2020
Տեսիլքն ինձ առաջնորդեց դեպի ճշմարտություն
Նոյեմբեր 2020


Տեսիլքն ինձ առաջնորդեց դեպի ճշմարտություն

Մի՞թե ես պարզապես իմ երևակայության մեջ տեսա այդ արձանը:

Նկար
կինը նստած է նստարանին

Մի քանի տարի առաջ ես հանդիպում էի միսիոներների հետ: Այդ ժամանակ ես ունեի առողջական խնդիրներ: Ես դժբախտ էի, և իմ միակ ցանկությունն էր, որ գոնե ինչ-որ մեկն ինձ առաջնորդեր այս կյանքում:

Ինձ ոչինչ չէր համոզում, չէր ոգևորում, հատկապես այս եկեղեցին, որի մասին միսիոներներն այդքան խոսում էին: Ամեն դեպքում ես դժկամությամբ որոշեցի առաջին անգամ մասնակցել հաղորդության ժողովին:

Մայրս եկավ ինձ հետ, և երբ մենք հասանք եկեղեցի, ես հուզվեցի՝ տեսնելով տանիքին շողացող ոսկե արձանը: Դա իմ կողմից երբևէ տեսած ամենագեղեցիկ տեսարանն էր: Այդ շենքն այնքան խաղաղ ու գրավիչ տեսք ուներ, որ իմ վերաբերմունքն իսկույն փոխվեց, և ես անհամբերությամբ ներս մտա:

Հաղորդության ժամանակ ես փակեցի աչքերս, և իմ մտքում հայտնվեց Հիսուսի պատկերը: Վաղ հասակից ես միշտ գիտեի Հիսուսի մասին, սակայն մինչև վերջերս նա ինձ չէր հետաքրքրում: Ես երբևէ չէի կարդացել Աստվածաշունչը: Եվ ես անկեղծ չգիտեի, թե ինչու էր Հիսուս Քրիստոսը մահացել խաչի վրա, ինչու նա ուներ տասներկու առաքյալ, կամ ինչու էին այդքան շատ մարգարեներ ուսուցանում Նրա մասին:

Սակայն այդ պահին ես զգացի իմ կապվածությունը Նրա հետ: Եվ վերջապես Նա ինձ իրական թվաց: Ինձ պատել էր անհաղթահարելի սիրո զգացումը և ավելի շատ բան իմանալու ցանկությունը: Ես հավատացի, որ հենց Նա էր աղբյուրը ճշմարտության և այն սիրո, որը փնտրում էի:

Մի քանի օր անց ես հարցրի մորս իմ տեսած արձանի մասին: Նա մի փոքր շփոթվեց և ասաց, որ ինքը ոչ մի արձան չէր նկատել, բայց երբ ես նկարագրեցի, թե որքան գեղեցիկ է այդ արձանը, նա ցանկացավ մեկ անգամ ևս մեքենայով անցնել շենքի կողքով՝ այն տեսնելու համար:

Սակայն երբ մենք հասանք եկեղեցի, արձանը, որը ես տեսել էի մի քանի օր առաջ, տեղում չէր: Ես չէի կարողանում հավատալ դրան: Մի՞թե ինչ-որ մեկը հանել էր այն:

Հաջորդ շաբաթ եկեղեցում ես մի կնոջ հարցրի արձանի մասին: Նա տարակուսեց և ասաց, որ շենքը երբևիցե չի ունեցել որևէ արձան: Սակայն երբ ես նկարագրեցի, թե ինչ տեսք ուներ արձանը, նա ասաց. «Օ՜հ, Դուք նկատի ունեք Մորոնիի՞ արձանը: Դրանք չկան եկեղեցիների շենքերի վրա, բայց նրա արձանը կա տաճարների մեծ մասի վրա»: Նա ինձ ասաց, որ Մորոնին Մորմոնի Գրքի մարգարեներից է և նաև իր դերն է ունեցել Վերականգնման գործում:

Ես որոշեցի, որ երևի իմ երևակայության մեջ եմ տեսել արձանը: Սակայն ես փնտրեցի, թե ինչ հիշատակություններ կան Մորոնիի մասին Մորմոնի գրքում: Եվ իմացա, որ նա կորցրել էր իր ընտանիքը և ընկերներին, որ աշխարհի մեղքերը նրան ցավ էին պատճառում, և չնայած այդ ամենին, նա կատարեց ճշմարտությունը պաշտպանելու Աստծո պատվիրանը: Ես նաև իմացա, որ նա շատ անգամներ հայտնվել էր Ջոզեֆ Սմիթին՝ նրան Երկնային Հորից ուղերձներ փոխանցելու համար: Մորոնիի և նրա ուսմունքների, ինչպես նաև Քրիստոսին հետևելու և ճշմարտությունը պահպանելու նրա ջանքերի մասին գիտելիքն օգնեց ինձ սիրտս դարձնել դեպի ավետարանը:

Երբ ես, վերջապես հնարավորություն ունեցա այցելել Սապորոյի տաճարը (Ճապոնիա), ես առաջին անգամ տեսա Մորոնիի իրական արձանը: Դա հենց նույն արձանն էր, որը ես տեսել էի իմ եկեղեցու շենքի վրա: Սակայն այն օրն իմ տեսած արձանը փայլում էր աներևակայելի պայծառությամբ: Ես հավատում եմ, որ «փայլող արձանը» տեսիլք էր, որը Երկնային Հայրը պարգևեց ինձ, որպեսզի ես կարողանամ գտնել Իր սերը և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտությունը: Որպեսզի ես Մորոնիի նման ճանաչեմ Քրիստոսի մասին վկայող հին և ապրող մարգարեներին: Որպեսզի գտնեմ այն ուղղությունը, որը հուսահատ փնտրում էի:

Ես գիտեմ, որ Տերը վերականգնեց Հիսուս Քրիստոսի ավետարանը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, և մենք այսօր ունենք Տիրոջ կողմից առաջնորդվող ապրող մարգարեներ, ովքեր մեզ ճշմարտություն են պարգևում և օգնում են մեզ վերադառնալ Երկնային Հոր մոտ: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն այս և հաջորդ կյանքում խաղաղության և ուրախության աղբյուր է:

Նրա վերականգնված ավետարանի լույսը և բոլոր օրհնությունները լիովին փոխեցին իմ կյանքը, և հիմա, ինչպես այն առաջին օրը եկեղեցում, ես գիտեմ, որ Երկնային Հայրը կառաջնորդի իմ կյանքը, եթե ես շարունակեմ հետևել Նրան և Նրա սուրհանդակներին:

Տպել