Ա Հովհաննես 2-4
«Սիրելիներ, իրար սիրենք»
Ինչո՞ւ երբեմն դժվար է սեր ցուցաբերել ուրիշների հանդեպ: Աստծո հանդեպ մեր սերը ինչպե՞ս է կապված ուրիշներին սիրելու հետ: Հովհաննես Առաքյալն ուսուցանել է Սրբերին, թե Աստծո սերը նրանց հանդեպ ինչպես կարող է ոգեշնչել նրանց սիրել Աստծուն և ուրիշներին (տես Ա Հովհաննես 4.11, 19): Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ և կիրառել Աստծո նման ուրիշներին սիրելու պատվիրանը:
Սիրել ուրիշներին
Մտածեք, թե ինչպես կարող եք ավարտել հետևյալ նախադասությունները.
Հեշտ է սիրել ուրիշներին, երբ …
Ավելի դժվար է սիրել ուրիշներին, երբ …
Խորհեք հետևյալ հարցի շուրջ.
-
Ի՞նչն է ձեզ ոգեշնչում կամ խանգարում սեր ցուցաբերել ուրիշների հանդեպ:
Հովհաննեսի ուսմունքները սիրո մասին
Հովհաննես առաքյալը ուսուցանել է ուրիշներին սիրելու անհրաժեշտության մասին:
Կարդացեք Ա Հովհաննես 3.16-17 , 4.7-11, 19-21 հատվածները և նշեք ճշմարտությունները, որոնք կարող են օգտակար լինել ձեզ՝ ուրիշներին սիրելու դժվարությունները հաղթահարելու համար: (Նկատի ունեցեք, որ քավություն բառը [ Ա Հովհաննեսի 4․10 ] հատվածում նշանակում է այն քավիչ զոհաբերությունը, որը բավարարում է Աստծո արդարադատությունը):
-
Ի՞նչ հետաքրքիր կամ իմաստալից միտք եք գտել Հովհաննեսի ուսմունքներում: Ինչո՞ւ:
Այս հատվածներում ուսուցանված ճշմարտութոյւններից մեկն այն է, որ եթե մենք սիրենք Աստծուն, մենք կսիրենք նաև ուրիշներին: Կարող եք Ա Հովհաննես 4.21 հատվածում նշել այդ ճշմարտությունը:
1. Կատարեք հետևյալ հանձնարարությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Ուրիշներին սիրելու օրհնությունների շուրջ խորհելու համար ընտրեք հետևյալ օրինակներից մեկը և պատասխանեք հետևյալ հարցերին մեկին.
ա. Օրինակ Փրկչի կյանքից, երբ նա սեր է ցուցաբերել ուրիշների հանդեպ: բ. Ձեր ծանոթը, որն ուրիշներին սիրելու վառ օրինակ է հանդիսանում գ. Ուրիշներին սիրելու ձեր սեփական փորձառությունը կամ դեպքեր, երբ ուրիշներն են սեր ցուցաբերել ձեր հանդեպ: դ. Օրինակներ գերագույն համաժողովի ուղերձներից կամ Եկեղեցու տեսանյութերից, օրինակ՝ «Մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը» տեսանյութը 4:43-6:15 (ChurchofJesusChrist.org կայքում):
-
Դուք կամ այդ անձը ի՞նչ եք արել՝ ուրիշների հանդեպ սեր ցուցաբերելու համար:
-
Ձեր կամ նրանց գործողություններն ինչպե՞ս են սեր ցուցադրել Աստծո հանդեպ:
-
Ի՞նչ արդյունք տվեց դա:
-
Ի՞նչ սովորեցիք այդ օրինակից:
Ստանալ ուրիշներին սիրելու օրհնությունները
Կարդացեք Ա Հովհաննես 3.17-18 հատվածները՝ տեսնելով, թե Հովհաննեսն ինչպես է մեզ հորդորել սիրել ուրիշներին:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ուրիշներին սիրել «գործով եւ ճշմարտութիւնով»: ( Ա Հովհաննես 3․18):
Օգտակար կլինի նաև կարդալ Փրկչի ուսմունքները միմյանց սիրելու մասին Մատթեոս 5.43-44 , 22.37-40 և Հովհաննես 13.34 հատվածներում՝ փնտրելով, թե Փրկիչն ինչպես է ցանկանում, որ մենք սիրենք ուրիշներին: (Տես նաև Հովհաննես 15․12, 17)
Նշեք, թե ինչպես կարող եք «գործով եւ ճշմարտութիւնով» սեր ցուցաբերել ուրիշների հանդեպ կամ այնպես, ինչպես Փրկիչն է մեզ սիրել: Օգտակար կլինի տարբեր մարդկանց, օրինակ՝ ընտանիքի անդամների, ընկերների կամ դասընկերների հանդեպ սեր դրսևորելու ուղիներ դիտարկել:
Եթե կօգնի ուրիշներին «գործով և ճշմարտությամբ» սիրելու որոշ օրինակներ տեսնել, ապա դիտեք «Այժմ ծառայում եմ» տեսանյութը՝ (2:18) այդ օրինակները տեսնելու համար: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Սեր ցուցաբերելու վերաբերյալ գաղափարներից որո՞նք են հատկապես առանձնանում ձեզ համար: Ինչո՞ւ:
-
Ինչո՞ւ է կարևոր, որ մեր գործողությունները անկեղծ լինեն:
-
Այդ գործողությունները պարբերաբար կատարելով, ինչպե՞ս կարող ենք ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:
Կիրառում
Հիշեք որևէ մեկին, ում հանդեպ Տերը կցանկանար, որ դուք ավելի շատ սեր ցուցաբերեիք: Փորձեք մտածել Երկնային Հոր և Փրկչի՝ նրանց հանդեպ ունեցած սիրո մասին: Աղոթեք Երկնային Հորը: Փորձեք լսել և զգալ, թե Նա ինչ կցանկանար, որ դուք անեք՝ այդ մարդու հանդեպ սեր ցուցաբերելու համար: Կարող եք աղոթել՝ ձեր ջանքերին օժանդակություն ստանալու համար: Օգտակար կլինի նաև, եթե ձեր ծրագրով կիսվեք վստահելի չափահասի կամ ընկերոջ հետ և նրանից օգնություն խնդրեք:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ա Հովհաննես 3․18 : Ի՞նչ է նշանակում սիրել «գործով եւ ճշմարտութիւնով»
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը (1917–2008) Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է.
Հաճախ սիրո մեծագույն արտահայտություններից են հասարակ բարի գործերը և ուրիշների հանդեպ հոգատարությունը:
(Ջոզեֆ Բ. Վիրթլին, «Մեծ պատվիրանը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 29)
Որո՞նք են ուրիշներին սիրելու որոշ օրհնությունները
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահությունից, վկայել է այդ օրհնությունների մասին:
Քանի որ սերը մեծ պատվիրանն է ընտանիքում, Եկեղեցում և կյանքում, այն պետք է մեր գործողությունների կենտրոնը լինի: Սերը բուժիչ բալասան է, որը փակում է անձնական և ընտանեկան հարաբերություններում առաջացող ճեղքերը: Դա այն կապն է, որը միավորում է ընտանիքներ, համայնքներ և ազգեր: Սերը մի ուժ է, որն առաջացնում է ընկերություն, հանդուրժողականություն, քաղաքավարություն և հարգանք: Այն պառակտումը և ատելությունը հաղթահարելու աղբյուր է: Սերը կրակ է, որը ջերմացնում է մեր կյանքը անզուգական ուրախությամբ և աստվածային հույսով: Սերը պետք է ուղղորդի մեզ կյանքում:
Երբ մենք իսկապես հասկանում ենք, թե ինչ է նշանակում սիրել այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսն է մեզ սիրում, շփոթությունն անցնում է, և մենք հստակ պատկերացնում ենք մեր առաջնահերթությունները: Մեր ուղին, որպես Քրիստոսի աշակերտներ, ավելի ուրախ է դառնում: Մեր կյանքը նոր իմաստ է ստանում: Երկնային Հոր հետ մեր հարաբերությունները ավելի խորն են դառնում:
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Աստծո սերը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 21)
Ա Հովհաննես 3․18 Մենք ինչպե՞ս կարող ենք «գործով եւ ճշմարտութիւնով» սեր ցուցաբերել մեր ընտանեկան հարաբերություններում
Դիտեք «Ամուսնության հավերժական օրհնությունները» տեսանյութը 6:23-8:41՝ տեսնելով, թե երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) Տասներկու Առաքյալների Քվորումից ինչպես է նկարագրում այն բարի գործերը, որոնցով ինքը և իր կինը փոխանակվում էին իրենց կյանքի ընթացքում, կամ դիտեք «Երկու բաժանված եղբայրները» տեսանյութը (6:12), որը ցուցադրում է, թե երկու եղբայրներ ինչպես են սովորում հասկանալ և սիրել միմյանց:
Two Brothers Apart
Ա Հովհաննես 4․12 Հովհաննեսն ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց, որ «Աստուծուն երբէք մէկը չէ տեսել»
«Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է այն սխալ ընկալումը, որ մահկանացու մարդիկ չեն կարող տեսնել Աստծուն. «Աստուծուն երբէք մէկը չէ տեսել» բացի նրանցից, ովքեր հավատում են ( Ա Հովհաննես 4.12 , ծանոթագրություն ա): Հովհաննեսն ուսուցանել է. «Եթէ իրար սիրենք Աստուած մեզանում է բնակվում, եւ նորա սէրը կատարեալ է մեզանում» ( Ա Հովհաննես 4:12): Հովհաննեսն ինքն էր տեսել Աստծուն (տես Հայտնություն 5.1 , ՎևՈւ 67.11): Եթե ցանկանում եք ավելի շատ բան կարդալ այն մասին, թե մահկանացու մարդիկ ինչպես կարող են տեսնել Աստծուն, տես Հովհաննես 14.23 , Գործք Առաքելոց 7.56 , ՎևՈւ 93.1 , Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.16-17 » (Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողների համար [2014], 517):
Ա Հովհաննես 4.20–21 : Ովքե՞ր են մեր «եղբայրները»
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․
Կյանքում մեր ամենամեծ առաջնահերթություններից է սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորներին: Դա ներառում է մեր ընտանիքը, մեր համայնքը, մեր ազգը և մեր աշխարհը:
(Ռասսել Մ․ Նելսոն, «Ուսուցանիր մեզ հանդուրժողականություն և սեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 1994, 69)