Սուրբ գրություններ
2 Նեփի 21


Գլուխ 21

Հեսսեի ցողունը (Քրիստոսը) կդատի արդարությամբ – Գիտելիքը Աստծո մասին, կպատի երկիրը Հազարամյակի ժամանակ – Տերը մի դրոշակ կբարձրացնի և կժողովի Իսրայելը – Համեմատեք Եսայիայի ԺԱ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ մի շառավիղ պիտի դուրս գա Հեսսեի ցողունից, և մի ընձյուղ պիտի աճի նրա արմատներից:

2 Եվ Տիրոջ Հոգին կհանգչի նրա վրա՝ իմաստության և բանականության ոգին, խորհրդի և զորության ոգին, գիտության և Տիրոջ երկյուղի ոգին.

3 Եվ կդարձնի նրան արագ ըմբռնմամբ՝ Տիրոջ երկյուղով, և նա չի դատի ըստ իր աչքերի տեսածի, ոչ էլ կհանդիմանի ըստ իր ականջների լսածի:

4 Այլ արդարությամբ կդատի աղքատին և անաչառությամբ կհանդիմանի երկրի հեզերի համար. և նա կզարկի երկիրն իր բերանի գավազանով և իր շրթունքների շնչով կսպանի ամբարիշտներին:

5 Եվ արդարությունը կլինի նրա մեջքի գոտին և հավատարմությունը՝ երանքի գոտին:

6 Գայլը նույնպես կբնակվի գառի հետ, և ընձառյուծը կպառկի ուլի հետ, և հորթը, կորյունը և պարարտ զվարակը՝ միասին. և մի փոքր երեխա կառաջնորդի նրանց:

7 Եվ կովն ու արջը կարածեն. նրանց ձագերը կպառկեն միասին. և առյուծը ծղոտ կուտի, ինչպես արջառը:

8 Եվ ծծկեր երեխան կխաղա իժի անցքի վրա, և կաթից կտրված երեխան ձեռքը քարբի բնի վրա կդնի:

9 Նրանք չեն վնասի կամ ավերի իմ ողջ սուրբ սարում, քանզի երկիրը Տիրոջ գիտությունով լցված կլինի, ինչպես ջրերն են ծածկում ծովը:

10 Եվ այն օրը կլինի Հեսսեի մի արմատ, որը կկանգնի որպես դրոշ ժողովրդի համար. դեպի նրան կձգտեն հեթանոսները. և նրա հանգիստը փառահեղ կլինի:

11 Եվ կլինի, այն օրը, որ Տերն իր ձեռքը կրկին կպարզի, երկրորդ անգամ ետ բերելու իր ժողովրդի մնացորդին, որոնք մնացած կլինեն Ասորեստանից և Եգիպտոսից, Պաթուրեսից և Քուշից, Եղամից և Սենաարից, Եմաթից և ծովի կղզիներից:

12 Եվ նա դրոշ կբարձրացնի ազգերի համար և կժողովի Իսրայելի տարագիրներին և կհավաքի Հուդայի ցրվածներին՝ աշխարհի չորս անկյուններից:

13 Եփրեմի նախանձը նույնպես կվերանա և Հուդայի հակառակորդները կբնաջնջվեն. Եփրեմը չի նախանձի Հուդային, և Հուդան չի նեղի Եփրեմին:

14 Այլ նրանք Փղշտացիների ուսերի վրայով կթռչեն դեպի արևմուտք, նրանք միասին կթալանեն նրանց՝ արևելքում. կդնեն իրենց ձեռքը Եդովմի և Մովաբի վրա. և Ամմոնի զավակները կհնազանդվեն նրանց:

15 Եվ Տերը լիովին կկործանի Եգիպտական ծովի լեզվակը. և իր հզոր քամիով նա իր ձեռքը կշարժի գետի վրա և կզարկի այն յոթ վտակների, և անցնել կտա մարդկանց չոր կոշիկով:

16 Եվ մի մայրուղի կլինի իր ժողովրդի մնացորդի համար, որոնք մնացած կլինեն Ասորեստանից, ինչպես որ եղավ Իսրայելի համար այն օրը, երբ նա դուրս եկավ Եգիպտոսի երկրից: