Եթերի գիրքը
Հարեդացիների հիշատակարանը, վերցված քսանչորս թիթեղներից, գտնված Լիմքիի ժողովրդի կողմից՝ թագավոր Մոսիայի օրոք:
Գլուխ 1
Մորոնին կրճատում է Եթերի գրածները – Ներկայացվում է Եթերի տոհմաբանությունը – Հարեդացիների լեզուն չի խառնվում Բաբելոնի աշտարակի մոտ – Տերը խոստանում է առաջնորդել նրանց դեպի մի ընտիր երկիր և դարձնել նրանց մեծ ազգ:
1 Եվ այժմ ես՝ Մորոնիս, սկսում եմ տալ պատմությունն այն հնադարյան բնակիչների, ովքեր կործանվել էին Տիրոջ ձեռքով այս հյուսիսային երկրի երեսին:
2 Եվ ես վերցնում եմ իմ պատմությունը քսանևչորս թիթեղներից, որոնք գտնվել էին Լիմքիի ժողովրդի կողմից, որը կոչվում է Եթերի Գիրք:
3 Եվ քանի որ ես ենթադրում եմ, որ այս հիշատակարանի առաջին մասը, որը խոսում է աշխարհի ստեղծման մասին, և նաև Ադամի, և մի պատմություն այդ ժամանակից սկսած, նույնիսկ մինչև մեծ աշտարակը, և ինչ բաներ որ տեղի էին ունեցել մարդկանց զավակների մեջ, մինչև այդ ժամանակը, որ պահված էին հրեաների մոտ,
4 Հետևաբար, ես չեմ գրում այն բաները, որոնք տեղի էին ունեցել Ադամի օրերից ի վեր մինչև այդ ժամանակը. բայց դրանք կան թիթեղների վրա. և ով որ գտնի դրանք, նույնը կունենա զորություն, որ ստանա լրիվ պատմությունը:
5 Բայց ահա, ես չեմ տալիս լրիվ պատմությունը, այլ տալիս եմ պատմության մի մասը՝ աշտարակից սկսած, ընդհուպ մինչև նրանց կործանվելը:
6 Եվ այս ձևով եմ ես տալիս պատմությունը: Նա, ով գրեց այս հիշատակարանը, Եթերն էր, և նա Կորիանթորի մի հետնորդ էր:
7 Կորիանթորը Մորոնի որդին էր:
8 Եվ Մորոնը Եթեմի որդին էր:
9 Եվ Եթեմը Աքայի որդին էր:
10 Եվ Աքայը Սեթի որդին էր:
11 Եվ Սեթը Սիբլոնի որդին էր:
12 Եվ Սիբլոնը Կոմի որդին էր:
13 Եվ Կոմը Կորիանթումի որդին էր:
14 Եվ Կորիանթումը Ամնիգադայի որդին էր:
15 Եվ Ամնիգադան Ահարոնի որդին էր:
16 Եվ Ահարոնը Քետի հետնորդ էր, որը Հեարթոմի որդին էր:
17 Եվ Հեարթոմը Լիբի որդին էր:
18 Եվ Լիբը Կիսի որդին էր:
19 Եվ Կիսը Քորոմի որդին էր:
20 Եվ Քորոմը Ղևիի որդին էր:
21 Եվ Ղևին Կիմի որդին էր:
22 Եվ Կիմը Մորիանթոնի որդին էր:
23 Եվ Մորիանթոնը Ռիփլակիսի մի հետնորդ էր:
24 Եվ Ռիփլակիսը Սեզի որդին էր:
25 Եվ Սեզը Քետի որդին էր:
26 Եվ Քետը Կոմի որդին էր:
27 Եվ Կոմը Կորիանթումի որդին էր:
28 Եվ Կորիանթումը Եմերի որդին էր:
29 Եվ Եմերը Օմերի որդին էր:
30 Եվ Օմերը Սուլեի որդին էր:
31 Եվ Սուլեն Կիբի որդին էր:
32 Եվ Կիբը Օրիայի որդին էր, որը Հարեդի որդին էր.
33 Այն Հարեդի, որը եկավ մեծ աշտարակից իր եղբոր և նրանց ընտանիքների հետ, մի քանի ուրիշների և նրանց ընտանիքների հետ, այն ժամանակ, երբ Տերը խառնեց ժողովրդի լեզուն, և երդվեց իր ցասման մեջ, որ նրանք պետք է ցրվեն ողջ երկրի երեսին. և Տիրոջ խոսքի համաձայն, ժողովուրդը ցրվեց:
34 Եվ Հարեդի եղբայրը, լինելով հաղթանդամ ու հզոր մի մարդ, և Տիրոջից մեծապես հովանավորված մարդ, Հարեդը՝ նրա եղբայրը, ասաց նրան. Աղաղակիր առ Տերը, որ նա չխառնի մեզ այնպես, որ մենք չհասկանանք մեր խոսքերը:
35 Եվ եղավ այնպես, որ Հարեդի եղբայրն աղաղակեց առ Տերը, և Տերը գութ ունեցավ Հարեդի վրա. հետևաբար, նա չխառնեց Հարեդի լեզուն. և Հարեդն ու իր եղբայրը չխառնվեցին:
36 Այնուհետև Հարեդն ասաց իր եղբորը. Աղաղակիր կրկին առ Տերը, և միգուցե նա մեկդի դարձնի իր բարկությունը նրանցից, ովքեր մեր ընկերներն են, որ նա չխառնի նրանց լեզուն:
37 Եվ եղավ այնպես, որ Հարեդի եղբայրն աղաղակեց առ Տերը, և Տերը գութ ունեցավ նրանց ընկերների և նրանց ընտանիքների վրա նույնպես, այնպես որ նրանք չխառնվեցին:
38 Եվ եղավ այնպես, որ Հարեդը կրկին խոսեց իր եղբոր հետ՝ ասելով. Գնա և տեղեկացիր Տիրոջից, թե արդյոք նա քշելո՞ւ է մեզ երկրից, և եթե նա քշելու է մեզ երկրից, աղաղակիր առ նա, թե ուր մենք պիտի գնանք: Եվ ով գիտի, գուցե Տերը տանի մեզ մի երկիր, որն ամենաընտիրն է աշխարհում: Եվ եթե լինի այդպես, եկեք հավատարիմ լինենք Տիրոջը, որ կարողանանք ստանալ այն մեր ժառանգության համար:
39 Եվ եղավ այնպես, որ Հարեդի եղբայրն աղաղակեց առ Տերը՝ համաձայն նրա, ինչ խոսվել էր Հարեդի բերանով:
40 Եվ եղավ այնպես, որ Տերը լսեց Հարեդի եղբորը, և գութ ունեցավ նրա վրա, և ասաց նրան.
41 Գնա և ի մի հավաքիր քո հոտերը՝ թե՛ արու, թե՛ էգ, ամեն տեսակից. և նաև ամեն տեսակի երկրի սերմից. և քո ընտանիքները. և նաև Հարեդի՝ քո եղբոր և նրա ընտանիքը. և նաև քո ընկերներին ու նրանց ընտանիքները, և Հարեդի ընկերներին ու նրանց ընտանիքները:
42 Եվ երբ դու անես այս, դու նրանց գլուխն անցած պիտի գնաս ներքև՝ դեպի հովիտը, որը հյուսիսային կողմում է: Եվ այնտեղ ես կհանդիպեմ քեզ, և ես կգնամ քո առջևից դեպի մի երկիր, որն ամենաընտիրն է աշխարհի բոլոր երկրներից:
43 Եվ այնտեղ ես կօրհնեմ քեզ և քո սերնդին, և ինձ համար քո սերնդից, և քո եղբոր սերնդից, և նրանց, ովքեր կգնան քեզ հետ, մի մեծ ազգ կհարուցեմ: Եվ ողջ երկրի երեսին չի լինի ավելի մեծ, քան այն ազգը, որին ես կհարուցեմ ինձ համար քո սերնդից: Եվ այսպես, ես կանեմ քեզ համար, որովհետև այս երկար ժամանակաընթացքում դու աղաղակել ես առ ինձ: