Գերագույն համաժողով
Մեր անձնական Փրկիչը
2021թ․ ապրիլի գերագույն համաժողով


8:30

Մեր անձնական Փրկիչը

Իր քավիչ զոհաբերության շնորհիվ Փրկիչը մեզ մեկ առ մեկ մաքրագործելու, բժշկելու և ամրապնդելու զորություն ունի:

Երախտապարտ եմ այս Զատիկի առավոտյան ձեզ հետ լինելու համար: Երբ մտածում եմ Զատիկի մասին, ես սիրում եմ կրկնել մտքումս հրեշտակների կողմից ասված խոսքերը, ովքեր պարտեզի գերեզմանի մոտ էին. «Ի՞նչ էք կենդանին մեռելների մեջ որոնում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»:1 Ես վկայում եմ, որ Հիսուս Նազովրեցին հարություն է առել և ապրում է։

Ի՞նչ եք մտածում Քրիստոսի մասին

34 տարի առաջ ես և իմ միսիոներ զուգընկերը Ֆիլիպինների Դավաո քաղաքում հանդիպեցինք և ուսուցանեցինք մի բազմակողմանի զարգացած մարդու, որը տեղական թերթի համար հոդվածներ էր գրում: Մենք բավականություն էինք ստանում նրան ուսուցանելով, որովհետև նա շատ հարցեր ուներ և շատ հարգալից էր մեր համոզմունքների հանդեպ: Նրա տված ամենահիշարժան հարցն էր. «Ի՞նչ եք մտածում Քրիստոսի մասին»:2 Մենք իհարկե հուզմունքով կիսվեցինք մեր զգացմունքներով և Հիսուս Քրիստոսի մասին վկայություն բերեցինք: Նա հետագայում մի հոդված տպագրեց նույն թեմայով, որը պարունակում էր սքանչելի խոսքեր և արտահայտություններ Փրկիչի մասին: Ես հիշում եմ, որ տպավորված էի, բայց ոչ իհարկե ոգեշնչված: Հոդվածը լավ տեղեկատվություն էր պարունակում, բայց դատարկ էր թվում և զերծ էր հոգևոր զորությունից:

Աստիճանաբար սկսելով ճանաչել Նրան

«Ի՞նչ եք մտածում Քրիստոսի մասին»: Ես գիտակցում եմ, թե որքան սերտորեն եմ ճանաչում Փրկիչին, դա էապես ազդում է Նրան լսելու իմ ունակության վրա, ինչպես նաև, թե ինչպես եմ արձագանքում: Մի քանի տարի առաջ, Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ուղղեց հետևյալ հարցերը՝ որպես իր մեկնաբանությունների մաս. «Մենք Փրկիչի մասին միայն գիտե՞նք, թե աստիճանաբար ենք սկսում ճանաչել Նրան: Ինչպե՞ս ենք սկսում ճանաչել Տիրոջը»3

Երբ ուսումնասիրեցի և խորհրդածեցի, ես եկա բացարձակ գիտակցման, որ այն ինչ գիտեի Փրկիչի մասին մեծապես գերակշռում էր այն բանին, թե որքան լավ էի իրականում ճանաչում Նրան: Ես վճռեցի այդ ժամանակ ավելի շատ ջանք գործադրել Նրան ճանաչելու համար: Ես շատ երախտապարտ եմ սուրբ գրությունների համար, և հավատարիմ տղամարդկանց ու կանանց՝ Հիսուս Քրիստոսի աշակերտների վկայությունների համար: Իմ անձնական ճամփորդությունը վերջին տարիների ընթացքում ինձ տարել է ուսումնասիրության և հայտնագործության շատ ճանապարհներով: Աղոթում եմ, որ Սուրբ Հոգին այսօր ձեզ հաղորդի այսօր մի շատ ավելի մեծ ուղերձ, քան այն անհամապատասխան խոսքերը, որոնք ես եմ գրել:

Առաջին՝ մենք պետք է ընդունենք, որ Փրկիչին ճանաչելը մեր կյանքի ամենակարևոր գործն է: Այն պետք է առաջանահերթություն լինի ամեն բանից վեր:

«Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ ե միայն ճշմարիտ Աստուած. և նորան, որ ուղարկեցիր՝ Հիսուսին Քրիստոսին»։4

«Հիսուսն էլ ասաց նորան․ Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով»:5

«Ես եմ աշխարհի լույսը. ով իմ յետեվից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կ՝ընդունի կենաց լույսը»։6

Երկրորդ՝ երբ մենք աստիճանաբար սկսում ենք ճանաչել Փրկիչին, սուրբ գրությունների հատվածները և մարգարեների խոսքերն այնքան մտերիմ, իմաստալից են դառնում, որ դրանք դառնում են մեր սեփական խոսքերը: Դա ուրիշների խոսքերը, զգացումները և փորձառությունները կրկնօրինակելու մասին չէ, որքան ինքնուրույն ճանաչել սկսելու, մեր առանձնահատուկ ձևով խոսքը փորձարկելու7 և Սուրբ Հոգու կողմից վկայություն ստանալու միջոցով: Ինչպես մարգարե Ալման է հայտարարել.

«Մի՞թե դուք կարծում եք, որ այս բաների մասին ես ինքս գիտեմ: Ահա, վկայում եմ ձեզ, որ ես գիտեմ, որ այս բաները, որոնց մասին խոսել եմ, ճշմարիտ են: Եվ ի՞նչ եք դուք կարծում, ի՞նչպես ես գիտեմ դրանց հավաստիության մասին:

Ահա ես ասում եմ ձեզ՝ դրանք հայտնի են դարձվել ինձ Աստծո Սուրբ Հոգու կողմից։ Ահա, ես ծոմ եմ պահել ու աղոթել շատ օրեր, որ ես ինքս կարողանայի իմանալ այս բաները։ Եվ այժմ, ես ինքս գիտեմ, որ դրանք ճշմարիտ են. քանզի Տեր Աստված դրանք հայտնի դարձրեց ինձ Սուրբ Հոգու միջոցով. և դա հայտնության ոգին է, որն իմ մեջ է»:8

Երրորդ՝ մեծացող ըմբռնումը, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը վերաբերում է մեզ անհատապես և անձնապես, կօգնի մեզ ճանաչել Նրան: Հաճախ մեզ համար ավելի հեշտ է մտածել և խոսել Քրիստոսի Քավության մասին ընդհանուր արտահայտություններով, քան ճանաչել դրա անձնական կարևորությունը մեր կյանքում: Հիսուս Քրիստոսի Քավությունն անսահման է, հավերժական և ամեն բան համապարփակող՝ իր լայնությամբ և խորությամբ, բայց ամբողջապես անձնական և անհատական՝ իր ազդեցություններով: Իր քավիչ զոհաբերության շնորհիվ Փրկիչը մեզ մեկ առ մեկ մաքրագործելու, բժշկելու և ամրապնդելու զորություն ունի:

Փրկիչի միակ ցանկությունը, Նրա միակ նպատակը ի սկզբանե Հոր կամքը կատարելն էր: Նրա համար Հոր կամքն էր` օգնել «[իրականացնել] մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»՝9 դառնալով մեր «բարեխոսը Հոր մոտ»:10 Ուստի, «Թէ եւ Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց եւ երբոր [կատարելացավ] բոլոր իրան հնազանդողների համար յավիտենական փրկութեան պատճառ եղավ»:11

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի։ . …

Եվ նա իր վրա վեր կառնի մահ, որ կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, … որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների:

… Աստծո Որդին տառապում է ըստ մարմնի, որպեսզի վեր առնի իր վրա իր ժողովրդի մեղքերը, որ նա կարողանա ջնջել նրանց օրինազանցությունները` իր ազատման զորության համաձայն»:12

Ուզում եմ կիսվել մի պարզ փորձառությամբ, որը լուսաբանում է այն մաքառումը, որը մենք երբեմն ունենում ենք՝ ընդունելով Տիրոջ Քավության անձնական բնույթը:

Իմ ղեկավարի հրավերով ես կարդացի Մորմոնի Գիրքը սկզբից մինչև վերջ և նշեցի հատվածները, որոնք վերաբերում էին Տիրոջ Քավությանը: Նա նաև հրավիրեց ինձ պատրաստել մեկ էջանոց ամփոփում այն մասին, ինչ սովորել էի: Ես մտքումս ասացի. «Մե՞կ էջ»: Անշուշտ, դա հեշտ է»: Ի զարմանս ինձ, այնուամենայնիվ, ես գտա որ հանձնարարությունը չափազանց դժվար էր և ձախողվեցի:

Ես այդ ժամանակ հասկացա, որ ես ձախողվեցի, որովհետև բաց թողեցի թիրախը և ունեցա սխալ ենթադրություններ: Առաջին՝ ես ակնկալում էի, որ ամփոփումը լիներ ոգեշնչող բոլորի համար: Ամփոփումը նախատեսված էր ինձ համար և ոչ թե մեկ ուրիշի: Այն նախատեսված էր ինձ համար, որպեսզի հաղորդեր իմ զգացմունքներն ու ապրումները Փրկիչի վերաբերյալ, և ինչ էր Նա արել ինձ համար, որպեսզի ամեն անգամ, երբ կարդայի այն, ակնհայտ դառնար հրաշալի, սուր և անձնական հոգևոր փորձառությունները:

Երկրորդ՝ ես ակնկալում էի, որ ամփոփումը լիներ տպավորիչ ու ճոխ և պարունակեր մեծ խոսքեր և արտահայտություններ: Այն երբեք մեծ խոսքերի մասին չի եղել: Նախատեսված էր, որ այն լիներ հստակ և պարզ հայտարարություն համոզմունքի մասին: «Քանզի իմ հոգին հրճվում է պարզությամբ, քանզի Տեր Աստված այս ձևով է գործում մարդկանց զավակների մեջ: Քանզի Տեր Աստված է տալիս լույս հասկացողությանը»:13

Երրորդ՝ ես ակնկալում էի, որ այն կատարյալ լիներ` մի վերջնական ամփոփում, որին ոչ ոք չի կարող և չպետք է ավելացնի, ի տարբերություն անավարտ աշխատանքի, որին ես կարող եմ ավելացնել մի խոսք այստեղ կամ մի արտահայտություն այնտեղ, երբ Հիսուս Քրիստոսի Քավության մասին հասկացողությունս մեծանում է:

Վկայություն և հրավեր

Երիտասարդ տարիքում ես շատ բան սովորեցի եպիսկոպոսի հետ իմ զրույցներից: Դեռահասության այդ տարիներին ես սովորեցի մի սիրելի օրհներգի այս խոսքերը.

Հիսուսի մեծ սիրուց ես մնում եմ զարմացած,

Շփոթված շնորհներից, որ տալիս է ինձ սրտանց:

Դողում եմ այն մտքից, որ խաչվեց Նա ինձ համար,

Որ ինձ՝ մեղավորիս համար մեռավ տանջահար:

Հրաշալի է, որ հոգում է իմ մասին

Կյանքը տալու չափ:

Հրաշալի հոյա – կապ է հոյակապ:14

Մարգարե Մորոնին կոչ է արել մեզ. «Եվ այժմ, ես կկամենայի հանձնարարել ձեզ փնտրել այս Հիսուսին, որի մասին գրել են մարգարեներն ու առաքյալները»:15

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոստացել է, որ «եթե [մենք] շարունակենք Հիսուս Քրիստոսի մասին սովորել ամենը, ինչ կարող ենք, … մեղքից հեռանալու [մեր] ունակությունը կմեծանա: Պատվիրանները պահելու [մեր] ցանկությունը կաճի»:16

Այս Զատիկի կիրակի օրը, ճիշտ՝ ինչպես Փրկիչը դուրս եկավ Իր քարե գերեզմանից, կարո՞ղ ենք մենք արթնանալ մեր հոգևոր նիրհից և բարձրանալ կասկածի ամպերից վեր, վախի ճիրաններից, թունավորող հպարտությունից և ինքնագոհության անդորրից վեր: Հիսուս Քրիստոսը և Երկնային Հայրն ապրում են: Ես վկայում եմ մեր հանդեպ Նրանց կատարյալ սիրո մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։