COVID-19՝ ավետարանի բուն էության վրա կենտրոնանալու հնարավորություն
Պատմության ընթացքում միշտ եղել են դժվար ժամանակաշրջաններ: Այսօր մենք բոլորս բախվում ենք մի լուրջ ձախորդության, որի պատճառն է COVID-19-ը: Մենք նորից ու նորից լսում ենք. սա աննախադեպ ժամանակ է: Մեզնից շատերն անհանգստացած են իրենց առողջության և իրենց սիրելիների բարեկեցության համար: Մենք բոլորս զգացել ենք այս վիրուսի տնտեսական և հուզական հետևանքները: Թվում է, թե ոչինչ նորմալ չէ: Միսիոներական ծառայությունն ու տաճարային աշխատանքը նույնպես դադարեցվել են: Շատ մարդիկ դժվարությամբ են համակերպվում իրենց առօրյա գործերը տանը կատարելու անհրաժեշտության հետ:
Անորոշ ապագան կարող է անհանգստության և նույնիսկ խուճապի պատճառ հանդիսանալ. հավանաբար դուք դա զգացել եք: Սակայն այս ողջ քաոսի մեջ դեռևս հույս կա: Չնայած անորոշությանն ու փոփոխություններին, ավետարանի էությունն ու հիմունքները չեն փոխվել:
-
Պաշտոնական եկեղեցական հանդիպումներն ու հավաքները կարող են ժամանակավորապես կասեցվել կամ սահմանափակվել, սակայն ավետարանով ապրելը՝ երբեք: Մենք կարող ենք շարունակել երկրպագել, սպասավորել և կիրառել ավետարանը մեր տներում:
-
Աստված միշտ Իր երկնքում է:
-
Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, միշտ գլխավորում է այս աշխատանքը: Նա հասկանում է աշխարհի խնդիրները, ինչպես նաև մեր անձնական խնդիրները: Նա խոստացել է. «Ձեզ որբ չեմ թողիլ» (Հովհաննես 14.18): Նա ուղարկում է Սուրբ Հոգուն, որ մեր կողքին լինի:1
-
Աստված կանչել է մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ։ Եվ նրանց միջոցով Նա կարգավորել է այն, ինչը մեզ հարկավոր է այս փոթորկին դիմակայելու համար:2 Մտածեք նոր տնակենտրոն ուսումնական ծրագրի, ինչպես նաև այլ փոփոխությունների մասին, որոնք օգնել են մեզ նախապատրաստվել այս ժամանակահատվածին և ապրել ու սպասավորել ավելի բարձր և սուրբ ձևով:3 Այս վերջին փոփոխությունները պատահական չեն. դրանց հեղինակն է ամենագետ և սիրող Աստված:
Չնայած ներկա քաոսին, այս ամենը մտքում պահելով՝ մենք կարող ենք կենտրոնանալ ավետարանի բուն էության վրա, ինչը ներառում է հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ։
Սակայն ինչպե՞ս կարող ենք գործադրել այդ հավատքը: Սկզբում Տերն Իր աշակերտներին հնարավորություն տվեց դժվարությունները հաղթահարել առանց բոլոր հարցերի պատասխաններն ունենալու: Մեր հավատքի արմատներն ավելի են խորանում, երբ մենք ստիպված ենք լինում գործել և առաջ ընթանալ անորոշության պայմաններում: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենը կրկնել է դա՝ ասելով. «Դուք չգիտեք ամեն բան, բայց դուք բավականաչա՛փ գիտեք»:4
Պատմությունը, թե ինչպես Նեփին և իր եղբայրները փորձեցին ստանալ արույրե թիթեղները, դրա վառ օրինակն է: Նրանք գիտեին, թե ինչ պետք է անել. պետք է ստանալ թիթեղները: Նրանք նույնիսկ գիտեին, թե ինչու: Նրանք պարզապես չգիտեին, թե ինչպես դա անել: Երկու անգամ ձախողվելուց հետո (տես 1 Նեփի 3.10-27) Նեփին այլևս չէր կարող վստահել սեփական ուժերին: Սակայն հուսահատվելու փոխարեն՝ նա կրկին փորձեց: Նկատեք, թե որքան կիրառելի են Նեփիի խոսքերը ներկա իրավիճակի համար.
«Եվ ես առաջնորդվում էի Հոգու կողմից՝ նախապես չիմանալով բաները, որոնք պետք է անեի:
Այնուամենայնիվ ես առաջ գնացի» (1 Նեփի 4.67):
Թեպետ մեր կյանքում բազում հարցական նշանների ենք հանդիպում, սակայն եթե մենք Նեփիի նման «առաջ ենք գնում»՝ վստահելով Աստծուն, հետևելով Նրա մարգարեներին և կենտրոնանալով հավատքի վրա, Նա մեզ առաջնորդում և կերտում է: Այս գործընթացի որոշակի կետում մեր խնդրահարույց հարցական նշանները կվերափոխվեն հիմնարար բացականչական նշանների:
Եկեք մեծացնենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, մեր վստահությունը Նրա ծառաների նկատմամբ և մեր սերը միմյանց հանդեպ՝ ապագային նայելով: Համաշխարհային աղետների և դժվարությունների այս ժամանակաշրջանը կարող է սուրբ հիմք հանդիսանալ Նրան ավելի մոտենալու համար: Եթե մենք դա անենք, Նրա քաղցր խաղաղությունը կլցնի մեր հոգիները, նույնիսկ, անհանգիստ օրերին և մենք կստանանք այն ուժն ու պատասխանները, որոնք մեզ պետք էին: