Պաշտպանել աստվածայնորեն ներշնչված մեր սահմանադրությունը
Աստվածային ներշնչման հանդեպ մեր հավատը Վերջին Օրերի սրբերին տալիս է յուրահատուկ պատասխանատվություն՝ պահպանելու և պաշտպանելու Միացյալ Նահանգների սահմանադրությունը և սահմանադրականության սկզբունքները:
Այս անհանգիստ ժամանակներում ես մտածեցի, որ պետք է խոսեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներշնչված սահմանադրության մասին։ Այս սահմանադրությունը հատուկ նշանակություն ունի Միացյալ Նահանգների մեր անդամների համար, բայց նաև ընդհանուր հիմք է հանդիսանում աշխարհի սահմանադրությունների համար:
I.
Սահմանադրությունը կառավարության հիմքն է: Այն ապահովում է կառավարության լիազորությունների իրականացման կառուցվածք և սահմանափակումներ: Միացյալ Նահանգների սահմանադրությունը ամենահին գրավոր սահմանադրությունն է, որը մինչ այժմ գործում է: Թեպետ ի սկզբանե ընդունվել էր միայն փոքրաթիվ գաղութների կողմից, այն շուտով օրինակ դարձավ ամբողջ աշխարհում: Այսօր բոլոր ժողովուրդները, բացի երեքից, ընդունել են գրավոր սահմանադրություններ։1
Իմ այս մեկնաբանության մեջ ես չեմ խոսում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի մասին: Ես խոսում եմ Միացյալ Նահանգների սահմանադրության մասին, որն ուսումնասիրել եմ ավելի քան 60 տարի: Ես խոսում եմ՝ դատելով փաստաբանի իմ աշխատանքից մինչև ԱՄՆ Գերագույն դատարանի գլխավոր դատավոր աշխատելու իմ փորձից: Ես խոսում եմ՝ դատելով համալսարաններում իրավագիտության պրոֆեսոր աշխատելու իմ 15 տարիների և Յուտայի Գերագույն դատարանում երեք ու կես տարի դատավոր աշխատելու իմ փորձից: Եվ որ ամենակարևորն է, ես խոսում եմ՝ դատելով 37 տարի Հիսուս Քրիստոսի առաքյալ լինելու իմ փորձից, ով պատասխանատու է ուսումնասիրել Միացյալ Նահանգների աստվածայնորեն ոգեշնչված սահմանադրության նշանակությունը Նրա վերականգնված Եկեղեցու աշխատանքում:
Միացյալ Նահանգների Սահմանադրությունը յուրահատուկ է, քանի որ Աստված հայտնեց, որ Ինքը «հաստատեց» այն «ամեն մարմնի իրավունքների և պաշտպանության համար» (Վարդապետություն և Ուխտեր 101.77, տես նաև հատված 80)։ Դա է պատճառը, թե ինչու է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հատուկ նշանակություն տալիս այդ սահմանադրությանը ամբողջ աշխարհում։ Նրանք պետք է որոշեն, թե արդյո՞ք դրա սկզբունքները պետք է կիրառվեն այլ ազգերի մեջ, և ինչպե՞ս պետք է դրանք կիրառվեն։
Ո՞րն էր Աստծո նպատակը Միացյալ Նահանգների սահմանադրության հաստատման գործում: Մենք դա տեսնում ենք բարոյական ազատ կամքի վարդապետության մեջ: Վերականգնված Եկեղեցու առաջին տասնամյակում արևմտյան սահմանի Եկեղեցու անդամներն առանձին և համատարած հետապնդումների էին ենթարկվում: Մասամբ դա պայմանավորված էր մարդկանց ստրկացման դեմ նրանց ընդդիմությամբ, որն այդ ժամանակ գոյություն ուներ Միացյալ Նահանգներում: Այս անբարենպաստ պայմաններում Աստված մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով հայտնեց հավիտենական ճշմարտություններ Իր վարդապետության մասին:
Աստված Իր զավակներին բարոյական ազատ կամք է տվել. զորություն՝ որոշում կայացնելու և գործելու համար: Տղամարդիկ ու կանայք ամենից շատ հակված են գործադրելու այդ ազատ կամքը, երբ նրանք իրենց ընտրությամբ ազատ են՝ որոշում կայացնելու և գործելու համար։ Այնուհետև հայտնությունը բացատրում է, որ «դատաստանի օրն ամեն մարդ պատասխան տա իր իսկ մեղքերի համար» (Վարդապետություն և Ուխտեր 101.78): «Հետևաբար, - հայտնել է Տերը, - արդարացի չէ, որ մի մարդ մեկ ուրիշի գերության տակ լինի» (Վարդապետություն և Ուխտեր 101․79)։ Սա ակնհայտորեն նշանակում է, որ մարդկանց ստրկությունը սխալ է։ Եվ ըստ նույն սկզբունքի, սխալ է, որ քաղաքացիները ձայնի իրավունք չունեն իրենց կառավարիչների ընտրության կամ իրենց օրենքների կայացման հարցում:
II.
Մեր համոզմունքն առ այն, որ Միացյալ Նահանգների սահմանադրությունը աստվածայնորեն ներշնչված է, չի նշանակում, որ աստվածային հայտնությամբ թելադրված է յուրաքանչյուր բառ և արտահայտություն, ինչպես օրինակ՝ ամեն նահանգից ներկայացուցիչների քանակը բաշխող կամ յուրաքանչյուր ներկայացուցչի նվազագույն տարիքը սահմանող դրույթները:2 Սահմանադրությունը «լիովին մշակված փաստաթուղթ» չէր, - ասել է նախագահ Ջ․ Ռուբեն Քլարկը: «Ընդհակառակը, - բացատրել է նա, - մենք կարծում ենք, որ այն պետք է լրացվի և մշակվի՝ զարգացող աշխարհի փոփոխվող կարիքները բավարարելու համար»:3 Օրինակ՝ ներշնչված փոփոխություններով վերացվեց ստրկությունը և կանանց տրվեց քվեարկելու իրավունք: Սակայն, մենք նման ոգեշնչում չենք տեսնում Սահմանադրությունը մեկնաբանելու Գերագույն դատարանի յուրաքանչյուր որոշման մեջ։
Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը պարունակում է աստվածայնորեն ներշնչված առնվազն հինգ սկզբունք։4
Առաջին սկզբունքն այն է, որ պետության իշխանության սկզբնաղբյուրը ժողովուրդն է: Մի ժամանակ, երբ բոլորը ենթադրում էին, որ սուվերեն իշխանությունը բխում է թագավորների աստվածային իրավունքից կամ ռազմական ուժից՝ սուվերեն իշխանությունը ժողովրդին վերագրելը աննախադեպ երևույթ էր։ Փիլիսոփաները կողմ էին դրան, բայց Միացյալ Նահանգների սահմանադրությունն առաջինը կիրառեց դա: Ժողովրդի սուվերեն իշխանությունը չի նշանակում, որ ամբոխը կամ մարդկանց այլ խմբեր կարող են վախեցնելով կամ պարտադրելով միջամտել կառավարության աշխատանքին: Սահմանադրությունը հաստատեց սահմանադրական ժողովրդավարական հանրապետություն, որտեղ մարդիկ իրենց իշխանությունն իրականացնում են իրենց ընտրած ներկայացուցիչների միջոցով:
Երկրորդ ներշնչված սկզբունքն այն է, որ իշխանությունը բաժանվում և պատվիրակվում է ազգի և նրա ենթակա նահանգների միջև: Մեր դաշնային համակարգում այս աննախադեպ սկզբունքը երբեմն ենթարկվել է ոգեշնչված փոփոխությունների, ինչպիսիք են՝ ստրկության վերացումը և կանանց քվեարկելու իրավունքի սահմանումը, որոնք նշվեցին ավելի վաղ: Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների սահմանադրությունը սահմանափակում է ազգային կառավարությանը գործադրել իրեն տրված ուղղակի կամ անուղղակի լիազորությունները, և իրեն է վերապահում կառավարության բոլոր մյուս լիազորությունները «համապատասխանաբար նահանգներին կամ ժողովրդին»:5
Մեկ այլ ոգեշնչված սկզբունքը՝ իշխանությունների տարանջատման սկզբունքն է: 1787 թվականի սահմանադրության մեր համագումարից մոտ մեկ դար առաջ Անգլիայի խորհրդարանը հանդես եկավ օրենսդիր և գործադիր իշխանության տարանջատման նախաձեռնությամբ, երբ նրանք որոշակի լիազորություններ վերցրին թագավորից: Ամերիկայի համագումարի ժամանակ մարդիկ ոգեշնչվեցին պատվիրակել գործադիր, օրենսդիր և դատական անկախ իշխանությունները, որպեսզի այդ երեք ճյուղերը կարողանան վերահսկել միմյանց։
Չորրորդ ներշնչված սկզբունքը վերաբերում է սահմանադրության ուժի մեջ մտնելուց ընդամենը երեք տարի անց փոփոխություններով ընդունված Իրավունքների մասին օրենքի նախագծում մարդու իրավունքների և պետական լիազորությունների որոշակի սահմանափակումների կենսական երաշխիքների խմբին: Իրավունքների մասին օրինագիծը նոր չէր: Դրա համար ոգեշնչման աղբյուր էր հանդիսացել առաջին անգամ Անգլիայում կիրառություն գտած սկզբունքները՝ սկսած Magna Carta-ից: Սահմանադրությունը մշակողներին ծանոթ էին դրանք, քանի որ գաղութային որոշ կանոնադրություններ ունեին այդպիսի երաշխիքներ:
Առանց Իրավունքների մասին օրինագծի, Ամերիկան չէր կարող ծառայել որպես հյուրընկալող պետություն ավետարանի վերականգնման համար, որը սկսվեց ընդամենը երեք տասնամյակ անց: Սկզբնական դրույթում կար աստվածային ներշնչում այն մասին, որ չպետք է կրոնական քննություն հանձնել պետական պաշտոնների համար,6 բայց Առաջին փոփոխության մեջ կրոնական ազատության և ընդդիմության երաշխիքների ավելացումը կարևոր էին: Մենք նաև աստվածային ներշնչում ենք տեսնում Առաջին փոփոխության՝ խոսքի, մամուլի ազատությունների և անձի պաշտպանության մեջ, որոնք մարմնավորված են այլ փոփոխություններում, ինչպիսիք են քրեական հետապնդումները:
Հինգերորդ և վերջինը՝ ես աստվածային ներշնչում եմ տեսնում ամբողջ սահմանադրության կենսական նպատակի մեջ: Մենք պետք է ղեկավարվենք օրենքով, այլ ոչ թե անհատներով և մենք հավատարիմ ենք սահմանադրությանը, դրա սկզբունքներին և գործընթացներին, այլ ոչ թե պետական ծառայողներին: Այսպիսով, բոլոր անձինք պետք է հավասար լինեն օրենքի առջև: Այս սկզբունքները արգելափակում են բռնապետական հավակնությունները, որոնք աղավաղել են ժողովրդավարությունը որոշ երկրներում: Դրանք նաև նշանակում են, որ իշխանության երեք ճյուղերից ոչ մեկը չպետք է գերակշռի մյուսների նկատմամբ կամ խանգարի մյուսներին կատարել միմյանց վերահսկելու իրենց պատշաճ սահմանադրական գործառույթները:
III.
Չնայած Միացյալ Նահանգների սահմանադրության աստվածայնորեն ներշնչված սկզբունքներին, երբ կիրառվել են անկատար մահկանացուների կողմից, նրանք միշտ չէ, որ իրականացրել են իրենց առջև դրած նպատակը: Օրենսդրության կարևոր թեմաները, օրինակ՝ ընտանեկան հարաբերությունները կարգավորող որոշ օրենքներ, դաշնային կառավարությունը վերցրել է նահանգներից: Սահմանադրության Առաջին փոփոխության դերը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը, երբեմն ոչ ժողովրդական խոսքի ճնշման ներքո նվազել է։ Իշխանությունների տարանջատման սկզբունքը միշտ ենթարկվել է ճնշումների, երբ իշխանության մի ճյուղը տարատեսակ ճնշումներ է գործադրել կամ խոչընդոտել է պատվիրակված լիազորությունների իրականացմանը:
Կան նաև այլ սպառնալիքներ, որոնք խարխլում են Միացյալ Նահանգների սահմանադրության ներշնչված սկզբունքները: Սահմանադրության դերը թուլանում է հասարակության ներկայիս միտումները փոխարինելով և դարձնելով դրա հիմքը՝ ազատ և ինքնակառավարվող լինելու փոխարեն: Սահմանադրության հեղինակությունն արժեզրկվում է, երբ թեկնածուները կամ պաշտոնատար անձինք անտեսում են դրա սկզբունքները: Սահմանադրության վեհությունն ու ուժը նվազեցնում են նրանք, որոնց համար այն հավատարմության ստուգարք կամ քաղաքական կարգախոս է՝ փոխանակ կառավարության իշխանության սահմանափակումների և լիազորությունների աղբյուր հանդիսացող իրավական բարձր վարկանիշ լինելու։
IV.
Աստվածային ներշնչման հանդեպ մեր հավատը Վերջին Օրերի Սրբերին տալիս է յուրահատուկ պատասխանատվություն՝ պահպանելու և պաշտպանելու Միացյալ Նահանգների սահմանադրությունը և սահմանադրականության սկզբունքները, որտեղ էլ որ մենք ապրենք: Մենք պետք է վստահենք Տիրոջը և դրական մտածողություն ունենանք այս ազգի ապագայի նկատմամբ:
Ուրիշ ի՞նչ պետք է անեն Վերջին Օրերի Սրբերը: Մենք պետք է աղոթենք, որ Տերն առաջնորդի և օրհնի բոլոր ազգերին և նրանց ղեկավարներին: Սա մեր հավատո հանգանակի մի մասն է: Նախագահներին կամ կառավարիչներին հպատակ լինելը,7 իհարկե, խոչընդոտ չի հանդիսանում, որ մենք դեմ լինենք առանձին օրենքներին կամ քաղաքականությանը: Դա պահանջում է, որ մեր ազդեցությունն օգտագործենք քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով՝ մեր սահմանադրությունների և գործող օրենքների շրջանակներում: Վիճահարույց հարցերի շուրջ պետք է ձգտենք չափավոր լինել և միավորվել:
Կան այլ պարտականություններ, որոնք մաս են կազմում ներշնչված սահմանադրության պահպանման: Մենք պետք է սովորենք և պաշտպանենք սահմանադրության ոգեշնչված սկզբունքները: Մենք պետք է փնտրենք ու աջակցենք իմաստուն և լավ մարդկանց, ովքեր կաջակցեն այդ սկզբունքներին իրենց հասարակական գործողություններում։8 Մենք պետք է լինենք բանիմաց քաղաքացիներ և ակտիվորեն նպաստենք, որ քաղաքացիական գործերում մեր ազդեցությունը նկատելի դառնա։
ԱՄՆ-ում և այլ ժողովրդավարական երկրներում քաղաքական ազդեցությունն իրականացվում է պաշտոնի առաջադրմամբ (որը մենք խրախուսում ենք), քվեարկությամբ, ֆինանսական աջակցությամբ, քաղաքական կուսակցություններին անդամակցելով և ծառայելով, ինչպես նաև պաշտոնատար անձանց, կուսակցությունների և թեկնածուների հետ շարունակական շփման միջոցով: Ժողովրդավարության ճիշտ գործունեության համար այս ամենն անհրաժեշտ է, բայց կարիք չկա, որ գիտակից քաղաքացին դրանք բոլորն իրագործի։
Կան քաղաքական շատ խնդիրներ, և ոչ մի կուսակցություն, ոչ մի հարթակ և ոչ մի անհատ թեկնածու չի կարող բավարարել բոլոր անձնական նախասիրությունները: Ուստի յուրաքանչյուր քաղաքացի պետք է որոշի, թե որ հարցերն են առավել կարևոր իր համար տվյալ պահին: Այնուհետև, անդամները պետք է ոգեշնչում փնտրեն, թե ինչպես օգտագործեն իրենց ազդեցությունը՝ համաձայն իրենց անհատական առաջնահերթությունների: Այդ գործընթացը հեշտ չի լինի։ Դրա համար անհրաժեշտ կլինի փոխել կուսակցությունը կամ թեկնածուի ընտրությունը, նույնիսկ՝ ընտրությունից ընտրություն:
Այդ առանձին արարքները, երբեմն, ընտրողներից կպահանջի աջակցել այն թեկնածուներին, քաղաքական կուսակցություններին կամ ծրագրերին, որոնց մյուս դիրքորոշումները նրանք չեն կարող ընդունել։9 Դա է պատճառներից մեկը, թե մենք ինչու ենք խրախուսում մեր անդամներին զերծ մնալ քաղաքական հարցերում միմյանց դատելուց: Մենք երբեք չպետք է պնդենք, որ Վերջին Օրերի որևէ հավատարիմ սուրբ չի կարող պատկանել որոշակի կուսակցության կամ քվեարկել տվյալ թեկնածուի օգտին: Մենք ուսուցանում ենք ճիշտ սկզբունքներ և մեր անդամներին ենք թողնում ընտրությունը, թե ինչպես ժամանակ առ ժամանակ գերադասել և կիրառել այս սկզբունքները ներկայացված հարցերի վերաբերյալ: Մենք նաև պահանջում և խնդրում ենք մեր տեղական ղեկավարներին, որ քաղաքական նախապատվությունները և պատկանելությունները չուսուցանվեն կամ խթանվեն մեր Եկեղեցու ժողովներում:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, անշուշտ, կօգտագործի այն հատուկ օրենսդրական առաջարկություններին հավանություն տալու կամ չտալու իր իրավունքը, որոնք մեր կարծիքով կազդեն կրոնի ազատության իրականացմանը կամ Եկեղեցու կազմակերպությունների էական շահերին:
Ես վկայում եմ Միացյալ Նահանգների աստվածայնորեն ներշնչված սահմանադրության մասին և աղոթում եմ, որ մենք, որ ճանաչում ենք այն Աստվածային Էակին, ով ոգեշնչել է դա, միշտ պահպանենք և պաշտպանենք դրա բարձր սկզբունքները: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։