Գլուխ 2
(1830թ. հունիս – հոկտեմբեր)
Աստված ստեղծում է երկինքներն ու երկիրը – Ստեղծվում են կյանքի բոլոր տեսակները – Աստված արարում է մարդուն և նրան իշխանություն է տալիս բոլոր մյուսների վրա:
1 Եվ եղավ այնպես, որ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. Ահա, ես հայտնում եմ քեզ այս երկնքի ու այս երկրի վերաբերյալ. գրիր խոսքերը, որոնք ես ասում եմ: Ես եմ Սկիզբը և Վերջը՝ Ամենազոր Աստվածը. իմ Միածնով եմ ես ստեղծել այս բաները. այո, սկզբում ես ստեղծեցի երկինքը, և երկիրը, որի վրա դու կանգնած ես:
2 Եվ երկիրն անձև էր ու անբովանդակ. և ես այնպես արեցի, որ խավար իջավ անդունդի երեսին. և իմ Հոգին շրջում էր ջրերի վրա. քանզի ես եմ Աստված:
3 Եվ ես՝ Աստվածս, ասացի. Թող լինի լույս. և լույս եղավ:
4 Եվ ես՝ Աստվածս, տեսա լույսը. և որ լույսը բարի էր: Եվ ես՝ Աստվածս, լույսը բաժանեցի խավարից:
5 Եվ ես՝ Աստվածս, լույսը կոչեցի Ցերեկ, իսկ խավարը ես կոչեցի Գիշեր. և սա ես արեցի իմ զորության խոսքով, և կատարվեց այնպես, ինչպես ես ասացի. և իրիկունը և առավոտը եղան առաջին օրը:
6 Եվ բացի այդ, ես՝ Աստվածս, ասացի. Թող հաստատություն լինի ջրերի մեջտեղը, և եղավ այնպես, ինչպես ես ասացի. և ես ասացի. Թող այն բաժանի ջրերը ջրերից. և դա կատարվեց.
7 Եվ ես՝ Աստվածս, արարեցի հաստատությունը և բաժանեցի ջրերը, այո, հաստատության տակի մեծ ջրերը՝ հաստատության վրայի ջրերից, և դա եղավ, ճիշտ ինչպես ես ասացի:
8 Եվ ես՝ Աստվածս, հաստատությունը կոչեցի Երկինք. և իրիկունը և առավոտը եղան երկրորդ օրը:
9 Եվ ես՝ Աստվածս, ասացի. Թող երկնքի տակի ջրերը ժողովվեն մեկտեղ, և այդպես եղավ. և ես՝ Աստվածս, ասացի. Թող ցամաք լինի. և այդպես եղավ:
10 Եվ ես՝ Աստվածս, ցամաքը կոչեցի Երկիր. իսկ ջրերի ժողովքը ես կոչեցի Ծով. Եվ ես՝ Աստվածս, տեսա, որ բոլոր բաները, որոնք ես ստեղծել էի, բարի էին:
11 Եվ ես՝ Աստվածս, ասացի. Թող երկիրը կանաչ խոտ առաջ բերի, սերմ տվող խոտեր, իր տեսակի պես պտուղ տվող պտղատու ծառեր, և պտուղ տվող ծառեր, որոնց սերմն իր մեջ կլինի՝ երկրի վրա, և եղավ ճիշտ այնպես, ինչպես ես ասացի.
12 Եվ երկիրն առաջ բերեց կանաչ խոտ, իր տեսակի պես սերմ տվող ամեն բույս և պտուղ տվող ծառեր, որոնց սերմն իր մեջ կլինի, իր տեսակի պես. և ես՝ Աստվածս, տեսա, որ բոլոր այս բաները, որոնք ես արարել էի, բարի էին.
13 Եվ իրիկունը և առավոտը եղան երրորդ օրը:
14 Եվ ես՝ Աստվածս, ասացի. Թող լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որ ցերեկը գիշերից բաժանեն, և թող դրանք լինեն նշանների ու եղանակների համար և օրերի ու տարիների համար.
15 Եվ թող դրանք լինեն լույսի համար երկնքի հաստատության մեջ, որ լույս տան երկրի վրա. և եղավ այդպես:
16 Եվ ես՝ Աստվածս, երկու մեծ լուսատուներ արարեցի. մեծ լուսատուն՝ ցերեկը կառավարելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերը կառավարելու համար, և մեծ լուսատուն արևն էր, իսկ փոքր լուսատուն՝ լուսինը. և աստղերը նույնպես արարվեցին ճիշտ իմ խոսքի համաձայն:
17 Եվ ես՝ Աստվածս, նրանց դրեցի երկնքի հաստատության մեջ, որ լույս տան երկրի վրա,
18 Եվ արևը՝ ցերեկը կառավարելու համար, իսկ լուսինը՝ գիշերը կառավարելու համար, և լույսը խավարից բաժանելու համար. և ես՝ Աստվածս, տեսա, որ բոլոր բաները, որոնք ես արարել էի, բարի էին.
19 Եվ իրիկունը և առավոտը եղան չորրորդ օրը:
20 Եվ ես՝ Աստվածս, ասացի. Թող ջրերն առատորեն առաջ բերեն զեռուններ, որոնք կյանք ունեն, և թռչուններ, որոնք կկարողանան թռչել երկրի վրա՝ երկնքի բաց հաստատության մեջ:
21 Եվ ես՝ Աստվածս, ստեղծեցի մեծ կետերին և ամեն կենդանի արարած, որը շարժվում է, որոնք ջրերն առաջ բերեցին առատորեն, իրենց տեսակի պես, և ամեն թևավոր թռչուն իր տեսակի պես. և ես՝ Աստվածս, տեսա, որ բոլոր բաները, որոնք ես ստեղծել էի, բարի էին:
22 Եվ ես՝ Աստվածս, օրհնեցի նրանց՝ ասելով. Պտղաբեր եղեք և բազմացեք և լցրեք ծովի ջրերը. և թող թռչունները բազմանան երկրի վրա.
23 Եվ իրիկունը և առավոտը եղան հինգերորդ օրը:
24 Եվ ես՝ Աստվածս, ասացի. Թող երկիրը կենդանի արարածներ առաջ բերի իր տեսակի պես՝ անասուններ և սողուններ և երկրի գազաններ իրենց տեսակի պես, և եղավ այդպես.
25 Եվ ես՝ Աստվածս, ստեղծեցի երկրի գազաններին իրենց տեսակի պես, և անասուններին, իրենց տեսակի պես, և ամեն ինչ, ինչը սողում է երկրի վրա, իր տեսակի պես. և ես՝ Աստվածս, տեսա, որ այս բոլոր բաները բարի էին:
26 Եվ ես՝ Աստվածս, ասացի իմ Միածնին, որն ինձ հետ էր ի սկզբանե. Եկ մարդ արարենք մեր պատկերով՝ մեր նմանությամբ. և այդպես եղավ: Եվ ես՝ Աստվածս, ասացի. Թող նրանք իշխեն ծովի ձկների և օդի թռչունների և անասունների և ողջ երկրի վրա, և երկրի վրա սողացող ամեն սողունի վրա:
27 Եվ ես՝ Աստվածս, ստեղծեցի մարդուն իմ պատկերով, իմ Միածնի պատկերով ստեղծեցի նրան. արու և էգ ստեղծեցի նրանց:
28 Եվ ես՝ Աստվածս, օրհնեցի նրանց և ասացի նրանց. Պտղաբեր եղեք և բազմացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան և իշխեք ծովի ձկների, օդի թռչունների և երկրի վրա շարժվող ամեն կենդանու վրա:
29 Եվ ես՝ Աստվածս, ասացի մարդուն. Ահա, ես տվել եմ քեզ ամեն սերմ տվող խոտ, որ ողջ երկրի երեսի վրա է, և ամեն ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ. քեզ համար այն կերակուր լինի:
30 Եվ երկրի ամեն գազանի համար, և երկնքի ամեն թռչունի համար, և երկրի վրայի ամեն մի սողունի համար, որին ես կյանք եմ տվել, ամեն մաքուր խոտ կտրվի, որպես կերակուր. և եղավ այնպես, ինչպես ես ասացի:
31 Եվ ես՝ Աստվածս, տեսա ամեն ինչ, որ արարել էի, և ահա, բոլոր բաները, որոնք ես արարել էի, շատ բարի էին. և իրիկունը և առավոտը եղան վեցերորդ օրը: