Սեմինարիա
Հովհաննես 17


Հովհաննես 17

Փրկչի մեծ Միջնորդական Աղոթքը

Հիսուս Քրիստոսն աղոթում է աշակերտների հետ

Անհատապես ճանաչեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Հիշեք ձեր ազգային պատմության հերոսներից մեկին:

  • Ի՞նչ գիտեք նրա մասին:

  • Ինչպե՞ս կնկարագրեիք տարբերությունը այդ հերոսին ճանաչելու և ձեր ընտանիքի անդամներից մեկին ճանաչելու միջև:

Այժմ ձեր օրագրում գրեք, թե ինչ եք զգում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքների վերաբերյալ: Դրանք հիմնված են միայն փաստերի՞ վրա, թե՞ դառնում են ավելի անձնական: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կօրհնվի ձեր կյանքը, եթե դուք անհատապես ճանաչեք Նրանց:

Հիսուսի աղոթքը իր աշակերտների համար

Գեթսեմանիում Իր տառապանքներին, մատնությանը և Խաչելությանը նախորդող գիշերվա ընթացքում Փրկիչն ասել է մի սրբազան աղոթք, որը հայտնի է որպես մեծ Միջնորդական Աղոթք: Նա աղոթեց Երկնային Հորը Իր առաքյալների համար, այդ թվում նրանց համար, ովքեր հետևում են Նրան մեր օրերում (տես Հովհաննես 17.20): Փորձեք պատկերացնել, թե ինչ էին զգում առաքյալները, երբ լսում էին Հիսուսին՝ այդ սրբազան գիշերը իրենց համար աղոթելիս:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Փրկչի մասին Իր օրինակից, երբ Նա աղոթում էր Իր աշակերտների և հետևորդների համար, նախքան Գեթսեմանում իր տառապանքն ու ձերբակալությունը:

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Հովհաննես 17.3-ը վարդապետության սերտման հատված է: Կարող եք նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք ավելին կսովորեք վարդապետության սերտման այս հատվածի մասին:

Կարդացեք Հովհաննես 17.1-3-ը՝ փնտրելով, թե ինչ օրհնություններ էր ցանկանում Հիսուս Քրիստոսը Իր աշակերտների համար Իր աղոթքում:

  • Հիսուս Քրիստոսը ի՞նչ է ցանկանում Իր աշակերտների համար:

«Հավերժական կյանք» արտահայտությունը (հատվածներ 2-3) հաճախ սխալ է ընկալվում, որպես «ապրել ընդմիշտ»: Փրկիչն աղոթում էր, որ մենք դրանից ավելի շատ ստանանք: «Հավերժական կյանքն» այն կյանքն է, որով ապրում է Աստված՝ մեր Հավերժական Հայրը։ Հավերժական կյանք կամ վեհացում նշանակում է ապրել ընտանիքներով Աստծո ներկայության մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 131․1-4)» (Ավետարանական թեմաներ, «Հավերժական կյանք», topics.ChurchofJesusChrist.org): Կարող եք գրանցել այս սահմանումը ձեր սուրբ գրություններում՝ հատված 3-ի կողքին:

  • Հատված 3-ի համաձայն, մենք ի՞նչ պետք է անենք հավերժական կյանք ստանալու համար:

Փրկչի աղոթքից սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. հավերժական կյանք ստանալու համար մենք պետք է ճանաչենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Ձեր կարծիքով, մենք ինչո՞ւ պետք է իսկապես ճանաչենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ հավերժական կյանք ստանալու համար:

Երեց Մայքլ Ջոն Ու. Թեհ Յոթանասունից բացատրել է Փրկչին ճանաչելու կարևորությունը.

Երեց Մայքլ Ջոն Ու. Թեհ

Մենք պետք է ընդունենք, որ Փրկչին ճանաչելը մեր կյանքի ամենակարևոր գործն է: Այն պետք է առաջնահերթություն լինի բոլոր բաների համեմատ:

(Մայքլ Ջոն Ու. Թեհ, «Մեր անձնական Փրկիչը», Լիահոնա, մայիս 2021, 99)

  • Ի՞նչու եք կարծում, որ Փրկչին ճանաչելը մեր կյանքի ամենակարևոր գործն է:

  • Ի՞նչը կարող է խանգարել, որ այս գործը կյանքում ուրիշ գործերից ավելի կարևոր համարենք:

Մի պահ հիշեք, թե ինչպես են զարգացել մոտ հարաբերությունները ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ: Ի՞նչ եք արել՝ նրանց ավելի լավ ճանաչելու համար: Արդյոք կայի՞ն որոշիչ փորձառություններ, որոնք ձեզ օգնեցին նրանց ավելի լավ ճանաչել: Որքա՞ն ժամանակ պահանջվեց, որպեսզի այդ հարաբերությունները զարգանան:

օրագրի պատկերակ 1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն մեկին.

  • Ինչպե՞ս կարող եք կիրառել այն գործողությունները, որոնք ձեզ օգնեցին մոտ հարաբերություններ զարգացնել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ճանաչելու գործում:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որ օգնել են ձեզ ավելի լավ ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ի՞նչ եք սովորել այդ փորձառություններից:

Ճանաչեք Փրկչին Իր աղոթքի միջոցով

Փրկչին ճանաչելու միջոցներից մեկը Նրա աղոթքներն են: Փորձեք ավելի լավ ճանաչել Փրկչին՝ ուսումնասիրելով, թե ինչի համար էր Նա աղոթքում Հովհաննես 17 գլխում: Կարող եք նաև կենտրոնանալ Հովհաննես 17.4-11, 20-26 հատվածների վրա:

օրագրի պատկերակ 2. Ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երեքին.

  • Այս աղոթքից ի՞նչ եք սովորում Իր Հոր հետ Հիսուս Քրիստոսի հարաբերությունների մասին:

  • Ի՞նչ օրհնություններ է Հիսուս Քրիստոսը ցանկանում մեզ համար:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Նա աղոթում, որ դուք ստանաք այդ հատուկ օրհնությունները:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր մասին, որը ձեզ ոգեշնչում է ավելի լավ ճանաչել Նրանց:

Պատկերացրեք, թե որքան մոտ պետք է լինեք Երկնային Հոր և Փրկչի հետ, որպեսզի ձեր հարաբերությունները կարելի լինի նկարագրել որպես՝ նրանց հետ մեկ լինել: Ինչպե՞ս կզգայիք ձեզ այդ դեպքում: Ինչպե՞ս կփոխվեր ձեր կյանքը: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ և ցանկանում են մեկ լինել ձեզ հետ: Հիսուս Քրիստոսը աղոթել է Երկնային Հորը, որ Նա օգնի ձեզ ավելի մոտ հարաբերություններ զարգացնել Իրենց հետ: Նկատի ունեցեք, որ այդպիսի հարաբերությունների զարգացումը ժամանակ և ջանք է պահանջելու այս և մյուս կյանքում:

Գրեք ձեր օրագրում, թե ինչ եք ցանկանում անել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու համար: Գրեք, թե ինչպես եք իմանալու, որ Նրանց հետ ձեր հարաբերությունները ամրապնդվում են և, ձեր կարծիքով, այդ հարաբերություններն ինչպես կօրհնեն ձեր կյանքը:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ի՞նչ կարող եք անել՝ Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու համար

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Եթե ցանկանում եք մտերիմ լինել մեկի հետ, ով թանկ է ձեզ համար, բայց ումից հեռացել եք, դուք գիտեք, թե ինչպես անել դա։ Դուք եղանակ կգտնեք նրա հետ խոսելու, կլսեք նրան և ճանապարհներ կգտնեք միմյանց համար ինչ-որ բաներ անելու։ Որքան հաճախ դա պատահի, որքան երկար դա տևի, այդքան խորը կլինի կապը։ Եթե ժամանակի մեծ մասն անցնի առանց խոսելու, լսելու և գործեր անելու, կապը կթուլանա:

Աստված կատարյալ է և ամենազոր, իսկ ես և դուք մահկանացու ենք։ Բայց նա մեր Հայրն է, Նա սիրում է մեզ և առաջարկում է Իրեն մոտենալու նույն հնարավորությունը, ինչը կաներ սիրող ընկերը: Իսկ դուք կանեք դա համարյա նույն ձևով` խոսելով, լսելով և գործելով:

(Հենրի Բ․ Այրինգ, «Ավելի մոտենալ Աստծուն», Ensign, մայիս 1991, 66)

Յոթանասունից երեց Ս. Սքոթ Գրոուն բացատրել է.

Երեց Ս. Սքոթ Գրոու

Իմ երիտասարդ ընկերներ, մենք կարող ենք սկսել ճանաչել Աստծուն աղոթքի միջոցով: ․․․

․․․ Եթե դուք ամեն օր ուսումնասիրեք սուրբ գրությունները՝ մենակ և ընտանիքով, դուք կսովորեք ճանաչել Սուրբ Հոգու ձայնը և ավելի լավ կճանաչեք Աստծուն:…

Երբ մենք փորձում ենք կատարել Աստծո կամքը՝ հավատարմորեն ծառայելով Նրան և մեր մերձավորներին, մենք զգում ենք Նրա հավանությունը և սկսում ենք իսկապես ճանաչել Նրան:

Փրկիչը մեզ ասում է, որ Աստծուն ճանաչելու ամենալավ ձևը Նրա նման դառնալն է: Նա ուսուցանել է. «Հետևաբար, ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ` ճիշտ ինչպես ես եմ» [3 Նեփի 27.27]:

Արժանավորությունը կարևոր է Նրան նմանվելու գործում: ․․․

Աստված ճանաչում է ձեզ և առաջարկում է ձեզ ճանաչել Իրեն: Աղոթեք Հորը, ուսումնասիրեք սուրբ գրությունները, փորձեք կատարել Աստծո կամքը, ձգտեք դառնալ Փրկչի նման և հետևել արդար ուսուցիչներին: Եթե այդպես վարվեք, դուք կճանաչեք Աստծուն և Հիսուս Քրիստոսին և կժառանգեք հավերժական կյանքը:

(Ս․ Սքոթ Գրոու, «Եվ սա է հավերժական կյանքը», Լիահոնա, մայիս 2017, 121-24)