Գերագույն համաժողով
Այն, ինչ սովորում ենք, երբեք չենք մոռանա
2021թ․ ապրիլի գերագույն համաժողով


16:22

Այն, ինչ սովորում ենք, երբեք չենք մոռանա

Եթե աղոթքով քննեք ձեր կյանքը, հավատում եմ, որ կտեսնեք բազմաթիվ եղանակներ, որոնցով Տերն առաջնորդել է ձեզ այս դժվարին ժամանակաշրջանում։

Իմ սիրելի՛ եղբայրներ, ես անհամբեր սպասել եմ ձեզ հետ կայանալիք այս հեռավար հանդիպմանը: Վերջին անգամ մենք գերագույն համաժողովի քահանայության նիստ ենք անցկացրել 2019 թվականի ապրիլին: Անցած երկու տարիների ընթացքում շատ բան է տեղի ունեցել: Ձեզանից ոմանք կորցրել են իրենց սիրելիներին: Մյուսները կորցրել են աշխատանքը, ապրուստը կամ առողջությունը: Ոմանք էլ կորցրել են խաղաղության զգացողությունը կամ ապագայի հանդեպ հույսը: Իմ սիրտը ցավում է ձեզանից յուրաքանչյուրի համար, ով ունեցել է նմանատիպ կամ այլ կորուստներ: Ես անընդհատ աղոթում եմ, որ Տերը մխիթարի ձեզ: Քանի դեռ դուք շարունակում եք թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքը, Ես գիտեմ, որ Նա ավելի քան երբևէ լավատես է ձեր ապագայի նկատմամբ։

Մեր կրած կորուստների ֆոնին կան նաև որոշ բաներ, որոնք մենք գտել ենք: Ոմանք ավելի մեծ հավատ են գտել մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ: Շատերը կյանքի նոր հեռանկար են գտել, նույնիսկ՝ հավերժական: Գուցե ավելի ամուր հարաբերություններ եք գտել ձեր սիրելիների և Տիրոջ հետ: Ես հուսով եմ, որ դուք գտել եք լսիր Նրան կոչին հետևելու և անձնական հայտնություն ստանալու ավելի մեծ ունակություն: Դժվար փորձությունները հաճախ աճելու հնարավորություններ են ստեղծում, որոնք հակառակ դեպքում չէինք ունենա:

Մտածեք անցած երկու տարիների մասին: Ինչպե՞ս եք աճել: Ի՞նչ եք սովորել։ Միգուցե առաջին միտքը եղավ այն, որ կցանկանայիք վերադառնալ 2019 թվական և մնալ այնտեղ: Բայց եթե աղոթքով քննեք ձեր կյանքը, հավատում եմ, որ կտեսնեք բազմաթիվ եղանակներ, որոնցով Տերն առաջնորդել է ձեզ այս դժվարին ժամանակաշրջանում՝ օգնելով ձեզ դառնալ ավելի նվիրված, ավելի դարձի եկած մարդ՝ Աստծո հավատարիմ մարդ:

Ես գիտեմ, որ Տերը մեծ և հրաշալի ծրագրեր է պատրաստել մեզ համար՝ անհատապես և հավաքականորեն: Կարեկցանքով և համբերությամբ Նա ասում է.

«Դուք փոքր երեխաներ եք, և դեռ չեք հասկացել, թե որքան մեծ օրհնություններ ունի Հայրն … ձեզ համար պատրաստած.

Եվ դուք չեք կարող տանել բոլոր բաներն այժմ. այնուամենայնիվ, ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ»։1

Իմ սիրելի՛ եղբայրներ, ես վկայում եմ, որ Նա առաջնորդել է և, իրոք, մեզ առաջնորդում է, երբ ձգտում ենք լսել Նրան: Նա ուզում է, որ մենք աճենք և սովորենք, նույնիսկ, իսկ գուցե հատկապես՝ դժվարությունների միջով:

Ձախորդությունը հրաշալի ուսուցիչ է։ Ի՞նչ եք դուք սովորել անցած երկու տարվա ընթացքում, որը միշտ կցանկանաք հիշել: Ձեր պատասխանները յուրահատուկ կլինեն ձեզ համար, բայց թույլ տվեք առաջարկել չորս դաս, որ հուսով եմ մենք բոլորս սովորել ենք և երբեք չենք մոռանա:

Դաս 1. Տունը հավատքի և երկրպագության կենտրոն է

Հաճախ, երբ Տերը նախազգուշացնում է մեզ վերջին օրերի վտանգների մասին, Նա խորհուրդ է տալիս հետևյալը. «Կանգնեք սուրբ տեղերում, և մի շարժվեք»։2 Այդ «սուրբ վայրերի» մեջ, անշուշտ, մտնում են Տիրոջ տաճարները և հավաքատները: Բայց քանի որ այս վայրերում հավաքվելու մեր կարողությունը տարբեր չափով սահմանափակվել է, մենք սովորել ենք, որ երկրի վրա սուրբ վայրերից մեկը տունն է․ այո, նույնիսկ՝ ձեր տունը:

Եղբայրնե՛ր, դուք կրում եք Աստծո քահանայությունը: «Քահանայության իրավունքներն անբաժանորեն կապված են երկնքի զորությունների հետ»։3 Դուք և ձեր ընտանիքը ստացել եք քահանայության արարողություններ: «[Քահանայության] արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»։4 Այդ զորությունը հասանելի է ձեզ և ձեր ընտանիքին՝ ձեր իսկ տանը, երբ պահում եք ձեր ուխտերը։5

Ընդամենը 185 տարի առաջ, 1836 թվականի ապրիլի 3-ի այս նույն օրը, Եղիան վերականգնեց քահանայության բանալիները, որոնք ընտանիքներին հնարավորություն տվեցին կնքվել ընդմիշտ: Ահա, թե ինչու եք լավ զգում, երբ հաղորդությունը սպասավորում եք ձեր տանը: Ձեր կարծիքով, ինչպե՞ս է այն ազդել ձեր ընտանիքի անդամների վրա՝ տեսնելով, որ իրենց հայրը, պապը, ամուսինը, որդին կամ եղբայրը սպասավորում են այս սուրբ արարողությունը: Ի՞նչ եք անելու ձեր ընտանիքում այդ սուրբ զգացումը պահպանելու համար:

Գուցե զգում եք, որ դեռ պետք է ավելին անեք՝ ձեր տունն իսկապես հավատքի սրբավայր դարձնելու համար: Եթե այո, ապա խնդրում եմ արեք այդպես: Եթե ամուսնացած եք, խորհրդակցեք ձեր կնոջ հետ այս կարևոր հարցի շուրջ՝ որպես ձեր հավասար գործընկերոջ: Սրանից ավելի կարևոր որոշ գործեր ևս կան: Այս պահից մինչ Տիրոջ գալուստը բոլորս պետք է մեր տները դարձնենք հանգստության և անվտանգության վայրեր։6

Հոգին հրավիրող վարքագիծն ու արարքները կմեծացնեն ձեր տան սրբությունը: Հավասարապես ճիշտ է նաև այն փաստը, որ սրբությունը կչքանա, եթե ձեր վարքագծում կամ միջավայրում լինի Սուրբ Հոգին վիրավորող որևէ բան, քանի որ այդ ժամանակ «երկինքները ետ են քաշվում»:7

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Տերը ցանկանում, որ մեր տները դարձնենք ավետարանի ուսուցման և ավետարանով ապրելու կենտրոն: Դա միայն համավարակին պատրաստելու և մեզ օգնելու համար չէ: Հավաքվելու ներկա սահմանափակումները, ի վերջո, կավարտվեն: Այնուամենայնիվ, ձեր տունը հավատքի հիմնական սրբավայր դարձնելու ձեր պարտավորությունը երբեք չպետք է ավարտվի: Քանի որ հավատն ու սրբությունը պակասում են այս ընկած աշխարհում, սուրբ տեղեր ունենալու անհրաժեշտությունը կաճի։ Ես հորդորում եմ, որ դուք շարունակեք ձեր տունը իսկապես դարձնել սուրբ տեղ «և չշարժվել»8 այդ հիմնական նպատակից:

Դաս 2. Մենք ունենք միմյանց կարիքը

Աստված ուզում է, որ մենք աշխատենք միասին և օգնենք միմյանց: Այդ պատճառով է Նա ընտանիքներով ուղարկում մեզ երկիր և կազմակերպում մեզ ծխերում և ցցերում: Այդ պատճառով է Նա խնդրում մեզ ծառայել և սպասավորել միմյանց: Այդ պատճառով Նա խնդրում է մեզ ապրել աշխարհում, բայց չլինել այս աշխարհից:9 Մենք միասին կարող ենք շատ ավելին անել, քան կարող ենք միայնակ անել:10 Աստծո երջանկության ծրագիրը կվտանգվեր, եթե Նրա զավակները մեկուսացված մնային մեկը մյուսից:

Ներկայիս համավարակը եզակի է նրանով, որ այն ազդել է աշխարհում բոլորի վրա՝ իրապես միաժամանակ։ Չնայած ոմանք ավելի շատ են տուժել, քան մյուսները, մենք բոլորս ինչ-որ դժվարություններ ենք կրել։ Այդ պատճառով, մեր ընդհանուր փորձությունը ավելի քան երբևէ ներուժ ունի միավորելու Աստծո զավակներին: Ուստի ես հարց եմ տալիս․ արդյո՞ք այս համատեղ փորձությունը ձեզ ավելի է մոտեցրել ձեր հարևաններին՝ փողոցի և աշխարհի մյուս կողմի ձեր եղբայրներին ու քույրերին:

Այդ առումով, երկու մեծ պատվիրանները կարող են առաջնորդել մեզ. առաջինը՝ սիրել Աստծուն և երկրորդը՝ սիրել մեր մերձավորին:11 Մեր սերը ցույց ենք տալիս, երբ ծառայում ենք:

Եթե ճանաչում եք որևէ միայնակ մարդու, օգնության ձեռք մեկնեք, նույնիսկ, եթե դուք եք ձեզ միայնակ զգում: Գործելու համար պարտադիր չէ ունենալ առիթ, նորություն կամ որևէ գործ այդ մարդու հետ: Պարզապես բարևեք և ցույց տվեք ձեր սերը: Տեխնոլոգիան կարող է օգնել ձեզ: Համավարակ է, թե ոչ, Աստծո յուրաքանչյուր թանկագին զավակ պետք է իմանա, որ ինքը միայնակ չէ:

Դաս 3. Քահանայության ձեր քվորումն ավելին է, քան պարզապես ժողովները

Համավարակի ժամանակ կիրակի օրվա քվորումի ժողովները որոշ ժամանակով չեղարկվեցին: Որոշ քվորումներ այժմ կարող են հեռավար հանդիպել: Այնուամենայնիվ, այն աշխատանքը, որը Տերը տվել է քահանայության քվորումներին, երբեք չի սահմանափակվել միայն ժողովներով: Ժողովները քվորումի ունեցած դերի և այն ամենի միայն մի փոքր մասն են, ինչ դրանք կարող են անել:

Ահարոնյան Քահանայության և երեցների քվորումների ի՛մ եղբայրներ, հեռուն նայեք, թե ինչու մենք ունենք քվորումներ: Ինչպե՞ս է Տերը ցանկանում, որ դուք ձեր քվորումի օգնությամբ այսօր իրականացնեք Իր գործը: Հայտնություն փնտրեք Տիրոջից: Խոնարհեցրեք ինքներդ ձեզ: Հարցրե՛ք։ Լսե՛ք։ Եթե ձեզ ղեկավար են կանչել, խորհրդակցեք նախագահությունով և քվորումի անդամներով: Քահանայության ինչ պաշտոն կամ կոչում էլ որ ունենաք, թող Աստված տնօրինի քվորումի անդամ լինելու և ծառայելու ձեր հանձնառության մեջ։ Ուրախացեք այն արդարությամբ, որը դուք կկատարեք, երբ «ջերմեռանդ ներգրավված լինեք բարի գործի մեջ»:12 Քվորումներն ունեն Իսրայելի հավաքումը վարագույրի երկու կողմերում արագացնելու եզակի դեր։

Դաս 4. Մենք ավելի լավ ենք լսում Հիսուս Քրիստոսին, երբ հանդարտ ենք

Մենք ապրում ենք այն ժամանակներում, որի մասին վաղուց մարգարեացել են․ «Եվ բոլոր բաները կլինեն խառնաշփոթության մեջ. և, անկասկած, մարդկանց սրտերը կնվաղեն. քանզի երկյուղը կպատի բոլոր մարդկանց»։13 Դա այդպես էր համավարակից առաջ, և այդպես կլինի համավարակից հետո: Աշխարհում խառնաշփոթությունը կշարունակի մեծանալ։ Ի տարբերություն դրա, Տիրոջ ձայնը «բարձր աղմկոտ ժխորի ձայն չէ, այլ ահա, դա կատարյալ մեղմության մի հանդարտ ձայն էր, կարծես մի շշուկ, և այն թափանցեց մինչև հոգու խորքերը»։14 Այս հանդարտ ձայնը լսելու համար դուք նույնպես պետք է հանդարտ մնաք:15

Որոշ ժամանակ համավարակը չեղյալ է հայտարարել այնպիսի միջոցառումներ, որոնք սովորաբար կլցնեին մեր կյանքը: Շուտով, եթե կամենանք, մենք գուցե կարողանանք այդ ժամանակը կրկին լցնել աշխարհի աղմուկով և խառնաշփոթով: Կամ՝ մենք կարող ենք օգտագործել մեր ժամանակը, որպեսզի լսենք Տիրոջ ձայնը, որը առաջնորդություն, մխիթարություն ու խաղաղություն է շշնջում: Խաղաղ ժամանակը սուրբ ժամանակ է. ժամանակ, որը կխթանի անձնական հայտնությունը և կսերմանի խաղաղություն:

Ստիպեք ձեզ ժամանակ հատկացնել՝ ինքներդ ձեզ և ձեր սիրելիների հետ առանձին մնալու համար: Ձեր սիրտն աղոթքով բացեք Աստծո առաջ: Ժամանակ տրամադրեք՝ ընկղմվելու սուրբ գրություններում և երկրպագելու տաճարում:

Իմ սիրելի՛ եղբայրներ, կան շատ բաներ, որոնք Տերը ցանկանում է, որ սովորենք այս համավարակի ընթացքում ունեցած մեր փորձառություններից: Ես թվարկեցի միայն չորսը։ Ես հրավիրում եմ ձեզ կազմել ձեր սեփական ցուցակը, ուշադիր քննել այն և կիսվել այն մարդկանց հետ, ում սիրում եք:

Ապագան պայծառ է Տիրոջ ուխտյալ ժողովրդի համար։16 Տերը ավելի հաճախ կկանչի Իր ծառաներին, ովքեր արժանիորեն պահում են քահանայությունը՝ օրհնելու, մխիթարելու և զորացնելու մարդկանց և օգնելու պատրաստել աշխարհն ու նրա ժողովրդին Իր Երկրորդ Գալուստին: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է բավարարել իր սուրբ կարգման չափանիշները։ Մենք կարող ենք դա անել: Ես այսպես եմ վկայում՝ արտահայտելով իմ սերը ձեզանից յուրաքանչյուրի հանդեպ, իմ սիրելի՛ եղբայրներ․ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: