Գերագույն համաժողով
Աստված սիրում է Իր զավակներին
2021թ․ ապրիլի գերագույն համաժողով


8:40

Աստված սիրում է Իր զավակներին

Ես կցանկանայի կիսվել երեք հատուկ եղանակներով, որոնցով մեր Երկնային Հայրն արտահայտում է Իր սերը Իր զավակների հանդեպ:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես ուրախանում եմ ձեզ հետ Հիսուս Քրիստոսի ավետարանով: Ես ինձ հետ բերել եմ Ֆիլիպինների տոկուն անդամների սերը և նրանց անունից ասում եմ՝ մաբուհայ (ողջույնի խոսք ֆիլիպիներեն):

Զատիկի այս առավոտ ես վկայում եմ կենդանի Քրիստոսի մասին, որ Նա հարություն առավ մեռելներից, և Նրա սերը մեր և մեր Երկնային Հոր հանդեպ մաքուր ու հավերժ է: Այսօր ես ցանկանում եմ կենտրոնանալ բոլորի հանդեպ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո վրա, որն արտահայտվում է Հիսուս Քրիստոսի քավության միջոցով: «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ» (Հովհաննես 3.16

Երբ հրեշտակը հարցրեց մարգարե Նեփիին, թե Աստծո մասին ի՞նչ գիտի, Նեփին պարզապես պատասխանեց. «Ես գիտեմ, որ նա սիրում է իր զավակներին» (տես 1 Նեփի 11․16-17

Հետևյալ հատվածը Մորմոնի Գրքից. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, զորեղ կերպով նկարագրում է Փրկիչի կատարյալ սերը. «Եվ աշխարհը, իր անօրինությունների պատճառով, կդատի նրան՝ որպես ոչ պիտանի մի բանի. … նրանք կխարազանեն նրան, … կթքեն նրա վրա, և նա դա կտանի՝ մարդկանց զավակների հանդեպ իր ողորմության և երկայնամտության շնորհիվ» (1 Նեփի 19․9)։ Փրկիչի համընդհանուր սերը խթանող ուժն է այն ամենի, ինչ Նա անում է: Մենք գիտենք, որ այդ նույն սիրով մեր Երկնային Հայրը սիրում է մեզ, քանի որ Փրկիչը խոնարհաբար ուսուցանել է, որ Ինքը և Հայրը «մեկ են» (տես Հովհաննես 10․30, 17․20-23

Իսկ մենք ինչո՞վ ենք պատասխանում դրան և ցույց տալիս մեր երախտագիտությունը Նրանց այդ համընդհանուր սիրո համար: Փրկիչը մեզ ուսուցանել է այս պարզ, ընդգրկուն հրավերով. «Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք» (Հովհաննես 14․15

Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է․ «Աստծո համընդհանուր և կատարյալ սերը տեսանելի է Նրա ավետարանական ծրագրի բոլոր օրհնություններում, ներառյալ այն փաստը, որ Աստծո ամենաընտիր օրհնությունները պահված են նրանց համար, ովքեր հնազանդվում են Նրա օրենքներին»:1

Ես կցանկանայի կիսվել երեք հատուկ եղանակներով, որոնցով մեր Երկնային Հայրն արտահայտում է Իր սերը Իր զավակների հանդեպ:

Առաջինը՝ Աստծո և ընտանիքի հետ մեր փոխհարաբերությունները արտահայտում են Նրա սերը

Ամենից արժեքավոր փոխհարաբերությունները՝ Հոր և Որդու, ինչպես նաև մեր ընտանիքի անդամների հետ են, քանի որ նրանց հետ մեր կապերը հավերժ են: Երջանկության մեծ ծրագիրը մեր հանդեպ Աստծո սիրո հրաշալի դրսևորումն է: Մեր հայացքը պահելով Աստծո ծրագրի վրա՝ մենք պատրաստակամորեն վերացնում ենք մեր մեջ այն հողն ու քարերը, որոնք սատարում են եսասիրական ցանկություններին, և դրանք փոխարինում ենք հավերժական հարաբերություններ կառուցող հիմքերով: Ինչ-որ իմաստով սա կարելի է անվանել «հոգևոր պեղում»: Հոգևոր պեղումներ իրականացնելիս մենք նախ պետք է փնտրենք Աստծուն և դիմենք Նրան (տես Երեմիա 29․12-13

Աստծուն փնտրելով և առ Աստված կանչելով, կսկսվի այդ գործընթացը և տեղ կբացվի մեր հավերժական հարաբերությունները կառուցելու և ամրապնդելու համար: Դա ընդլայնում է մեր հոգևոր տեսադաշտը և օգնում մեզ, որ կենտրոնանանք վերահսկելի բաները փոխելու վրա, այլ ոչ թե վախերի վրա, որոնք մեր վերահսկողությունից դուրս են: Մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի կյանքի և առաքելության ուսումնասիրությունը թույլ կտա մեզ հավերժական տեսանկյունից դիտել մյուս խնդիրները:

Շեղող հանգամանքները կարող են խանգարել մեզ, որ զգանք Աստծո սերը մեր ընտանեկան կյանքում և հարաբերություններում: Մի մայր, զգալով, որ էլեկտրոնային սարքերը խանգարում են իրենց ընտանեկան հարաբերություններին, այսպիսի լուծում գտավ: Ընթրիքի սեղանի շուրջ և ընտանեկան ժամանցի այլ պահերին նա պարզապես հայտարարում է. «Հեռախոսները դրեք սեղանին՝ եկեք իրար հետ շփվենք»: Նա ասում է, որ սա իրենց ընտանիքի համար նոր կանոնակարգ է, և ընտանեկան հարաբերություններն ամրապնդվում են, երբ նրանք շփվում են միմյանց հետ: Այսուհետ նրանք ընտանեկան հաճելի քննարկումներ են ունենում ըստ Եկ, հետևիր ինձ ծրագրի։

Երկրորդ՝ Նա ցույց է տալիս Իր սերն Իր զավակների հանդեպ՝ մարգարեներ կանչելով

Ներկայիս աշխարհը մխրճված է «խոսքերի պատերազմի և տարաձայնությունների աղմուկի մեջ» (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․10)։ Պողոսը զգուշացնում է մեզ, որ «այնքան … այլ եւ այլ ձայներ կան աշխարհքումը» (Ա Կորնթացիս 14․10)։ Ձայներից ո՞րն է հստակ և իմաստալի կերպով առանձնանում այդ պայքարում: Դա Աստծո մարգարեների, տեսանողների և հայտնողների ձայնն է:

Հստակ հիշում եմ այն պահը, երբ 2018 թվականին վիրահատվելուց հետո աշխատանքի վերադառնալիս Եկեղեցու գլխավոր վարչության ավտոկայանատեղիում էի։ Հանկարծ լսեցի նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ձայնը, որ կանչում էր ինձ․ «Թանիե՜լա, Թանիե՜լա»: Ես շտապեցի մարգարեի կողմը, և նա հարցրեց, թե ինչպե՞ս եմ:

Ես ասացի. «Ես շատ արագ ապաքինվում եմ, Նախագահ Նելսոն»:

Նա ինձ խորհուրդ տվեց և գրկեց։ Ես զգացի մարգարեի անհատական սպասավորությունն՝ ուղղված «մեկ անձին»:

Նախագահ Նելսոնը աշխարհի շատ ազգերի է այցելել։ Իմ համոզմամբ, նա ոչ թե ծառայում է հազարավորների, այլ ծառայում է հազարավոր «մեկ անձերի»: Այդպիսով, նա փոխանցում է այն սերը, որն Աստված ունի Իր բոլոր զավակների հանդեպ:

Նախագահ Նելսոնի՝ Ֆիլիպինների բնակիչներին վերջերս ուղղված խոսքերը, ուժի և ոգեշնչման աղբյուր են: Ինչպես ողջ աշխարհի երկրները, 2020 թվականին Ֆիլիպինները ևս խիստ տուժեցին COVID-19 համավարակից, ինչպես նաև հրաբխի ժայթքումից, երկրաշարժերից, ուժեղ թայֆուններից և ավերիչ ջրհեղեղներից:

Սակայն լույսի սյան նման, որը ծագում է վախի, միայնության և հուսահատության մութ ամպերի միջից, եկավ մարգարեի խոսքը։ Այն պարունակում էր համաշխարհային ծոմապահության և աղոթքի կոչ և խորհուրդ` առաջ շարժվել՝ չնայած համավարակին: Նա մեզ հրավիրեց մեր տները հավատքի անձնական սրբավայրեր դարձնել: Նա կոչ արեց աշխարհի վերջին օրերի սրբերին՝ հարգել Աստծո բոլոր զավակներին և թույլ տալ, որ Աստված տնօրինի մեր կյանքը:2

Ոչ պակաս տպավորիչ էր նախագահ Նելսոնի վերջին տեսա-վկայությունը երախտագիտության զորության մասին, իսկ նրա փակման աղոթքը արձագանք գտավ ողջ Ֆիլիպիններում։3 Լեյտե նահանգում տեսանյութը ցուցադրվել էր միջկրոնական միջոցառման ժամանակ, և ներկայացվել էր նաև քահանայական քարոզի ժամանակ: Ֆիլիպինները, ամբողջ աշխարհի հետ մեկտեղ, շատ օրհնված է՝ զգալով Աստծո սերը Նրա ընտրյալ մարգարեի խոսքերի միջոցով:

Երրորդ՝ խրատը կարող է լինել Աստծո սիրո դրսևորումը Իր զավակների հանդեպ

Երբեմն, մեզ խրատելով, Աստված Իր սերն է ցույց տալիս։ Դա մեզ հիշեցնելու միջոց է, որ Նա սիրում է մեզ և գիտի, թե ովքեր ենք մենք: Նրա խոստացած խաղաղության օրհնությունը հասանելի է բոլորին, ովքեր համարձակ քայլում են ուխտի արահետով և պատրաստ են փոխվել:

Երբ մենք հասկանում և հոժարակամ ընդունում ենք խրատը, դա նման է հոգևոր վիրահատության: Ի դեպ, ո՞վ է սիրում վիրահատվել: Բայց նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն և ցանկանում են ստանալ, դա կյանքը փրկող միջամտություն է։ Տերը խրատում է նրանց, ում սիրում է: Սուրբ գրություններն այդպես են մեզ ասում (տես Եբրայեցիս 12․5-11, Հելաման 12․3, Վարդապետություն և Ուխտեր 1․27, 95․1)։ Այդ խրատը կամ հոգևոր վիրահատությունը մեր կյանք կբերեն անհրաժեշտ փոփոխություն: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք կհասկանանք, որ այն զտում և մաքրում է մեր ներքին անոթները:

Վերականգնման մարգարե Ջոզեֆ Սմիթը նույնպես խրատվել էր: Երբ Ջոզեֆը կորցրեց Մորմոնի Գրքի 116 ձեռագիր էջերը, Տերը և՛ խրատեց, և՛ սեր ցույց տվեց՝ ասելով. «Դու մարդուց չպետք է ավելի շատ վախենայիր, քան Աստծուց: … Դու պետք է հավատարիմ լինեիր։ … Ահա, դու Ջոզեֆն ես, և դու ընտրվել ես։ … Հիշիր, Աստված ողորմած է. ուստի, ապաշխարիր» (Վարդապետություն և Ուխտեր 3․7-10

2016 թվականին Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքի միսիայում ծառայելիս ես խնդրեցի եղբայր Կավային մի փաթեթ հանձնել ավագ քրոջս, ով ապրում էր Ֆիջիի կղզիներից մեկում: Նրա արձագանքն անսպասելի էր ինձ համար։ «Նախագահ Վակոլո, - խորը շունչ քաշելով ասաց նա, - ձեր քույրը մահացել է և թաղվել 10 օր առաջ»: Ես խղճահարություն զգացի ինքս իմ նկատմամբ և վշտացա, որ իմ ընտանիքն ինձ չէր տեղեկացրել այդ մասին:

Հաջորդ օրը, մինչ կինս միսիոներներին էր ուսուցանում, այս միտքը ներթափանցեց հոգուս մեջ. «Թանիելա, այս բոլոր փորձառությունները քո օգտի և զարգացման համար են: Դու ուսուցանում էիր և կիսվում քո վկայությամբ Հիսուս Քրիստոսի Քավության մասին. այժմ ապրի՛ր համաձայն դրա»: Ինձ հիշեցվեց, որ «երանելի է այն մարդը, որին Աստուած խրատում է, ուրեմն Ամենակարողի խրատը մի մերժիր» (Հոբ 5․17)։ Դա հոգևոր վիրահատություն էր ինձ համար, և արդյունքն իրեն սպասել չտվեց։

Այդ ընթացքում, երբ ես խորհում էի իմ ունեցած փորձառության մասին, ինձ կանչեցին ամփոփիչ մտքերով հանդես գալ քննարկմանը։ Ի թիվս այլ բաների, ես կիսվեցի այն դասերով, որոնք նոր էի սովորել. առաջինը՝ ես հենց նոր խրատվել էի Սուրբ Հոգուց, և դա ինձ դուր էր եկել, քանի որ միայն ես էի լսել, երկրորդ՝ Փրկիչի զոհաբերության և փրկագնման շնորհիվ ես այլևս չեմ դիտելու իմ խնդիրները որպես փորձություններ և նեղություններ, այլ որպես «ուսումնական փորձ», և երրորդ՝ Նրա կատարյալ և անբիծ կյանքի շնորհիվ ես այլևս չեմ խոսելու իմ թերությունների և անկարողությունների մասին՝ որպես թույլ կողմերի, այլ՝ որպես «զարգացման հնարավորությունների»: Այս փորձառությունն օգնեց ինձ իմանալ, որ Աստված խրատում է մեզ, քանի որ սիրում է։

Եզրափակեմ։ Մեր Հավերժական Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ցույց են տալիս Իրենց սերը՝ հնարավորություն տալով մեզ հավերժական կապեր ունենալ Իրենց և մեր ընտանիքի անդամների հետ, կանչելով մերօրյա մարգարեների, որ մեզ ուսուցանեն և ծառայեն, և խրատելով մեզ, որպեսզի օգնեն մեզ սովորել ու աճել: Շնորհակալությո՛ւն Աստծուն, Իր սուրբ Որդու՝4 մեր հարություն առած Տիրոջ, կենդանի Քրիստոսի անզուգական պարգևի համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։