Ողջույնի խոսք
Բարի գալուստ գերագույն համաժողով և օգտվեք Տիրոջ ձայնը լսելու արտոնությունից:
Ամբողջ աշխարհում սփռված իմ սիրելի՛ եղբայրներ, քույրեր և ընկերներ, անձամբ ողջունում եմ ձեզ այս գերագույն համաժողովին: Մենք հավաքվում ենք մի մեծ համաշխարհային ընտանիքի նման, որը ցանկանում է երկրպագել մեր Տիրոջն ու Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին: Շնորհակալություն մեզ միանալու համար։
Այս վերջին տարին ռեկորդային էր։ Անկասկած, մենք բոլորս սովորեցինք բաներ, որոնք նախկինում չգիտեինք: Որոշ դասեր, որոնք ես նախկինում գիտեի, իմ սրտում գրվեցին նոր և ուսանելի ձևերով:
Օրինակ, ես հաստատ գիտեմ, որ Տերը ղեկավարում է Իր Եկեղեցու գործերը: Նա ասել է. «Ես ցույց կտամ [քեզ], որ ես ի վիճակի եմ անելու իմ սեփական գործը»:1
Հաճախ ես և իմ խորհրդականներն արցունքոտ աչքերով ականատես ենք եղել, թե Նա ինչպես է ծայրահեղ դժվարին հանգամանքներում միջամտել այն բանից հետո, երբ մենք հնարավոր ամեն բան արել էինք, և այլևս ոչինչ չէինք կարող անել: Մենք իսկապես մնում ենք զարմացած։
Ինչպես նաև հիմա ավելի լավ եմ հասկանում, թե Նա ինչ նկատի ուներ, երբ ասում էր․ «Ահա, ես կարագացնեմ իմ աշխատանքն իր ժամանակին»։2 Ամեն անգամ ես ուրախացել եմ, երբ Նա ղեկավարել է և իրականացրել է Իր աշխատանքի արագացումը, նույնիսկ՝ համաշխարհային համավարակի ընթացքում:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Եկեղեցու ուժը նրա անդամների ջանքերի և անընդհատ աճող վկայությունների մեջ է: Վկայությունները լավագույնս սնուցվում են տանը: Անցյալ տարվա ընթացքում ձեզանից շատերը կտրուկ ավելացրել են ավետարանի ուսումնասիրությունն իրենց տներում: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, և ձեր երեխաները շնորհակալություն կասեն ձեզ:
Սոլթ Լեյքի տաճարի վերանորոգման հսկայական նախագիծը շարունակվում է: Իմ աշխատասենյակից անմիջապես կարող եմ տեսնել տաճարի հարթակում տեղի ունեցող աշխատանքը:
Ամեն անգամ նայելով, թե ինչպես են աշխատողները պեղում հին ծառերի արմատները, կատարում ջրահեռացման և էլեկտրամոնտաժման աշխատանքները և վերացնում արտահոսող ջրերը, ես մտածում եմ, որ Փրկիչի օգնությամբ յուրաքանչյուրիս անհրաժեշտ է հեռացնել հին աղբը մեր կյանքից:
Հիսուս Քրիստոսի ավետարանը ապաշխարության ավետարան է:3 Փրկիչի Քավության շնորհիվ Նրա ավետարանը անընդհատ փոխվելու, աճելու և ավելի մաքուր դառնալու հրավեր է հղում: Այն հույսի, բժշկման և առաջընթացի ավետարան է: Այսպիսով՝ ավետարանը ուրախության ուղերձ է։ Մեր հոգիները ցնծում են ամեն անգամ, երբ մի փոքր քայլ առաջ ենք գնում։
Իսրայելի հավաքման մի մասը, և շատ կարևոր մասը, որպես Եկեղեցու ժողովուրդ արժանի գտնվելու և պատրաստակամ լինելու մեր պատասխանատվությունն է՝ աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին պատրաստելու գործում:
Երբ լսեք այն ուղերձները, որոնք Սուրբ Հոգու առաջնորդությամբ մանրակրկիտ պատրաստել են մեր ղեկավարները, ես հրավիրում եմ ձեզ աղոթել՝ բացահայտելու այն աղբը, որը պետք է հեռացնեք ձեր կյանքից, որպեսզի կարողանաք ավելի արժանավոր լինել:
Ես սիրում եմ ձեզ իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, և վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին անհատապես ճանաչում են ձեզ և սիրում են ձեզ: Նրանք պատրաստ են օժանդակելու ձեր կատարած յուրաքանչյուր քայլին։ Բարի գալուստ գերագույն համաժողով և օգտվեք Տիրոջ ձայնը լսելու արտոնությունից։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։