ. Նելսոնը՝ մեր սիրելի մարգարեն, այս պարգևը անվանել է «երջանկության և խաղաղ մտքի բանալի»:20

Իմ թանկագի՛ն բարեկամներ, ես վկայում եմ ձեզ, որ երբ անկեղծորեն ապաշխարենք մեր մեղքերից,21 մենք թույլ կտանք, որ Քրիստոսի քավիչ զոհաբերությունը լիովին գործի մեր կյանքում։22 Մենք կազատվենք մեղքի ստրկությունից, ուրախություն կգտնենք մեր երկրային ճամփորդության մեջ և իրավասություն կստանանք հավերժական փրկության համար, որը պատրաստվել է աշխարհի հիմնադրումից ի վեր՝ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին և գալիս են Նրա մոտ:23

Փրկության վեհաշուք պարգևը ապահովելուց բացի, Փրկիչը մեզ առաջարկում է սփոփանք և մխիթարություն, երբ բախվում ենք տառապանքների, գայթակղությունների և մահկանացու կյանքի թուլությունների, ներառյալ այն հանգամանքները, որոնք վերջերս ենք ապրել ներկայիս համավարակի ընթացքում: Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Քրիստոսը տեղյակ է այն դժբախտությունների մասին, որոնք մենք ապրում ենք մահկանացու կյանքում: Նա հասկանում է թե՛ մեր առջև ծառացած դառնությունները, տվայտանքները և ֆիզիկական ցավը, թե՛ մեր հուզական և հոգևոր մարտահրավերները: Փրկիչի աղիները լի են ողորմածությամբ, և Նա միշտ պատրաստ է սատարել մեզ: Դա հնարավոր է, քանի որ Նա անձամբ անցել է դրանով և մարմնով Իր վրա է վերցրել մեր թուլության և տկարությունների ցավերը։24

Հեզությամբ և սրտի խոնարհությամբ՝ Նա վայր իջավ բոլոր բաներից ցած և թույլ տվեց մարդկանց կողմից արհամարհվել, մերժվել և ցածրացվել՝ խոցվելով մեր օրինազանցությունների և անօրինությունների համար: Նա տառապեց այս ամենից բոլորի համար՝ Իր վրա վերցնելով աշխարհի մեղքերը,25 այդպիսով դառնալով մեր հոգու վերջնական խնամատարը։

Ավելի շատ մոտենալով Նրան, հոգևորապես հանձնվելով Նրա հոգածությանը, մենք կկարողանանք մեզ վրա վերցնել նրա լուծը, որ քաղցր է, և Նրա բեռը, որ թեթև է՝ այդպիսով գտնելով խոստացված մխիթարությունն ու հանգիստը: Ավելին, մենք կստանանք այն ուժը, որը մեզ բոլորիս պետք է, որպեսզի հաղթահարենք կյանքի դժվարությունները, թուլությունները և վշտերը, որոնց չափազանց դժվար է դիմանալ առանց Նրա օգնության և բժշկող զորության:26 Սուրբ գրություններն ուսուցանում են․ «Քո հոգսը գցի՛ր Տիրոջ վրա, և նա խնամք կտանի քեզ համար»։27 «Եվ այն ժամանակ թող Աստված շնորհի [մեզ], որ [մեր] բեռները թեթև լինեն՝ [նրա] Որդու ուրախության միջոցով»:28

Ռեգինա և Մարիո Էմերիկները

Անցյալ տարվա վերջին իմացա մի սիրելի զույգի՝ Մարիո և Ռեգինա Էմերիկների մահվան մասին, ովքեր շատ հավատարիմ էին Տիրոջը և կյանքից հեռացան միմյանցից չորս օր տարբերությամբ՝ COVID-19 վարակի բարդությունների պատճառով:

Նրանց որդիներից մեկը, որը ներկայումս Բրազիլիայում ծառայում է որպես եպիսկոպոս, ինձ պատմեց հետևյալը. «Շատ դժվար էր տեսնել, թե ինչպես են ծնողներս հեռանում այս աշխարհից այդ վիճակում, բայց ես հստակ զգում էի Տիրոջ ձեռքը իմ կյանքի այդ ողբերգության ընթացքում, որովհետև իմ հասկացողությունից վեր ուժ և խաղաղություն էի ստանում: Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ իմ հավատքի միջոցով ես ստացա աստվածային օգնություն, որպեսզի ամրապնդեի և մխիթարեի իմ ընտանիքի անդամներին և բոլոր նրանց, ովքեր օգնում էին մեզ այդ փորձության ընթացքում: Չնայած հրաշքը, որի համար բոլորս հույս ունեինք, տեղի չունեցավ, ես անձամբ ականատես եմ եղել ուրիշ շատ հրաշքների, որոնք տեղի են ունեցել իմ և իմ ընտանիքի անդամների կյանքում: Ես անբացատրելի խաղաղություն էի զգում, որ թափանցել էր իմ սրտի խորքերը՝ հույս և վստահություն հաղորդելով ինձ Փրկիչի սիրո և իր զավակների համար Աստծո երջանկության ծրագրի հանդեպ: Ես սովորեցի, որ ամենաշատ վշտով լցված օրերին Փրկիչի սիրող բազուկները միշտ պարզած են, երբ մենք փնտրում ենք Նրան ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով»:

Էմերիկների ընտանիքը

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Զատիկի այս կիրակի օրը ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից, և որ Նա ապրում է: Ես վկայում եմ ձեզ, որ Իր շնորհիվ և Իր անսահման քավիչ զոհաբերության շնորհիվ Փրկիչը մեզ համար ուղի է ապահովել հաղթահարել մահը՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգևորապես: Այս մեծ օրհնություններից բացի, դժվար պահերին Նա մեզ առաջարկում է մխիթարություն և վստահություն։ Հավաստիացնում եմ ձեզ, որ եթե մենք ապավինենք Հիսուս Քրիստոսին և Նրա գերբնական քավիչ զոհաբերությանը, հավատքով համբերելով մինչև վերջ, մենք կվայելենք մեր սիրելի Երկնային Հոր խոստումները, ով իր ուժերի սահմաններում ամեն ինչ անում է, որպեսզի օգնի մեզ մի օր վերադառնալ Իր ներկայություն: Մենք իրականացնո՛ւմ ենք Նրա աշխատանքը և Նրա փառքը։29 Վկայում եմ ձեզ, որ Հիսուսը Քրիստոսն է՝ աշխարհի Քավիչը, խոստացված Մեսիան՝ Հարությունը և Կյանքը։30 Եվ ես կիսվում եմ ձեզ հետ այս ճշմարտություններով Նրա սուրբ անունով, որ Հոր Միածինն է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։