Գերագույն համաժողով
Ինչո՞ւ մնալ ուխտի արահետի վրա
2021թ․ ապրիլի գերագույն համաժողով


15:3

Ինչո՞ւ մնալ ուխտի արահետի վրա

Ուխտի արահետի տարբերությունը եզակի և հավերժական նշանակություն ունի:

Իր ծառայության ընթացքում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսումնասիրել և ուսուցանել է Իր զավակների հետ կապած Աստծո ուխտերի մասին: Նա ինքը փայլուն օրինակ է մի մարդու, ով քայլում է ուխտի արահետով: Որպես Եկեղեցու նախագահ՝ իր առաջին ելույթի ժամանակ նախագահ Նելսոնն ասել է․

«Փրկիչին հետևելու ձեր պարտավորվածությունը՝ ուխտեր կապելով Նրա հետ և պահելով այդ ուխտերը, դուռ կբացի տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված հոգևոր բոլոր օրհնությունների և արտոնությունների առաջ։

… Տաճարային արարողությունները և այնտեղ կապած ձեր ուխտերը կարևորագույն հիմք են՝ ձեր կյանքը, ձեր ամուսնությունն ու ընտանիքը ամրացնելու և հակառակորդի հարձակումներին դիմակայելու ձեր ունակության համար։ Տաճարային երկրպագությունը և այնտեղ ձեր ծառայությունը ձեր նախնիների համար կօրհնեն ձեզ ավելի մեծ անձնական հայտնություններով ու խաղաղությամբ, և կամրացնեն ուխտի արահետի վրա մնալու ձեր վճռականությունը»։1

Ի՞նչ է ուխտի արահետը Դա միակ ճանապարհն է, որը տանում է դեպի Աստծո սելեստիալ արքայություն: Մկրտության դարպասների միջոցով մենք մուտք ենք գործում ուխտի արահետ, այնուհետև «առաջ [ենք] մղվ[ում] Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ [երկու մեծ պատվիրանները] … մինչև վերջ»:2 Ուխտի արահետում (որն, ի դեպ, տարածվում է մահկանացության սահմաններից այն կողմ), մենք ստանում ենք բոլոր արարողություններն ու ուխտերը, որոնք վերաբերում են փրկությանն ու վեհացմանը:

Մեր ուխտի հիմնական պարտավորությունն է՝ կատարել Աստծո կամքը և «բոլոր բաներում հնազանդ լինել նրա պատվիրաններին, որ նա կպատվիրի մեզ»:3 Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներին ու պատվիրաններին օրեցօր հետևելը կյանքի ամենաերջանիկ ու գոհացուցիչ ընթացքն է: Պատճառներից մեկն այն է, որ մարդը խուսափում է շատ խնդիրներից և զղջումներից: Թույլ տվեք օգտագործել սպորտային մի համանմանություն: Թենիսում կա մի բան, որը կոչում են չպարտադրված սխալներ: Դրանցից են օրինակ՝ խաղացող գնդակը ցանցին խփելը կամ խաղը սկսելիս կրկնակի սխալ կատարելը: Չպարտադրված սխալները համարվում են խաղացողի կոպիտ սխալների արդյունք, այլ ոչ թե արդյունք են մրցակցի հմտության:

Շատ հաճախ մեր խնդիրներն ու դժվարությունները մեր վատ ընտրությունների արդյունքն են, կամ, կարելի է ասել, «չպարտադրված սխալների» արդյունքը: Երբ ջանասիրաբար հետևում ենք ուխտի արահետին, մենք, բնականաբար, խուսափում ենք բազմաթիվ «չպարտադրված սխալներից»: Մենք շրջանցում ենք կախվածության տարբեր ձևերը: Մենք չենք ընկնում անազնիվ պահվածքի հետևանքների ծուղակի մեջ: Մենք շրջանցում ենք անբարոյականության և անհավատարմության անդունդը: Մենք շրջանցում ենք այն մարդկանց և իրերը, որոնք, եթե նույնիսկ հանրաճանաչ լինեին, կվտանգեին մեր ֆիզիկական և հոգևոր բարեկեցությունը: Մենք խուսափում ենք ընտրություններից, որոնք վնասում են ուրիշներին, և փոխարենը ձեռք ենք բերում ինքնակարգապահության և ծառայության սովորություններ:4

Երեց Ջ․ Գոլդեն Քիմբալը ենթադրաբար ասել է. «Միգուցե ես [միշտ] չեմ քայլել նեղ ու անձուկ արահետով, բայց [փորձում եմ] հատել այն այնքան հաճախ, որքան կարող եմ»:5 Մի ավելի լուրջ պահի, ես համոզված եմ, որ եղբայր Քիմբալը կհամաձայներ, որ ուխտի արահետին մնալը, այլ ոչ թե պարզապես հատելը, մեր ամենամեծ հույսն է՝ մի կողմից խուսափել խուսափելի թշվառությունից, իսկ մյուս կողմից՝ հաջողությամբ հաղթահարել կյանքի անխուսափելի դժբախտությունները:

Ոմանք գուցե ասեն. «Ես կարող եմ լավ ընտրություններ կատարել մկրտությամբ կամ առանց դրա. ես ուխտերի կարիք չունեմ՝ պատվավոր և հաջողակ մարդ լինելու համար»: Իրոք, կան շատ մարդիկ, ովքեր թեև ուխտի արահետին չեն, սակայն գործում են այնպես, որ արտացոլում են ուխտի արահետի վրա գտնվողների ընտրություններն ու ներդրումները: Դուք կարող եք ասել, որ նրանք քաղում են «ուխտի արահետով հետևողականորեն» ընթանալու օրհնությունները: Ուրեմն ո՞րն է ուխտի արահետի տարբերությունը:

Իրականում, տարբերությունը եզակի և հավերժական նշանակություն ունի: Այն ներառում է մեր հնազանդության բնույթը, մեր հանդեպ Աստծո նվիրվածության բնույթը, մեր ստացած աստվածային օգնությունը, որպես ուխտի ժողովուրդ հավաքվելու օրհնությունները, և ամենակարևորը՝ մեր հավերժական ժառանգությունը:

Նվիրված հնազանդություն

Առաջինը՝ մեր կողմից Աստծուն հնազանդվելու բնույթն է: Պարզապես բարի նպատակներ ունենալուց բացի՝ մենք հանդիսավոր կերպով պարտավորվում ենք ապրել Աստծո բերանից դուրս եկող յուրաքանչյուր խոսքով: Դրանում մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, ով, մկրտվելով, «ցույց է տալիս մարդկանց զավակներին, որ ըստ մարմնի նա իրեն խոնարհեցնում է Հոր առաջ, և վկայում է Հորը, որ նա հնազանդ կլինի նրան՝ նրա պատվիրանները պահելիս»:6

Ուխտերի միջոցով մենք մտադրված ենք անել ավելին, քան պարզապես խուսափել սխալներից կամ խոհեմ լինել մեր որոշումներում: Մենք Աստծո առջև մեզ պատասխանատու ենք զգում մեր ընտրությունների և կյանքի համար: Մենք մեզ վրա ենք վերցնում Քրիստոսի անունը։ Մենք կենտրոնացած ենք Քրիստոսի վրա՝ Հիսուսի վկայության մեջ անվեհեր լինելու և Քրիստոսի բնավորության զարգացման վրա:

Ուխտերի միջոցով ավետարանական սկզբունքներին հնազանդվելը արմատավորվում է հենց մեր հոգու մեջ: Ես ծանոթ եմ մի զույգի, որոնց ամուսնության պահին կինն ակտիվ չէր Եկեղեցում, իսկ ամուսինը Եկեղեցու անդամ չէր: Ես նրանց կդիմեմ որպես Մերի և Ջոն, ոչ նրանց իրական անուններով: Երբ նրանք երեխաներ ունեցան, Մերին խիստ զգաց նրանց «խրատով եւ Տիրոջ ուսմունքովը»7 մեծացնելու անհրաժեշտությունը, ինչպես ասվում է սուրբ գրությունում: Ջոնը աջակցում էր նրան: Մերին մի քանի կարևոր զոհաբերություններ կատարեց, որպեսզի տանը լինի՝ ավետարանը հետևողականորեն ուսուցանելու համար: Նա համոզվում էր, որ ընտանիքն ամբողջությամբ օգտվում էր եկեղեցական երկրպագությունից և միջոցառումներից: Մերին և Ջոնը դարձան օրինակելի ծնողներ, և նրանց երեխաները (բոլոր եռանդուն տղաները) մեծացան հավատքի և ավետարանական սկզբունքների ու չափանիշների հանդեպ նվիրվածության մեջ:

Ջոնի ծնողները՝ տղաների տատիկն ու պապիկը, գոհ էին իրենց թոռների առողջ ապրելակերպից և ձեռքբերումներից, բայց Եկեղեցու հանդեպ որոշակի հակասության պատճառով նրանք ցանկանում էին այդ հաջողությունը վերագրել բացառապես Ջոնի և Մերիի ծնողական հմտություններին: Չնայած Ջոնը Եկեղեցու անդամ չէր, թույլ չտվեց, որ այդ գնահատումը մնա անվիճարկելի: Նա պնդում էր, որ իրենք ականատես են լինում ավետարանական ուսմունքների պտուղներին՝ այն, ինչ նրա որդիները սովորում էին եկեղեցում, ինչպես նաև այն, ինչ կատարվում էր տանը:

Ջոնն ինքն իր վրա զգում էր Հոգու, իր կնոջ սիրո և օրինակի ազդեցությունը և որդիների հորդորները: Ժամանակի ընթացքում նա մկրտվեց՝ ի ուրախություն ծխի անդամների և ընկերների:

Չնայած կյանքն առանց մարտահրավերների չի եղել Մերիի, Ջոնի և նրանց որդիների համար, նրանք ամբողջ սրտով հաստատում են, որ իրականում ավետարանի ուխտն է ընկած իրենց օրհնությունների հիմքում: Նրանք տեսել են, թե Երեմիային ուղղված Տիրոջ խոսքերն ինչպես են իրագործվում իրենց և իրենց երեխաների կյանքում. «Իմ օրենքը պիտի դնեմ նորանց ներսումը, և նորանց սրտի վերայ պիտի գրեմ այն, և ես պիտի լինեմ նորանց Աստված, և նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն»։8

Ամուր կապված Աստծո հետ

Ուխտի արահետի մեկ այլ եզակի կողմը մեր հարաբերությունն է Աստվածության հետ: Ուխտերը, որոնք Աստված առաջարկում է Իր զավակներին, իրականացնում են ավելին, քան մեզ առաջնորդելը: Դրանք մեզ կապում են Նրա հետ, իսկ կապված լինելով Նրա հետ, մենք կարող ենք հաղթահարել բոլոր բաները:9

Մի անգամ կարդացի թերթի վատ տեղեկացված լրագրողի մի հոդված, որը բացատրում էր, որ մահացածների համար մկրտություններ կատարելու եղանակը միկրոֆիլմի գլանափաթեթները ջրի մեջ ընկղմելն է: Այնուհետև բոլոր նրանք, ում անունները հայտնվում են միկրոֆիլմի վրա, համարվում են մկրտված: Այդ մոտեցումը կլինի արդյունավետ, բայց այն անտեսում է յուրաքանչյուր հոգու անսահման արժեքը և Աստծո հետ անձնական ուխտի կարևոր նշանակությունը:

«[Հիսուսն] ասել է. … Ներս մտեք նեղ դռնով. քանզի նեղ է դուռը և անձուկ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և քչերն են, որ գտնում են այն»:10 Պատկերավոր ասած՝ այս դարպասը այնքան նեղ է, որ թույլ է տալիս միանգամից միայն մեկին մուտք գործել: Յուրաքանչյուրը ստանձնում է անհատական պարտավորություն Աստծո հանդեպ և, ի պատասխան, Նրանից ստանում է անձնական ուխտ, անունով, որին նա կարող է լիովին ապավինել՝ ժամանակի և հավերժության մեջ: Արարողություններով և ուխտերով են մեր կյանքում «բացահայտվում աստվածայնության զորությունը»:11

Աստվածային օգնություն

Սա մեզ տանում է դեպի ուխտի արահետի երրորդ հատուկ օրհնության քննարկմանը: Աստված գրեթե անհասկանալի պարգև է տրամադրում՝ օգնելով ուխտ կապողներին լինել ուխտ պահողներ. դա Սուրբ Հոգու պարգևն է: Այս պարգևը Սուրբ Հոգու մշտական ընկերակցության, պաշտպանության և առաջնորդության իրավունքն է:12 Հայտնի լինելով նաև որպես Մխիթարիչ, Սուրբ Հոգին «լցնում է հույսով և կատարյալ սիրով»13 Նա «գիտի բոլոր բաները և վկայում է Հոր մասին և Որդու մասին»,14 ում վկաները մենք պարտավորվում ենք լինել:15

Ուխտի արահետին մենք գտնում ենք նաև ներման և մեղքից մաքրվելու հիմնական օրհնությունները: Սա օգնություն է, որը կարող է գալ միայն Սուրբ Հոգու կողմից տնօրինվող աստվածային շնորհի միջոցով: «Արդ այս է պատվիրանը, - ասում է Տերը, - Ապաշխարեք, դո՛ւք, աշխարհի բոլոր ծայրեր, և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը»:16

Հավաքվեք ուխտի ժողովրդի հետ

Չորրորդ՝ ուխտի արահետին հետևողները բացառիկ օրհնություններ են գտնում Աստծո կողմից նշանակված տարբեր հավաքներում: Իսրայելի ցրված ցեղերի՝ իրենց ժառանգության երկրներում բառացի հավաքման մարգարեությունները հայտնաբերված են ամբողջ սուրբ գրություններում:17 Այդ մարգարեությունների և խոստումների կատարումն այժմ ընթանում է ուխտի ժողովրդի հավաքումով Եկեղեցում, որը երկրի վրա Աստծո արքայությունն է: Նախագահ Նելսոնը բացատրում է. «Երբ մենք խոսում ենք հավաքման մասին, մենք պարզապես ասում ենք այս հիմնարար ճշմարտությունը. մեր Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրը վարագույրի երկու կողմերում արժանի է լսելու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը»։18

Տերը պատվիրում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցու անդամներին. «Վեր կացեք և շողացեք, որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար. և որպեսզի միասին հավաքվելը Սիոնի հողի վրա և նրա ցցերում, պաշտպանություն և ապաստան լինի փոթորիկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա»:19

Կա նաև ուխտի ժողովրդի շաբաթական ժողով Տիրոջ օրը՝ աղոթքի տանը, որպեսզի մենք կարողանանք «էլ ավելի անբիծ պահել [մեզ] աշխարհից»:20 Դա հաղորդություն հացն ու ջուրը ճաշակելու հավաք է՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Քավության, և ժամանակ է՝ «ծոմ պահելու ու աղոթելու, և խոսելու մեկը մյուսի հետ, [մեր] հոգիների բարօրության վերաբերյալ»:21 Պատանեկության տարիներին ես եկեղեցու միակ անդամն էի իմ ավագ դպրոցի դասարանում: Դպրոցում ես վայելում էի շատ լավ ընկերների ընկերակցությունը, սակայն հասկացա, որ մեծապես ապավինում էի ամեն շաբաթ անցկացվող Հանգստության օրվա հավաքին, որպեսզի հոգևորապես և նույնիսկ ֆիզիկապես նորոգվեմ ու թարմանամ: Ինչպիսի սրտացավությամբ ենք մենք զգացել այս ուխտի կանոնավոր հավաքի կորուստը ներկայիս համավարակի ընթացքում, և որքան անհամբերությամբ ենք սպասում այն ժամանակին, երբ կարող ենք կրկին միավորվել՝ ինչպես նախկինում:

Ուխտի մարդիկ հավաքվում են տաճարում՝ Տիրոջ տանը, որպեսզի ստանան այնտեղ եզակիորեն մատչելի արարողությունները, օրհնություններն ու հայտնությունը: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Ո՞րն էր … Աստծո ժողովրդի հավաքման նպատակն աշխարհի որևէ դարաշրջանում։ … Գլխավոր նպատակը եղել է կառուցել տուն Տիրոջ համար, որտեղ Նա կարող է Իր ժողովրդին հայտնել Իր տան արարողություններն ու Իր արքայության փառքերը և սովորեցնել Իր ժողովրդին փրկության ճանապարհը, քանզի կան որոշակի արարողություններ ու սկզբունքներ, որ երբ դրանք ուսուցանվում են, պետք է արվեն կամ կիրառվեն մի տեղում կամ տանը, որը կառուցված է այդ նպատակի համար»:22

Ժառանգեք ուխտի խոստումները

Ի վերջո, միայն ուխտի արահետին հետևելիս է, որ մենք ժառանգում ենք Աբրահամի, Իսահակի և Հակոբի օրհնությունները, փրկության և վեհացման վերջնական օրհնությունները, որոնք միայն Աստված կարող է տալ:23

Ուխտի մարդկանց վերաբերյալ սուրբգրային հիշատակությունները հաճախ նշանակում են Աբրահամի կամ «Իսրայելի տան» բառացի ժառանգներ: Բայց ուխտի մարդիկ ներառում են նաև բոլոր նրանց, ովքեր ստանում են Հիսուս Քրիստոսի ավետարանը:24 Պողոսը բացատրել է.

«Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտուեցաք, Քրիստոսին հագած էք։ …

Ապա եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զաւակ էք՝ եւ խոստմունքի համեմատ ժառանգներ»։25

Նրանք, ովքեր հավատարիմ են իրենց ուխտերին, «առաջ կգան արդարների հարության մեջ»:26 Նրանք «Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի միջոցով կատարյալ [են] դարձված:… Այդ նրանք են, որոնց մարմինները սելեստիալ են, որոնց փառքը նույնն է, ինչ արեգակինը, նույնիսկ Աստծո փառքը, ամենաբարձրյալինը»:27 «Ուստի, բոլոր բաները նրանցն են, լինի կյանքը, թե մահը, թե ներկա բաները, թե գալիք բաները, բոլորը նրանցն է, և նրանք՝ Քրիստոսինը, և Քրիստոսը՝ Աստծունը»:28

Եկեք ականջալուր լինենք մարգարեի կոչին՝ մնալ ուխտի արահետի վրա: Իր մեծ տեսիլքում Նեփին տեսավ մեզ ու մեր օրերը և գրանցեց. «Ես՝ Նեփիս, տեսա Աստծո Գառի զորությունը, որ այն իջավ Գառի եկեղեցու սրբերի վրա և Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»:29

Նեփիի հետ «հոգիս հրճվում է Տիրոջ ուխտերի մեջ»:30 Զատիկի այս կիրակի օրը ես վկայություն եմ տալիս Հիսուս Քրիստոսի մասին, ում Հարությունը մեր հույսն է, նաև վկայում եմ ուխտի արահետի վրա ու դրա ավարտին բոլոր խոստումների անհերքելի հավաստիացման մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։