Գլուխ 19
Եսայիան խոսում է Մեսիայի պես – Մարդիկ խավարի մեջ կտեսնեն մի մեծ լույս – Մեզ համար մի երեխա է ծնվել – Նա կլինի Խաղաղության Իշխանը և կթագավորի Դավթի գահակալության վրա – Համեմատեք Եսայիայի Թ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:
1 Այնուամենայնիվ, մշուշը չի լինի այնպիսին, ինչպես նրա նեղության ժամանակ էր, երբ սկզբում նա թեթևակի չարչարեց Զաբուղոնի երկիրն ու Նեփթաղիմի երկիրը, և հետո ավելի դառնաղետորեն չարչարեց Կարմիր ծովի ճանապարհին՝ Հորդանանի մյուս կողմում, հեթանոսների Գալիլեայում:
2 Ժողովուրդը, որ քայլում էր խավարում, տեսել է մի մեծ լույս, նրանք ովքեր բնակվում էին մահվան ստվերների երկրում, նրանց վրա փայլել է լույսը:
3 Դու բազմացրել ես ազգը և մեծացրել ուրախությունը,– նրանք ուրախանում են քո առաջ նույն ձևով, ինչպես ուրախանում են բերքահավաքով, և ինչպես մարդիկ զվարճանում են, երբ նրանք բաժանում են ավարը:
4 Քանզի դու ջարդեցիր նրա բեռի լուծը և ուսերի ծանրությունը, նրա բռնացողի ցուպը:
5 Քանզի ռազմիկի ամեն մի ճակատամարտը խառնիճաղանճ աղմուկով է, և հանդերձները՝ արյունաթաթախ. բայց այն բոցավառվելով և հրի ճարակով կլինի:
6 Քանզի մեզ համար մի երեխա է ծնվել, մեզ մի որդի է տրվել. և իշխանությունը կլինի նրա ուսի վրա. և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենական Հայր, Խաղաղության Իշխան:
7 Իշխանության մեծացմանը և խաղաղությանը վերջ չկա Դավթի գահի վրա, և նրա թագավորության վրա՝ կարգավորելու այն և հաստատելու այն դատաստանով և արդարությամբ այսուհետև, նույնիսկ հավիտյան: Զորաց Տիրոջ մեծ եռանդը կիրագործի այս:
8 Տերը ուղարկեց իր խոսքը Հակոբին, և այն իջավ Իսրայելի վրա:
9 Եվ բոլոր մարդիկ կիմանան, նույնիսկ Եփրեմը և Սամարիայի բնակիչները, ովքեր ասում են հպարտությամբ և սրտի ամբարտավանությամբ.
10 Աղյուսները վայր են ընկած, բայց մենք կսարքենք սրբատաշ քարերով. թխկիները կտրված են, բայց մենք կփոխենք դրանք եղևնիներով:
11 Հետևաբար, Տերը կբարձրացնի Ռասինի հակառակորդներին նրա դեմ և կմիավորի նրա թշնամիներին միմյանց հետ.
12 Ասորիներն առջևից և Փղշտացիները ետևից. և նրանք պետք է խժռեն Իսրայելը՝ բացած բերանով: Այս բոլորի պատճառով նրա բարկությունը չի անցել, բայց նրա ձեռքը դեռ մեկնված է:
13 Քանզի մարդիկ չեն դառնում դեպի նա, ով զարկում է իրենց, ոչ էլ նրանք փնտրում են Զորաց Տիրոջը:
14 Հետևաբար, Տերը կկտրի Իսրայելից գլուխն ու ագին, ճյուղն ու եղեգը մեկ օրում:
15 Ծերը՝ նա է գլուխը. և մարգարեն, որ սովորեցնում է ստեր՝ նա է ագին:
16 Քանզի այս ժողովրդի առաջնորդները նրանց սխալվելու պատճառն են դառնում. և նրանք, ովքեր առաջնորդվում են նրանց կողմից, կործանվում են:
17 Այդ պատճառով Տերը չի ունենա ուրախություն նրանց երիտասարդներում, ոչ էլ կունենա ողորմություն նրանց հայրազուրկների և որբևայրիների հանդեպ. քանզի նրանցից ամեն մեկը կեղծավոր է ու չարագործ, և ամեն մի բերան խոսում է հիմարաբար: Այս բոլորի պատճառով նրա բարկությունը չի անցել, բայց նրա ձեռքը դեռ մեկնված է:
18 Քանզի ամբարշտությունը վառվում է կրակի պես. այն կլափի ցախերը և փշերը, և կբռնկի անտառի ծմակները, և վեր կբարձրանա, ինչպես ծուխն է բարձրանում:
19 Զորաց Տիրոջ ցասումից երկիրը մթնել է, և մարդիկ կլինեն հրի ճարակի պես. ոչ մի մարդ չի խնայի իր եղբորը:
20 Եվ նա կհափշտակի աջ կողմից և կլինի սոված. և նա կուտի ձախ կողմից և նրանք չեն կշտանա. նրանք կուտեն՝ ամեն մարդ իր սեփական բազկի միսը,
21 Մանասեն՝ Եփրեմին. և Եփրեմը՝ Մանասեին. նրանք միասին կլինեն Հուդայի դեմ: Այս բոլորի պատճառով նրա բարկությունը չի անցել, բայց նրա ձեռքը դեռ մեկնված է: