Գլուխ 12
Եսայիան տեսնում է վերջին օրերի տաճարը, Իսրայելի հավաքվելը, և հազարամյա դատաստանն ու խաղաղությունը – Հպարտները և ամբարիշտները կցածրացվեն Երկրորդ Գալստյան ժամանակ – Համեմատեք Եսայիայի Բ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:
1 Խոսքը, որ Եսայիան՝ Ամոզի որդին, տեսավ Հուդայի և Երուսաղեմի վերաբերյալ.
2 Եվ կլինի այնպես, վերջին օրերին, երբ Տիրոջ տան սարը կհաստատվի սարերի գագաթին և վեր կխոյանա բլուրներից, և բոլոր ազգերը կհոսեն դեպի այն:
3 Եվ շատ մարդիկ կգնան ու կասեն. Եկե՛ք, եկեք վեր գնանք դեպի Տիրոջ սարը՝ Հակոբի Աստծո տունը. և նա կսովորեցնի մեզ իր ուղիների մասին, և մենք կքայլենք նրա շավիղներում. քանզի Սիոնից առաջ կգնա օրենքը, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից:
4 Եվ նա կդատի ազգերի մեջ և կսաստի շատ մարդկանց, և նրանք կձուլեն իրենց սրերը՝ խոփերի, և իրենց նիզակները՝ մանգաղների, ազգ ազգի վրա սուր չի բարձրացնի, ոչ էլ նրանք պատերազմել կսովորեն այլևս:
5 Ո՜վ Հակոբի տուն, եկե՛ք, եկեք քայլենք Տիրոջ լույսով. այո՛, եկեք, քանզի դուք բոլորդ մոլորվել եք՝ ամեն ոք դեպի իր ամբարիշտ ճանապարհները:
6 Այդ պատճառով, ո՜վ Տեր, դու լքել ես քո ժողովրդին՝ Հակոբի տունը, որովհետև նրանք լի են արևելքցիությամբ և լսում են հմայողներին Փղշտացիների պես, և գոհանում են օտարների զավակներով:
7 Նրանց երկիրը նաև լի է արծաթով ու ոսկով, ոչ էլ որևէ վերջ կա նրանց գանձերին. նրանց երկիրը լի է նաև ձիերով, ոչ էլ որևէ վերջ կա նրանց կառքերին:
8 Նրանց երկիրը լի է նաև կուռքերով, նրանք իրենց իսկ ձեռքի գործին են երկրպագում, նրան ինչն իրենց իսկ մատներն են պատրաստել:
9 Եվ ռամիկ մարդը ցած չի կռանում, և անվանի մարդն իրեն չի խոնարհեցնում, հետևաբար, մի ներիր նրան:
10 Ո՜վ ամբարիշտներ, մտեք ժայռի մեջ և թաքնվեք փոշու մեջ, քանզի Տիրոջ երկյուղը, և նրա վեհափառության փառքը կզարկի ձեզ:
11 Եվ կլինի այնպես, որ մարդու ամբարտավան հայացքները կխոնարհեցվեն, և մարդկանց մեծամտությունը ցած կհակվի, և Տերը միայն կբարձրացվի այդ օրը:
12 Քանզի Զորաց Տիրոջ օրը շուտով գալիս է բոլոր ազգերի վրա, այո, ամեն մեկի վրա. այո, հպարտի և ամբարտավանի վրա, և ամեն մեկի վրա, որը բարձրամտացած է, և նա կցածրացվի:
13 Այո, և Տիրոջ օրը կգա Լիբանանի բոլոր մայրիների վրա, քանզի նրանք բարձր են և վեր խոյացած. և Բասանի բոլոր կաղնիների վրա.
14 Եվ բոլոր բարձր լեռների վրա, և բոլոր բլուրների վրա, և բոլոր ազգերի վրա, որոնք բարձրամտացած են, և ամեն մի ժողովրդի վրա.
15 Եվ ամեն բարձր աշտարակի վրա, և ամեն ցանկապատված պատի վրա.
16 Եվ ծովի բոլոր նավերի վրա, և Թարսիսի բոլոր նավերի վրա, և բոլոր հաճելի տեսարանների վրա:
17 Եվ մարդու ամբարտավանությունը կխոնարհեցվի, և մարդու մեծամտությունը կցածրացվի. և Տերը միայն կբարձրացվի այդ օրը:
18 Եվ կուռքերին նա ամբողջովին կվերացնի:
19 Եվ նրանք կմտնեն ժայռերի խոռոչների մեջ և երկրի քարանձավների մեջ, քանզի Տիրոջ երկյուղը կգա նրանց վրա, և նրա վեհափառության փառքը կջախջախի նրանց, երբ նա բարձրանա՝ սարսափելի ցնցելու երկիրը:
20 Այդ օրը մարդը խլուրդներին և չղջիկներին կնետի իր արծաթե կուռքերը և իր ոսկե կուռքերը, որոնք նա պատրաստել էր իր համար, որ երկրպագի.
21 Մտնելու համար ապառաժների ճեղքերը և պատառոտված վեմերի ծերպերը, քանզի Տիրոջ երկյուղը կգա նրանց վրա, և նրա վեհափառության փառքը կջախջախի նրանց, երբ նա բարձրանա՝ սարսափելի ցնցելու երկիրը:
22 Ձեռք քաշեք մարդուց, որի շունչը նրա ռնգերում է. քանզի ի՞նչով պետք է նա գնահատվի: