Բ Կորնթացիս 13
«Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք»
Աստծո արքայությունում ղեկավարները հաճախ են քննադատության թիրախ դարձել: Նոր Կտակարանի ժամանակներում Կորնթոսում բնակվող Եկեղեցու որոշ անդամներ քննադատեցին Պողոսին: Ի պատասխան՝ նա նրանց առաջարկեց քննել իրենց սեփական կապը Քրիստոսի հետ: Այս դասը կարող է ձեզ օգնել հաղթահարել ուրիշներին, այդ թվում Եկեղեցու ղեկավարներին, քննադատելու գայթակղությունը՝ քննելով ձեր սեփական հավատքը Տիրոջ հանդեպ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Անկեղծ հարցե՞ր, թե՞ քննադատություն
-
Եկեղեցու ղեկավարների հանդեպ քննադատության ի՞նչ օրինակներ գիտեք:
-
Ի՞նչ տարբերություն կա Եկեղեցու ղեկավարի ուսուցանածի կամ ասածի վերաբերյալ անկեղծ հարցեր և մտահոգություններ ունենալու և նրան քննադատելու միջև:
Ընդհանրապես, քննադատել մեկին նշանակում է բացասաբար դատել նրան՝ մատնանշելով նրա թերություններն ու սխալները: Սուրբ գրություններում քննադատությունը կարող է նշանակել՝ չարախոսել կամ որևէ մեկի դեմ տրտնջալ:
Հնարավորության դեպքում ընդունեք ուրիշների սխալները կամ թուլությունները առանց քննադատության: Մենք քննադատում ենք, երբ ուրիշների մասին խոսում կամ գրում ենք դատող կամ բացասական ձևով:
-
Ինչո՞ւ է կարևոր հաղթահարել ուրիշներին, այդ թվում Եկեղեցու ղեկավարներին քննադատելու գայթակղությունը:
Բ Կորնթացիս 13 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք, թե մենք ինչպես կարող ենք խուսափել քննադատելուց, հատկապես նրանց, ում Տերը կանչել է ղեկավարելու Իր Եկեղեցին:
Քննադատություն, չարախոսություն և տրնտջոց
Պարզվում է, որ կորնթացի Սրբերից ոմանք հրապարակավ քննադատեցին Պողոսին (տես Բ Կորնթացիս 10.10 , 12.10-15): Բ Կորնթացիս 13.1-2 հատվածներում Պողոսը նրանց կոպիտ ձևով ապաշխարության կոչ արեց:
Կարդացեք Բ Կորնթացիս 13.3-ը՝ պարզելով, թե ինչ ապացույց էին որոնում Եկեղեցու՝ Կորնթոսում բնակվող որոշ անդամներ: Նրանց պահանջը ապացուցում է, որ նրանք հրապարակավ քննադատում էին Պողոսին: Կարդացեք Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ հայտարարությունը՝ փնտրելով, թե մեր ղեկավարների քննադատությունն ինչպես կարող է ազդել մեզ վրա:
Նախագահ Ջորջ Ք․ Քենոնը մի նախազգուշացում է հղել, որը իմ կողմից ձեզ եմ փոխանցում։ Ես կարծում եմ, որ նա ճիշտ էր. «… Ո՛չ ոք, որքան էլ ուժեղ լինի հավատքի մեջ, որքան էլ բարձր լինի Քահանայության մեջ, չի կարող չարությամբ խոսել Տիրոջ օծյալի դեմ ու սխալ փնտրել երկրի վրա Աստծո իշխանության դեմ՝ առանց Նրա դժգոհությունը իր վրա հրավիրելու: Սուրբ Հոգին կհեռանա նման մարդուց և նա կընկղմվի խավարի մեջ: Եթե արդյունքը այսպիսին է, տեսնո՞ւմ եք, թե որքան կարևոր է, որ մենք զգույշ լինենք»:
(Հենրի Բ. Այրինգ, «Աջակցող հավատքի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 59)
-
Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում քննադատելու և սեփական հավատքը քննելու միջև եղած տարբերության մասին և դրանցից յուրաքանչյուրի հետևանքների մասին:
-
Ձեր կարծիքով, Սուրբ Հոգին ինչո՞ւ է լքում մեզ, երբ չարախոսում ենք Տիրոջ կողմից կանչված մարդկանց մասին կամ նրանց արարքների մեջ սխալներ փնտրում:
-
Մենք ինչպե՞ս կարող ենք հավատքով գործել, երբ հարցեր ունենք Եկեղեցու ղեկավարի ուսուցանածի մասին, կամ համաձայն չենք դրա հետ:
Խուսափեք քննադատությունից
Կարդացեք Բ Կորնթացիս 13.5-6-ը՝ փնտրելով, թե Պողոսը ինչ խորհուրդ տվեց այդ կորնթացի Սրբերին, ովքեր կասկածեցին, որ Տերը խոսում էր նրա միջոցով: Օգտակար է իմանալ, որ անառակ մարդը մի մարդ է, ով անարժան է կամ չի անցել փորձությունը:
Հիմնվելով Պողոսի ուսմունքի վրա՝ ավարտեք հետևյալ հայտարարությունը. Եկեղեցու ղեկավարներին քննադատելու փոխարեն մենք պետք է …
Եկեղեցու ղեկավարներին քննադատելու փոխարեն մենք պետք է քննենք մեր սեփական հավատքը:
Նախագահ Այրինգը հետևյալն է հայտարարել Տիրոջ կողմից կանչված մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքի մասին: Տեսեք, թե նրա խոսքերն ինչպես են հաստատում Պողոսի՝ Բ Կորնթացիս 13.3, 5 հատվածներում ուսուցանածը:
Հավատք է անհրաժեշտ հավատալու համար, որ [Հիսուս Քրիստոսը] կատարելապես ճանաչում է այն մարդկանց, ում Նա կանչում է. ճանաչում է նրանց ունակություններն ու ներուժը և այդպիսով սխալներ չի կատարում Իր կոչումներում։
Դա կարող է ժպիտ կամ գլխի բացասական շարժումներ առաջացնել այս լսարանում նստած որոշ մարդկանց մոտ՝ թե՛ նրանց, ովքեր մտածում են, որ իրենց ծառայությունները սխալմունք են եղել, և թե՛ նրանց, ովքեր հիշում են իրենց ծանոթ մարդկանց և մտածում, որ նրանց տեղը Տիրոջ արքայության մեջ սխալմունք է եղել։ Իմ խորհուրդն այդ երկու խմբի մարդկանց այն է, որ նրանք չշտապեն դատողություններ անել, մինչև որ կարողանան ավելի լավ տեսնել այն, ինչ Տերն է տեսնում։ Փոխարենը, դուք պետք է դատողություն անեք, որ դուք կարող եք հայտնություն ստանալ և անվախ գործել՝ ըստ այդ հայտնության։
(Հենրի Բ. Այրինգ, «Տերը ղեկավարում է Իր Եկեղեցին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 82)
-
Նախագահ Այրինգի խորհուրդն ինչպես կարող է օգնել մեզ, երբ մենք գայթակղություն ենք զգում դատել կամ քննադատել Տիրոջ կողմից ընտրված ղեկավարներին:
-
Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատարմությունը քննելն ինչպե՞ս է մեզ օգնում չչարախոսել ուրիշների մասին կամ չդատել նրանց:
Քննեք ինքներդ ձեզ
Երբ մենք հարցազրույց ենք անցնում՝ տաճարային երաշխավորագիր ստանալու համար, մեզ հարցնում են, թե արդյոք մենք աջակցում ենք Եկեղեցու ղեկավարներին: Նախագահ Այրինգը առաջարկել է մի քանի հարց, որոնք կարող են մեզ օգնել պատրաստվել պատասխանելու այս հարցերին: Այս հարցերի շուրջ խորհելիս փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը:
Հնարավոր է, ձեզ հարցրել են կամ մի օր կհարցնեն, թե արդյոք աջակցում եք Եկեղեցու ձեր եպիսկոպոսին, ցցի նախագահին, Բարձրագույն Իշխանություններին ու պաշտոնյաներին: …
… Կարող եք նախապատրաստվել՝ նմանատիպ հարցեր տալով ձեզ:
1. Ես մտածե՞լ եմ կամ խոսե՞լ այն մարդկանց թերությունների մասին, որոնց խոստացել եմ աջակցել:
2. Ես փնտրե՞լ եմ վկայություն, որ Տերն է առաջնորդում նրանց:
3. Ես բարեխղճորեն ու հավատարմորեն հետևե՞լ եմ նրանց առաջնորդությանը:
4. Ես կիսվե՞լ եմ իմ տեսած վկայությունով, որ նրանք Աստծո ծառաներն են:
5. Ես կանոնավոր աղոթո՞ւմ եմ նրանց համար՝ անհատապես և սիրո զգացումով:
Մեզանից շատերին նման հարցերը կարող են շփոթեցնել ու ապաշխարելու զգացում առաջացնել:
(Հենրի Բ. Այրինգ, «Աջակցող հավատքի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 59)
Եթե այս հարցերը շփոթեցնում են ձեզ, աղոթեք և գրեք, թե ինչ կարող եք անել ապաշխարելու և փոխվելու համար:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ո՞րն է Տիրոջ կողմից կոչված մարդկանց քննադատելու վտանգը:
Մարգարե Ջոզեֆ Սմիթն (1805–44) ուսուցանել է.
[Եթե մի մարդ] իր ձայնն է բարձրացնում, որ դատապարտի ուրիշներին, մեղավոր համարելով Եկեղեցուն՝ ասելով, որ նրանք շեղվել են ճանապարհից, մինչդեռ ինքը արդարացի է, ապա համոզված եղեք, որ այդ մարդը դավաճանության ճանապարհն է բռնել, և եթե նա չապաշխարի, քանի Աստված կենդանի է, ուրացության մեջ կլինի:
(Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007],318)
Արդյո՞ք նորմալ է հարցեր ունենալը
Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը ուսուցանել է.
Արդյո՞ք նորմալ է Եկեղեցու կամ դրա վարդապետության մասին հարցեր ունենալը: Իմ սիրելի երիտասարդ ընկերնե՛ր, մենք հարցադրումներ անող ժողովուրդ ենք, քանի որ մենք գիտենք, որ հարցերը տանում են ճշմարտության իմացությանը: …
… Ոմանք կարող են ամաչել կամ իրենց անարժան համարել, քանի որ որոնողական հարցեր ունեն ավետարանի վերաբերյալ, սակայն նրանք չպիտի այդպես զգան: Հարցեր տալը թուլության նշան չէ. այն աճի ավետաբերն է։
Մի վախեցեք, հարցեր տվեք։ Հետաքրքրվող եղեք, սակայն մի կասկածեք: Միշտ ամուր բռնեք հավատքից և լույսից, որն արդեն իսկ ստացել եք: Քանի որ մահկանացու վիճակում մենք անկատար ենք տեսնում: Ամեն բան չէ, որ հասկանալի կլինի հենց հիմա:
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Արտացոլանքը ջրում» [Եկեղեցու Կրթական Համակարգի հավաք երիտասարդ չափահասների համար, նոյեմբերի 1, 2009], broadcasts.ChurchofJesusChrist.org)
Արդյո՞ք մարգարեները անսխալական են
Քույր Շերի Լ. Դուին՝ Սփոփող միության գերագույն նախագահության նախկին խորհրդականը, ասել է.
Որոշ մարդկանց խճճում է հետևյալ հարցը. Արդյո՞ք մարգարեները, տեսանողները և հայտնողներ անսխալական են: Դա սխալ հարցադրում է; Ավելի լավ է հարցնել. Ովքե՞ր են մարգարեները: Նրանք քահանայության բանալիների ձեռնադրված կրողներն են, և այդ բանալիները նրանց իշխանություն են տալիս տարածել Տիրոջ զորությունը աշխարհով մեկ: Նրանք կատարյալ չեն: Սակայն նրանք ամենակատարյալ կերպով ոգեշնչված ղեկավարներն են աշխարհում և նրանց միակ դրդապատճառը կատարյալ է՝ օգնել մեզ գտնել տուն տանող ճանապարհը՝ ուղղորդելով մեզ դեպի Հիսուս Քրիստոսը:
(Շերի Լ. Դուի, «Մարգարեներ» [BYU–Pathway Worldwide հոգևոր հավաք, հուլիսի 13, 2021], 2, byupathway.org/speeches)