2020
Ինչպես հաջողության հասնել COVID-19-ի ժամանակ որպես միսիոներ
Նոյեմբեր 2020


Ինչպես հաջողության հասնել COVID-19-ի ժամանակ որպես միսիոներ

Ձեր կենտրոնացումն ամեն ինչ փոխում է:

Նկար
Միսիոներները քայլում են դիմակը դեմքերին

Եթե մի քանի ամիս առաջ որևէ մեկն ինձ հարցներ, թե ես ինչպես եմ պատկերացնում իմ միսիան, ես երբեք չէի կանխատեսի, թե ինչ փորձառություն է ինձ սպասում: Սակայն կա մի բան, որը նույնն է մնացել. ես դեռևս Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներ եմ, բայց հիմա ես նաև միսիոներ եմ համավարակի ժամանակ։

Սակայն ի՞նչ է դա նշանակում:

Դա նշանակում է՝ ավելի մեծ ցանկություն ունենալ Տիրոջ կամքը կատարելու համար: Դա նշանակում է՝ փորձել ծառայել Տիրոջը և Նրա զավակներին մշտական փոփոխությունների պայմաններում: Դա նշանակում է՝ սովորել արագ հարմարվել նոր իրավիճակներին: Դա նշանակում է՝ սովորել յուրաքանչյուր օր լինել ավելի ճկուն, հանդուրժող, համբերատար և սիրող:

Բայց դա նաև նշանակում է՝ անորոշության մեջ լինել և տալ բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են.

«Արդյո՞ք իմ զուգընկերոջը վաղը տուն են ուղարկելու»:

«Արդյո՞ք վիրուսի պատճառով մեզ կտեղափոխեն այլ տարածք»:

«Ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, որոնց մենք ուսուցանում ենք, եթե հանկարծ մենք ստիպված լինենք մեկնել»:

Մենք շարունակում ենք ուսուցանել ավետարանը սոցիալական կայքերի միջոցով, սակայն երբեմն դա այնքան էլ հեշտ չէ, և դա անշուշտ այն միսիոներական փորձառությունը չէ, որ մենք պատկերացնում էինք: Այնուամենայնիվ մենք դեռևս այստեղ ենք՝ պատրաստ ծառայելու ամենուր, ծառայելու Տիրոջը՝ անկախ իրավիճակից կամ ծառայության ձևից, պատրաստ՝ հասնելու Նրա զավակների սրտերին:

Ինչո՞ւ եմ ես դեռևս ցանկանում ծառայել:

Այո, միսիոներական կյանքի դժվարությունները որքան ֆիզիկական են, նույնքան էլ մտավոր ու հոգևոր են. մեզանից յուրաքանչյուրն անցել է դրանցից առնվազն մեկի միջով: Այո, մենք բախվել ենք բազում խնդիրների և կբախվենք ավելի շատ խնդիրների, սակայն Հիսուս Քրիստոսի շնորհիվ, ով Իր կյանքը տվեց հանուն մեզ, մենք գիտենք, որ այդ ամենն արժեք և իմաստ ունի:

Ես հասկացել եմ, որ Երկնային Հայրը բոլորիս մասին տեղյակ է: Նա գիտեր, որ կլինեն միսիոներներ, ովքեր հնարավորություն չեն ունենա տաճար կամ միսիոներական ուսումնական կենտրոն այցելել՝ նախքան իրենց միսիա գնալը: Նա գիտեր, որ կլինեն երիտասարդներ, ովքեր երբեք հնարավորություն չեն ունենա ծառայել այնտեղ, ուր կանչվել էին: Եվ չնայած դրան, այդ միսիոներները գիտեն, որ Տերը սիրում և պաշտպանում է մեզ և միշտ կանի դա: Եվ որ մեր ջանքերը բավարար են Նրա համար: Մենք բոլորս սովորեցինք, որ կարող ենք ծառայել Տիրոջը և կիսվել Նրա ավետարանով ցանկացած վայրում և ցանկացած պայմաններում: Եվ արժե այդպես վարվել:

Ի՞նչն է ստիպում ինձ առաջ գնալ։

Այս դժվարին օրերին ես հասկացա, որ կա երկու մոտեցում այս ժամանակներին.

  • Հոռետես լինել և անհամբեր սպասել, երբ ամեն ինչ կկարգավորվի:

  • Կամ նոր հեռանկարներ տեսնել, նպատակներ դնել, լավատեսորեն և անհատապես ծրագիր կազմել, օգտագործել այս իրավիճակը որպես հնարավորություն՝ կատարելու փոփոխություններ, որոնք մենք վաղուց էինք ցանկանում կատարել, բայց հետաձգում էինք:

Ես փորձում եմ ընտրել երկրորդը: Աշխարհի ներկա հանգամանքների մասին մտածելիս ես ինքս ինձ հարցնում եմ, արդյոք COVID-19-ը մի հնարավորություն է, որը մեզ օգնում է ավելի շատ գնահատել մեր հարաբերությունները կամ քաջալերել մեզ ավելի լայն բացել մեր սրտերն Արարիչի առաջ և պատրաստակամ լինել լսելու Նրան: Եվ ավելի մեծ կարևորություն տալ ավետարանին, քան երբևէ:

Այս ժամանակները ծանր են ոչ միայն միսիոներների համար. դրանք ծանր են բոլորի համար: Սակայն ինչպես Մորոնի զորապետը կոչ արեց մարդկանց միանալ ազատության գործին (տես Ալմա 46), մենք նույնպես կոչված ենք ոտքի ելնել և չվախենալ: Եվ ընդունել, որ Երկնային Հայրը իրականում միշտ մեզ հետ է և օգնում է մեզ ծառայել ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով՝ անկախ ամեն ինչից (տես Վարդապետություն և Ուխտեր 4.2):

Որպես Տիրոջ միսիոներներ, մենք պետք է մեր հայացքը միշտ պահենք Տիրոջ և մեր հավերժական նպատակի վրա: Հիշենք, որ Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին և ուզում է, որ մենք վերադառնանք Իր մոտ:

Ինչքան էլ դժվար լինի COVID-19-ի ժամանակ միսիոներ լինել, մենք կարող ենք այնպես անել, որ այս ժամանակահատվածը դառնա լավագույնը մեր կյանքում: Ամենայն ազնվությամբ՝ հենց այդպես էլ եղավ ինձ համար: Եվ այդ ամենը հնարավոր դարձավ իմ կենտրոնացման շնորհիվ, քանզի ես փորձում էի հիշել իմ սերը Երկնային Հոր հանդեպ, ինչպես նաև իմ ցանկությունը՝ օգնելու Նրան հավաքել ցրված Իսրայելը: Եվ ես գիտեմ, որ Նա գորովագութ ողորմություններ կպարգևի Իր միսիոներներից յուրաքանչյուրին, քանզի մենք փորձում ենք կատարել Նրա կոչը:

Տպել